Աշխարհը փոփոխվում է, մենք էլ ստիպված` հարմարվում

Ashxarhy popoxvum e 517x660 - Աշխարհը փոփոխվում է, մենք էլ ստիպված` հարմարվում

Ահավասիկ Ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ եւ կընթրեմ նրա հետ: Հայտ.3;20

Քրիստոս մշտապես թակում է մեր սրտի դռները, որպեսզի մեզ մեռելությունից կյանքի կոչի եւ մասնակից դարձնի հոգեւոր հավիտենական խրախճանքին Երկնքի Արքայության մեջ:

 Մենք ապրում ենք մեր կյանքի ժամանակը, ինչպես ապրել են նախկինում, եւ նրանց անցյալի, լինելության մասին խոսում են գերեզմանները: Այժմ ապրելու մեր հերթն է, ժամանակը կարճ ու արագահոս: Աշխարհի աղմուկ աղաղակի բթացնող ձայների, ահասարսուռ արհավիրքների, փողապաշտության ու փորապաշտության մեջ բթացած չենք էլ նկատում, թե ինչպես է անցնում մեր կյանքը, անգամ այնքան ենք ամբարտավան դարձել, որ գոնե մի պահ չենք էլ մտածում մեր հոգու փրկության մասին ու այնքան խլացել, որ չենք լսում Աստծո ձայնը: Նա թակու՛մ է մեր սրտի դռները, Նա մեր խղճի միջոցով փորձում է մեզ հետ պահել մեր մոլորյալ ու կորստաբեր ընթացքից, բայց մենք ասում ենք ո՛չ: Նա Ծնվեց, որպեսզի ապրենք, մենք ասացինք. «Քեզ չենք ճանաչում», նա բժշկեց մեզ, մենք ապտակեցինք Նրան մեր մեղքերով, Նա Եկեղեցի հիմնեց` որպես քավարան, մենք նախընտրեցինք հոգեկործան ակումբներն ու խրախճանքը, վանեցինք Աստծուն մեր միջից, ընկանք անօրենության գիրկը, մեղքին մեղք ավելացնելով` ատելի եղանք Աստծուն եւ ցանկալի` սատանային: Ինչու՞ ենք այսքան չար ու շնացող, ով կամ ի՞նչն է դրդում մեզ լինել այդքան վատը եւ ինչո՞ւ չենք ցանկանում փոխվել: Որովհետեւ ծախվել ենք սատանային եւ ուրացել բարություն ու բարիք արարող Աստծուն: Քրիստոս մեզ ձրի փրկություն պարգեւեց` ինքը վճարելով մեր պարտքերը, իսկ մենք մեր փրկագնված հոգին նորից ու նորից վաշխառուի նման տալիս ենք Օտարին եւ առնում ենք մեր տոկոսները. հավիտենական մահ եւ դատապարտություն: Ամենաանհավատ մարդը, որ ամեն տեղ, ամենուր քարոզում է, թե «Աստված չկա» հանկարծ նեղության պահին տեսնում ենք, որ աղոթում է Աստծուն եւ իր փրկությունը որոնում Երկնքում: Մենք մաս ու բաժին ունենք Արարչից, ինչպես մեր զավակները` մեզանից, եւ դա առավել հաստատվեց Քրիստոսի Ծննդյամբ:

«Եթե չհավատաք, որ Ես Եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք»: Հովհ. 8;24: Ամենամեղավոր մարդը, որ ունի մեղքի գիտակցություն, չի ցանկանա մեղքերի մեջ մեռնել, բայցեւ չցանկանալով արհամարհում է Աստծո ամենաօրհնյալ պատվիրանները եւ մնում խավարի մեջ: Անցած դարի յոթանասուն տարիները հավատի հաստատության փորձաքար եղան մեր ժողովրդի զավակների համար, դադարեցին դեպի Երկինք կարկառել ձեռքերը, լռեցին աղոթող բերանները, դատարկվեցին եկեղեցիները, բայց Աստծո գոյության մասին խոսում էին եկեղեցու քարերը.

«Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն» Ղուկ.19; 40: Քարերը աղաղակեցին, բայց մեր սրտերը քարացան, որպեսզի չլսենք դրանց ձայնը, որ խոսում է մեր քարացող սրտի ու մեռնող խղճի միջոցով:

Հավատքը միավորող ուժ է եղել մեր ազգի գոյության համար, եւ այսօր հավանաբար անփութորեն կամ անզգուշորեն կորցրել ենք այն, իրականում` ինքնակամ հրաժարվել ենք նրանից:

Մենք չենք հավատում Խոսքի խոստմանը.«Ձեզ որբ չե՛մ թողնի, կգա՛մ ձեզ մոտ» Հովհ 14;18: Թեեւ «Կգան օրեր, երբ Փեսան նրանցից կվերցվի, եւ նրանք սուգ կպահեն» Մատթ. 9;15: Բայց «Ես պիտի աղաչեմ Հորը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի» Հովհ.14;16: Իսկ մենք մերժում ենք Նրա Մխիթարությունը. մեզ ո՛չ հարսանիք է պետք, ո՛չ փեսա, ո՛չ սուգ, ո՛չ մխիթարիչ:

Մի կյանք ենք ապրում, թողեք` հանգիստ, անդարդ, անհոգս ապրենք, մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում, եւ մենք ոչ մի տեղ չենք ուզում գնալ. ճանապարհը նեղ է, դուռը նեղ է, ճշմարտությունը` անհավատալի, կյանքը` անհասանելի ու անիրական: Աշխարհը փոփոխվում է, մենք էլ ստիպված` հարմարվում: Մենք ինքներս ուրիշ դռներ ենք փնտրում եւ ուրիշ ականջներ:

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 31