Աթանաս

Ծնուած է թերևս 293-ին, ոմանց կարծիքով մինչև իսկ 295, 297 կամ 298/299-ին. յամենայն դէպս նա դեռ շատ երիտասարդ էր, երբ եպիսկոպոս դարձաւ: Եպիսկոպոս դառնալուց յետոյ Արիոսական վէճի պատմութիւնը նրա կեանքի պատմութիւնն է դառնում. և այդ պատճառով Արիոսական վէճի պատմութիւնից միայն նրա նշանակութիւնը կերևայ: Նա մի ինքնուրոյն գլուխ չէր, ոչ էլ մեծ մեկնաբան. բայց յունական բարեպաշտութեանը ամենամաքուր արտայայտութիւնը տուեց իւր քրիստոսակենդրոն փրկագործութեան վարդապետութեամբ և ընդհանրապէս դաւանանքի մէւ միութիւն հաստատեց, փրկութեան գաղափարին ամեն բան ստորադասելով: Սակայն այն հանգամանքը, որ նա իւր ու եկեղեցու գործը յաղթող հանդիսացրեց ի վերջոյ, եղաւ շնորհիւ նրա երկար ժամանակ-մինչև իսկ մահը՝ 373-ին — Աղէքսանդրիայի եպիսկոպոս լինելուն, բայց աւելի ևս շնորհիւ իւր հաստատակամ և անյողդյողդ բնաւորութեան: Սկզբից և եթ արդէն պատրաստ իւր գաղափարներով, բայց առանց ամենևին բանաձևերի յետևից ընկնելու, նա իրեն նոյնացրեց գործի հետ. հինգ անգամուայ աքսորը (335-337, 339-346, 356-362, 362-364, 365-366), 17 տարուայ գերութիւնը նրան յաղթահարել, կոտրել չկարողացան: Կայսեր բարեհաճութեան և անբարեհաճութեան ժամանակ նա նոյնը մնաց և երես առ երես կայսրները նրան դիմադրել չէին կարողանում. նա ժամանակի »կրօնական ոգին« էր դարձել, և արդէն հետևեալ սերունդը նրան սիւն և բժիշկ հրատարակեց: Նրա ամենանշանաւոր գրուածքն է »Յաղագս մարդեղութեան Բանին«= peri thz enanqrwphsewz tou logou, որի նպատակն է յայտնութեան կատարելութիւնը բանի միջոցով քարոզելը՝ իբրև փրկութեան սկզբունք, կամ նրա մարդեղութեան կարևորութիւնը հաստատելը, և այդ հրէից և հեթանոսների դէմ պաշտպանելը: Նրա բոլոր մնացած գրուածքները, բացի kata Ellhnwn գրքից, որ հեթանոսական բազմաստուածութեան անմտութիւնն ու քրիստոնէութեան հոգևոր կրօն լինելն է ապացուցանում, Արիոսական խնդրին են վերաբերում:
Կայսրը ընդունեց Արիոսի նոր աննշանակ խոստովանութիւնը և այդ ուղղափառ համարելով, պատուիրեց Աթանասին նրան կրկին ընդունել Աղէքսանդրիայի համայնքի մէջ: Բայց Աթանասը բացէ ի բաց մերժեց այդ: Հակառակորդները չկարողանալով Աթանասի դէմ գնալ դաւանական տեսակէտից, քանի որ նա կայսեր ընդունած Նիկիական հաւատամքն էր պաշտպանում, ուրիշ հնար մտածեցին և նրան քաղաքական տեսակէտից անվստահելի յայտարարեցին: Աթանասը Նիկոմեդիա կանչուեցաւ կայսեր մօտ պատասխան տալու համար. նա արդար դուրս եկաւ, չնայելով բոլոր բամբասանքներին: Կեսարիայի 334-ի ժողովն էլ անհետևանք մնաց.–վերջապէս 335-ի Տիւրոսի ժողովում, ուր կայսեր բացարձակ կամքը նամակով և իւր կոմիսարի միջոցով յայտնուել էր, վճռուեց Աթանասին ձգել իւր աթոռից իբրև բռնաւոր մարդու իւր պաշտօնավարութեան մէջ: Տիւրոսից եպիսկոպոսները Երուսաղէմ գնացին, կայսեր ցանկութեամբ, Կոստանդինի շինած եկեղեցին օծելու համար, և այնտեղ էլ հանդիսաւոր կերպով որոշեցին Արիոսին կրկին ընդունել եկեղեցու գիրկը: Աթանասը այդ միջոցին ուղղակի Կ.Պօլիս փախաւ կայսեր մօտ և այնպիսի մեծ ազդեցութիւն գործեց նրա վրայ, որ վերջինս Տիւրոսի ժողովականներին իւր մօտ կանչեց՝ նրանց իւր անբարեհաճութիւնը յայտնելով: Սակայն եկածներին յաջողուեց կայսրին նորից իրենց կողմը դարձնել, և 335 թուին Աթանասն աքսորուեցաւ Գալլիա:
Անմիջապէս սրանից յետոյ ընկաւ նաև Նիկիական հանգանակի երրորդ նշանաւոր պաշտպանը, Անկիւրայի եպիսկոպոս Մարկելլոսը, որը Արիոսականների փաստաբան Աստերիոսի դէմ պաշտպանում էր Նիկիոյ հանգանակը և Տիւրոսում ու Երուսաղէմում էլ դէմ էր գնում ժողովի մէջ եղած հականիկիական հոսանքին: Գլխաւորներից յետոյ աքսորման հերթը երկրորդականներին հասաւ և վերջապէս հակառակ կուսակցութիւնը յարմար ժամանակն եկած համարեց Արիոսին պետութեան մայրաքաղաքում հանդիսաւոր կերպով կրկին եկեղեցու գիրկն ընդունել: Սակայն ընդունելու նախորդ երեկոյեան Արիոսը յանկարծական և թշուառ մահով մեռաւ, այնպէս որ նրա հակառակորդներն այդ աստուածային դատաստան համարեցին: Այժմ կարելի էր կարծել, թէ վէճը վերջացած է. անպայման կերպով իշխում էր միջին կուսակցութիւնը, իրեն գլուխ ունենալով Եւսեբիոս Նիկոմեդիացուն, որն իբրև քաղաքագէտ անձնաւորութիւն Կոստանդնի համար էլ կարևոր և հաճելի էր:
Սակայն գործերի այսպիսի դրութեան ժամանակ մեռաւ Կոստանդին և նրա որդիքը ժառանգեցին տէրութիւնը: Կոստանդնի ժամանակ վէճը միայն արևելեան եկեղեցու մէջ էր. նրա որդիների օրով դարձաւ ընդհանուր եկեղեցական վէճ, անցնելով նաև արևմուտք: Իշխանութեան փոխուելու անմիջական հետևանքն այն եղաւ, որ ի հարկէ նաև աքսորուած Նիկիականներն իրաւունք ստացան վերադառնալ իրենց տեղերը, և առաջին մի երկու տարին խաղաղութիւն տիրեց: Բայց այդ խաղաղութիւնը երկարատև չեղաւ: Քաղաքագէտ Եւսեբիոս Նիկոմեդիացին, որ Կոստանդնի վրայ արդէն մեծ ազդեցութիւն ունէր, նոյն ազդեցութիւնը ձեռք բերեց Կոստանցիոսի վրայ: Եւսեբիոսի և իւրայինների իշխանութիւնը արևելքում աւելի ուժեղացած շարունակւում էր: Արդէն 339-ին Աթանասը նորից ընկնում է իւր աթոռից և նրա տեղը բռնում է պետութեան զինուորական պաշտպանութեամբ Գրիգոր անունով մէկը: Աղէքսանդրիայի ժողովուրդը, որ միայն Աթանասին էր կամենում, ստիպուած էր լռել զէնքի և բռնի ուժի առաւջ, և Աթանասը փախչում է Աղէքսանդրիայից 339-ի Մարտի 19-ին: Նոյնպիսի բռնութիւններ են գործ դնում նաև Եւսեբիոսի միւս հակառակորդների նկատմամբ, ինչպէս օրինակ Մարկելլոսի և Կոստանդնուպօլսի եպիսկոպոս Պօղոսի. նոյն 339 թուին Եւսեբիոս Նիկոմեդիացին վերջնոյս փոխարէն Կ.Պօլսի եպիսկոպոս է դառնում:
Սակայն Նիկոմեդիացու յաղթութիւնը ոչ մի դէպքում կատարեալ չէր. արդէն Կոստանդնի ժամանակ էլ շատերը համաձայն չէին հականիկիական կարգադրութիւններին, բայց ոչ ոք չէր համարձակում բողոքել: Այժմ Կոստանդնի մահից յետոյ երբ արևելքն ու արևմուտքը տարբեր իշխաններ ունէին, և արևմուտքում Կոստանդին II ու Կոստանսն էին իշխում – 340-ից սկսած վերջինս իբրև միահեծան իշխան-,արևմուտքը դառնում է ապաստանարան Նիկիականների համար. ամենից աւելի ի հարկէ Հռովմը: Հռովմի Յուլիոս եպիսկոպոսը մեծ սիրով ընդունեց Աթանասին ու Մարկելլոսին և Հռովմէական մի ժողով 340-ին ուր նաև Եւսեբիաններն էին հրաւիրուած, բայց բացակայում էին, բողոք բարձրացրեց այդ երկու եպիսկոպոսների գահընկէց լինելու դէմ: Մարկելլոսի ընդունելութիւնը արևմուտքի կողմից բացատրւում է նրանով, որ նախ նա մի մեղմացրած հանգանակ էր մէջ տեղ դրել, և երկրորդ, որովհետև արևմուտքը ուզում էր Քրիստոսի աստուածութիւնն ու համագոյութիւնը շեշտած լինել, իսկ Մարկելլոսը այդ դաւանութեան ամենաջերմ պաշտպաններից էր, թէև նա օրինակ որդու գաղափարը Լոգոսի հետ իբրև աստուածային դէմ նոյնացնել չէր կամենում և ընդունում էր, որ Լոգոսն իբրև Աստուծոյ յաւիտենական բանականութիւնն անձնաւորութիւն է դարձել Քրիստոսի մէջ և մարդկանց ազատելու համար մարմին ընդունել: Բայց Լոգոսի անձնաւորեալ դառնալը միայն ժամանակաւոր է, և միայն Աստուածայայտնութիւն, որովհետև աշխարհը Հօրը ստորադրելուց յետոյ Քրիստոս համաձայն I Կորնթ. ԺԵ. 24-ի կրկին մի անբաժան միութիւն կդառնայ Հօր հետ: Այս վարդապետութեան շնորհիւ նրան թէ Սամոսատցու հետևող և թէ Սաբելեան համարեցին. և այժմ էլ այս հանգամանքից օգւտ քաղեցին Նիկիայի հակառակորդները Աթանասի և արևմուտքի դէմ կռուելու համար: Մինչ արևմուտքն այսպէս պաշտպան հանդիսացաւ Նիկիոյ հանգանակին և նրա մարդկանց, արևելքը մի քայլ էլ յառաջ գնաց. և որովհետև Կոստանցիոս կայսրն իւր հօր նման կապուած չէր զգում իրեն Նիկիոյ որոշումների հետ, այդ պատճառով էլ հականիկիականներին յաջողուեց նաև Նիկիոյ բանաձևերը վերացնել տալ և նոցա տեղ նորերը դնել: Այդպիսով Նիկիական վէճերը պատճառ դարձան առաջին անգամ յարաբերութիւնների լարուելուն արևելքի և արևմուտքի մեջ:
Մինչև Կոստանսի մահը (350) արևելքը փորձում է դեռ արևմուտքն էլ իւր կողմն անցկացնել: Կոստանցիոսը քաղաքական տեսակէտից էլ ստիպուած էր, իւր եղբօր Կոստանսի հետ բարեկամ մնալու համար, աշխատել, որ խաղաղ ճանապարհով միութիւնը գլուխ գայ: Սկսուեց Անտիոքի ժողովների ու բանաձևերի ժամանակը:
Առաջին ժողովն եղաւ կայսեր ներկայութեամբ 341-ի ամառը Եւսեբիոս Նիկոմեդիացու անմիջական ազդեցութեան ներքոյ, որն և Եւսեբիոս Կեսարացու յաջորդ Ակակիոսի հետ միասին ժողովը կառավարողն էր: Այս ժողովը մի սուր բողոք էր Հռովմի ժողովի դէմ: Ժողովի ամենակարևոր բանաձևը մերժում է իսկական Արիոսականութիւնը և աշխատում պահպանել Լոգոսի ստորադասութեան վարդապետութիւնը, միանգամայն նզովելով Մարկելլոսին բոլոր նրա հետ հաղորդակցութիւն պահպանողների հետ: Ժողովից անմիջապէս յետոյ Եւսեբիոսը մեռաւ և այս դէպքի հետևանքն այն եղաւ, որ նոյն թուի աշնան մի ժողովով Անտիոքում որոշուեց արիոսական խիստ արտայայտութիւններն եկեղեցու վարդապետութեան հակառակ համարել: Այս որոշումը ուղարկուեցաւ Կոստանսին, որը դէպքից օգտուել կամենալով և խաղաղութիւնը վերականգնելու ցանկութիւն ունենալով, 343-ի աշնանը մի տիեզերական ժողով հրաւիրեց իւր երկրի մէջ գտնուող Սարդիկա (Սոֆիա) քաղաքում: Սակայն որովհետև արևմտեան եպիսկոպոսների հետ ժողովի էին եկել նաև Աթանասն ու այլ արևելքից արտաքսուած մարդիկ, և արևելցիք պահանջում էին, որ սոցա նզովեն և արտաքսեն ժողովից, իսկ արևմուտցիները չկամեցան արևելցիների պահանջը կատարել, այդ պատճառով ժողովը երկու խմբի բաժանուեց: Նախ քան Սարդիկայից հեռանալը, փոքրամասնութիւն կազմող արևելցիք մի բողոքով նզովեցին նաև Աթանասին և իւր ընկերների պաշտպաններին, գլխաւորապէս Հռովմի եպիսկոպոս Յուլիոսին և զառամեալ Հոզիոսին: Արևմուտցիք շարունակեցին իրենց ժողովը Հոզիոսի նախագահութեամբ, նզովեցին ամենագլխաւոր Եւսեբեաններին, օրինակ Ակակիոս Կեսարացուն ևայլն: Այս իսկ ժողովում որոշուեց, որ գահընկեց եղած եպիսկոպոսը Հռովմի եպիսկոպոսին դիմել կարող է, իբրև վճռաբեկ ատեանի իրաւունքներ ունեցող անձնաւորութեան: Արևելքից բաժանուած արևմուտքը ուրեմն իւր բոլոր ուժերը Հռովմի շուրջն է կենդրոնացնում: Միութեան առաջին փորձը այսպիսով անյաջող անցաւ:
Սակայն պետութեան այս ձևով երկուսի բաժանուելը խիստ վտանգաւոր էր, մանաւանդ որ Կոստանցիոսը Պարսից հետ կռիւ էր մղում և Կոստանսն այդ պատճառով էլ աւելի զօրեղ էր, քան իւր եղբայրը: Կոստանցիոսը ստիպուած եղաւ Աթանասին և իւրայիններին համակերպիլ, այնպէս որ երբ Սարդիկայի ժողովի դեսպանները 344-ի գարնանը Կոստանսի նամակներով նրա մօտ գնացին դէպի Անտիոք և խնդրեցին արտաքսուած եպիսկոպոսներին յետ ընդունել նորից իրենց տեղերը, նա 344-ի ամառը մի ժողով գումարել տուեց Անտիոքում, որի բանաձևը, այսպէս կոչուած ekqesiz makrosticoz, արդէն բաւական մօտեցաւ Աթանասի վարդապետութեան: Օրինակ նոքա սկսում են գործածել omoioz kata panta (նման ըստ ամենայնի) բանաձևը, սակայն բանադրելով Մարկելլոսին և իւր աշակերտ Սիրմիումի եպիսկոպոս Փոտինին: Վեջնիս նզովեցին նաև արևմուտցիք Մայլանդի 345-ի մի ժողովով, այնպէս որ գոնէ այս կէտում արևելքի և արևմուտքի մէջ համաձայնութիւն կար: Այնուամենայնիւ անկարելի եղաւ արևելցիներին համոզել Արիոսականներից վերջնականապէս հեռանալու, ինչպէս և արևմուտցիք չհամոզուեցան Մարկելլոսին վերջնականապէս բանադրել, թէև Աթանասն սկսել էր արդէն կասկածով նայել նրա վրայ: Առ ժամանակ դադարեց հալածանքը արևելքում Աթանասի դէմ, այնպէս որ Աղէքսանդրիայի Գրիգոր եպիսկոպոսի մահից յետոյ Աթանասը Կոստանցիոսի հետ նախօրօք տեսակցելուց յետոյ և նրա բարեհաճութիւնն ստանալով, Աղէքսանդրիա վերադառնալ կարողացաւ (Հոկտեմբեր 346):
Բայց միութիւնը միայն արտաքին էր. և որչափ արտաքին, այդ ցոյց է տալիս հետևեալ տասնամեակը (350-360), երբ Կոստանսի մահից յետոյ Նիկիականներն իրենց հովանաւորին կորցրին և նրա երկրին ևս տիրապետող Կոստանցիոսը բռնութեամբ միութիւնը վերականգնել սկսեց: Կայսրը յաճախ և երկար նստում էր Սիրմիումում. և այս ժամանակը Սիրմիական ժողովների ու բանաձևերի շրջանն է: Այստեղ ամենից աւելի աչքի էին ընկնում երկու եպիսկոպոսներ Պաննոնիայից, Ուրսակիոս և Վալենս, որոնք ի բնէ արիոսական. բայց աւելի քաղաքականապէս քան դաւանանքի տեսակէտից շահագրգըռուած և բոլորովին անխտիր միջոցների ընտրութեան մէջ, իրենց ծառայութիւնն էին առաջարկում Կոստանցիոսին նրա միութեան քաղաքականութեան համար. ինչպէս մի ժամանակ Եւսեբիոս Նիկոմեդիացին և այժմ Ակակիոս Կեսարացին: Կոստանցիոսը ամեն միջոց գործ դրեց միութիւն առաջ բերելու համար և բռնի ուժով յաջողեցրեց նաև, որ Մայլանդի 355-ի ժողովում արևմուտքն էլ արևելքի հետ համակերպի: Նոր դաւանական վէճեր թոյլ չտուեց նա այստեղ, այլ պահանջեց ուղղակի Աթանասին ու Մարկելլոսին դատապարտել ու արևելքի հետ միանալ: »Իմ կամքը պիտի ձեզ համար կանոն լինի«, ասել է նա Մայլանդի ժողովում ըստ Աթանասի: 356 թուի Փետրուարին զէնքի ուժով և արիւնահեղութեամբ ժամերգութեան ժամանակ ուզեցին Աթանասին բռնել, բայց նրան յաջողուեց անապատ փախչել, որով նրա երրորդ աքսորն սկսուեց:
Հականիկիականներն յաղթութիւնը տարած կարող էին համարել: Նրանք վերացրին Նիկիոյ դաւանանքը, բայց և չէին կամենում զուտ Արիոսական վարդապետութիւնն ընդունել, թէև Արիոսական վարդապետութիւնը բանադրանքի տակ անգամ չդրին, չուզենալով շատերի սրտին կպչել: Աէտիոս և իւր աշակերտն Եւնոմիոս վերանորոգեցին Արիոսի վարդապետութիւնը նոյնութեամբ, միայն աւելի սրամիտ ու ճարպիկ կերպով, և սկսեցին իրենց գործունէութիւնը Աղէքսանդրիայում. այսինքն այնտեղ, որտեղ ամբողջ Արիոսական վէճն էր սկսուած, և ուր Աթանասի Գ. անգամ աքսոր գնալուց յետոյ Նիկիականներին խիստ հակառակ Գէորգ եպիսկոպոսն էր իշխում: Աէտիոսն ու Եւնոմիոսը առանց այլևայլութեան քարոզում են eterothz kat ousian (=տարբեր ըստ բնութեան), Որդին anomoiz th ousia tou patroz (բնութեամբ Հօրն աննման), ստեղծուած ex ouk ontwn (=ոչնչից). այդ պատճառով էլ նոցա հետևողները կոչւում են անոմոյներ, էքսուկոնտեաններ և հետերուզիաստներ: Այժմ արդէն միջին կուսակցութիւնն էլ պարտաւոր էր դիրք բռնել դէպի այս խիստ արիոսականութիւնը և նրա մասը կիրաւի ստիպուած զգաց իրեն արիոսականութեան հակառակ դիրք բռնել: Makrosticoz բանաձևի ժամանակ եղած տրամադրութիւնն այժմ աւելի ևս արծարծուեց և այժմ պարզ կերպով սկսեցին գործածել նախկին omoioz-ը, բացատրելով թէ Որդին է omoioz kat ousian tf patri (=Որդին բնութեամբ նման է Հօրը), և որ գլխաւորն է հակառակ արիոսականների վարդապետութեան: Այս ուղղութեան գլուխ էր անցել Մարկելլոսի յաջորդ Անկիւրայի եպիսկոպոս Բարսեղը: Բնութեան նմանութեան վարդապետութիւնը կարելի էր երկու տեսակ էլ բացատրել: Նա կարող էր ստորադասութեան վարդապետութեան համամիտ ճանաչուել, բայց նաև Աթանասի ուսմանը նպաստաւոր համարուել. և Աթանասն ինքը նմանութեան բանաձևը գերադասում էր, որովհետև բնութեան նոյնութեան բանաձևը աւելի մօտենում էր մոդալիստութեան, թէև այն Աթանասի միտքն աւելի ուղիղ կերպով էր արտայայտում: Ուրեմն բանաձևը երկմիտ էր. բայց ոչ յօգուտ Արիոսի, այլ ընդհակառակն յօգուտ Աթանասի. և յիրաւի այդ բանաձևի ներկայացուցիչները կամաց կամաց մօտենում են աւելի Աթանասին, Արիոսին ընդհանուր թշնամի նկատելով: Այսպիսով նաև ճանապարհ է հարթւում արևելքի ու արևմուտքի կրօնական և գիտական հասկացողութիւնների հաշտեցման համար:
Երբ կայսրն իրեն այս նոր ուղղութեան առաջ տեսաւ, իսկոյն մտածեց որևիցէ կերպով վէճը շուտով վերջացնել. լինի այն բռնի ուժով, թէ հակառակութիւնները ծածկելով: Պալատական կուսակցութիւնը՝ կազմուած Ակակիոսից, Ուրսակիոսից և Վալենսից, Կոստանցիոսին այստեղ մեծ ծառայութիւն մատուցին:
Սկզբում արգելուեցաւ ընդհանրապէս բնութեան (ousia) մասին խօսելն ու վիճելը, պատճառաբանելով թէ այդպիսի, Աստուծոյ վերաբերեալ խնդիրներն անքննելի են և մարդկային մտքից բարձր: Երկրորդ Սիրմիական բանաձևը, որ յօգուտ Արիոսականների էր խմբագրուած պալատական կուսակցութեան մասնակցութեամբ, մեծ դժգոհութիւն առաջացրեց միջին կուսակցութեան մէջ, և վերջիններս Բարսեղի նախագահութեամբ Անկիւրայում ժողով գումարելով թէև մերժեցին բնութեան նոյնութիւնը, բայց բացարձակապէս դատապարտեցին նաև Արիոսականութիւնը. սրանց դեսպաններին յաջողուեց նաև կայսեր վրայ ազդեցութիւն գործել. այնպէս որ մի նոր ժողովում մերժուեց Արիոսականութիւնը և այստեղ առաջին անգամ նոյն բնութեան և նման բնութեան վարդապետութեան հետևողները մօտենում են միմիանց, և Հռովմի եպիսկոպոս Լիբերիոսն էլ իւր համաձայնութիւնն է յայտնում նմանաբանութեան հետևողներին: Կարճ ժամանակ սոքա յաղթող հանդիսացան և արիոսականներն ստիպուած էին աքսոր գնալ. բայց շուտով սկսուեց հակառակ շարժումը, որին յաջողուեց կրկին կայսերն իրենց կողմը դարձնել և այդպիսով աքսորեալներին վերադարձնել տալ: Ամբողջ գործը մնաց ուերմն նոյն դրութեան մէջ, ինչպէս առաջ էր:
Կայսեր Բ. փորձն աւելի յաջող անցաւ շնորհիւ նրա նուրբ քաղաքականութեան և պալատական կուսակցութեան պատրաստակամութեան: Նախապատրաստական արևելեան և արևմտեան ժողովներից յետոյ Սիրմիումում 359-ի գարնանը մի նոր ժողով գումարուեց, ուր Ուրսակիոս և Վալենս ներկայացրին իրենց խիստ ճարպիկ կերպով խմբագրուած այսպէս կոչուած Դ. բանաձևը, որ և ընդունելութիւն գտաւ: Նոքա դէն էին ձգել բնութիւն խօսքը իբրև շփոթեցնող և ոչ բիբլիական, և իրենց հանգանակի վերջն էլ այսպէս էին գրել. «oomoion de legomen ton uion tf patri kata panta, wz ai agiai grafai legousi te kai didaskousin» (=խոստովանում ենք Որդին Հօրը նման ըստ ամենայնի, ինչպէս Ս. Գրքերը ասում են և ուսուցանում): Էութեան նմանութիւն քարոզողները կարող էին »ըստ ամենայնի« բառերի մէջ իրենց վարդապետութիւնը գտնել. իսկ նրանց հակառակորդ արիոսականներն իրաւամբ պնդում էին, թէ Ս. Գրոց մէջ բնութեան մասին ոչինչ չկայ: Այս բանաձևն առաջարկուեցաւ արևելքից և արևմուտքից եկած 10-10 ներկայացուցիչներին, որոնց այնքան երկար այս ու այն կողմ ձգեցին, որ նմանաբնութեան հետևողները վերջ ի վերջոյ համաձայնեցին Նիկէում (Թրակիա) ընդունել վերոյիշեալ բանաձևը, այն էլ առանց »ըստ ամենայնի« խօսքերի: 360-ին Կ.Պօլսի մի ժողով վերստին ընդունեց Նիկէի բանաձևը: Արիոսականների յաղթութիւնը կատարեալ էր: Նմանաբնութեան ուսման գլուխները՝ Բարսեղ Անկիւրացին, Կիւրեղ Երուսաղէմացին, Եւստաթէոս Սեբաստացին ստիպուած էին տեղի տալ արիոսականների առաջ: Եւդոքսոսը Անտիոքից Կ.Պօլիս տեղափոխուեց. Արիոսի ամենահին համամիտներից մէկը՝ Եւզոյոս դարձաւ Անտիոքի եպիսկոպոս. իսկ Աէտիոսի ամենանշանաւոր աշակերտը՝ Եւնոմիոսը դարձաւ Կիւզիկոսի եպիսկոպոս: 361-ի Նոյեմբերին Եւզոյոս արիոսական եպիսկոպոսի ձեռքից ընդունեց Կոստանցիոսը Կիլիկիայում իւր մահից քիչ առաջ, Յուլիանոսի դէմ գնալիս, քրիստոնէական մկրտութիւնը:
Յուլիանոս կայսրը կամենում էր եկեղեցին թողնել ներքին երկպառակութիւնների մէջ, որպէսզի ինքն իրեն քար ու քանդ լինի այն, այդ պատճառով էլ յետ կանչեց բոլոր աքսորուած եպիսկոպոսներին: Սակայն նա իւր նպատակին չհասաւ. ընդհակառակը Հոմոուզեաններն ու Հոմոյուզեանները (նույն բնութեան և նման բնութեան հետևողներ) միացան ընդդէմ Արիոսականների: Կրօնների ազատութեան հռչակումը նոցա էլ գործելու ազատութիւն տուեց. մի քանի հանգամանքներ էլ օգնեցին, որ Հոմուզեաններն ու Հոմոյուզեանները իրենց տարբերութիւնները մի կողմ դրած ընդհանուրը շեշտեցին: Այդպիսի հանգամանքներ էին օրինակ. նախ որ պալատական կուսակցութեան շուրջը խմբուածները ի վերջոյ բոլորովին նոյնացրին իրենց Արիոսականների հետ և ձուլուեցին նրանց հետ: Բ. որ կայսրը էլի աւելի լաւ էր վարւում Արիոսականների հետ, Աէտիոսին իւր մօտ հրաւիրեց, իսկ Աթանասին վերջը նորից աքսորեց: Գ. որ այս ուղղութեան շնորհիւ Արիոսական կուսակցութիւնը դարձեալ առաջ անցաւ, և Արիոսականներն ամբողջ շարժման ղեկն իրենց ձեռքն ունէին, այն ինչ Նիկիականների պարագլուխ Աթանասի դէմ կրկին հալածանք էր սկսուած: Նիկիայի պաշտպան կուսակցութիւններն ստիպուած էին աշխատել միանալ. և միութիւնը յաջողութեամբ պսակուել կարող էր, որովհետև միութիւն առաջարկողը Աղէքսանդրիան էր և Հոմոյուզեանների կեդրոնը Անտիոքը (սոքա ունէին իրենց առանձին եպիսկոպոսը՝ Մելետիոս անունով) ունէր նաև մի հին Նիկիական կամ Եւստաթեան կուսակցութիւն: Արդէն Աթանասի desybodis գրուածքը միութեան ձեռք է մեկնում Հոմոյուզեաններին (գլ. 41-54). իսկ Աթանասի ղեկավարութեամբ 362-ի ժողովը իւր շրջաբերականով, նշանաւոր tomus ad Antiochenos, արդէն միութեան նախագիծն է առաջարկում. այն է՝ միանալ Նիկիական հանգանակի հիման վրայ, քանի որ Հոմոուզեանների և Հոմոյուզեանների տարբերութիւնը աւելի բանաձևերի մէջ է, ուրեմն մի տեսակ խօսքի կռիւ է, քան թէ բուն վարդապետութեան: Արևմուտքում նոյն մտքով գործում էին աքսորից վերադարձած Պուատիէի Հիլարիոս եպիսկոպոսն ու Վերչելլիի Եւսեբիոս եպիսկոպոսը: Աղէքսանդրիան ու արևմուտքն ուրեմն այժմ էլ դեռ միացած էին, բայց այժմ նոքա կամենում էին նաև Հոմոյուզեաններին իրենց հետ միացնել: Սակայն միութեան փորձը դժուարութիւնների հանդիպեց շնորհիւ Կագլիարի եպիսկոպոս Լուցիֆերի, որը Անտիոքի հին Նիկիականների համար նոցա առաջնորդ Պաւլինոսին եպիսկոպոս ձեռնադրեց, և այդպիսով հերձուած յառաջ բերեց Անտիոքում, Հոմոյուզեանների հայրենիքում: Միևնոյն ժամանակ դժուարութիւն էր պատճառում նաև այն հանգամանքը, որ մինչ մի կողմից յիշեալ շրջաբերականը նոյն բնութեան գաղափարը մեղմացրել էր, բայց միւս կողմից աւելի ընդարձակել էր, քան թէ էր այն Նիկիական հանգանակի մէջ. այժմ առաջարկւում էր նաև Ս.Հոգուն նոյն էութիւնից համարել, ինչ որ Որդուն և Հօրը: Դատապարտութեան արժանի էին նկատում այս վարդապետութեան հակառակորդներն ևս:
Յուլիանոսի մահը այս գործերի վրայ ոչ մի ազդեցութիւն չունեցաւ: Յոբիանոսի իշխանութիւնը միայն մի կարճ միջադէպ էր, որի ժամանակ Աթանասը աքսորից կրկին վերադառնալ կարողացաւ: Տէրութեան բաժանումը Վալենտինիան Ա.-ի և Վալենսի մէջ գործերի դրութիւնն էլ փոխեց:
Վալենտինիան Ա. կրօնական խնդիրներում հետևեց համբերատար քաղաքականութեան, և այն ամենամեծ չափով: Թէև նա ինքը անձամբ Նիկիական էր (Սոկրատէս IV 1. Սոզոմենոս VI 6.), և իւր անձնական դիրքը դէպի խնդիրը այդ պատճառով շատ պարզ, բայց հէնց որ Նիկիական եպիսկոպոսները նրան իրենց նպատակների համար ծառայեցնել փորձեցին, նա սկզբից և եթ որոշ ու պարզ կերպով մերժեց խառնուել կրօնական վիճաբանութիւնների մէջ, պատճառաբանելով թէ այդպիսի խնդիրներում միայն քահանաների, բայց ոչ թէ աշխարհիկ մարդոց կարծիքը նշանակութիւն պիտի ունենայ (Սոզոմ. VI 7): Վալենտինիան Ա.-ի քաղաքականութեան ուղղութիւն տուողը իւր խիստ արդարամտութիւնն ու խաղաղասիրութիւնն էր, մանաւանդ որ պետութեան սահմաններն այլ ևս այնքան էլ ապահով չէին: Նա մինչև անգամ իւր մայրաքաղաք Մայլանդում թոյլ տուեց իւր ամբողջ իշխանութեան ընթացքում (մինչև 375) արիոսական Օքսենտիոսին, որին Կոստանցիոսը 355-ին Մայլանդի եպիսկոպոս էր նշանակել, քահանայապետական իշխանութիւն վարել, և պաշտպանեց նրան մինչև անգամ Հիլարիոսի յարձակումների դէմ:
Բոլորովին հակառակ Վալենտինիանի խաղաղասէր և համբերատար քաղաքականութեան, արևելքում Վալենսը անցել էր ըստ ամենայնի արիոսականներին մօտիկ պալատական կուսակցութեան կողմը, որի գլուխը Կ.Պօլսի եպիսկոպոս Եւդոքսիոսն էր, որը սակայն իսկական Արիոսականներից կրկին յետ է քաշւում: Այսպէս իսկական Արիոսականները կամ Եւնոմեանները դառնում են մի հերձուածող եկեղեցի, այն ինչ Եւդոքսեանները դեռ ևս ընդհանրական եկեղեցու մէջ մի զօրեղ կուսակցութիւն են կազմում և հակառակորդներից »Արիոսական« անունն ընդունում իրենց վրայ: 365-ին կայսերական մի էդիկտ հրամայում է նորէն աքսորել Յուլիանոս ուրացողի ժամանակ յետ կանչուած բոլոր եպիսկոպոսներին (Սոզոմ. VI 7): Մելետիոսի տեղ Անտիոքում դարձեալ Եւզոյոսն է բռնում, Գրիգոր Նիւսացին ենթարկւում է հալածանքի, Աթանասն էլ ստիպուած է լինում կրկին փախչել Աղէքսանդրիայից. բայց նրա այս վերջին աքսորը միայն 5 ամիս է տևում: Այնուհետև մինչև իւր մահը, 373թ., նրան վերջապէս հանգիստ են թողնում, և նա ստանում է գործունէութեան ազատութիւն, ինչպէս և Բարսեղ Կեսարացին, որին յաջողւում է մինչև իսկ կայսերն անձամբ տեսնելուց յետոյ էլ իւր դիրքը պահել: Ընդհանուր դրութիւնն ստիպեց Հոմոուզեաններին և Հոմոյուզեաններին աւելի ևս մօտենալ իրար. և որովհետև այժմ արդէն մտքերն էլ հասունացած էին, ուստի կարելի եղաւ վերջապէս tomus ad Antiochenos-ի մէջ արդէն նախագծուած միութիւնը յառաջ բերել, շնորհիւ նոր բանաձևերի, որոնց պաշտպան ու քարոզիչ հանդիսացան այսպէս կոչուած երեք մեծ Կապադովկիացիները՝ Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Աստուածաբան և Գրիգոր Նիւսացի, առանց այդ բոլորը իբրև նորութիւն քարոզելու:
Գրիգոր Նազիանզացին, այսպէս կոչուած այն տեղի անունով, որտեղ իւր հայրը 45 տարի շարունակ եպիսկոպոս էր (մինչև 375), իւր նախնական կրթութիւնն ստացել է հայրենի քաղաքում, ապա նոր Կեսարիայում. այնուհետև կատարելագործուելու համար դիմել է նա Պաղէստինի, Աղէքսանդրիայի և մանաւանդ »Ոսկէ Աթէնքի« դպրոցներին: Աթէնքում նա Հիմերիոսի, Պրօհերեզիոսի մօտ երկար տարիներ է աշխատել և ընդարձակ հռետորական, գրական և փիլիսոփայական կրթութիւն ձեռք բերել: 355-ին այստեղ նա պրինց Յուլիանոսի դասընկերն էր. աւելի կարևոր նշանակութիւն ունէր նրա կեանքի համար ի հարկէ այն հանգամանքը. որ նրա Կեսարիայի ընկերներից մէկը, Բարսեղը, այստեղ ևս նրա սենեկակիցն ու ուսումնակիցն էր, մինչև անգամ նրա հոգևոր եղբայրը (frater spiritualis): Հանդարտ ու մեղմ բնաւորութեան տէր, երևելի ճարտասան, բայց և ասկետական հակումների ջերմ սիրահար, անհանգիստ հոգեպէս և միշտ դէպի կատարելութիւնը ձգտող, նա երբէք մի այնպիսի պաշտօն ստանալ չկարողացաւ, որ նա նրա զգացումներին ու հակումներին բաւարարութիւն տալ կարողանային: 357-ին նա հայրենիք վերադարձաւ ճգնաւորական կեանք վարելու համար, և իւր ցանկութիւնը կատարեց երբեմն միայնակ, երբեմն Բարսղի հետ միասին Պոնտոսի անապատներում. սակայն նա միշտ ստիպուած էր տուն վերադառնալ իւր զառամեալ հօրն օգնելու համար: 360-ին նրան իւր հայրը երէց ձեռնադրեց, բայց նա պաշտօնից խոյս տալով փախաւ Պոնտոս. իսկ երբ հօր մահից յետոյ նրան նազիանզացիները իրենց քաղաքի եպիսկոպոսն էին ցանկանում ունենալ, Նա Սելեւկիա փախաւ 375-ին: Բարսեղը 372-ին ստիպեց նրան խղճուկ Սազիմայի եպիսկոպոս դառնալ (Նազիանզի մօտ), որովհետև նա Գրիգորի կարիքն զգում էր իւր հակառակորդ Տիւյանայի Անթիմոս եպիսկոպոսի դէմ կռուելու համար: Այսպիսի »պատիւը« նա երբէք չկարողացաւ ներել Բարսղին, և վերջնիս մահից յետոյ նա մեծ ուրախութեամբ հետևեց Կ.Պօլսի փոքրիկ ուղղափառ կուսակցութեան կոչին և գնաց Կ.Պօլիս, Նիկիական հանգանակի յաղթանակը պատրաստելու համար: Այս շրջանը՝ 379-381, կազմում է նրա կեանքի գագաթնակէտը. և նրա նոյն ժամանակ արտասանած 5 ճառերն (27-31, ընդամէնը 45) ի պաշտպանութիւն երրորդութեան (logoi qeologikoi) նրա ամենամեծ գործն են: Երբ Թէոդոսիոս կայսրը Մաքսիմոսին Կ.Պօլսի եպիսկոպոսութիւնից զրկեց, Գրիգոր Աստուածաբանը (այսպէս էր կոչւում նա) դարձաւ Կ.Պօլսի եպիսկոպոս և նախագահեց 381-ի ժողովում, բայց թէ նախագահութիւնը և թէ իւր պաշտօնը նա ցած դրեց, խիստ վշտացած ժողովի ընթացքից ու բռնած դիրքից: Այդ օրից ի վեր մինչև իւր մահը 389-ին կամ 390-ին, հիւանդոտ և շուտ ծերացած Գրիգոր Աստուածաբանը իրեն կրկին նուիրեց ճգնաւորական կեանքին, հաւանօրէն Արիանցում:
Բարսեղ Կեսարացին ծնուել է մօտաւորապէս 330 թուականին Կապադովկիայի Կեսարիա քաղաքում. իւր նախնական կրթութիւնն ստացել էր իւր տատ Մակրինայի մօտ, որը շատ հակամէտ էր ճգնաւորական կեանք վարելու և իւր այս աշխարհահայեացքին վարժեցրեց Բարսղին դեռ ևս վեջնիս մանուկ հասակում: Նա բոլորովին նոյն կրթութիւնն ստացաւ, ինչ որ իւր ընկեր Գրիգոր Ատսուածաբանը, միայն մի քիչ աւելի կանուխ վերադարձաւ հայրենիք: Բարսեղը արդէն սկզբից և եթ կազմակերպուած ու հաստատուն բնաւորութեան տէր էր և նրա համար պարզ էր իւր անելիքն ու չանելիքը: Քրիստոնէական մկրտութիւնն ընդունելուն պէս նա նուիրեց իրեն ասկետական կեանքի. նրա այս հայեացքին աւելի ուժ էր տալիս այն հանգամանքը, որ հօր մահից յետոյ իրեն մայրն ու քոյրն ևս բարեկամուհիների հետ միասին նոյնպէս սկսել էին անապատական կեանք վարել: Այսպիսով Բարսեղը բոլորովին անապատական դարձաւ և սկսեց անապատականութիւն ուսանելու համար ճանապարհորդել Ասորիքում, Պաղէստինում և Եգիպտոսում. վերջն ընկաւ բոլորովին Եւստաթէոս Սեբաստացու ազդեցութեան ներքոյ, որն անապատականութեան ամենամեծ վարդապետներից էր: Այսպիսի կեանքը տևեց սակայն 364 թուականը: 364-ին նա երէց ձեռնադրուեց, իսկ 370-ին արդէն Կեսարիայի մետրոպօլիտ էր: Կատարեալ ասկետը դարձաւ միանգամից մի եռանդուն եկեղեցական, որն իւր մետրոպօլտական իրաւունքների պաշտպանութեան համար Տիւյանայի Անթիմոս եպիսկոպոսի դէմ մինչև իսկ միջոցների մէջ խտրութիւն չէր դնում, իւր նպատակին հասնելու համար հին բարեկամների հետ կապը միանգամից կտրում էր և այլն (օրինակներ Գրիգոր Աստուածաբան և Եւստաթէոս): Եպիսկոպոսական աթոռի վրայ էլ ճգնաւոր մնալով, նա ճգնաւորական քրիստոնէութեան եկեղեցու մէջ մուտ գործելուն մեծ չափով նպաստեց, և այդպիսով պատճառ եղաւ եկեղեցու ճգնաւորական դառնալուն: Իւր մէջ սիրուն կերպով միացնելով ասկետական և եպիսկոպոսական հակումները, նա իւր անձն ու կայքը նուիրեց խեղճերի ու աղքատների խնամատարութեան գործին. 368-ի սովի ժամանակ նա երևեցաւ իբրև Բ. Յովսէփ. և այն մեծ հիւանդանոցը, ուր նա անձամբ խնամում էր հիւանդներին և որը նրա անունն էր կրում, նրա եռանդի ու սիրոյ արձանն էր: 379 թուականի Յունուարի 1-ին, դեռ ևս 50 տարին չլրացրած և ուղղափառութեան յաղթութիւնը չտեսած, որի համար նա ամենից աւելի աշխատել էր, մեռաւ Բարսեղը, որովհետև նա իրեն ճգնաւորութեամբ թուլացրել էր և հիւանդութիւնների տէր դարձրել: Նրա գրուածքներից նշանաւոր են նախ նամակների ժողովածուն (305 նամակներ. ժամանակակից պատմութեան համար թանգագին աղբիւր), Բ. նրա դաւանաբանական գրուածքն ընդդէմ Եւնոմիոսի և Գ. մեկնաբանական գրուածքներից՝ «Վեցօրէից» քարոզները:
Բարսղի գործն ըստ ամենայնի շարունակեց նրա կրտսեր եղբայրը Գրիգոր. սա աւելի գիտնականի ու փիլիսոփայի հակումներ ունէր, քան թէ գործնական մարդու, այդ պատճառով նրա կեանքն իսկ մեզ համար մութն է, մանաւանդ սկզիբն ու վերջը: Նա 360-ական թուականներին մինչև անգամ թողեց իւր կարգը, չնայելով որ արդէն Լեկտոր էր, որպէսզի գնայ և ամուսնանայ, աւելի Հռետոր քան թէ քրիստոնեայ դառնալու հակումն ունենալով: Սակայն 372-ին նա դարձեալ համոզուեց եկեղեցական նուիրապետութեան մէջ մտնել և Նիւսսայի եպիսկոպոս դառնալ (Կեսարիայի և Անկիւրայի մէջ): Իւր եղբօր կարծիքով նա դեռ 375-ին բոլորովին անփորձ էր եկեղեցական գործերի մէջ. նոյն 375 թուին նա իւր հոմոյուզեան դաւանանքի պատճառով ենթարկուեց բանտարկութեան, փախուստի և գահընկեցութեան, միայն Վալենսի մահից յետոյ վերադառնալ կարողացաւ և 379 թուականից սկսած մեծ դեր էր կատարում եկեղեցական գործերի մէջ: -Նա ճանաչուած էր բոլորի, մինչև իսկ Կ.Պօլսի 381-ի ժողովի կողմից իբրև նորմալ աստուածաբան և ուղղափառութեան ուսուցիչ: Վերջին անգամ յիշւում է նա Կ.Պօլսի 394թ. մի ժողովում, իսկ այնուհետև անյայտանում է:
Գրիգոր Նիւսացու ամենագլխաւոր գրական գործը, բացի նրա մեկնաբանական գրուածքներից, ճառերից ու նամակներից, անշուշտ նրա դաւանաբանութիւնն է, որի մէջ ամփոփուած է նրա ամբողջ քրիստոնէական վարդապետութիւնը (logoz kathchtikoz o megaz):
Ինչպէս վերևը նկատեցինք, շնորհիւ այս երեքի կարելի եղաւ միութիւն առաջ բերել Հոմոուզեանների և Հոմոյուզեանների մէջ և այդպիսով վերջացնել այս տասնեակ տարիներ տևող վէճը: Հոմոյուզեանների համար խիստ կասկածելի էր երևում միայն omoousioz խօսքը, որովհետև նոցա այնպէս էր թւում, թէ այդ խօսքը միանգամայն վերացնում է անձնաւորութիւնների տարբերութիւնն Աստուածութեան մէջ: Ուստի կարևոր էր մի այնպիսի բանաձև ստեղծել, որ անձնաւորութիւնների տարբերութիւնն ընդունելով հանդերձ, միևնոյն ժամանակ պահպանէր նաև համաբնութեան գաղափարը. այդպիսի բանաձև էր mia ousia, treiz upostaseiz (մի բնութիւն, երեք անձնինք). եթէ արևմուտքն ու Աղէքսանդրիան treiz upostaseiz, իսկ արևելքը mia ousia ընդունէին, այն ժամանակ կարելի էր ամբողջ վէճը վերջացած համարել: Սակայն այս բանաձևի դէմ իսկոյն հակառակ ելան թէ հին Նիկիականներն Անտիոքում, որոնց հակառակութիւնը սակայն այնքան էլ զօրեղ չէր և վերջ ի վերջոյ հնար եղաւ մեղմացնել, և թէ հին Հոմոյուզեանները: Սրանց համար այս շրջանում ամենից աւելի կարևոր նշանակութիւն ունեցող խնդիր դարձաւ Ս.Հոգու դիրքը Երրորդութեան մէջ:
Արիոսական վէճերի ա. շրջանում Ս.Հոգու մասին դեռ ևս ոչ մի խօսք չկար, սակայն արևելքում ընդհանուր կարծիք էր, թէ Ս.Հոգին արարած է (ktisma). միայն Աթանասի նամակները առ Սերապիոն, 359-ին գրած, Ս.Հոգու համաբնութիւնն են քարոզում, իսկ tomus ad Antiochenos-ը արդէն ուղղափառութեան նորմ է դարձնում Ս.Հոգու համաբնութեան վարդապետութիւնը: Անտիոքի եպիսկոպոս Մելետիոսը թէև ընդունում է նաև այս, բայց այլ պահպանողական Հոմոյուզեաններ չեն ցանկանում այդքան հեռու գնալ, ինչպէս օրինակ Բարսեղ Կեսարացու մտերիմ բարեկամ Սեբաստէի ճգնաւոր եպիսկոպոս Եւստաթէոսը:
Շուտով սկսուեց մի զօրեղ գրական կռիւ այս հոգեմարտների կամ Մակեդոնեանների մէջ, ինչպէս որ սոքա կոչւում են Կ.Պօլսի եպիսկոպոս Մակեդոնիոսի անունով, որը հոգեմարտների վարդապետութեան ներկայացուցիչներից էր: Արևմուտքն այս խնդրում էլ իսկոյն և վճռական կերպով անցաւ Աթանասի կողմը և Հռովմի մի քանի ժողովներ դատապարտեցին հոգեմարտներին: Միութեան համար աշխատողներին պարզ պիտի լինէր միանգամայն, որ նոքա յաջողութիւն կունենային միայն այն դէպքում, երբ իրենց ծրագրի մէջ մտցնէին նաև այս կէտը: Այդ կարելի էր արդէն նաև այն պատճառով, որ մինչև իսկ Բարսեղը երես էր դարձրել իւր բարեկամ Եւստաթէոսից, իբրև մի հերետիկոսից: Այսպիսով Նիկիական հանգանակի շուրջը պտտուող վէճը դարձաւ մի վէճ ամբողջ երրորդութեան մասին, որը սակայն իւր լուծումն ստանալ չէր կարող, քանի որ գահի վրայ էր Արիոսականների պաշտպան Վալենս կայսրը:
Սակայն 378 թուականին Վալենսը յանկարծամահ եղաւ և Գրատիանոսը տէր դարձաւ նաև արևելքին, և այդպիսով սկսեց արևմուտքը իւր ուղղութեամբ ազդել արևելքի վրայ: Վալենսի ժամանակ աքսորուած բոլոր եպիսկոպոսներն իրաւունք ստացան վերադառնալ և ընդհանրապէս Գրատիանոսը հետևում էր խիստ մեղմ և համբերատար քաղաքականութեան, մինչև անգամ հերետիկոսների նկատմամբ. ի բաց առեալ Եւնոմեաններին, Փոտինեաններին և Մանիքեցիներին: 379 թուականը այս խնդրում դարագլուխ է կազմում. այդ ժամանակ արևելքի գահը բարձրացաւ Թէդոսիոսը, իսկ Գրատիանոսը բոլորովին ընկաւ Մայլանդի Ամբրոսիոս եպիսկոպոսի ազդեցութեան տակ: Թէոդոսիոսը իւր հիվանդութիւնից յետոյ Թեսալոնիկէում 380 թուի փետրուարի 28-ին մի էդիկտ հրատարակեց, որը վճռական նշանակութիւն ունի, և որը կարելի է «Բիւզանդական կայսրութեան պետական և եկեղեցական քաղաքականութեան ապագայի ծրագիր» (Հառնակ) անուանել: Իւրաքանչիւր ոք պետութեան մէջ պէտք է ունենայ Պետրոս առաքեալի հաւատը, ինչպէս որ Հռովմի Դամասոս և Աղէքսանդրիայի Պետրոս եպիսկոպոսներն են քարոզում, այսինքն una deitas, tres personae (մի աստուածութիւն, երեք անձինք): Միայն սոքա են կաթուղիկէ քրիստոնեաներ, բոլոր մնացեալները հերետիկոս են և արժանի աստուածային և մարդկային պատժի: Այսպիսով քրիստոնէութեան և պետութեան անդամ, կամ Նիկիական հանգանակի երրորդութեան ուսւումն ու քրիստոնէութիւն միևնոյնն են համարւում. ով այս չի ընդունում, հեթանոս է նա, թէ հերետիկոս, միևնոյն է այդ, նա զրկւում է բոլոր իրաւունքներից: 381-ի Յունուարին մի յաւելուածով այս օրէնքը աւելի ևս խստացաւ: Ամբողջ պետութեան մէջ Նիկիական եպիսկոպոսներին պէտք էր յետ տալ եկեղեցիները և հերետիկոսների գումարումները բռնի ուժով արգելել: Մի գեներալ ուղարկուեց արևելք, կայսեր այս կամքը գործադրելու համար. մայրաքաղաքում ամենից առաջ բոլոր եկեղեցիներն առնուեցան արիոսականներից և արիոսական եպիսկոպոսն աքսորուեցաւ:
Հռովմի նպատակն էր այնպիսի մարդիկ ունենալ արևելքի ամենամեծ եպիսկոպոսական աթոռների վրայ, որոնք իրեն համամիտ էին, բայց այդ չյաջողուեց, շնորհիւ այն հանգամանքի, որ Անտիոքում Մելետիոսը և Կ.Պօլսում Գրիգոր Նազիանզացին հակառակորդ էին Հռովմի կանդիդատներին, և Թէոդոսիոս կայսրն էլ նրանց կողմն էր բռնել: Թէոդոսիոսը 381-ի Մայիսին մի արևելեան եպիսկոպոսների ժողով հրաւիրեց Կ.Պօլիս, սխալմամբ Բ. տիեզերական ժողով կոչուածը: Այստեղ Ս.Հոգու համաբնութիւնն ընդունւում է հակառակ 36 Մակեդոնեան եպիսկոպոսների ձայնին, և վերանորոգւում Նիկիայի հանգանակը, որովհետև ժողովականները չեն կամենում նոր հանգանակ կազմած լինել: Թէոդոսիոս կայսրը իւր հաւանութիւնը տուեց ժողովի վճիռներին: Սակայն Հռովմը և արևմուտքը բողոքել սկսեցին. ո՛չ թէ դաւանաբանական խնդիրների նկատմամբ, այլ մի քանի անձնաւորութիւնների եպիսկոպոս դառնալու դէմ. մի քանի մասնաւոր ժողովներ ոչ մի հետևանք չունեցան, և Հռովմն էլ ստիպուած էր խոստովանել, որ դաւանանքի տեսակէտից իրենք ևս համաձայն են միանգամայն արևելքի հետ: Թէև նոքա սկզբում մի տիեզերական ժողով էին պահանջում և Գրատիանոսին էլ իրենց կողմն ունէին, բայց նոցա այս պահանջն էլ անիրագործելի մնաց և արիոսական երկարատև վէճերը արևելքի և արևմուտքի մէջ, արդէն աստուածաբանական նուրբ նրբութիւնների և խիստ կոպիտ հիերարխական ձգտումների ու միտումների մասին, վերջացած պէտք էր համարել:
Միայն Գոթերի արիոսական դառնալն էր, որ դեռ ևս խնդրի վերջնականապէս լինելուն արգելք էր, բայց այս շրջանում գոնէ հակառակ Գոթերի ևս արիոսական խնդիրը փակուեց. միայն յետոյ նոքա վտանգաւոր դարձան եկեղեցական միութեան տեսակէտից: Թէոդոսիոսը սկսեց արիոսականներին իրաւունքներից զրկել, բայց նա էլի մեղմ էր վարւում նոցա հետ, չնայելով որ 388-ին արիոսականները Նեկտառիոս եպիսկոպոսի գլխին իւր տունը այրեցին: Վերջապէս կայսրը առհասարակ արգելեց հաւատոյ մասին խօսելը:
Նիկիական վէճերն այսպիսով վերջացան, բայց այն կարծիքն ընդհանրացնելով, թէ քրիստոնէութիւնը մի դաւանանք է, մի դոգմա, որի ճշմարտութիւնն ընդունելը միանգամայն անհրաժեշտ է. և որը դոգմա է ո՛չ միայն մետաֆիզիքական մտքով, այլ և իրաւաբանական. այսինքն քրիստոնէութիւնը մի օրէնք է, որ պետութիւնը պարտաւորական դարձնել և նրա անպայման կատարումը պահանջել կարող է: Այս կորստաբեր հետևանքից զատ, 60 ամեայ վէճերը անկարող եղան քրիստոսաբանական խնդիրն այնպէս վճռել, որ վէճերը վերջնականապէս վերջանային. ընդհակառակը նոքա ի նորոյ սկսուեցին յետագայում աւելի մեծ թափով:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ — See more at: http://ter-hambardzum.com/news/2012-03-12-846#sthash.wheXKeTU.dpuf