Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռում (նկարներ)

10610494 308305822694729 827619299080087308 n 880x640 - Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռում (նկարներ)

Նոյեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճան ստացան Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:
Նոյեմբերի 15-ին, Երեկոյան ժամերգությունից առաջ, Մայր Տաճարում կատարվեց ընծայացուների ուխտադրության արարողությունը, որի ընթացքում Հայր Սուրբերը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հավատարմության իրենց ուխտը վերահաստատելով, ստորագրեցին իրենց երդմնագրերը:
Նոյեմբերի 16-ին Հայրապետական Ս. Պատարագն սկսվեց Մայր Տաճարի Ս. Ստեփանոս Նախասարկավագի խորանի վրա, որտեղ կատարվեց նաև ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը£ Այնուհետև ապագա եպիսկոպոսների արժանավորության մասին Ամենայն Հայոց Հայրապետի առջև վկայեցին Հայ Եկեղեցու ներկայացուցիչները` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովրդը ներկայացնող աշխարհականներ, որից հետո Ս. Պատարագը շարունակվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին: Որպես առընթերականեր` Նորին Սրբությանը սպասավորում էին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Ընծայացուների խարտավիլակն էր Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:
«Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվեցին աշխարհից: Այնուհետև շարականներին, քաղված սաղմոսներին և առ Աստված ուղղված աղոթքներին հաջորդեց օծման հանդիսավոր պահը: Մայր Տաճարի մկրտության ավազանից թափորով բերված Սրբալույս Մյուռոնով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Նարեկ, Աբգար և Վարդան վարդապետներին, օծեց նրանց ճակատներն և աջ ձեռքերի բութ մատները:
Ձեռնադրության և օծման արարողության ավարտին եպիսկոպոսներին հանձնվեցին նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազաններն ու մատանիները:
Այս բերկրալից առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին և ներկա բարեպաշտ ժողովրդին:
«Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Մեծ ուրախություն և խնդություն ենք ապրում այսօր ամենքս: Եպիսկոպոսական ձեռնադրության և օծման սրբազան արարողությամբ վերստին Հոգեգալուստ է մեր Սուրբ Եկեղեցում: Հավատացյալներին բաշխվող երկնառաք պարգևներին այսօր հավելվեցին Սուրբ Հոգու արփիափայլ, առատ շնորհները, որոնք հեղվեցին նորաօծ եպիկսկոպոսների հոգիներին և սրտերին: Այս պահին շարականագրի նման մենք ևս ձայնում ենք` «Ուրախ լեր Սուրբ Եկեղեցի», որովհետև ընտրյալ քո սպասավորների միջից եպիսկոպոսներ են հառնում` հանձնառությամբ կրելու հոգևոր տեսչի և առաջնորդի պատասխանատու և ծանր լուծը: Առաքյալը բազմիցս խոսում է եպիսկոպոսի կոչման բարձրության և ծառայության մեծ պատասխանատվության մասին, քանզի նրանց առաջնորդության ներքո են արդյունավորվում հոգևորականների բարեխնամ սպասավորությունը, Սուրբ Գրքի կենարար խոսքով հավատացյալներին մատուցվող հոգևոր սնուցումը, խրատներն ու հորդորները, Եկեղեցու վարչական գործառույթները: Եպիսկոպոսը ձեռնադրության կանոնի մեջ համարվում է զորությունների Տիրոջ այգու` Եկեղեցու վաստակաբեռն մշակը, որի սպասավորությամբ ծաղկում ու պտղավորվում է Եկեղեցին բազում արդյունքներով: Ինչպես քիչ առաջ ընթերցեցինք, եպիսկոպոսության պատիվը սրտի մաքրության մեջ է: «Երանի նրանց, որ սրտով մաքուր են» (Մատթ. 5.8),- ուսուցանում է Փրկիչ մեր Տերը Լեռան քարոզում: Սրտի մաքրությունն է հիասքանչ երաշխիքը աստվածտեսության: Այսպիսի աստվածատեսներ պիտի լինեն հատկապես եպիսկոպոսները` Տիրոջ այգու մշակները: Աստվածտեսության ճանապարհը բարի ընթացքն է, հավատավոր գործերը, եկեղեցանվեր խոնարհ ու արդյունավոր սպասավորությունն է, Քրիստոսի մշտական ներկայության ջերմ զգացողությունը, աղոթական խոկումներն են, հավատացյալների հանդեպ հոգածությունն ու անմնացորդ սերը: Հավատացյալների աստվածտեսության ուղին անցնում է եպիսկոպոսի վաստակի, քարոզչության, Եկեղեցու կարգավորության, հոգևոր ծառայությանց կանոնակարգման համար ներդրվող երկնահաճո ջանքերի միջով:
Սիրելիներ, այսօր եպիսկոպոսության արժանացողները բարի վարուց վկայությունն ունեն հավատացյալ հայորդիների, թեմական վարչականների ու վկաների` որպես հեզ, բարեսեր, աստվածասեր, օրինապահ և լի խոնարհությամբ անձեր: Երեկ մեր ձեռնադրյալ եպիսկոպոսները Իջման Սուրբ Սեղանի առջև ծնրադրությամբ խոստացան և ուխտեցին հաստատակամ ընթանալ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վարդապետության և պատվիրանների համաձայն, բարի սպասավորությամբ ուսուցանել և խրատել իրենց խնամքին հանձնված հավատացյալներին և որպես Քրիստոսահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան` ամենայն ջանք գործադրել համայն հայության հոգևոր կենտրոնի զարգացման և պայծառության համար:
Պատմության հոլովույթներում եպիսկոպոսների քաջեռանդ ու կորովի առաջնորդությամբ է մեր ժողովուրդը` իբրև Քրիստոսի Սուրբ Եկեղեցի, զարգացրել գիտություն ու մշակույթ, ստեղծել գիր ու դպրություն, կերտել վանք ու եկեղեցի, հաղթահարել դժվարին ժամանակների փորձությունները, վերապրել Հայոց Ցեղասպանությունը, պահպանել մշտալույս հույսն ու հավատքը, հասել ազատ կյանքի, հայոց անկախ պետականության իր երազանքի իրականացմանը: Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցին եպիսկոպոսների գլխավորությամբ ու սպասավորությամբ, վարդապետաց, քահանայից ու սարկավագաց դասի ծառայությամբ, աստվածասեր մեր ժողովրդի աջակցությամբ այսօր էլ բարվոք շարունակում է Քրիստոսապատվեր իր առաքելությունը, հոգեխնամ ծառայությունը, ի սփյուռս աշխարհի ջանքեր գործադրում հայ կյանքի բարօրության ու առաջընթացի համար: Մեր հոգևոր-եկեղեցական կյանքում բազում են մարտահրավերները: Եվ այսօր էլ մեր եպիսկոպոսները պիտի անհոգնաբեկ ջանքեր գործադրեն, որպեսզի հայորդիք առավել հաղորդակից լինեն եկեղեցական մեր սրբազան ավանդույթներին, վերարժևորեն մեր անգին հոգևոր ժառանգությունը, աղանդների մոլորեցնող ուսմունքների ազդեցությամբ չշեղվեն ճշմարտությունից, անսայթաք ընթանան Քրիստոսի պատվիրանների համաձայն, անխաթար պահպանեն լուսավորչահաստատ հավատքը, ապրեն քրիստոնեական, մարդկային բարձր արժեքներով: Առկա խնդիրների ու դժվարությունների հաղթահարման համար կենսականորեն կարևոր է, որպեսզի մեր ժողովրդի զավակունք համախումբ մնան մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքո` ամուր առ Աստված և առ Հայրենին սիրո ու նվիրումի մեջ և ընթանան փրկության ճանապարհներով», — ասաց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունը, Ս. Պատարագին մասնակից ուխտավորներին ներկայացնելով ձեռնադրյալ եպիսկոպոսներին, վերջիններիս բարեմաղթեց. «Սիրելի Սրբազաններ, Մեր հորդորն ու պատգամն է, որ հաստատուն պահեք ձեր ուխտը, գործեք և ծառայեք մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի լույս օրինակով և ձեր ազգօգուտ ու եկեղեցանվեր գործերին հավելեք նորանոր ձեռքբերումներ: …Մաղթում ենք, որ մարգարեական նախանձախնդրությամբ, առաքելական հաստատակամությամբ, Տիրոջ խոսքը մատռվակող ավետարանիչների քաջալերությամբ, մեր երանելի սուրբ հայրերի լուսաշավիղ օրինակով միշտ փութեռանդ իրականացնեք ձեր առաքելությունը, որպեսզի հավետ շեն ու պայծառ լինի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, մխիթարությամբ սփոփյալ` սրտերն ու հոգիները հավատավոր Մեր սիրելի զավակների, և նոր ձեռքբերումներով ու իրագործումներով զարդարվի ազգային, հոգևոր-եկեղեցական առաջընթացը հանուր աշխարհասփյուռ հայության:
Ի խորոց սրտի աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ Երկնավոր Տիրոջ կողմից Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների ձեռամբ հիմնադրված, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի հաստատած Հայ Եկեղեցին, որը փրկության տապանն է համայն հայության, պայծառացյալ պահեք ձեր կորովի ծառայագործությամբ: Այլև հայցում ենք, որ Փրկիչ մեր Տերը զորակից և աջակից լինի ձեզ` անսայթաք ընթանալու տերունապատվեր ծառայության շավիղներով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ նոր հաջողություններ հավելելու մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում տարիների ձեր վաստակին»:
Հայրապետական պատգամից հետո բոլոր եկեղեցականները բարձրացան Սուրբ խորան` համբուրելու նորաօծների աջը և նրանցից ստանալու առաջին եպիսկոպոսական «Ողջույնը»: Ս. Պատարագի ավարտին նորաօծ Սրբազաններին եպիսկոպոսության կանչվելու առիթով շնորհավորեց նաև հավատավոր ժողովուրդը:
Ձեռնադրության արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, Բրազիլիայի և Կանադայի հայոց թեմերի թեմական խորհուրդների և եկեղեցականաց դասի ներկայացուցիչներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, բարերար հայորդիներ, ՔԴԿ և «Էօրնեկյան հանրակրթական դպրոցի» աշխատակիցներ և սաներ, ձեռնադրյալների բարեկամներ և բազում ուխտավորներ:
Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսների կողմից Մայր Տաճարում կմատուցվեն ուխտի պատարագներ:

Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյան

Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը (ավազանի անունը` Վազգեն) ծնվել է 1967 թ. հոկտեմբերի 28-ին Բեյրութում, Լիբանան:
Ուսանել և 1981 թ. ավարտել է Բեյրութի «Վահան Թեքեյան» վարժարանը:
1981-1987 թթ. ուսանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում` պաշտպանելով ավարտաճառը «Ս. Գրիգոր Տաթևացու «Լուծմունք Յոբայ» թեմայով:
1986 թ. ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
1988-1991 թթ. իր ուսումնառությունը շարունակել է Նյու Յորքի «Ս. Վլադիմիր» Ուղղափառ աստվածաբանական ճեմարանում` ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան, և Նյու Յորքի «Ս. Ներսես» ընծայարանում: Միաժամանակ դաշնամուրի դասընթացների է հետևել Նյու Յորքի Կոնկորդիայի քոլեջում:
1991-1992 թթ. ծառայել է իբրև Նյու Յորքի Ս. Վարդան տաճարի լուսարարապետ` միաժամանակ աստվածաշնչագիտական դասընթացների հետևելով Նյու Յորքի Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում` ստանալով Խորհրդական աստվածաբանության մագիստրոսի երկրորդ կոչումը:
1992 թ. հուլիսի 26-ին ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
1992-1993 թթ. ` Հյուսթնի Ս. Գևորգ եկեղեցու հովվի օգնական:
1994 թ. նշանակվում է Ռիչմոնդի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ:
Նույն տարում ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ստացել է մասնավոր վարդապետության աստիճան:
Վիրջինիայում ծառայելու ընթացքում Միացյալ աստվածաբանական ճեմարանում շարունակել է իր կրթությունը և ստացել Հովվական ծառայության դոկտորի աստիճան:
2000-2002 թթ. եղել է Հարթֆորդի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ:
2003-2013 թթ. եղել է Բոքա Ռեյթոնի Ս. Դավիթ եկեղեցու հոգևոր հովիվ:
2013 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:
2014 թ. ընտրվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ:
Հոգևոր ծառայության ընթացքում Նարեկ Սրբազանը դասախոսել է տարբեր հոգևոր կրթական հաստատություններում և համալսարաններում, նախաձեռնել է մի շարք կրոնական և մշակութային ծրագրեր:

Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյան

Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը (ավազանի անունը` Սամվել) ծնվել է 1972 թ. հուլիսի 23-ին, ք. Բաթումիում, Վրաստան:
1979-1989 թթ. սովորել և ավարտել է Բաթումիի հայկական Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը:
1989-1995 թթ. ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Ավարտաճառը պաշտպանել է «Հայ դավանաբանական մտքի արձագանքները Ս. Ներսես Շնորհալու Մատթէի մեկնության մեջ» թեմայով:
1995 թ. հոկտեմբերին ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ և ծառայության կոչվել Մայր Աթոռում:
1996 թ. հունիսի 2-ին ձեռամբ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը:
1996-2001 թթ. ծառայել է որպես Աջարիայի (Վրաստան) հոգևոր հովիվ:
2001-2004 թթ. ուսանել է Զալցբուրգի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում:
2004 թ. պաշտպանել է «Հայ-լատին եկեղեցական հարաբերությունները 11-12-րդ դարերում» թեմայով ավարտաճառը և վերոնշյալ համալսարանում ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում:
2004 թ. մայիսից 2005 թ. հոկտեմբեր ամիսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ծառայել է Վիրահայոց թեմում` իբրև փոխառաջնորդ:
2005 թ. հոկտեմբերի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Սյունյաց թեմի փոխառաջնորդ:
2006 թ. ապրիլին պաշտպանել է վարդապետական թեզ «Ս. Դիոնիսիոս Արիսպագացին հայ մատենագրության մեջ» թեմայով և 2006 թ. մայիսին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի ստացել մասնավոր վարդապետության աստիճան:
2010 թ. մեկամյա ուսման է մեկնել Կանադա:
2011 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:
2014 թ. ընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ:
Սրբազան Հայրը տիրապետում է ռուսերեն, վրացերեն և գերմաներեն լեզուներին:

Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան

Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը (ավազանի անունը` Արիստակես) ծնվել է 1976 թ. օգոստոսի 7-ին ք. Երևանում, Հայաստան:
1986-1996 թթ. Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 ռուսական միջնակարգ դպրոց:
1995 թ. ավարտել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» տնտեսագիտական եռամսյա դասընթացները:
1996-1997 թթ. ուսանել է Շիրակի թեմի Հոգևոր ընծայարանում:
1997-2002 թթ. հոգևոր ուսումնառությունը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2001 թ. դեկտեմբերի 25-ին ձեռամբ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է սարկավագ:
2002-2005 թթ. Մայր Տաճարում ծառայել է իբրև լուսարարապետի օգնական:
2003 թ. փետրվարի 27-ին ձեռամբ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը:
2005-2008 թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է ծառայության Ավստրալիայի և Նոր Զելանդայի Հայոց թեմ` որպես առաջնորդական փոխանորդ և Սիդնեյի Ս. Հարություն Եկեղեցու հոգևոր հովիվ:
2008թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն:
2009 թվականից համատեղության կարգով նշանակվել է Հնդկաստանի Հայոց մարդասիրական ճեմարանի Հայաստանի համակարգող և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» տեսուչ, 2012 թվականից նաև Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի «Էօրնեկեան» մանկապարտեզի հոգևոր տեսուչ:
2013 թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Քրիստոնեական կրթության և արժեքների դերը երրորդ Հանրապետության տարիներին» թեմայով և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի մասնավոր վարդապետության աստիճան:
Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն անդամ է ՀՀ ԿԳՆ կոլեգիայի, Հանրային խորհրդի կրթության և գիտության ենթահանձնախմբի և ECLOF հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի: Հեղինակ է հոդվածների, ուսումնասիրությունների և հեռուստա-ռադիո հաղորդումների, համակարգել է հանրակրթական դպրոցի 5-11-րդ դասարանների «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի խմբագրման աշխատանքները:
2013 թ. Հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած իր ավանդի համար ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
2014 թ. Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Սրբազան Հայրը տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:

988830 396049267209661 1402501130248317516 n - Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռում (նկարներ)

16 EPS 1 - Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռում (նկարներ)

16 EPS 2 - Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռում (նկարներ)

16 EPS 4 - Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռում (նկարներ)

16 EPS 5 - Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռում (նկարներ)

16 EPS 6 - Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռում (նկարներ)

16 EPS 7 - Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռում (նկարներ)

16 EPS 8 - Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռում (նկարներ)

16 EPS 9 - Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռում (նկարներ)

10610494 308305822694729 827619299080087308 n - Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռում (նկարներ)