Աստվածաբանում է գիտնականը

Brutyan 614x660 - Աստվածաբանում է գիտնականը

Մեր զրուցակիցն է գիտությունների թեկնածու, աստղաֆիզիկոս, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը: Զրույցի թեման՝ գիտության և կրոնի առնչությունն է:

— Պարո՛ն Բրուտյան, դուք, որպես գիտության ոլորտի մարդ, ի՞նչ կապ եք տեսնում կրոնի և գիտության միջև:
— Այս հարցին գրեթե միշտ սխալ պատասխան են ակնկալում: Մարդիկ կարծում են, թե գիտությունը մերժում է կրոնը, և հակառակը, սակայն ո՛չ: Կրոնի և գիտության խնդիրները տարբեր են, սակայն նույնն է նրանց նպատակը: Երկուսն էլ ծառայում են մարդու երջանկությանը, բայց տարբեր ճանապարհներով, քանի որ տարբեր են նրանց գործելու ոլորտները: Գիտության ոլորտը նյութական աշխարհն է, իսկ կրոնն աշխատում է մարդու ոչ նյութական մասի հետ, որն էլ մարդուն դարձնում է մարդ և որին մենք կոչում ենք հոգևոր աշխարհ: Գիտության մեթոդները երկուսն են՝ գիտական փաստը և տրամաբանություն: Գիտական փաստն իր հերթին ծնվում է գիտական փորձից կամ դիտումերից: Սակայն այս երկու պարզունակ գործիքներն ամենուր չեն կարող կիրառվել: Գիտության ոլորտը շատ սահմանափակ է. այն իր մեթոդներով չի կարող գործել նյութական աշխարհից դուրս, և եթե կասեն, թե գիտությունն ապացուցել է հավատքի այս կամ այն դրույթի ճիշտ կամ սխալ լինելը, արդեն իսկ սխալված կլինեն, քանի որ գիտության գործիքները հավատքի ոլորտում չեն գործում: Սակայն բոլոր մեծագույն գիտնականները՝ Նյուտոն, Դարվին և այլն, բոլորն էլ եղել են աստվածավախ մարդիկ: Օրինակ՝ Նյուտոնը հեղինակել է մի շարք աստվածաբանական երկեր, Դարվինն իր հերթին եղել է աստվածպաշտ անձնավորություն և չի ապացուցել այն ամենը, ինչ վերագրում են իր անվանը: Այսօրվա քննադատությունը հետին թվով փորձում է գիտնականներին վերագրել հակակրոնական միտք, սակայն ոչ մի մտածող գիտնական այնքան պարզամիտ չէր, որ մտներ այն ասպարեզը, որտեղ իր «գործիքները» չեն գործում: Ամեն մի գիտական գործիչ վերջիվերջո հանգում է նրան, որ այս նյութական աշխարհից անդին, կա նաև մի այլ աշխարհ, որը մենք անվանում ենք հոգևոր աշխարհ:
— Իսկ ինչպե՞ս եք վերաբերում այն հարցին, երբ որոշ գիտնականներ, Հիսուս Քրիստոսի գործած հրաշքներին տալով գիտական բացատրություններ, փորձում են մերժել նրա Աստված լինելը:
— Ես կարծում եմ, որ հրաշքները չէին, որ Հիսուս Քրիստոսին պետք է դարձնեին Աստված, այլ նրա քարոզությունը և գործերը: Չէ՞ որ Հիսուս ինքը հրաժարվեց նշաններ ցույց տալ՝ իր Աստված լինելն ապացուցելու համար: Անշուշտ մի քանի դար առաջ եղած երևույթները, որոնք ժամանակակիցների կողմից կարող էին հրաշք համարվել, այսօր ստանում են իրենց գիտական բացատրություններն ու սկսում ընկալվել որպես բնական երևույթներ: Այնուամենայնիվ Հիսուս Քրիստոսի արած գործերի արդի գիտական բացատրությունները չեն կարող խախտել Հիսուս Քրիստոսի հեղինակությունը որպես Աստված: Նրա ամենամեծ հրաշքը եղավ մարդկանց վերադարձնել կորսված երկնքի արքայությունը: Ես կողմնակից եմ այդ հրաշքների հարցն անգամ չքննարկելուն:

Պատրաստեց՝ Հարություն սրկ. Քեշիշյան

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 1-րդ համարից