«Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ
արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը»:
Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ
Հայ ժողովուրդը պաշտում է գիրքը, փաղաքշում, գուրգուրում է ձեռագիր և տպագիր խոսքը: Գիրքը ձեռքն առնում է հացի պես և վստահ է, հավատում է, որ հայեցի տեսակի հարատևության գաղտնիքը գիրքն է՝ հոգևոր պահեստարանը:
Այսօր էլ հասարակության մեջ քիչ չեն այն մարդիկ, ովքեր մեղվի նման ջանադիր՝ հավաքում, գտնում, կուտակում են գիրք գրքի կողքին, շարում՝ զինվորների պես, գծագրում, շինում՝ հայագիտական և մասնագիտական ընտիր հրատարակությունների գրադարան-բանակ:
Վստահ ենք, որ ավետարանական «ոչ միայն հացիվ»-ին հավատարիմ, համոզված՝ ապագա բոլոր պատերազմներում հաղթանակ է տոնելու այն բանակը, որը զինված է հոգևոր զենքով. աներկբա է, որ ՀԱՅ ԳՐԱԴԱՐԱՆ-ԲԱՆԱԿԸ մեզանում ամենաարդիականն է ու ամենամարտունակը:
Հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմուք է դրսևորել գրքերի մեկենասների և նվիրատուների նկատմամբ, որոնց շնորհիվ՝ սկզբում ձեռագիր, ապա՝ տպագիր գիրքը կյանք է առել և առնում, հանրայանացվում և հասանաելի դառնում յուրաքանչյուրին: Այսօր գիրք նվիրելու սովորությունը կարևոր է հատկապես մատաղ սերնդի մեջ գրքասիրությունը և ընթերցանությունը ամրապնդելու և խթանելու տեսանկյունից:
Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է նվիրաբերել հայագիտական, պատմագիտական, աղբյուրագիտական, մատենագիտական, բնույթի պատկառելի գրականություն (շուրջ 6000 միավոր):
Նվիրաբերված հավաքածուն հատկապես արժեքավոր է հայալեզու և օտարալեզու հայագիտական, պատմագրական, պատմագիտական, աղբյուրագիտական և մատենագիտական կարևոր հրատարակություններով, հայերեն և օտարալեզու տարբեր արժեքավոր բառարաններով, հանրագիտարաններով, ինչպես նաև մի շարք կարևոր պարբերականների հավաքածուներով:
Հավաքածուի մեջ կարևորում ենք հատկապես ԺԹ դարի և Ի դարի առաջին տասնամյակների հրատարակությունները, որոնք այսօր առկա չեն բազմաթիվ հայագիտական կենտրոններում և հանրային գրադարաններում և իրենց եզակիությամբ համարվում են հազվագյուտ հրատարակություններ: Կարևոր է շեշտել, որ հավաքածու մեջ ներառված են հայ պատմագրական երկերը՝ առաջին, լավագույն և քննական հրատարակություններով, ինչպես նաև կարևորագույն պատմագիտական ուսումնասիրությունները:
Հավաքածուի գրքերը համապատասխան գրադարանային մշակումներից հետո, սեղմ ժամկետներում հասանելի կլինեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ընթերցողներին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան»
Մատենադարանի տնօրենություն