Ոսկե տառերի ստեղծման առեղծվածը

«Հայոց Այբուբեն» և «Ոսկե Խաչ» աշխատանքները պատրաստվել են Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ ու պատվերով: Սակայն այս ժլատ խոսքերի ետևում զարմանալի մի պատմություն է թաքնված, որը ցանկանում ենք շարադրել ստորև: Դա 1976 թվականին էր: Սովորական օր էր Մայր Աթոռում: Ինչպես միշտ, վանքի տարածքը լի էր ուխտավորներով ու զբոսաշրջիկներով: Նրանցից շատերն էին ցանկանում տեսնել Վեհափառին ու համբուրել նրա աջը: Այդ մարդկանց թվում էր նաև ոչնչով աչքի չընկնող մի կին: Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ժամանակին առիթ է ունեցել անձամբ կաթողիկոսից լսել հիշարժան օրվա պատմությունը: «Մի անգամ,- ասել էր Վազգեն Առաջինը,- վեհարան եկավ տարեց մի կին: Պատմեց, որ գաղթի տարիներին թողել էր հայրենի տունը և ոտքով, բազում զրկանքներ կրելով` հասել էր Արաքսի մյուս ափը: 50-60 տարի պահել էր իր միակ հարստությունը` գերդաստանից ժառանգություն մնացած ոսկիները, և այժմ` կյանքի մայրամուտին, ցանկանում էր դրանք հանձնել եկեղեցուն: Հետո կինը զգեստի տակից հանեց թաշկինակի մեջ փաթաթած թանկարժեք իրերը` ոսկեդրամներ, մատանիներ, շղթաներ, գրպանի ժամացույց, և այդ ամենը լցրեց սեղանին: Ես շատ հուզվեցի նրա արարքից: Շնորհակալությամբ ընդունեցի նվիրատվությունը, բայց չգիտեի, թե ինչպես պիտի տնօրինեմ դրանք: Տեղյակ էի, որ վանքի գանձատանը ևս կային համանման իրեր: Ու հենց այդ ժամանակ միտք հղացա հավաքել նվիրաբերված ողջ ոսկեղենը և դրանցից ձուլել հայկական տառերը: Խորհրդանշական է, այնպես չէ՞»:

Voske tarerԱնշուշտ, գաղափարը ոչ միայն խորհրդանշական էր, այլև բացառիկ: Կաթողիկոսի մտահղացման մասին լուրը կայծակի արագությամբ տարածվեց ինչպես` Հայաստանում, այնպես էլ` երկրի սահմաններից դուրս: Մարդիկ Էջմիածին էին բերում իրենց զարդերն ու նվիրաբերում այդ նպատակի համար: Հատկապես ակտիվ էին սփյուռքահայերը: Այդպես հավաքվեց շուրջ 23 կիլոգրամ ոսկի: Սակայն, ինչպես հայտնի է, ոչ մի լավ բան հեշտությամբ չի տրվում: Այս պարագայում` հատկապես: Ցանկության իրագործումն իր հետ բազմաթիվ ենթադրելի ու չենթադրված դժվարություններ էր բերելու: Նախկինում երբևէ նման կարգի աշխատանք չէր արվել, և դեռ հայտնի չէր, թե ինչպիսի տեսք կունենար այն: Իսկ դա, իր հերթին, ծնում էր մտահոգություններից առաջինը` ո՞ւմ վստահել այբուբենը պատրաստելու գործը: Այս հարցում, ինչպես ժամանակն ու արդյունքները պիտի ցույց տային, կաթողիկոսն անթերի ընտրություն կատարեց: Հայտնի ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը, ով անուրանալի վաստակ ունի հայկական ճարտարապետական հուշարձանների վերականգնման ու պահպանման գործում, մեծ անակնկալ ապրեց, երբ մի օր նրան հրավիրեցին Վեհարան, և Վազգեն Առաջինը նրան առաջարկեց ձեռնարկել «Հայոց այբուբենի» պատրաստումը: «Վեհափառ տեր, ախր ես ոսկերիչ չեմ, ես քարի մարդ եմ»,- տարակուսած պատճառաբանեց ճարտարապետը: Սակայն կաթողիկոսը հրաշալի գիտեր, թե ում և ինչ էր հանձնարարում: Ճարտարապետը պիտի ներկայացներ տառերի ոճային էսքիզները` հավատարիմ մնալով հայ զարդագրության դարավոր ավանդույթներին ու միջնադարյան ծաղկողների կողմից կիրառված գեղարվեստական լուծումներին:
Իսկ Արզումանյանին ընկերակցելու և նրա պատկերներին կյանք էր տալու հայտնի ոսկերիչ Ժիրայր Չուլոյանը, ով գեղարվեստական կոմբինատի գլխավոր նկարիչն էր: Պատմում են, որ նրանք աշխատում էին կիրակի օրերին, հենց Վեհարանում: Այբուբենի յուրաքանչյուր տառի էսքիզը պիտի հաստատվեր կաթողիկոսի կողմից: Տառերն ունեին 15 սանտիմետր երկարություն և տեղադրված էին 80 x 130 չափերով օնիքսե տախտակի վրա: Վեհափառի գիտական քարտուղար ու թարգմանիչ Պարգև Շահբազյանն իր հուշերում պատմում է. «Երբ տառերի էսքիզները պատրաստ էին, Վեհափառը կանչել է ոսկերչին, տվել ձուլածո ոսկին և ասել` նույնությամբ պատրաստեք»: Այբուբենի ստեղծման աշխատանքներն այնպիսի հաջող ընթացք ստացան, որ դրանից ոգևորված կաթողիկոսն այս անգամ ձեռնամուխ եղավ հաջորդ գաղափարին` ոսկուց և ադամանդներից պատրաստել սրբազան խաչը: Շուտով նաև հայտնի դարձավ, որ Մարսելում բնակվող մի ֆրանսահայ մեծահարուստի ընտանիք պատրաստվում է իր վրա վերցնել ողջ ծախսը` այսինքն` տրամադրել անհրաժեշտ քանակությամբ ոսկին: Նման խոշոր նվիրատվությունը կարող էր էապես հեշտացնել գաղափարի իրագործումը: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը: Խորհրդային երկրում, որտեղ քարոզվում էր աթեիզմը, կաթողիկոսի նախաձեռնությունը չէր կարող հիացմունք առաջացնել: Մյուս կողմից` իշխանություններն անընդունելի և նույնիսկ վիրավորական պիտի համարեին այն փաստը, որ ԽՍՀՄ-ում ինչ-որ բան իրագործելիս եկեղեցին պատրաստվում է օգտվել կապիտալիստների նվիրատվություններից: Իսկ այսպիսի հակադարձությունը կարող էր լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն ծրագրի իրագործման, այլև ընդհանրապես պետություն-եկեղեցի հարաբերությունների վրա: Անհրաժեշտ էր գտնել այնպիսի մի լուծում, որը թույլ կտար ոչ միայն գործը հասցնել իր ավարտին, այլև խուսափել ամեն կարգի անախորժություններից: Եվ հնարամիտ ելքը գտնվեց: Կողմերը փոխադարձ համաձայնության եկան, ինչից հետո Ֆրանսիայում ոսկու ձուլակտորը բաժանվեց բազմաթիվ փոքր կտորների, դրանցից զանազան զարդեր պատրաստվեցին և բաժանվեցին այն բոլոր զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստվում էին Հայաստան մեկնել: Մարդիկ գալիս էին իրենց հայրենիքը, այցելում էին Մայր Աթոռ և այնտեղ էին թողնում նախապես ստացած թևնոցները, մատանիներն ու շղթաները: Ըստ տեղեկությունների` ֆրանսահայ վանեցիների նվիրաբերած ոսկին Էջմիածին տեղափոխվեց ավելի քան 70 զբոսաշրջիկների օգնությամբ: Խաչի պատրաստման համար անհրաժեշտ եղավ մոտ 20 կիլոգրամ ոսկի և շուրջ 200 թանկարժեք քար:
Դա 1979 թվականին էր: Աշխատանքներն արդեն մոտենում էին ավարտին, երբ Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարին զեկուցեցին Էջմիածնում նկատվող տարօրինակ ակտիվության մասին: Չեկիստներն արձանագրել էին ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների տարօրինակ ու «առատաձեռն» վարքը, այլև տեղյակ էին ոսկերիչների հետ հոգևորականների բազմաթիվ հանդիպումների մասին: Իսկ Արզումանյանի ու Չուլոյանի պարբերական այցերը Մայր Աթոռ նոր երանգ էին հաղորդում կասկածներին: Ձեռքի տակ եղած տեղեկությունները հենց սկզբից նրանց հիմք տվեցին ենթադրելու, որ ինչ-որ բան «մաքուր» չէ, և եկեղեցականները զբաղվում են թանկարժեք մետաղների ու քարերի մաքսանենգությամբ: Ահազանգը ստուգելու համար Էջմիածին մեկնեցին ՊԱԿ-ի մի քանի աշխատակիցներ: Այն, ինչ նրանք պարզեցին տեղում, գերազանցեց բոլոր սպասելիքները:
Գաղտնիքը բացահայտված էր: Եկեղեցու և հատկապես Վազգեն Վեհափառի գլխին ամպեր էին կուտակվում: Սակայն ո՞րն էր լինելու իրավապահների և իշխանությունների հաջորդ քայլը: Նրանցից ո՞վ կհամարձակվեր որևէ մեղադրանք ներկայացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ու մինչ վերևներում մտմտում էին ձեռնարկվելիք քայլերի մասին, հենց Մայր Աթոռում գտնվեց փակուղուց դուրս գալու ամենահնարամիտ տարբերակը: Վազգեն Առաջինն ասաց, որ որոշում է կայացվել ոսկուց պատրաստել նաև Հայկական ԽՍՀ պետական զինանշանը: Առաջարկն իշխանությունների սրտով էր: Բոլորը թեթևացած շունչ քաշեցին:
1982-ին եռյակը լրացրեց «Հայաստանի գերբը»: «Թող սրանք լինեն իմ նվերը հայ ժողովրդին»,- հետագայում պիտի ասեր Վազգեն Վեհափառը: Եկար ժամանակ այդ չհրկիզվող պահարանի բանալիները գտնվում էին միայն կաթողիկոսի մոտ: Պատվավոր հյուրերի առաջ նա անձամբ էր բացում գանձարանի դռնակը և հպարտությամբ ցուցադրում արվեստի երեք կատարյալ ստեղծագործությունները: Հասարակ մահկանացուների առաջ այդ դռները մնում էին փակ` ոչ թե կաթողիկոսի, այլ` իշխանությունների պահանջով:
Միայն 1991 թվականից հետո մարդիկ կարողացան տեսնել ու գնահատել եկեղեցու ամենաթանկ գաղտնիքներից մեկը: «Ի՞նչ արժեն այդ երեք սալիկները»,- պիտի հարցնեն ոմանք: Մի քանի տասնյակ կիլոգրամ ոսկի, ադամանդակուռ, բազմաթիվ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, գերազանց գեղարվեստական աշխատանք: Գլուխգործոց: Հետաքրքրասերներին հիասթափություն է սպասվում:
Ոչ ոք չի փորձել հաշվել այդ գանձերի արժեքը: Քանի որ դրանք անգին են: Քանի որ դրանք մեր ժողովրդի մշակութային ու հոգևոր գանձարանի անբաժանելի մասն են, իսկ այդ հարստությունը գնապիտակ ունենալ չի կարող:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid