Ակնարկ Պետրոս եւ Հուդա առաքյալների կյանքից

Հուդան Երուսաղեմի մոտակա Իսկարիովտա քաղաքից էր, բնավորությամբ` պաղարյուն, նյութապաշտ եւ արծաթասեր: Տասներկու առաքյալների մեջ գանձապահ էր:
Հիսուսի խաչելության օրերին, առիթն օգտագործելով, Նրան թշնամիներին մատնեց երեսուն կտոր արծաթով, հետո, երբ տեսավ իր մեղքի լուրջ հետեւանքները, զղջաց արածի համար եւ դրամը վերադարձրեց քահանայապետներին, ապա ինքնասպանությամբ վերջ դրեց կյանքին:
Պետրոսը, Հիսուսին աշակերտելուց առաջ, Սիմոն անունով մեկն էր` բնիկ Բեթսայիդացի, այսինքն` Գալիլիայից: Արհեստով ձկնրորս էր, բնավորությամբ` տաքարյուն, խիզախ, եռանդուն, շուտ խանդավառվող: Հակառակ իր արած մեծախոսության, թե Նրան չի լքի ոչ մի պարագայում: Երբ Հիսուս խաչի փառավորման սպասման մեջ էր, Նրան ուրացավ երեք անգամ, բայց իսկույն զղջաց եւ քահանայապետի տան առջեւ դառը արցունք թափեց: Սակայն առանց հուսահատվելու շարունակեց իր առաքելական պաշտոնը եւ, Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու շնորհներին արժանանալով, Հակոբոսի եւ Հովհաննեսի հետ քրիստոնեական Եկեղեցու հիմնասյուներից մեկը հանդիսացավ: Ըստ ավանդության, նահատակվեց գլխիվայր խաչելությամբ, Հռոմում: Հուդան եւ Պետրոսը` երկուսն էլ սայթաքեցին նույն շաբաթվա միեւնույն օրերին, որովհետեւ իրենց հոգեւոր կյանքը հասունություն չուներ: Ավազի վրա կառուցված տունը չի դիմանա հեղեղին ու փոթորկին, իսկույն կկործանվի, այնինչ ժայռի վրա հաստատված տունը անսասան կմնա միշտ եւ ամեն պարագայում: Այն անսասան հիմնա ժայռը, որի վրա պետք է հաստատենք մեր հավատը եւ հոգեւոր կյանքը` Հիսուսն է: Եթե մեկը Նրա վրա հաստատված չէ, կյանքի ծանրածանր հոգսերից եւ դառը փորձություններից կպարտվի ու կընկնի անմիջապես: Մեղքեր կան, որ միայն մեղավոր անձին են առնչվում, մեղքեր` որ կապ ունեն հասարակության հետ, կան մեղքեր էլ, որ ուղղակի Աստծո անվանը անպատվություն են բերում: Հիշյալ առաքյալները իրենց գործած մեղքերից ոչ միայն անձնապես վնասվեցին, այլեւ մեղանչեցին Աստծո եւ Նրա Միածին Որդու դեմ` մեկը` Նրան թշնամիների ձեռքը հանձնելով, մյուսը` Նրա նվիրումը ի ցույց մարդկանց ուրանալով: Սա իսկապես նրանց կյանքի մեծագույն սայթաքումն էր: Նրանք եր կուսն էլ ապերախտ գտնվեցին իրենց Բարերարի հանդեպ: Ավաղ, որ երեք տարիներ դաստիարակվել էին Նրա շնչի տակ, վայելել Նրա բազմաթիվ բարիքներն ու օրհնությունները, բայց տառա պանքի ու վշտի օրերին, փոխանակ Նրա կողքին լինելու, լքեցին Նրան: Հուդայի մեղքը իր պարզունակ մտածելակերպի եւ անարդար դատողությունների արդյունքն էր, քանի որ Հուդան Քրիստոսին մատնելուց առաջ արդեն համագործակցության էր գնացել եւ հստակ որոշում էր կայացրել, իսկ Պետրոսի մեղքը հետեւանք էր րոպեական փորձության, քանի որ Պետրոսը հավատարիմ մնալու երդում էր տվել Քրիստոսին (Մատթ. 26;33, Ղուկ 21;34): Կա տարբերություն նաեւ Պետրոսի եւ Հուդայի շարժառիթների մեջ` Հուդայի մոտ շարժառիթը արծաթասիրությունն էր, իր ագահությանը հագուրդ տալը, իսկ Պետրոսինը` ինքնապահպանությունը. ապրելու իղձը մարդու մոտ մի մեծ բնազդ է: Բայց իհարկե դա չի կարող արդարացնել Պետրոսին, քանզի մեղքը մեղք է, ինչ շարժառիթով էլ գործված լինի, սակայն եթե համեմատենք` Հուդայի մեղքը ավելի ծանր է (Ա Տիմ. 6;10): Ագահ մարդը ինչքան շատ ունենա, այնքան չի հագենա: Հուդա Իսկարիովտացին այդ բանի ցայտուն օրինակն է: Արծաթասիրությունը նրան կործանեց ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ` հոգեպես: Երբ Հուդան մատնեց Քրիստոսին, Տերը նրան ասաց. «Բարեկա՛մ, դրա՞ համար եկար» ( Մատթ. 26;50): Այս խոսքերը կարեկցանքից բխող հանդիմանանք եւ ապաշխարության ուղղորդող կոչ էին: Նրան բարեկամ կոչելով` Հիսուս ցանկացավ ասել. «Դու իմ աշակերտներից էիր, եւ ինչու՞ փոխվեցիր, ի՞նչ գործ ունես հակառակորդների հետ, մի՞թե այս էր քո առաքինությունը»: Հուդան զղջաց իր արածի համար եւ երեսուն արծաթը վերադարձրեց: Ապաշխարության այս ընթացքը պետք է վերահաստատեր Հուդային իր կարգավիճակի մեջ, ինչպես որ եղավ Պետրոսի պարագայում, սակայն նրա կատարած մեղքի ծանրությունը այնքան զորավոր էր, որ նա հուսահատվեց եւ, իր համար ոչ մի փրկության միջոց չտեսնելով, ինքնասպան եղավ: Երբ Պետրոսը երեք անգամ ուրացավ, եւ աքաղաղը կանչեց, Հիսուս նայեց Պետրոսին. խորհրդավոր այդ հայացքը հուզեց Պետրոսի սիրտը, եւ նա այնքան ազդվեց, որ չկարողացավ զսպել իր զգացմունքները եւ, դուրս գալով, դառնապես լաց եղավ: Հայացքներ կան, որ ամեն տեսակ պերճախոս ճառերից վեր են եւ ազդեցիկ: Այդ հայացքով Հիսուս ցանկանում էր ասել. «Ու՞ր է քո տված խոստումը, դու՞ չէիր, որ ասում էիր, որ եթե բոլորը գայթակղվեն, ես չեմ գայթակղվի եւ Քեզ հետ կլինեմ, ու՞ր մնաց քո սերը»: Սակայն այս հանդիմանության, անգամ Փրկչի այդ նայվածքի մեջ փրկության կոչ եւս կար: Քրիստոս ցանկանում էր ասել. «Պետրո՛ս, թեպետ թշնամիներից ավելի շատ վիրավորեցիր իմ սիրտը, բայց եւ անպես, կրկին կսիրեմ, կկարեկցեմ, կհամակրեմ քեզ, ապաշխարի՛ր, եւ Ես կներեմ քեզ»: Պետրոսը, Քրիստոսի հայացքի մեջ թե՛ հանդիմանություն, եւ թե՛ ապաշխարելու հնարավորություն զգալով, դառնապես լաց եղավ: Մենք եւս մեր կյանքում սայթաքում ենք եւ սխալվում, եւ ինչպես Տերը Պետրոսին նայեց, այդպես էլ մեր գործած մեղքերի ու չարիքների համար նույն հայացքով մեզ է նայում: Եւ այդ ցույց է տալիս Սուրբ Գրքով, խղճմտանքի ձայնով եւ այլ միջոցներով: Իսկ թե մենք կլսենք նրա ձայնը, եւ կամ` կզգանք նրա հայացքը, դա միայն մեզանից է կախված: Պետրոսի կյանքի հատկանշական ուղենիշը նրա հույսն էր: Հուդայի նման` նա նույնպես հայտնվել էր հուսահատության ալեկոծվող օվկիանոսում, բայց մեղքի թանձր այդ խավարում փրկության միջոց էր փնտրում, երբ իր մեջ փրկարար հույսի շողը նկատեց: Եւ հուսադրվելով` կարծես ասաց. «Թեեւ մեղանչել եմ եւ բարոյապես անկում ապրել, բայց կարող եմ ոտքի կանգնել, թեեւ ամաչում եմ մարդկանց երեսին նայել, սակայն կարող եմ կրկին իբրեւ մարդ ապրել, թեեւ Տիրոջս ուրացել եմ, բայց կարող եմ նրա թողությանը արժանանալ, եւ եթե պահանջվի, կարող եմ նահատակվել նրա համար, ում ուրացա տգիտությամբ»: Պետրոսը իր հույսը վառ պահեց, քանի որ հիշում էր, թե ինչպես մի անգամ, երբ Հիսուս քայլում էր ծովի վրայով, խնդրեց Տիրոջից Նրան ընդառաջ գնալ, եւ երբ այդ ճանապարհին սկսեց խորտակվել, Քրիստոս, ձեռքը բռնելով, փրկեց նրան: Պետրոսն, ըստ ավանդության, իր կյանքի ընթացքում ամեն անգամ, երբ աքաղաղը կանչում էր, վերհիշում էր իր ուրացումը եւ լաց էր լինում, բայց այդ դառը փորձություններով նա թրծեց իր նկարագիրը` դառնալով զգաստ, զգույշ եւ ավելի զորեղ իր հավատքի մեջ: Այսպիսով` կան մարդիկ, որ, անկախ իրենց գործած մեղքի բնույթից եւ մեղքի ծանրությունից, փրկության հույսը երբեք չեն կորցնում` նմանությամբ Պետրոս առաքյալի, մարդիկ էլ կան, որ մեկ անգամ սայթաքելուց հետո հուսալքվում են ու վհատվում Հուդայի պես: Ամեն դեպքում, պետք է զգույշ լինել առ Աստված տանող ճանապարհին արվող ամեն քայլի ժամանակ` խուսափելու համար անկումից, եւ ամուր բռնել փրկության հույս- պարանի մեր բաժին ծայրից եւ ոչ թե վերածել այն հուսահատություն — կախաղանի: Հույսը մարդու սրտի մեջ շողացող վերջին նշույլն է, եւ եթե մարենք այդ վերջին շողը, մարդկային կյանքը կվերածենք խավարի: Ուր չկա հույս, չկա նաեւ գործունեություն: Հովհաննեսը սիրո առաքյալն է, Պողոսը` հավատքի եւ Պետրոսը իրապես արժանի է հույսի առաքյալ կոչվելու: Մարդկային կյանքի մեջ ամեն սայթաքում եւ բարոյական անկում մեղք է, սակայն ամենամեծ մեղքը հենց հուսահատությունն է: Ապրենք` առանց կորցնելու կենդանի հույսը, որ հոգեւոր կյանքում փրկարար սանդուղքն է բոլորիս համար

Տեր Հուսիկ քհն. Գրիգորյան, Շիրակի թեմ