ՔՐԻՍՏՈՆՅԱ ՆԺԴԵՀԸ

«Փտած են մեր հին զենքերը, եղծված է մեր հին մագաղաթը, Նոր Ավետարանի խոսք պիտի լսենք հիմա՝ Ավետարանը արիության»,- ասում է ցեղակրոն արիության քարոզիչ Գարեգին Նժդեհը:

Տարածված կարծիք է, թե Գարեգին Նժդեհի ցեղակրոնության գաղափարախոսությունը իր մեջ բովանդակում է հայ հին հեթանոսական ոգին: Արդյո՞ք Նժդեհը նկատի ուներ հեթանոսությունը: Մի՞թե հայի ցեղակրոն ոգին հեթանոսությունն է, այլ ոչ թե՝ քրիստոնեությունը:

  Ի դարի հայ փիլիսոփա Ա. Բրուտյանը, խոսելով քրիստոնեության մասին, ասում է. «Երբ այն  ներթափանցեց Հայաստան, հայ մարդը այն ընդունեց գրկաբաց, քանի որ քրիստոնեությունը հարազատ էր հայի ոգուն, սակայն հակառակ էր հայ քաղաքական մտքին»: Նժդեհին ժամանակակից այս փիլիսոփան քրիստոնեությունը կոչում է «հայի ոգու կրոն»: Նժդեհի քրիստոնեությունը արիության կրոնն է, քրիստոնյան՝ նա, որի մեջ կա «մի կայծ ամենահզոր Աստվածամարդու հոգուց»: Նժդեհը Քրիստոսին տեսնում է որպես արիության մարմնացում, և նրան նկարագրում է «ամենակարող ու ամենահզոր»: Շարունակելով խոսել Քրիստոսի հետևորդների մասին՝ ասում է. «Մենք առնվազն կարող և հզոր պիտի լինենք, որպեսզի կարողանանք սիրել և զոհաբերել»: Սիրել ուժեղի սիրով, այնպես ինչպես Քրիստոս սիրեց, ինչպիսին որ տեսնում էր Նժդեհը. «Քրիստոս սիրում էր, որովհետև ուժեղ էր, նա սիրում էր, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր էր»: Հատկանշական է, որ Քրիստոսի հետևորդների մասին, Նժդեհը չի խոսում երրորդ դեմքով, այլ օգտագործում է «Մենք» անձնական դերանունը՝ այս կերպ իրեն համարելով Քրիստոսի հետևորդ: Հայրենիքի համար պայքարը նա նույնացնում է Հեսու Նավեի Ավետյաց երկրի պայքարի հետ, իսկ այդ պայքարի ճանապարհը անվանում է Աստծո ճանապարհ՝ ասելով. «Արիներն են անցնում Աստծու ճանապարհով»:

 Ահա այս լույսի տակ դիտարկելով Նժդեհի ցեղակրոնության կոչը՝ հասկանում ենք, որ քրիստոնեությունն է հայ ժողովրդի ցեղի կրոնը, որը նրան դաստիարակել է քաջության ոգով, առաջնորդել դեպի Ավարայր, Սարդարապատ և Արցախ:

«Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչև մեր օրերը, և ավաղ խաղաղության եղբայրության և սիրո ուսուցչի Աստվածաշունչ խոսքը շարունակում է մնալ որպես «ձայն բարբառոյ յանապատի»:

Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 9-րդ համարից

Պատրաստեց՝ Տիգրան դպիր Հակոբյանը