ԿԵՂԾ ՔՐԻՍՏՈՍ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԷՋԵՐՈՒՄ

hristos1 - ԿԵՂԾ ՔՐԻՍՏՈՍ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԷՋԵՐՈՒՄ

Ըստ ԺԹ դարավերջի գերմանացի հայտնի աստվածաբան Ադոլֆ Հառնակի՝ Քրիստոսին գեղարվեսականորեն նկարագրել փորձող մարդկանց հոգում ինչ-որ խոր զգացմունքային մի բան կա: Այդ զգացվում է բոլոր նրանց մեջ, ովքեր ջանում են մոտենալ Հիսուս Քրիստոսին իրենց անհատականության և հետաքրքրասիրության տեսանկյունից: Նրանք փորձում են Իր մեջ գտնել իրենց կամ ինչ-որ մաս ստանալ Նրանում: Սակայն, ոչ բոլորին է հաջողվում այդ անել:
Քրիստոսի գեղարվեստորեն պատկերագրման առաջին փորձերը նույնքան հին են, որքան և Ավետարանները: Նմանատիպ գրականությունը աստվածաբանության մեջ հայտնի է «Պարականոն ավետարաններ» գրական անվանումով, և արդեն ԺԹ-Ի դարերում գրողների նմանատիպ հակվածությունը դեպի Քրիստոսի նկարագրությունը պատահական և ինքնաբուխ երևույթ չէր: Սակայն ինչպես բուն պարականոնները, այնպես էլ այս ստեղծագործությունների մեծամասնությունը, որոնք համեմված էին ամեն մի գրողին յուրահատուկ ազգագրական հավելումներով, աստվածաբանական հակասություններով և այլն, մատնված էին անհաջողության: Քրիստոսին գեղարվեստորեն նկարագրելու անհաջող փորձերին ի պատասխան` ֆրանսիացի աստվածաբան Շարլ Դյուպինը գրում է. «Քրիստոս անտիկ շրջանի մի միֆ է, և դա է պատճառը, որ ոչ ոքի չի հաջողվում նրանում տեսնել մարդկային գծեր»: Հիմնականում ԺԹ դարի ընթացքում ձևավորվում է ռացիոնալիստական մոտեցումներով լի մի մթնոլորտ, ինչի արդյունքում Հեգելը գրում է իր սեփական «Պարականոնը» և Քրիստոսին ներկայացնում մարդ-ուսուցչի կերպարով` անտեսելով Նրա աստվածային էությունը: Հեգելյան ազդեցության ներքո միմյանց հետևից լույս են տեսնում բազմաթիվ ստեղծագործություններ, որոնցից ամենահանգրվանայինն է դառնում նախկին կաթոլիկ ճեմարանական և հետագայում բողոքական դարձած Էռնեստ Ռենանի «Հիսուսի կյանքը» ստեղծագործությունը, որը վերահրատարակվում է մոտ տասներեք անգամ, ինչն էլ խոսում է գրքի ունեցած հաջողության մասին: Այս ստեղծագործության մեջ Քրիստոս նկարագրվում է որպես հասարակ մի մահկանացու, որը ծնվում է գեղեցիկ այգիներով զարդարված Գալիլեայում, հանգստանում է դրա խաղողի թփերի տակ, հիանում Գալիլիայի կույսերի գեղեցկությամբ: Իր հասունության շրջանում մկրտվում է Հովհաննես Մկրտչի կողմից, ընկնում նրա ուսուցման ազդեցության տակ. մասնավորաբար, այն համոզմամբ, թե «քո կառուցածը ոչ ոք չի քանդի»: Ոգևորված Հավհաննեսի խոսքերից` ոտքի է կանգնում Երուսաղեմի և նրա հոգևոր ու աշխարհիկ նվիրապետական խավի դեմ, քարոզում սրտի ու սիրո համայնք, սակայն վերջում, անկարող լինելով շարունակել պայքարը, «պարտվում է» և խաչվում:
Ռենանի այս ստեղծագործությունը նույնպես ենթարկվում է Կաթոլիկ եկեղեցու քննադատությանը, ինչը կանխում է հետագայում նմանատիպ այլ ստեղծագործությունների առաջ գալը: Ռենանից հետո, եթե անգամ ստեղծվում են ավետարանական թեմաներով գործեր, ապա զգուշավորությունից ելնելով, հեղինակները Քրիստոսին թողնում են կադրից այն կողմ: Այսպիսով, ռեալիզմի շրջանի հեղինակներից ոչ ոքի չհաջողվեց ստեղծել մի «նոր» Քրիստոս, քանի որ դրա համար, ինչպես ավետարանիչների պարագային էր, պետք էր աստվածային ներշնչանք:

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 3-րդ համարից

Պատրաստեց Հարություն սրկ. Քեշիշյանը