Առակ հարստության և երջանկության մասին

Հինգ Շին հարուստ մարդ չէր, ընդ որում, նա ուներ բարգավաճող դպրոց, որտեղ ուսանում էին Չինաստանի բոլոր տեղերից եկած պատանիներ: Մի անգամ աշակերտներից մեկը հարցրեց նրան.«Ուսուցիչ քո փառքը որոտում է ամբողջ երկրով մեկ, դու կարող էիր լինել հարուստ մարդ, ով չգիտի վաղվա օրվա հոգսի մասին: Ինչու՞ դու չես ձգտում հարստության»: «Ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է կյանքի համար, -պատասխանեց Հինգ Շինը»: «Բայց դու կարող էիր ունենալ ավելի շատ, -առարկեց աշակերտը»: «Մարդ, ով իր շուրջը հավաքում է անչափ բարիքներ նման է ճամփորդի, որը ճանապարհին հավաքել է ամեն արժեքավոր բան, ինչ-որ հանդիպել էր իրեն. հետո այն տանում էր՝ կքվելով իր բեռի ծանրության տակ: Երբ ինքը գրեթե հասավ իր նպատակին, պարզվեց, որ իր ճանապարհը խոչընդոտում էր բարձր մի պատ, ինչը պետք էր անհապաղ հաղթահարել: Սակայն այն չէր կարելի ո՛չ շրջանցել, ո՛չ էլ ջարդել, այլ միայն վրայով անցնել, այն էլ՝ թողնելով ամեն ինչ: Բայց այդ մարդն այլընտրանք չուներ, դրա համար պատի մոտ թողեց այն ամենը, ինչ այդպես ծանր կրում էր իր մեջքի վրա»: Հինգ Շին մի փոքր դադար վերցրեց, այնուհետև ավելացրեց. «Մենք այս աշխարհ ենք գալիս դատարկ ձեռքերով և հեռանում՝ թողնելով ամեն բան, ինչ ձեռք ենք բերել: Ուրեմն, իմաստ կա՞ հավաքել այն, (բացի միայն ագահությունից դրդված) ինչի անհրաժեշտությունը չկա, իմանալով, որ հետո ոչ միայն պիտի այդ ծանր բեռը կրես քեզ վրա, այլ թողնես այն քո ճանապարհի վերջում: Ավելի լավ չէ՞ քո ճանապարհն անցնես թեթև»:

Ռուսերենից թարգմանեց Հովհաննես սարկավագ Ասատրյանը