Իմաստութիւն Սողոմոնի 6.11-21։ Երեմիա 17.7-8։ Հռոմէացիներ 8.18-26։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1-4։
Իմաստութիւն Սողոմոնի
11Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ, եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն։ 12Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէ՛ք։ 13Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներինեւ հեշտ է գտնւում փնտռողներից։ 14Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ աւելի շուտ ճանաչուելու համար։ 15Ով վաղ է ելնում նրան փնտռելու, նա չի չարչարուի, որովհետեւ դեգերելիս կը գտնի այն իր դռան մօտ։ 16Նրա մասին մտածելն արդէն կատարեալ իմաստութիւն է, եւ ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կը թեթեւանայ հոգսից։ 17Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն։ 18Իմաստութեան սկիզբը իմաստութիւն սովորելու ճշմարիտ ցանկութիւնն է. 19իսկ սովորելու ցանկութիւնը նրա նկատմամբ տածած սէրն է, նրա օրէնքների պահպանութիւնը գութն է, նրա օրէնքների իւրացումը՝ անեղծութեան հաստատունութիւնը։ 20Իսկ անեղծութիւնը մարդուն մօտեցնում է Աստծուն, 21եւ իմաստութեան ցանկութիւնը տանում է դէպի արքայութիւն։
Երեմիա
7Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կը դնի, որ Տէրը նրա յոյսը կը դառնայ։ 8Նա կը լինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կը ձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի՝ չի վախենայ.նրա սաղարթն անտառի պէս կը տարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց։
Հռոմէացիներ
18Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ. 19որովհետեւ ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը, 20քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց) 21այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար. 22քանզի գիտենք, որ բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ. 23եւ ոչ միայն այսչափ. այլ եւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրութեանը՝ մեր մարմնի փրկութեանը. 24որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է, էլ ինչո՞ւ յուսայ. 25իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն՝ համբերութեամբ սպասում ենք դրան։ 26Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
16 «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք։ 2Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում։ 3Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ։ 4Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»։