Յոթ առաքինություններ եւ յոթ մահացու մեղքեր

Araqinutuner mahacu mexqer 880x660 - Յոթ առաքինություններ եւ յոթ մահացու մեղքեր

ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է
Ծուլությունը ուղղակի պետք է հաղթահարել աշխատասիրությամբ: Աստված իր ստեղծած մարդուն բնակեցրեց բերկրության դրախտում եւ պատվիրեց առաջին մարդուն, որ աշխատի, մշակի եւ պահպանի այն: Անգամ դրախտում Աստված աշխատելու պատվեր տվեց: Երբ Նա Ադամին եւ Եվային վտարեց դրախտից անհնազանդության մեղքի պատճառով, մյուս պատիժների հետ միասին ասաց նաեւ հետեւյալը. «Ճակատիդ քրտինքով քո հացը ուտես» (Ծնն.3.19): Հանգստի կարիք ունի Աստծո ողջ ստեղծագործությունը` բնությունը, կենդանական աշխարհը, այդ թվում նաեւ մարդը, բայց երկարատեւ հանգիստը վերածվում է ծուլության, որն էլ պատճառ է դառնում շատ չարիքների:

ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
«Զցույշ եղեք ամեն տեսակ ագահությունից, որովհետեւ մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից»: Այս խոսքերն ասելուց հետո Հիսուս ներկաներին պատմեց մի առակ անմիտ մեծահարուստի մասին, ով մինչ մտածում էր իր կուտակած հարստությունը վայելելու մասին, Աստված հենց այդ գիշեր վերցրեց նրա հոգին: Եվ Հիսուս եզրակացրեց ասելով, նույնն է բոլոր նրանց համար, ովքեր միայն իրենց համար են հարստություն դիզում, փոխանակ հարստանալու Աստծու աչքին (Ղուկ. 12.15-22):
Տասը պատվիրաններից վերջինը` «Մի՛ ցանկացիր մերձավորիդ ունեցվածքը», մեզ զգուշացնում եւ արգելում է անգամ մտքով մեղանչել եւ ցանկանալ այն, ինչ ուրիշինն է. լինի դա ագարակ, տուն, կին, ծառա: Այդ ցանկության պատճառով էլ մարդ կարող է բազմապիսի մեղքերի մեջ ընկնել:
Որպեսզի մարդ հնարավորինս հեռու մնա այս մեղքերից, պետք է աշխատի իր կյանքում եւ կենցաղում լինել համեստ, առաքինի, ազնիվ, անշահախնդիր, ողորմած, առատաձեռն, խոնարհ եւ զուսպ:
Պողոս առաքյալը ագահությունը կռապաշտություն է անվանում (Եփես.5.5, Կողոս. 3.5), որովհետեւ, ըստ Տիրոջ խոսքի (Մատթ.6.24), մարդ չի կարող միաժամանակ երկու տիրոջ ծառայել, այսինքն` չի կարող ծառայել եւ՛ Աստծուն, եւ՛ մամոնային, որը դրամն է: Ուստի ագահը, որ ծառայում է մամոնային, կռապաշտ է եւ ոչ թե աստվածապաշտ: Ագահության ծնունդներն են փողասիրությունը, առեւտրում կամ դրամական այլ կարգի հաշիվներում խարդախությունը, գողությունը, զրկողությունը, աղքատների, թշվառների հանդեպ ատելությունը եւ օգնությունից նրանց զրկելը, ժլատությունը եւ այլն: Աստվածաշնչում կարդում ենք Աբրահամի, Հոբի մասին, որոնք մեծահարուստ լինելով աստվածապաշտ էին, ողորմած, եւ որոնց կյանքի նպատակը փառք ձեռք բերելը չէր: Քանի որ, երբ մարդու նպատակն է դառնում հարստանալը եւ փառքին հասնելը, ապա նա դառնում է ագահ եւ ցանկասեր եւ կռապաշտ:

ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Եթե իշխանների սրտից ագահությունը վերանա, տառապալից դժբախտությունները կտարագրվեն քաղաքներից, եւ թշվառությունները` գյուղերից, որովհետեւ գլխավորների ընչաքաղց բաղձանքն է, որ աշխատասեր հասարակությանը տառապեցնում է քաղցով, մերկությամբ, կապանքներով ու պանդխտությամբ, եւ նրանց աղաղակը միշտ երկինք է ելնում` իջեցնելու աստվածային արդար ցասումը: (Սբ Պողոս Ադրիանապոլսեցի)
Գիտնականները հաստատում են, որ առողջության 80 %-ը կախված է մարդու հոգեկան վիճակից: Ավստրիայի գիտնական, հոգեբանության եւ փսիխոսոմատիկայի մասնագետ Վոլֆգանգ Գրուբերը հետազոտել է երկու հազար կամավոր մարդկանց հինգ տարվա ընթացքում: Դրա արդյունքում հայտնաբերել է առողջության համար մի քանի վտանգավոր զգացմունքներ, որոնցից մեկն էլ ագահությունն է:

ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ Է ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅԱՄԲ
Ողորմություն բաշխել կարող են ոչ միայն նյութապես ապահովվածները` կարիքավորներին դրամական օգնություն տալով, այլ ընդհանրապես բոլորը: Սբ. Գրիգոր Տաթեւացին ասում է. «Ողորմությունը կամավոր ցավակցությունն է ուրիշների թշվառությանը: Ողորմությունը տասնչորս կերպ է իրականանում, որոնցից յոթը մարմնավոր են, յոթը` հոգեւոր: Մարմնավոր են սրանք. Քաղցածներին կերակրելը, ծարավին ջուր տալը, մերկին հագցնելը, օտարներին ժողովելը, գերվածներին փրկելը, հիվանդներին այցելելը, մեռածներին թաղելը: Առաջին վեցը Ավետարանն է սովորեցնում, յոթերորդը՝ Աստվածաշնչյան Տոբիթի գիրքը: Հոգեւոր ողորմություն են. Նախ հանցավորին ներելը, մեղավորին հանդիմանելը, տգետներին ուսուցանելը, երկմիտներին խրատելը, տրտմածներին մխիթարելը, ընկերոջ փրկության համար աղոթելը, համբերելը սեփական անձի դեմ գործած անիրավություններին: Եվ այս վերջինը ողորմության գործ է ասում, որովհետեւ փափուկ եւ խոնարհ պատասխանը խորտակում է ընկերոջ բարկությունը եւ շահում նրան» (Սբ. Գրիգոր Տաթեւացի «Գիրք Հարցմանց»:
Ճշմարիտ եւ աստվածահաճո է այն բարեգործությունը միայն, որն արվում է Աստծո եւ մարդկանց նկատմամբ մեր ունեցած անկեղծ ու անշահախնդիր սիրուց մղված: Ողորմությունը պետք է գաղտնաբար անել: Այս մասին մեր Տերը ասում է.«Երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջ ձեքը եւ քո Հայրը, որ տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես» (Մատթ. 6.3-5):
Սողոմոնն իր Առակների գրքում ասում է. «Աղքատին զրկողը նրա Ստեղծողին է անարգում, բայց տնանկին ողորմություն անողը Նրան է պատվում: Ով իր ականջը փակում է աղքատին չլսելու համար, ինքն էլ, երբ կանչի Տիրոջը, Տերն էլ իրեն չի լսի» (Առակ.14.31; 21.13):
ՈՐԿԼԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
Աշխարհի արարումից հետո Աստված մարդուն օրհնեց եւ ամեն ինչի վրա տեր կարգեց, իսկ ճաշակելու հետ կապված հետեւյալն ասաց. «Ահա ձեզ տվեցի ողջ երկրի վրա տարածված սերմանելի բոլոր բույսերի սերմերը եւ իրենց մեջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն» (Ծննդոց 1:29-30): Ապրելու համար անհրաժեշտ է սնվել, բայց երբ մարդն ուտելու մեջ իր չափն անցնում է, մեղանչում է, ընկնելով յոթ մահացու մեղքերից մեկի մեջ, որ կոչվում է որկրամոլություն:
Որկրամոլություն նշանակում է որկորի (կերակրափողի) հաճույքին շատ տուրք տալ: Որկրամոլության ծնունդ են անհագ ուտելը, պահքն արհամարհելը, հարբեցողությունը եւ այլն Տեղին է վերհիշել մեր Տիրոջ` Հիսուս Քիրստոսի պատգամները ուղղված բոլորիս. «Աշխատեք ո՛չ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որ տանում է հավիտենական կյանք» (Հովհ. 6:27), Պողոս առաքյալը հետեւյալն է ասում. «Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն`«Ուտենք, խմենք, քանի որ վաղը մեռնելու ենք», (Ա Կորնթ. 15.32-34): Այսօր որոշ մարդիկ քրիստոնեությունը հարմարեցնում են իրենց սկզբունքներին: Նման մարդիկ ճիշտ է ասում են, որ հավատում են Աստծուն, բայց չեն հավատում Աստծո խոսքին: Ինչպես կարելի է հավատալ մեկին, բայց չհավատալ նրա խոսքերին: Այս կերպ մտածողներն ասում են. «Ի՞նչ Քրիստոսի երկրորդ գալուստ, ի՞նչ մեռելների հարություն, ի՞նչ դատաստան, մի կյանք ենք ապրում, ուտե՛նք, խմե՛նք, վայելե՛նք»:
Ըստ Շեքսպիրի մարդը անբան անասունի է հավասարվում, եթե իր կյանքի գլխավոր շահը եւ փոխարժեքը միայն ուտելն ու քնելն է համարում:

ՈՐԿԼԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Սուրբ Պողոս Ադրիանուպոլսեցին որկրամոլության հետեւանքների մասին հետեւյալն է ներկայացնում. «Բազմատեսակ հիվանդությունները, որոնց պատճառով մարդիկ բազմազան դեղերի կարիքն են ունենում, այն պատճառով են հաճախ պատահում, որ մարդիկ չգիտեն կենցաղավարության ճիշտ եղանակը: Որովհետեւ խառնակեցիկ վարքը մահվան թույնի է փոխարկում կերակուրը, որը սահմանված է կյանքը պահպանելու համար: Ուրեմն` պետք է բարեխառն ու ժուժկալ լինել բնական հաճույքները վայելելիս, ապա թե ոչ բնության պատժի են վերափոխվում ու մահն արագացնում»:
Սիրաք Իմատունը ասում է. «Բարեկիրթ մարդը բավարարվում է քչով եւ իր անկողնում ծանր չի քնում»: (Սիրաք 34;20-26):

ՈՐԿԼԱՄՈԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ Է ԱՂՈԹՔՈՎ, ՊԱՀՔՈՎ
Որկրամոլության հակադիր առաքինությունն է ժուժկալությունը` չափավորությունը:
Ըստ սբ. Եփրեմ Ասորու, որկրամոլությունը կհաղթահարվի, եթե մարդն ունենա Աստծո երկյուղը եւ սիրի չափավորությունը:
Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին`ասելով. «Բոլոր պտուղներից կեր», սա ուտիքի համար էր: «Բայց միայն մեկ պտղից մի կեր» (Ծննդ. 2.16-17), սա էլ պահքի համար էր: Սբ. Ներսես Շնորհալին բոլորին հետեւյալն է պատգամում. «Եթե անգամ շատ ուտելիք եւ ըմպելիք ունենաք ձեր ձեռքում եւ տանը, ձեր հոգիները խնայելով` ագահությամբ ու որկրամոլությամբ մի՛ վարվեք դրանց հետ, այլ…պարկեշտությամբ եւ օրինավոր կերպով: Եվ ինչ ձեզանից նվազեցնում եք ըստ Աստծո պատվիրանիի սեր կարոտյալ եւ չքավոր եղբայրների, ծերերի եւ տկարների, նրա՛նց տվեք եւ ձեր հոգիների համար կրկնակի բարիք կամբարեք»:

ԲՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ
Բղջախոհություն նշանակում է պիղծ մտքեր ունենալ, անմաքուր եւ անպարկեշտ, ցանկական բաների մասին խորհել:
Այս մեղքը ծնում է անամոթ հայացքներ, անպատկառություն ու լրբություն, անպարկեշտ խոսքերի արտաբերում եւ այլն, որոնք կարող են ապականել մարդու թե՛ մարմինը, եւ թե՛ հոգին: Բղջախոհության հակադիր որակներն են առաքինություն ու ողջախոհությունը, որոնք զսպում են մարդու անմաքուր ցանկությունները:
Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է կարողանա հսկել իր միտքը, քանի որ շատ հաճախ այն վերածվում է պատերազմական մի գոտու, որտեղ պայքարում են բարին ու չարը, մաքուրն ու պիղծը: Հարկավոր է ամեն ջանք թափել, որ հաղթահարի բարին եւ մաքուրը:
Անմաքուր մտքերի, ցանկությունների առաջացմանը նպաստում են շատ հանգամանքներ. շատ հաճախ այսօր թե՛ փոքրի եւ թե՛ մեծի հայացքից չեն վրիպում անպատկառ նկարներով ամսագրերը, որոնք վաճառվում են թերթի կրպակներում: Սա էլ բավական չէ, փողոցով անցնելիս կարելի է տեսնել կիսամերկ կանանց պատկերներով գովազդային պաստառներ, որոնք գովազդում են խանութներ, խմիչք, անգամ ավտոանիվներ:
Անմաքուր ցանկությունների, մտքերի աղբյուր են նաեւ հեռուստացույցը, համացանցը, որոնք ամբողջովին հեղեղված են անպատշաճ, գայթակղիչ գովազդներով, տեսահոլովակներով, ֆիլմերով, մուլտֆիլմերով: Սրանք բղջախոհությունը սնող կերակուրներ են, որոնք գուցե շատերի համար սովորական են, նույնիսկ գրավիչ, բայց ներքուստ լի են հոգեւոր առողջությունը վտանգող Անմաքուր այս աշխարհից վատ մտքերը անարգել ներխուժում են դեպի միտքը, եթե չեն էլ կասեցվում, հիմնավորվում են` վերածվելով կպչուն մտքի, խոսքի եւ գործի: Դրա հետեւանքով միլիոնավոր մարդիկ բղջախոհության սարդոստայնում են` զրկված լինելով աստվածատուր ազատությունից: Երբ մարդու միտքը պիղծ է, նրա հոգեւոր կյանքն էլ մաքուր չէ: Ամեն ինչ սկսվում է մտքից, ինչպես Քրիստոս է ասում է, որ եթե նույնիսկ շնության մասին մտածես, դա էլ է մեղք: Քրիստոս սովորեցնում է մի պարզ ճշմարտություն, որ ցանկացած մեղքի արմատ մտքի մեջ է: Հետեւաբար ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե մենք ինչ ուղղությամբ ենք ուղղորդում մեր միտքը, մենք կարող ենք կառավարել մեր միտքը, եթե մեր հայացքը սեւեռենք Աստծուն:

ՊՂԾՍԽՈՀՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Երբ չար ցանկությունները գրգռում են հոգիդ եւ այն մղում են բավարարելու անզուսպ ու անկարգ ազդակները, եթե հսկում ես քո վրա եւ հիշում, որ ներկա հաճույքը ունենալու է դառն վախճան եւ մեր մարմնի ներսում հաճույքի կողմից առաջացած գրգռվածությունը ծնելու է այն թունավոր որդը՝ մեղքը, որն հետո պիտի պատժի մեզ, ակամայից առաջ է գալիս զսպվածությունը եւ այն ցրելու համար աղոթելու ցանկությունը:
Քննելով մարմնի կառուցվածքը` զմայլվում ես, թե Գերագույն Ճարտարապետը ինչպիսի արժանավայել բնակատեղի է պատրաստել բանական հոգու համար: Բոլոր կենդանի էակների մեջ միմիայն մարդուն է տվել ուղղահայաց դիրք, որպեսզի ձեւից միայն ըմբռնի, որ կյանքը ընտանություն ունի վերին իրողությունների հետ: Բոլոր չորքոտանիները կքված են որովայնի վրա, մինչ մարդու հայացքը ուղղված է դեպի երկինք, որպեսզի չնվիրվի որովայնի ու նրա կրքերի ծառայությանը, այլ իր բոլոր փափագներն ուղղի դեպի վեր: (Սբ. Բարսեղ Կեսարացի)

«Սյունյաց կանթեղ» Սյունյաց Թեմի պաշտոնաթերթ N

Պատրաստեց
Կարինե Սուգիկյանը