Եգիպտացիների սուրբ Մինասի մասին

Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի թագավորության ժամանակ, նրանց իսկ հրամանով, հավատացյալների նկատմամբ մեծ հալածանք եղավ բոլոր աշխարհներում և գավառներում, որ չարի արբանյակների իշխանության տակ էին, որ բազում խոշտանգություններով ու տանջանքներով նեղում էին քրիստոնյաներին: Քաջերն ու առաքինիները վկայում էին, առ ոչինչ համարելով տանջանքներն ու մահը, իսկ թույլերն ու երկմտողները այդ հանդեսից դուրս էին մնում: Դրանց ժամանակ երանելի սուրբ և ճշմարիտ Մինասը, Քրիստոսի անարատ զորականը երևաց` ինչպես մի լուսավոր աստղ աստղաբույլի մեջ, որ լուսավորում է խավարը, այնպես սուրբը պայծառ և երևելի երևաց իր առաքինությամբ:
Ազգով եգիպտացի Մինասը, որ թագավորների զորքում էր ծառայում, երբ լսեց ամբարիշտների հրամանը, որոշեց դուրս գալ զինվորական ծառայությունից և բնակվել անապատում, որովհետև ամբարիշտների հրամանն այս կերպ էր. «Հաղթող թագավորները, որ հաղթության նշան հագան` Դիոկղետիանոսը և Մաքսիմիանոսը, բոլորիդ, որ մեր իշխանության տակ եք, ողջություն [են մաղթում. թո՛ղ] բազում լիություն և առատություն ձեզ տրվի աստվածներից: Որի համար լավ համարեցինք նրանց պաշտամունքը փութով, անընդհատ կատարել նրանց բագինների մոտ: Եվ բոլոր տեղերում իշխաններն ու քաղաքապետները այս կերպով կազմակերպեն աստվածների պաշտամունքը. բոլորը` բոլոր տեղերում: Ամուսիններով և կանանցով և որդիներով պատիվն ու զոհերը անխափան մատուցեցե՛ք աստվածներին: Իսկ եթե որևէ մեկը հակառակվի մեր հրամաններին` մեր քաջությունը սահմանում է` [այդպիսիներին] տարբեր տանջանքներով և չարչարանքներով զրկել կյանքից»:
Եվ այսպես հրամանը ամեն տեղ հայտարարվում էր, և խռովքով ու սաստիկ ահով հալածվում էին [քրիստոնյաները և փորձում] փրկվել տարբեր տեղերում: Երանելի Մինասն, այս տեսնելով և ամբարիշտների հրամանը լսելով, գնաց անապատ տեղեր և անդադար փառաբանությամբ` գիշեր ու ցերեկ օրհնում էր Աստծուն: Եվ երբ երեք տարի անցավ, Քրիստոսի զորությամբ և շնորհքով որոշեց իջնել, որ տեսնի, [թե ինչ եղավ]: Եվ այդպես իջավ քաղաքը, ուր հավաքվել էին ամբարիշտները: Եվ Սուրբ Հոգու ջերմությամբ և ամուր հավատով մտավ թատրոն, ուր ամբարիշտ բռանավորն էր, [և] աղաղակեց ու ասաց. «Հայտնվեցի նրանց, որ ինձ չէին փնտրում, հանդիպեցի նրանց, որ ինձ չէին որոնում»: Եվ ամբողջ հանդիսարանի ժողովուրդը լռեց, և զարմանալով հիացել էին մարդու համարձակության վրա, որովհետև նրան միայնակյացի հանդերձավորմամբ էին տեսնում: Հարցրեց նրան իշխանը. «Ո՞վ ես դու, կամ ինչի՞ համար ես աղաղակում»: Պատասխանեց սուրբն ու ասաց. «Ես ծառան եմ Քրիստոս անմահ Թագավորի, երկնքի և երկրի և դրանցում եղած երևելի և աներևույթ արարածների ստեղծողի: Եվ եկա ճշմարտությունը քարոզելու և Նրա սուրբ անվան համար վկայելու»: Իշխանը հարցրեց բազմամբոխ ժողովրդին, և առջևիններն ասացին. «Գիտենք դրան: Երեք տարի առաջ Փամիանոս զորագլխի մոտ զինվոր էր, իսկ հիմա այս կերպարանքով ինչ է խոսում` չգիտենք»: Իշխանն ասաց. «Ո՛վ մարդ, ճի՞շտ են ասում»: Մինասն ասաց. «Այո՛, այդպես էր, բայց երբ լսեցի հրամանն անօրեն թագավորների, հեռացա պատվից և զինվորական ծառայությունից, որովհետև նախընտրեցի վերջինը լինել Աստծու անապատներում, քան բնակվել մեղավորների հարկում: Եվ այդպես երեք տարի աշխարհից հրաժարվելով` աղաչեցի Աստծուն, որ արժանի անի ինձ առանց երկյուղի քարոզելու Իր սուրբ անունը թագավորների և իշխանների առջև և մահանալու Իր սուրբ անվան համար, որ այդպես հաղորդակից լինեմ սրբերի խմբին»: Իշխանն ասաց. «Ի՞նչպես ես քեզ քրիստոնյա անվանում և չես վախենում տանջանքներից, որ [կլինեն] թագավորների հրամանի համաձայն, որպես լսել ես»: Մինասն ասաց. «Տերն է իմ օգնականը, և ես չեմ վախենում: Ի՞նչ պիտի անի ինձ մարդը: Ես քրիստոնյա էի, եմ և կլինեմ, որ չմիանամ ձեր պիղծ պաշտամունքին և անօրեն գործերին, որոնցից խավարել են [ձեր] մտքերը և հեռացել եք Կյանքից` ձեր սրտերի տգիտության պատճառով, որովհետև չճանաչեցիք երկնքի և երկրի Արարչին»: Այնժամ իշխանը հրամայեց կապել սրբին և բանտ տանել, որ չխափանի արարողությունը և բազմության հանդեսը:
Իսկ մյուս օրը իշխանն, ատյանում նստելով, հրամայեց Մինասին իր մոտ բերել և ասաց. «Երեկ ինչպե՞ս համարձակվեցիր թատրոն մտնել և խափանել խաղը և արհամարհել ամենակալ աստվածներին և թագավորին, և մանավանդ ինչո՞ւ աներկյուղ համարձակությամբ քեզ քրիստոնյա անվանեցիր»: Երանելի Մինասն ասաց. «Խնդրեցի Աստծուց, որ ինձ առատապես համարձակություն տա` հեթանոսների և ամբարիշտների առջև վկայելու Իր անվան համար, որովհետև ես սիրեցի երկնավոր Թագավորին և Նրան զինվորագրվեցի ու հեռացա առժամանակյա զինվորությունից, լավ համարելով մահը, քան խղճուկ կյանքը, և խնդրեցի Նրանից, որ ամբարիշտների հետ չկորցնի անձն իմ և արյունահեղ մարդկանց հետ իմ կյանքը ևս չառնի: Եվ այսպես, հրաժարվելով կենցաղից, ինձ Աստծուն տվեցի և Նրա անվան համար մահանալուն»: Իշխանն ասում է նրան. «Թո՛ղ այդ հանդուգն և հախուռն խոսքերդ և պաշտի՛ր աստվածներին, որոնց թագավորներն են պաշտում, և կներեմ քո հանցանքը, որ բազմության առջև համարձակվեցիր հայհոյել, և կազատվես տանջանքներից ու զինվորական պատիվը դարձյալ կստանաս թագավորներից և կմեծարվես աշխարհիս իշխանների հետ»: Երանելի Մինասն ասաց. «Ցանկանում եմ հաճո լինել հավիտենից Թագավորին և ընդունել անապական պսակն ու անմահական կյանքը: Եվ դու նպատակ մի՛ ունեցիր ինձ այս հույսից խոնարհելու դեպի այդ անցավոր պատիվները, որ այսօր կան և վաղը կկորչեն` և՛ պատիվը, և՛ պատիվ տվողները: Եվ քո բոլոր տանջանքները, որ գործադրելու ես վրաս, արհամարհում եմ հանուն Քրիստոսի սիրո, որովհետև Նա է տալիս ինձ ուժ և զորություն և ամոթով թողնում բոլոր նրանց, որ չեն հավատում Իրեն»: Այնժամ իշխանը բարկանալով հրամայեց պրկել նրան և արջառաջիլերով սաստիկ ծեծել, մինչև որ արյունը հեղում էր ամբողջ գետինը, իսկ սուրբը գոհանում էր Տիրոջից և տանջանքներին համբերելու համար ժուժկալություն խնդրում: Իսկ բռնավորի սպասավորները սրբին ստիպում էին համաձայնել դատավորի կամքին, սակայն Աստծու սուրբը հանձն չէր առնում թողնել Աստծուն և պաշտել կուռքերին և ասում էր. «Ես օգնական ունեմ Աստծուն, որ կարող է այս տանջանքները թեթևացնել և ամոթով թողնել իշխանին ու ձեզ, որ Աստծու ծառային ստիպում եք հեռանալ Աստծուց և ձեզ պես անցնել սուտ աստվածների պաշտամունքին և ձեր հետ ուղևոր լինել կորստյան ճանապարհի, որ դեպի հավիտենական կորուստն է տանում»: Իշխանն ասաց. «Մի՞թե իսկապես չզգացիր այդ դառն ու անողորմ տանջանքները»: Երանելի Մինասն ասաց. «Մի՛ կամեցիր դառն տանջանքներով հաղթել իմ իմաստուն մտքերին, որովհետև մեծ Թագավորի ուժն ու զորությունը մոտ են ինձ և բոլոր տանջանքների մեջ ինձ զորեղ են պահում»:
Այնժամ իշխանը հրամայեց սրբին կախել փայտից և երկար ժամանակ քերել: Եվ մունետիկն ազդարարում և ասում էր. «Մեր թագավորներից բացի ուրիշին թագավոր մի՛ խոստովանիր»: Երանելին ասաց. «Մի՛ հայհոյեք երկնավոր և անմահ Թագավորին` մահկանացուին հավասարեցնելով: Նա է մեծ Թագավորը ամբողջ երկրի վրա, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ իշխանություն ունի գոյությունների և իշխանությունների վրա»: Իշխանն ասաց. «Ո՞րն է մեծ Աստվածը, որ ասում ես, թե Նա տվեց իշխանությունը թագավորներին, և թե Նա իշխանություն ունի ամբողջ աշխարհի վրա»: Երանելի Մինասն ասաց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, կենդանի Աստծու Որդին, որ առաքվեց Հորից և Սուրբ Հոգուց և մեզ տվեց բարի ավետիսը, որին երկրպագում են երկնավորներն ու երկրավորները, և ամեն ազգ խոստովանում է, որ Տեր է Հիսուս Քրիստոսը ի փառս Հայր Աստծու և Սուրբ Հոգու»: Իսկ իշխանն ասաց. «Չգիտեմ ինչ ես խոսում աներևույթի մասին և երևացողներիս անհասկանալի, բայց թագավորների հրամանը քեզ անողորմ բարկությամբ կյանքից կզրկի»: Երանելին ասաց. «Դավիթն, այդ ասելով, առաջներում մարգարեացավ. «Տերը թագավորեց, ժողովուրդները բարկացան: Ո՛վ քերովբեների վրա նստողդ, երկիրը սասանվեց» (Սաղմ. ՂԸ. 1): Եվ այս բաները Տնօրինության մասին են ասված, որ չես կարող հասկանալ, ո՜վ խավարածդ մտքով: Որովհետև սուրբ Ավետարանի խոսքերը կորուսյալներիդ համար հիմարություն են, իսկ մեզ` փրկյալներիս` կենաց նորոգություն. «Որովհետև, ըստ Պողոսի, ինչը [փորձի] անջատել մեզ Քրիստոսի սիրուց` թե՛ նեղությունները, թե՛ անձկությունները, թե՛ հալածանքը, թե՛ սովը, թե՛ սուրը, և մյուս բոլոր վտանգներն ու պես-պես տանջանքները, չեն հաղթի Աստծու ծառաներին» (Հռոմ. Ը. 35):
Այնժամ իշխանը հրամայեց աղ ցանել նրա վերքերին և հաստամազ քուրձերով տրորել: Իսկ Աստծու սուրբը, մտքերով Աստծու հետ և ցանկությամբ բարեպաշտ, անպարտելի եղավ և օրհնում էր Աստծուն: Եվ բոլոր ներկաներն ու իշխանը հիանալով զարմացել էին սուրբ վկայի ժուժկալությունից: Իշխանն ասաց. «Ի՞նչպես ես այդքան համառելով անզգայաբար տանջանքների մեջ մնում»: Երանելի Մինասն ասաց. «Թագավորն իմ և Աստվածն իմ, Նա է ինձ ուժ և զորություն տալիս քո ամենաչար հնարքները հաղթելու, որպեսզի արժանի լինեմ անսուտ խոստումներին, որ աչքը չի տեսել և ականջը չի լսել, որ պատրաստել է Աստված Իր սիրելիներին»: Եվ ավելի բարկանալով` իշխանը հրամայեց հրով այրել Աստծու ծառային: Եվ այդպես կրակով այրեցին և խորովեցին սրբի մարմինը: Իսկ սուրբը ոչինչ չէր պատասխանում, այլ լսելի կերպով աղաչում էր Աստծուն` զորացնել իրեն չարաչար և դառն տանջանքներում:
Իշխանն ասաց. «Ո՛վ թշվառական և վայրենաբարո, մարդկային բնությունից դուրս` ի՞նչ զորություն ունես»: Երանելի Մինասն ասաց. «Աստված է, որ զորացնում է ինձ և զորություն է տալիս` ինչպես ասված է մարգարեության մեջ` «Կանցնես հրի միջով` չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի» (Եսայ. ԽԳ. 2): Եվ դարձյալ մեր Տերն ասում է. «Մի՛ երկնչեք նրանցից, որ սպանում են մարմինը և հոգին չեն կարող սպանել, այլ երկնչեք Նրանից, որ կարող է սպանելուց հետո գցել հավիտենական հրի մեջ, որ պատրաստված է սատանայի և նրա կամքը կատարողների համար» (Մատթ. Ժ. 28): Եվ իշխանը զարմանալով` իմաստուն և զորավոր խոսքերին չէր կարողանում պատասխան տալ կամ վախեցնել տանջանքներով, որ կիրառեց սրբի նկատմամբ: Եվ ասաց. «Կուզե՞ս, որ թողնեմ քեզ մի քանի օր, որ վարքիդ մասին խորհելով լավ մտքի գաս և փոխես կամքդ ու կատարես թագավորների հրամանները»: Երանելին ասաց. «Բազում անգամ խորհեցի և ճանաչեցի ճշմարտությունը` պաշտել կենդանի Աստծուն և գնալ նրա ճանապարհով և չպաշտել դևերին կամ ընդունել հրամանները թագավորների, որ մերժվում են կենդանի Աստծուց»: Եվ զայրանալով` իշխանը հրամայեց բրածեծ անել և երկաթյա տատասկներ լցնել և պտտել նրա վրա: Եվ արյունը ողողում էր գետինը: Իսկ սուրբը ոչինչ չէր պատասխանում, այլ գոհանում էր Աստծուց և օրհնում:
Մի ոմն Եղիդորոս անունով դեսպանապետ ասաց Պյուրոս իշխանին. «Մի՞թե չգիտես, որ քրիստոնյաների ազգը հպարտ է, և նրանք քաղցր են համարում իրենց Աստծու անվան համար մեռնելը, քան ապրելը: Իր խելագարությանը համապատասխան վճիռ տո՛ւր և սպանի՛ր դրան իբրև մահապարտի, որովհետև արհամարհեց աստվածներին և թագավորին»: Իսկ իշխանը հորդորական խոսքերով [փորձում] էր հրապուրել Աստծու սրբին և նրան պարգևներ ու պատիվ էր խոստանում: Իսկ երանելի Մինասն ասաց. «Քեզ լինեն քո պարգևները և քո հայր սատանային, որ քո միջոցով [ցանկանում] է հրապուրել ինձ, և թագավորին ու քեզ ուղղորդում է Աստծու ծառաների վրա: Այլ ես ձգտում եմ անանց Թագավորի` հավիտենական Քրիստոսի փառքերին, որ խոստացավ Իր սրբերին, որովհետև պատիվներն այս անցավոր են, իսկ այնտեղինը` հավիտենական, քանի որ մեզ անանց լույսի և հավիտենական կյանքի ժառանգորդ կդարձնեն բոլոր սրբերի հետ միասին»: Եվ երբ իշխանը տեսավ անդրդվելի հավատն առ Քրիստոս և անփոփոխ միտքը, հրամայեց սրով սպանել երանելի [վկային]: Իսկ զվարթերես և հաստատուն կամքով սուրբը ցանկանում էր ելնել մարմնից և մտնել Աստծու մոտ, որ անձկալի էր: Եվ աչքերը երկինք բարձրացնելով և ձեռքերը տարածելով` ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Տե՛ր, որ ինձ արժանի արեցիր Քո սուրբ անվան համար մեռնելու և Քո զորությամբ չլքեցիր ինձ` Քո ծառային, և չհեռացան ինձնից Քո շնորհների պարգևները, այլ ժուժկալության ամրություն տվեցիր պես-պես տանջանքների մեջ, որ գործադրեցին վրաս, նաև հաստատուն ու անշարժ պահեցիր միտքն իմ ու խորհուրդը` ի սեր Քո Աստվածության: Այժմ ևս, Տեր, մի՛ հեռացրու Քո զորությունից և շնորհներից, որ քաջությամբ և ճշմարիտ խոստովանությամբ կատարեմ ընթացքն իմ և արժանի լինեմ Քո վկաների հետ ժառանգելու անպատմելի կյանքը և փառավորելու Հորն ու Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և հավիտյանս»: Եվ ծունր իջեցնելով` հատեցին երանելի Մինասի գլուխը` ըստ բռնակալի հրամանի:
Եվ այսպես, նոյեմբեր ամսի տասնմեկին վկայեց եգիպտացի սուրբ Մինասը` ի փառս և ի գովություն Աստծու: Եվ անօրեն իշխանը հրամայեց այրել սրբի մարմինը, սակայն հրից մնացած նշխարները հավատացյալները հավաքեցին և անմոռաց հիշատակով թաքցրեցին մի ծածուկ տեղում, մինչև դադարեցին հալածանքները, և սուրբ նահատակի անունով կառուցվեց վկայարան, ուր սրբի բարեխոսությամբ բժշկություններ էին լինում` ի փառս ամենասուրբ Երրորդության` Հոր և Որդու և Սուրբ Հոգու. այժմ և միշտ և հավիտյանս:

Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.