Ծննդյան տոնից առաջ, սուրբ Հովհաննես Օձնեցի հայրապետի կարգադրությամբ, տոնում ենք չորս տոն, որոնք և կոչվում են Ավագ տոներ: Սրանք կատարվում են նախատոնակներով և առանձին հանդեսներով:
Սուրբ Եկեղեցու վարդապետները Սուրբ Հոգու առաջնորդությամբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնից առաջ կարգեցին ևս չորս տոն Եկեղեցու յոթ գլխավոր այրերի համար՝ որպես սուրբ Եկեղեցու հավատի շինության անկյան վեմերի: Նախ կարգեցին Դավիթ Աստվածահոր և Հակոբոս Տյառնեղբոր հիշատակության օրը, ապա՝ սուրբ Ստեփաննոս Նախավկայի, այնուհետև՝ առաքյալներից գլխավորների՝ Պետրոսի ու Պողոսի, և ապա՝ Որոտման որդիների՝ Հակոբոսի ու Հովհաննեսի տոները, ովքեր և յոթ սյուներ եղան, ըստ որի՝ հիմնարկվել են Եկեղեցու չորս անկյուններն ու յոթ սյուները:
Նա, ով կամենում է արքունիք կազմել, այն կառուցում է հաստատուն ու կարծր հիմքի՝ անսասան վեմի վրա, որի մասին Տերն առակով ասաց Ավետարանում. «Պիտի հաստատեմ Եկեղեցին հավատի վեմի վրա» (հմմտ. Մատթ. ԺԶ 18): Քանի որ Եկեղեցին հաստատված է մարգարեական ու առաքելական հիմքի վրա՝ անկյան գլուխ ունենալով Քրիստոսին, դրա համար էլ մարգարեների և առաքյալների հետ միասին ենք տոնում այս տոնը, որովհետև այն, ինչը մարգարեները Հոգով տեսնելով պատմեցին, առաքյալներն ականատես լինելով քարոզեցին:
Եվ դարձյալ՝ նրանց համար, ովքեր դժվարահավատ են, և նրանց հավատարիմ վկաներ են հարկավոր, ինչպես Քրիստոս Իր Աստվածության համար Հորն է վկա բերում, ինչպես նաև Մովսեսին ու Եղիային՝ Իր չարչարանքներից առաջ Թաբոր լեռան վրա բերեց, այսպես և մենք մեր Փրկչի ծննդյան հավատարիմ վկաներ ունենք Դավթին ու Հակոբոսին: Քանզի Հին ուխտում չկար ավելի պատվական մեկը, քան Դավիթը, ում հրեաներն ավելի պատվեին, իսկ Նոր ուխտում առաքյալները Հակոբոս Տյառնեղբորը կարգեցին որպես առաջին եպիսկոպոս Երուսաղեմի, ով բոլորի կողմից Արդար կոչվեց:
Մատթեոսը Դավթին աստվածահայր է կոչում՝ ասելով. «Գիրք ծննդյան Դավթի որդու» (Մատթ. Ա 1), իսկ Պողոսն իր խոսքում Հակոբոսին Տիրոջ եղբայր է անվանում. «Առաքյալներից ոչ ոքի չտեսա, բացի Հակոբոսից՝ Տիրոջ եղբորից» (Գաղատ. Ա 19): Եվ կա՞ արդյոք ավելի արժանահավատ վկա, քան հայրը և եղբայրը: Եվ Քրիստոսի ծնունդով մեկ եղան մարգարեները և առաքյալները:
Ինչպես երկրի թագավորները սովորություն ունեն իրենց խորհուրդները և գանձերը հույժ հավատարիմ և վստահելի այրերին ավանդելու, այսպես և երկնային Արքան Իր տնօրինության խորհուրդը նրանց վստահեց, մանավանդ Դավթին, ում համար ասաց. «Գտա Հեսսեի որդի Դավթին՝ Իմ սրտով մի մարդու» (Գործք ԺԳ 22): Ով էլ Աստծու «սիրտ» և «կամք» կոչվեց: Իսկ Դավիթն ասաց. «Քո խոսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ Քո դեմ» (Սաղմ. ՃԺԸ 11): Իսկ Հակոբոսին պարիսպ են անվանում, որովհետև Տիրոջ գանձն անդրժելիորեն պահեց: Նաև՝ նա մոտ է Տիրոջը եղբայրական համարձակությամբ:
Օրինակ՝ եթե մի անծանոթ մարդ կամենա թագավորի մոտ մտնել, նախ կմոտենա թագավորի մերձավորին, նրանից կիմանա թագավորին պատվելու հանգամանքները և ապա կհամարձակվի մոտենալ թագավորին: Արդ՝ երկնային Թագավորի, Նրա արքունիքի, գահի, տնօրինական խորհրդի ու մեծ քաղաքի՝ սուրբ Եկեղեցու փառքի առջև գալու համար առավել ևս պարտավոր ենք մի քանի օր առաջ մտնել թագավորական արքունիքի գավիթ՝ սովորելու տերունական հանգամանքները:
Հակոբոս Տյառնեղբայրը, Տիրոջ հետ հիշատակվելով, պատվի է արժանանում: Եվ ի՞նչ ավելի մեծ պատիվ կա, քան Աստծու եղբայր կոչվելը: Այն, ինչ Դավիթը մարգարեական հոգով աստվածաբանեց Քրիստոսի մասին, այդ ամենը՝ տնօրինության սկզբից մինչև ավարտը, Հակոբոսը տեսավ, քանզի Տիրոջ եղբայրը լինելով՝ միշտ շրջում էր Նրա հետ: Նաև Հովսեփն իր մահից առաջ սուրբ Կույսին հանձնել էր Հակոբոսի խնամքին, մինչև որ խաչի վրա Փրկիչը Կույսին հանձնեց Հովհաննեսի խնամակալությանը:
Դավիթ մարգարեի ու Հակոբոս Տյառնեղբոր, Ստեփաննոս Նախավկայի, Պողոսի ու Պետրոսի և Հովհաննես ու Հակոբոս առաքյալների տոները միմյանց հաջորդելով ենք տոնում ո՜չ ըստ նրանց վախճանվելու կարգի, քանզի Դավիթը Քրիստոսի գալուստից հազար տարի առաջ է վախճանվել, Հակոբոս Տյառնեղբայրը՝ Տիրոջ չարչարանքներից երեսուն տարի անց՝ Ներոնի թագավորության յոթերորդ տարում, իսկ Պետրոսն ու Պողոսը Հռոմում նահատակվել են Ներոն կայսեր թագավորության 13-րդ և Տիրոջ չարչարանքների 36-րդ տարում: Հովհաննեսը, հասնելով խորին ծերության, Տիրոջ չարչարանքներից 72 տարի անց, Ենոքի և Եղիայի նման կենդանի, տեղափոխվեց երկինք: Իսկ Հակոբոսը՝ նրա եղբայրը, Տիրոջ չարչարանքներից չորս տարի անց սպանվեց Ագրիպպասից, որը Հերովդես կոչվեց (տե՜ս Գործք ԺԲ 12): Հակոբոսը դարձի է բերել Հերմոգինես կախարդին, նրա Փիլոդեոս աշակերտին, Օվսիա դպրին և նրանց հետ նաև բազում մարդկանց, մեծամեծ նշաններով ու իմաստությամբ, այդ պատճառով էլ Աբիաթար քահանայապետը և բոլոր հրեաներն աղաչեցին Հերովդեսին գլխատել նրան:
Հույժ խորհրդաբար և իմաստությամբ են ի մի հավաքվել նրանց տոները Քրիստոսի Ծննդյան տոնից առաջ, քանզի Քրիստոսի գալուստը դատաստանի, դատապարտության և իրավունքի համար էր: Սատանայի դատաստանի, դժոխքի դատապարտության, ինչպես նաև մարդկային բնության իրավունքի և ողորմածության համար, ինչպես Ինքն ասաց. «Դատաստանի համար եկա այս աշխարհը» (Հովհ. Թ 39), և դարձյալ. «Հիմա՜ է այս աշխարհի դատաստանը, հիմա՜ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կնետվի» (Հովհ. ԺԲ 31): Նաև Դավիթն է ասում. «Գիտեմ՝ Դո՜ւ, Տե՜ր, աղքատի արդար դատաստանն ես անում և տնանկի իրավունքն ես պաշտպանում» (Սաղմ. ՃԼԹ 13): Արդ՝ թեպետ Տերը խոնարհությամբ եկավ աշխարհ՝ ծառայի կերպարանքով, սակայն սիրում է թագավորի իրավունքը և պատիվը: Եվ փոխանակ հրեղեն ու անմերձենալի աթոռի, Եկեղեցին պատրաստեց չորեքկերպյան աթոռի նմանությամբ, որ տեսավ Եզեկիելը մարդու կերպարանքով, առյուծի ձևով, եզի օրինակով և արծվի վերսլացությամբ (տե՜ս Եզեկ. Ա 5):
Աստվածության այս չորս տոների խորհուրդն ավելի արժանավոր է և զարմանալի, քան վերին աթոռինը, որովհետև մինչ այս աթոռին նստելը՝ Նրան միայն երկնայիններն էին փառաբանում, իսկ երբ մարգարեներին ու առաքյալներին Իր Աստվածության համար որպես աթոռ պատրաստեց, ամբողջ երկիրը լցվեց նրանց բարբառով, և վերիններն ու ներքիններն ընդհանրապես լցվեցին գիտությամբ ու Նրա փառքով, որովհետև սրանց միջոցով հայտնվեց Աստծու բազմապատիկ իմաստությունը:
Արդ՝ այս տոների խորհրդին են վերաբերում աստվածաբարձ այս կենդանիները: Այսպես, առյուծի նմանությունը պատշաճում է Դավթին՝ թագավորական պատվի համար, ում Հակոբ նահապետը վկայում է՝ ասելով. «Հուդա՜, կորյուն առյուծի, իմ շառավղից ելար, որդյա՜կ իմ, ելար, բազմեցիր, ննջեցիր դու որպես առյուծ» (Ծննդ. ԽԹ 9): Այս խոսքերը՝ որպես մարգարեություն, նախ Դավթի մասին ասվեցին, իսկ այնուհետև՝ Քրիստոսի: Հակոբոս Տյառնեղբայրը նույնպես նույն թագավորական ցեղից էր՝ մաքրությամբ առյուծացած ընդդեմ ախտերի:
Իսկ մարդու նմանությունը Ստեփաննոսի համար պետք է իմանալ, որպես այր Քրիստոսի կատարյալ չափի հասակով: Եվ նա տեսավ երկինքը մեծ հանդիսությամբ բացված և մարդացյալ Աստծուն՝ Հոր աջ կողմում:
Եզի կերպարանքը խորհրդանշում է հավատի ամրությունը, որն ունեն Քրիստոսի աներեր աշակերտները, Եկեղեցու հաստատուն սյուները՝ Պետրոսն ու Պողոսը: Սրանք առաքելաջան աշխատությամբ ընթացան տիեզերքի բոլոր ոլորտներում և մեր բնության անդաստանը վարեցին Ավետարանի արորով: Նրանք, քաղհանելով փուշն ու մեղքերի սեզը, հրով այրեցին որոմնաբեր արմատը և հոգևոր սերմերով լցրին ամբողջ տիեզերքը՝ սկսած Երուսաղեմից: Նրանց այսպիսի առատաբեր ավետարանչության մասին Դավիթը կանխավ երգաբանեց՝ ասելով. «Ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց, և մինչև աշխարհի ծայրն են հասել խոսքերը նրանց» (Սաղմ. ԺԸ 5): Նրանք են Աստծուն հաճելի եզները, որոնք կանգնեցին ազգերի ու թագավորների առջև:
Արծվի ձևով երևացին երանելի ավետարանիչները՝ Որոտման որդիները, ովքեր բարձրաթռիչ աստվածաբանությամբ հասան Սուրբ Հոգու խորություններին և արծվաթռիչ սլացքով պատռեցին կռապաշտության թանձրամած խավարը և ցրեցին նրա ոհմակը՝ դևերի ժողովն ու սևագունդը, և նրանց աշխարհալած անելով՝ ազատեցին մարդկային ցեղը, որը նեխել էր զանազան ախտերով լցված լեշի նման, ինչպես գրված է. «Ուր դիակն է, այնտեղ կհավաքվեն արծիվները» (Մատթ. ԻԴ 28): Որովհետև աղվեսների բզկտող և ամենակեր ոհմակների նման, ամենաչար և մեղսասեր դևերը, որոնք կերակրվում են հոտած և նեխած լեշերով, հեռու փախան մարդկանցից, և մարդկային նեխած բնությունը համեմվեց ճշմարտության աղով՝ լվացվելով Ավազանի միջոցով, և Կենդանարար Հոգով վերստին եղան Լույսի որդիներ:
Սրանք են չորս կենդանակերպերի տիպերը, որոնք լծված են Տերունական աթոռին: Նույնը և Դանիելն է ասում. «Նայում էի, մինչև աթոռները դրվեցին և Հինավուրցը նստեց» (Դան. Է 9), որը շատ դիպուկ է, որովհետև Եկեղեցին սպասում է երկնային Թագավորի գալստյանը, Ում համար նախ աթոռն է պատրաստվում, որպեսզի գա և մտնի Իր սրբության սենյակը՝ խորհրդի անարատ առագաստը, առաքելաքարոզ ավանդությունը , որը չի սուզվում հերձվածողների պղտորումներում, այլ միշտ աճում է ու զորանում, ինչպես Պետրոսը հավատի հիմքը լսեց Տիրոջից. ՙԴու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին, ու դժոխքի դռներն այն չպիտի հաղթահարեն՚ (Մատթ. ԺԶ 18): Սրա համար էլ երանելի Պողոսը հավելյալ նեղություններ է կրում Եկեղեցու օգուտի համար:
Արդ՝ գալիս է Հինավուրցն Աստված մանկացած ու բազմում Իր աթոռին, և աթոռը դրված է Դավթի տանը:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի