Առակներ 3.1-6։ Երեմիա 17.7-8։ Բ Տիմոթէոս 2.3-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 19.27-29։
Առակներ
3 Որդեա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները եւ իմ խօսքերը պահի՛ր քո սրտում, 2որպէսզի երկարեն քո կեանքի օրերն ու կենդանութեանդ տարիները եւ խաղաղութիւն աւելացնեն։ 3Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ, եւ դու շնորհ կը գտնես։ 4Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհի՛ր բարու մասին։ 5Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծու վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ։ 6Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, որպէսզի նա ուղղի քո ճանապարհները, եւ ոտքդ չսայթաքի։
Երեմիա
7Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կը դնի, որ Տէրը նրա յոյսը կը դառնայ։ 8Նա կը լինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կը ձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի՝ չի վախենայ.նրա սաղարթն անտառի պէս կը տարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց։
Բ Տիմոթէոս
3 Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը: 4 Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի: 5 Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի: 6 Եւ չարաչար աշխատող հողագո՛րծը նախ պէտք է վայելի պտղից: 7 Իմացի՛ր՝ ինչ ասում եմ: Թող Տէրը քեզ իմաստութիւն տայ ամէն ինչում: 8 Յիշի՛ր մեռելներից յարութիւն առած Քրիստոս Յիսուսին՝ Դաւթի ցեղից, իմ քարոզած Աւետարանի համաձայն, 9 որի համար չարչարւում եմ եւ շղթայուած իսկ եմ, ինչպէս չարագործը. բայց Աստծու խօսքը շղթայուած չէ: 10 Դրա համար ամէն ինչի համբերում եմ ընտրեալների սիրուն, որպէսզի նրանք էլ հասնեն փրկութեան եւ երկնային փառքին, որ Քրիստոս Յիսուսի միջոցով է:
11 Ճիշտ է այս խօսքը, թէ՝
«Եթէ Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ պիտի ապրենք.
12 եթէ համբերենք, նրա հետ էլ պիտի թագաւորենք.
եւ եթէ ուրանանք, նա էլ մե՛զ պիտի ուրանայ.
13 եւ եթէ հաւատարիմ չմնանք, նա հաւատարիմ է մնում,
որովհետեւ ինքն իրեն ուրանալ չի կարող»:
14 Այս բաները յիշեցրո՛ւ նրանց՝ վկայութիւն տալով Աստծու առաջ, որ բանակռիւներ չմղեն, որոնք ոչ մի բանի օգտակար չեն, այլ կործանում են լսողներին:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
27Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ՚ունենանք»։ 28Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին։ 29Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի։