Եկեղեցական զանգերի խորհուրդը

Եկեղեցու զանգերը նախատեսված են ժողովրդին ժամերգության կամ պատարագի հրավիրելու, ինչպես նաեւ կարեւոր իրադարձություններն ազդարարելու համար: Հայ Եկեղեցում զանգեր սկսել են գործածվել X դ. երկրորդ կեսից՝ փոխարինելով մինչ այդ կիրառվող կոչնակներին: Սովորաբար զանգերը տեղակայված են լինում եկեղեցուն կից կառուցված զանգակատան մեջ:
Զանգերի ղողանջը խորհրդանշում է Աստծո փառքը, ինչպես նաեւ ահեղ դատաստանի օրվա ազդարար փողի ձայնը: Քրիստոնյայի մեջ այն արթնացնում է երկնային խորհուրդներ՝ զգաստացնելով նրան եւ կտրելով առօրեական հոգսերից, որպեսզի մարդն արժանապես կանգնի երկնային Թագավորի առջեւ:

Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան: