Նրանց համար ովքեր ասում են. «Ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք»

 Առաջին մարդկանց դրախտային կյանքից մինչեւ այսօր բազմալեզու ու բազմաբառ մարդկության պատմության ու ամեն մի անհատի կենսագրության առանցքային իրողությունը բնորոշող բառը փրկությունն է:
Փրկության իրողությունը մի կողմից ենթադրում է փրկվողին, մյուս կողմից՝ փրկողին, փրկարարին եւ Փրկչին: Փրկողը բարեկամ է եւ պաշտպան, փրկարարը՝ մասնագետ, իսկ Փրկիչը Նա, ով իսպառ սիրեց յուրայիններին:
Փրկողը եւ փրկարարը, եթե անգամ իրենց կյանքը տան, պաշտպանում են փրկվողի կյանքը, այն, ինչ նա ունի եւ կարող է կորցնել: Փրկիչը, տալով իր կյանքը, շնորհում է փրկվողին ավելին, քան պարզապես կյանքը. Նա շնորհում է հավիտենականը՝ փոխանակ անցողիկի, շնորհում է իրական իմաստավորված կյանք, փոխանակ ուղղաքարշ գոյության, շնորհում է ճշմարիտ նպատակ, փոխանակ փակուղու:
Փրկության իրողությունը մարդու հետ է նրա ծննդյան պահից. բոլորը սպասում են մարդկության ընտանիքի նոր անդամի առաջին ճիչին՝ նրա շնչառության վկայությանը՝ սեփական շունչները պահած: Այնուհետեւ մարդը ամեն կերպ փորձում է փրկվել իր կյանքում պատահող փորձանքներից, փրկվել կորստի ցավից ու միայնությունից, հուսահատությունից ու անհեթեթ մահից: Մարդը պայքարում է՝ վաստակելու համար իր փրկությունը՝ իր կյանքի շարունակականության երաշխիքը: Եթե ամփոփենք վերոգրյալը երեք նախադասությամբ, ապա.
 1. Փրկությունը մարդկային կյանքի առանցքային իրողությունն է:
 2. Փրկիչը, մարդուն փրկելով, նրան կյանք է շնորհում:
 3. Մարդը փրկությունը ընկալում է՝ որպես իր կյանքի շարունակականության երաշխիք: Այս ամենից հետեւում է, որ Փրկիչը երեք կերպով է փրկում.
ա. Փրկում է արեւածագ շնորհելով. հնարավորություն տալով մարդուն ապրել ամեն օր:
բ. Փրկում է փորձանքներից ու փորձություններից կյանքի առանձին հանգրվաններում՝ նոր կյանք շնորհելով:
գ. Փրկում է Չարի որոգայթներից եւ հոգեւոր մահից՝ շնորհելով հավիտենական կյանքի հնարավորություն:
Ի տարբերություն անձնասպանությունը որպես փրկություն հրամցնող հոգատար աղանդավորների եւ ներհայեցողության ջատագով, «մի վնասիր» քարոզող մարդասեր շատ կրոնների, Փրկիչը իրեն հուսացողներին խոստանում է հոգեւոր եւ մարմնավոր պահպանություն չարից եւ պատվիրում է. «Սիրեցե՛ք միմյանց»,- եւ ավելացնում է.«Ավելի մեծ սեր չկա, քան այն, որ մեկը իր կյանքը տալիս է իր բարեկամի համար»: Բոլոր նրանք, ովքեր իրենց բարեկամի կյանքը փրկում են՝ իրենցը վտանգելով, նման են Հիսուսին, Հիսուսի նման խաչվում են փառքով եւ փառքով էլ պիտի հարություն առնեն: Թող մտածեն հուդաները, կայափաները, պիղատոսները եւ բոլոր նրանք, ովքեր բորենու բնազդ, բարքեր ու ախորժակ ունեն:
Այդ ամենի մասին մեզանից քչերն են խորհում, քչերն են կյանքը դիտում ու գնահատում՝ որպես շնորհ: Որպես կանոն, մարդիկ իրենց գոյության փաստը համարում են օրինաչափ եւ չեն էլ կասկածում, որ իրենց կյանքի հերթական պահը կարող է վերջինը լինել, որ պետք է շնորհակալ լինել Փրկչին կյանքի ամեն մի ակնթարթի համար: Այդպիսի մարդիկ փորձանքներից փրկվելը համարում են հաջողակ աստղի տակ ծնվելու արդյունք, նրանց թվում է, թե այդ հաջողությունները կհետապնդեն իրենց մինչեւ իրենց երկար ու երջանիկ կյանքի դանդաղկոտ ավարտը: Փրկության իրողությունը ստիպում է եզրակացնել, որ այս կյանքը լոկ հնարավորություն է՝ հասնելու համար իրական եւ հավիտենական կյանքին: Իհարկե, կան մարդիկ՝ իրենց հատուկ փիլիսոփայությամբ. «Ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք»: Այդ մարդիկ ընդհանրապես պատկերացում չունեն մարդկային կյանքի նպատակի մասին, մարդ էակի կոչման ու կեցության իմաստի մասին, եւ մինչ նրանք զբաղված են ուտել խմելով, առաքյալը կոչ է անում քրիստոնյաներին. «Ահով ու դողով ձեր փրկությունն իրագործեք» Փիլ. 2;12: Նշվեց, որ մարդը պայքարում է իր փրկությունը վաստակելու համար: Պողոս առաքյալը մերկ ձեռքերով պայքարելու փոխարեն առաջարկում է հագնել Աստծո սպառազինությունը եւ հոգեւոր մարտում պաշտպանվելու համար կարեւոր է համարում փրկության սաղավարտը: Գիտենք, որ սաղավարտը հագնում են գլխին, եւ մարմնի հրամանատարը նրա շնորհիվ է մնում անվնաս: Իզուր չէ, որ հուսահատված, փրկության հույսը կորցրած մարդուն ասում են «գլուխը կորցրած»: Հույսը այն ակնկալությունն է, որը մեզ ամեն պահ համոզում է, որ կհասնենք, կտեսնենք, կգտնենք, կունենանք: Հույսն է սնում հավատը, իսկ փրկության հույսը սնում է հավատը կատարյալ հավիտենության հանդեպ:
Ցանկացած պայքար որոշակի գաղափարախոսական հենք ունի, հոգեւոր պայքարի համար այդ գործառույթը իրագործում է «փրկության Ավետարանը»՝ Բարի լուրը չարի վերջնական պարտության մասին. «Մենք՝ նախապես Քրիստոսին հուսացողներս, նախասահմանված եղանք գովելու Նրա փառքը: Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատալով՝ կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով, որ մեր ժառանգության առհավատչյան է մինչեւ այն օրը, երբ կատարելապես կտիրանանք փրկությանը՝ ի գովություն Նրա փառքի» Եփես. 1;12-14: Հրդեհից կամ ջրհեղեղից փրկվել ցանկացողին օգնության կհասնի փրկողը կամ փրկարարը, իսկ սեփական մարդկային ինքնության կորստից կփրկի միայն Փրկիչը: Նա արդեն մեկնել է ձեռքը՝ փրկելու համար մեղքի հորձանուտից, հանելու համար կորստի անդունդից: Նա մեկնել է Իր ձեռքը՝ բռնելու համար քոնը:
Այս անցողիկ կյանքի ճանապարհին մեր ամեն մի քայլով կարող ենք հավիտենական կյանքի ասպարեզներ նվաճել, եթե քայլենք ճիշտ՝ փրկության ուղիով, կամ էլ՝ կարող ենք հավիտենական մահվան անդնդի խորությունը չափել, եթե գնանք կորստի ճամփով

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ» N74
Լիլիթ Հովհաննիսյան