ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա
1
ԵՂԿԱՆԱՆ ԵՒ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԸ ՍԵԼՈՎՈՒՄ
1 Արիմաթէմ Սիբայից՝ Եփրեմի լեռից եկած Եղկանա անունով Նասիբ Եփրեմցի մի մարդ կար: Նա Թոկիի որդի Հեղիի որդի Յերեմիէլի որդին էր:
2 Նա երկու կին ունէր. մէկի անունն էր Աննա, իսկ երկրորդինը՝ Փեննանա: 3 Փեննանան ունէր որդիներ, իսկ Աննան որդի չունէր: Այդ մարդը տարէցտարի ելնում էր իր Արիմաթէմ քաղաքից, գնում էր Սելով զօրութիւնների Տէր Աստծուն երկրպագելու եւ զոհ մատուցելու: Այնտեղ էին նաեւ Հեղին եւ նրա երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը, որոնք Տիրոջ քահանաներն էին: 4 Եղկանան իր զոհ մատուցած օրը իր կին Փեննանային, նրա որդիներին ու դուստրերին բաժիններ տուեց: 5 Իսկ Աննային մէկ337 բաժին տուեց, քանզի նա որդի չունէր: Եղկանան, սակայն, Աննային առաւել էր սիրում, քան Փեննանային, քանզի Տէրը փակել էր նրա արգանդը, որպէսզի նրան որդի չպարգեւելով՝ տառապանք ու տրտմութիւն պատճառի նրան: 6 Եղկանան տրտմել էր, որ Տէրը փակել էր նրա արգանդը, որպէսզի նրան որդի չպարգեւի: 7 Նա ամէն տարի Տիրոջ տունը գալով՝ այդպէս էր վարւում, բայց Աննան տրտմում էր, լալիս եւ ոչինչ չէր ուտում: 8 Նրա ամուսին Եղկանան ասաց նրան. «Աննա»: Սա ասաց. «Այստեղ եմ, տէ՛ր»: Եղկանան ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ չես ուտում, եւ ինչո՞ւ է հոգիդ ալեկոծւում, մի՞թէ ես քեզ համար տասը որդուց լաւ չեմ»:
ԱՆՆԱՆ ԵՒ ՀԵՂԻՆ
9 Նրա հետ ուտելուց յետոյ Աննան եկաւ Սելով ու կանգնեց Տիրոջ առջեւ: 10 Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրայ, Տիրոջ տաճարի սեմի մօտ: Նա վշտահար հոգով աղօթեց Տիրոջը ու դառնօրէն լաց եղաւ եւ ասաց. 11 «Իսրայէլի Տէ՛ր Աստուած, զօրութիւնների՛ Տէր, եթէ կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ յիշես ու արու զաւակ տաս քո աղախնին, մինչեւ նրա մահուան օրը քեզ կը նուիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի եւ նրա գլխին ածելի չի դիպչի»:
12 Նա երկար աղօթեց Տիրոջ առաջ, եւ Հեղի քահանան հետեւելով նրա շրթունքներին՝ նկատեց, որ աղօթում է մտքում. շրթունքները չէին շարժւում: 13 Ձայնը լսելի չէր, բայց Տէրը լսեց նրան: 14 Հեղին կարծեց, թէ նա հարբած է, ուստի Հեղիի սպասաւորն ասաց Աննային. «Մինչեւ ե՞րբ հարբած վիճակում ես մնալու, սթափուի՛ր գինովութիւնից ու գնա հեռացի՛ր Տիրոջ առջեւից»: 15 Պատասխան տալով Աննան ասաց. «Ո՛չ, Տէ՛ր, այդպէս չէ: Ես վշտացած սրտով կին եմ: Ո՛չ գինի եմ խմել, ո՛չ էլ հարբած եմ: Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջեւ: 16 Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմութիւնից եւ իմ տխրութիւնից մտամոլոր կանգնել եմ մինչեւ այժմ»: 17 Պատասխան տուեց Հեղին եւ ասաց. «Գնա՛ խաղաղութեամբ եւ Իսրայէլի Աստուածը թող կատարի նրանից հայցած քո բոլոր խնդրանքները»: 18 Աննան ասաց. «Քո աղախինը շնորհ գտաւ քո առաջ»: Եւ կինը գնաց իր ճանապարհով, մտաւ իր կացարանը, կերաւ ու խօսեց իր ամուսնու հետ, եւ իր երեսից վերացաւ տխրութիւնը:
ՍԱՄՈՒԷԼԻ ԾՆՈՒՆԴԸ ԵՒ ԸՆԾԱՅՈՒՄԸ
19 Առաւօտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը եւ գնացին իրենց ճանապարհով: Եղկանան մտաւ Արիմաթէմում գտնուող իր տունը ու մերձեցաւ իր կնոջը՝ Աննային: 20 Տէրը նրան յիշեց, եւ կինը յղիացաւ: Երբ ժամանակը հասաւ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուէլ՝ ասելով, թէ՝ «Նրան զօրութիւնների Տէր Աստծուց եմ խնդրել»:
21 Նրա ամուսինը՝ Եղկանան ու իր ամբողջ ընտանիքը եկան Սելով՝ տարուայ զոհը մատուցելու: 22 Նա իր ուխտ արած ընծաներն ու ամբողջ ունեցուածքի տասանորդը ընծայեց: Բայց Աննան չգնաց նրա հետ եւ ասաց իր ամուսնուն. «Մնամ այստեղ, մինչեւ մանկանը կրծքից կտրեմ, ապա կը տանեմ նրան, որ ներկայանայ Տիրոջ առջեւ եւ այնտեղ ծառայի ընդմիշտ»: 23 Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպէս, ինչպէս յարմար ես գտնում. նստի՛ր այստեղ մինչեւ նրան կտրես կրծքից: Թող Տէրը կատարի այն, ինչ ելաւ քո բերանից»: Կինը նստեց եւ կերակրեց իր որդուն, մինչեւ նրան կրծքից կտրելը:
24 Դրանից յետոյ նրանք գնացին Սելով՝ իրենց հետ վերցնելով երեք տարեկան մի զուարակ, կլոր հացեր, մէկ արդուի չափ ընտիր ալիւր եւ մի սափոր գինի: Նրանք մտան Սելովում գտնուող Տիրոջ տունը: Մանուկն իրենց հետ էր: 25 Նրանք նրան ընծայեցին Տիրոջը: Նրա հայրը մորթեց զոհը, որ ամէն տարի մատուցում էր Տիրոջը: Նա մօտ բերեց մանկանը եւ մորթեց զուարակը մանկան փրկութեան համար: 26 Աննան՝ մանկան մայրը, նրան տարաւ Հեղիի մօտ՝ ասելով. «Աղաչում եմ, տէ՛ր իմ, ինչպէս ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպէս էլ ճիշտ է, որ ես այն կինն եմ, որ կանգնել էի քո առջեւ եւ Տիրոջն էի աղօթում ահա այս մանկան համար: 27 Տէրը կատարեց իրենից հայցած իմ խնդրանքը: 28 Արդ, իբրեւ դրա հատուցում, նրան նուիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»:
Եւ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը:
2
ԱՆՆԱՅԻ ԱՂՕԹՔԸ
1 Աննան աղօթել սկսեց ու ասաց.
«Սիրտս ամրացաւ իմ Տիրոջ շնորհիւ,
գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիւ338,
բերանս լայն բացուեց իմ թշնամիների դէմ,
ուրախ եղայ, որ փրկեցիր ինձ:
2 Տիրոջ նման սուրբ չկայ,
մեր Աստծու նման արդար չկայ,
3 եւ քեզանից բացի սուրբ չկայ:
Մի՛ պարծենաք ու մի՛ խօսէք ամբարտաւան բաներ,
մեծախօսութիւն թող չլսուի ձեր բերանից,
քանզի Աստուած իմացութիւնների Տէրն է,
եւ նա՛ է պատրաստում իր զարմանահրաշ գործերը:
4 Հզօրների աղեղները տկարացան,
իսկ տկարները զօրութիւն ստացան:
5 Հացով կշտացածները հիւծուեցին,
իսկ քաղցածները երկրում բնակուեցին,
ամուլը եօթը որդի ծնեց,
իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց:
6 Տէրն է սպանում եւ ապրեցնում,
իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից:
7 Տէրն է աղքատացնում ու հարստացնում,
ստորացնում ու բարձրացնում:
8 Գետնից բարձրացնում է տնանկին,
աղքատին հանում աղբանոցից,
որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ
ու փառքի գահին բազմեցնի նրանց:
9 Նա ուխտաւորի ուխտն է կատարում,
արդարների տարիներն է օրհնում:
Ուժեղն իր շնորհքով չէ, որ հզօր է:
Տէրը տկարացնում է իր հակառակորդներին:
Տէրը սուրբ է:
Ո՛չ իմաստունը թող պարծենայ իր իմաստութեամբ,
ո՛չ հզօրն իր զօրութեամբ,
ո՛չ էլ մեծատունն իր հարստութեամբ:
Պարծեցողը պէտք է պարծենայ նրանով,
որ իմանում ու ճանաչում է Տիրոջը,
երկրում իրաւունք եւ արդարութիւն է գործադրում:
10 339 Տէրը երկինք ելաւ ու որոտաց,
ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով,
զօրութիւն տալու մեր թագաւորներին
եւ զօրավիգ լինելու իր օծեալին»:
11 Եւ նրանք մանկանը թողնելով այնտեղ՝ Տիրոջ առջեւ, գնացին Արիմաթէմ, իրենց տունը:
Մանուկ Սամուէլը Հեղի քահանայի մօտ Տիրոջն էր ծառայում:
ՀԵՂԻԻ ՈՐԴԻՆԵՐԸ
12 Հեղի քահանայի որդիները, սակայն, անզգամ էին եւ չէին ճանաչում Տիրոջը: 13 Զոհ մատուցելիս քահանան ժողովրդից պահանջում էր հետեւեալը. միսը եփուելիս քահանայի սպասաւորը, եռաժանի պատառաքաղը ձեռքին պիտի գար, այն մտցնէր տաշտի, պղնձէ մեծ կաթսայի կամ պտուկի մէջ, եւ ինչ որ հանէր մեծ պատառաքաղն այնտեղից, պէտք է պատկանէր քահանային: 14 Այսպէս էին վարւում բոլոր իսրայէլացիների զոհերի հետ, որոնք գալիս էին զոհեր մատուցելու Սելովում, Տիրոջ տանը: 15 Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասաւորը եւ ասում զոհ մատուցողին. «Քահանային խորովելու միս տո՛ւր, եւ ես կաթսայում եփուող մսից չեմ առնի»: 16 Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրուի, ինչպէս օրէնքն է, ապա ա՛ռ այնքան, ինչքան սիրտդ ցանկանայ»: 17 Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, ապա թէ ոչ՝ բռնի կ՚առնեմ»: Այդ երիտասարդների մեղքերը շատ էին Տիրոջ առաջ:
ՍԱՄՈՒԷԼԸ ՍԵԼՈՎՈՒՄ
18 Մանուկ Սամուէլը, քաթանէ վակաս հագած, Տիրոջ առջեւ ծառայութիւն էր անում: 19 Մայրն ամէն տարի կարճ վերարկու էր պատրաստում ու բերում նրան, երբ իր ամուսնու հետ բարձրանում էր ամենամեայ զոհը մատուցելու: 20 Հեղին օրհնելով Եղկանային ու նրա կնոջը՝ ասաց. «Տիրոջը քո նուիրած այս մանկան փոխարէն Տէրը քեզ թող այդ կնոջից զաւակներ պարգեւի»: Եւ Եղկանան գնաց իր բնակավայրը: 21 Տէրն այցելեց Աննային, սա յղիացաւ ու ծնեց եւս երեք տղայ ու երեք աղջիկ:
Մանուկ Սամուէլն էլ մեծացաւ Տիրոջ առջեւ:
ՀԵՂԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՈՐԴԻՆԵՐԻՆ
22 Հեղին շատ էր ծերացել եւ տեղեակ էր այն ամենին, ինչ նրա որդիներն անում էին իսրայէլացիների նկատմամբ եւ թէ ինչպէս պառկում էին ուխտաւոր կանանց հետ վկայութեան խորանի դռան մօտ: 23 Նա նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այնպիսի բաներ անում, որ ես այդ բաները լսեմ Տիրոջ ամբողջ ժողովրդի բերանից: 24 Մի՛ արէք, որդեակնե՛ր, իմ լսած լուրը բարի չէ, դուք Աստծու ժողովրդին չէք ծառայում: 25 Եթէ մարդը մեղանչում է մարդու դէմ, ապա պէտք է աղօթի Տիրոջը, իսկ եթէ Տիրոջ դէմ է մեղանչում, ո՞վ պէտք է նրա համար աղօթի»: Նրանք սակայն չէին լսում իրենց հօր խօսքերը, քանզի Տէրը ուզում էր կործանել նրանց:
26 Եւ մանուկ Սամուէլը շարունակում էր մեծանալ եւ հաճելի էր դառնում Տիրոջն ու մարդկանց:
27 Աստծու հրեշտակը եկաւ Հեղիի մօտ եւ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Երբ քո հօր նախնիները Եգիպտացիների երկրում փարաւոնի տանը ստրուկ էին, քո հօր տանը յայտնապէս երեւացի 28 եւ Իսրայէլի բոլոր ազգատոհմերի միջից ընտրեցի քո հօ՛ր տունը, որպէսզի նրանք ինձ համար քահանայագործեն, որ իմ զոհասեղանին բարձրանան, խունկ ծխեն, իմ առջեւ վակաս հագնեն: Ես քո հօր սերունդներին իբրեւ կերակուր եմ տուել իսրայէլացիների մատուցած բոլոր ողջակէզներն ու զոհերը: 29 Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին եւ ինձանից աւելի ես փառաւորում քո որդիներին, այն աստիճան, որ նրանք յանդգնում են օրհնել իսրայէլացիների՝ ինձ մատուցած ամէն տեսակի զոհերը”: 30 Ահա թէ ինչու Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է կարգադրում. “Ասել եմ, որ քո տունը եւ քո հօր տունը իմ առջեւ պէտք է ծառայեն յաւիտեան, սակայն հիմա Տէրն ասում է. “Հիմա այդպէս թող չլինի. քանզի ես փառաւորելու եմ ինձ փառաւորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”: 31 Ահա օրեր պիտի գան, երբ պիտի սպանեմ քո սերնդին եւ քո հօր տան սերնդին, որպէսզի ծեր չլինի քո տան մէջ: 32 Ու ողբագին պիտի նայես այն բոլոր բարութիւններին, որ Տէր Աստուածն անելու է Իսրայէլին, եւ քո տան մէջ բնաւ ծեր չի լինելու: 33 Միայն մէկի՛ն պիտի թողնեմ իմ զոհասեղանի մօտ, որպէսզի նուաղեն նրա աչքերը, եւ հալումաշ լինի նրա սիրտը: Քո տան բոլոր մնացեալ անդամները ընկնելու են մարդկանց սրով: 34 Թող քեզ նշան լինի այս բանը, որ գալու է քո երկու որդիների՝ Օփնիի եւ Փենեէսի գլխին. նրանք երկուսն էլ նոյն օրն են մեռնելու: 35 Ես ինձ համար հաւատարիմ մի քահանայ մէջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամէնը, ինչ կայ իմ մտքում եւ հոգում: Նրա սերունդը հաստատուն պիտի պահեմ, որ միշտ իմ օծեալի առջեւ ծառայի: 36 Այնպէս պիտի լինի, որ քո տնից ով կենդանի մնայ, մի արծաթի չնչին կտորի եւ մի նկանակ հացի համար գայ նրան երկրպագելու եւ ասի. “Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտօն տո՛ւր, որ մի պատառ հաց ուտեմ”»:
3
ԱՍՏՈՒԱԾ ՄԱՐԳԱՐԷ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ՍԱՄՈՒԷԼԻՆ
1 Պատանի Սամուէլը Հեղի քահանայի առջեւ Տիրոջը ծառայութիւն էր անում: Այդ օրերին Տիրոջ խօսքը հազուագիւտ էր, եւ տեսիլք չկար, որ գուշակուէր340: 2 Եւ պատահեց, որ այդ ժամանակ Հեղին ննջում էր իր սենեակում. նրա աչքերն սկսել էին տկարանալ, ու նա չէր կարողանում տեսնել: 3 Աստծու տաճարի ճրագը դեռ չէր հանգել, եւ Սամուէլը ննջում էր Տիրոջ տաճարում, ուր գտնւում էր Աստծու տապանակը: 4 Տէրը կանչեց՝ ասելով. «Սամուէ՛լ, Սամուէ՛լ»: Սա պատասխանեց. «Ահա այստեղ եմ»: 5 Նա Հեղիի մօտ վազելով՝ ասաց. «Ահա ես այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ»: Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր ու քնի՛ր»: 6 Նա վերադարձաւ ու քնեց: Տէրը կրկին կանչեց. «Սամուէ՛լ, Սամուէ՛լ»: Վեր կացաւ Սամուէլը, երկրորդ անգամ գնաց Հեղիի մօտ ու ասաց. «Ահա այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ»: Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդեա՛կ իմ, վերադարձի՛ր ու քնի՛ր»: 7 Սամուէլը, նախ, անծանօթ էր Տիրոջը, եւ Տիրոջ խօսքը նրան դեռ չէր յայտնուել: 8 Նորից՝ երրորդ անգամ Տէրը կանչեց Սամուէլին, որը վեր կացաւ, գնաց Հեղիի մօտ եւ ասաց. «Ահա այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ»:
9 Հեղին հասկացաւ, որ Տէրն է կանչում պատանուն: Հեղին ասաց Սամուէլին. «Վերադարձի՛ր, որդեա՛կ, ու ննջի՛ր: Եւ եթէ որեւէ մէկը քեզ կանչի, կ՚ասես. “Խօսի՛ր, Տէ՛ր, քո ծառան լսում է”»: 10 Գնաց Սամուէլն ու պառկեց իր տեղում: Տէրն եկաւ, կանգնեց եւ, ինչպէս նախորդ անգամները, կանչեց նրան. «Սամուէ՛լ, Սամուէ՛լ»: 11 Սամուէլն ասաց. «Խօսի՛ր, Տէ՛ր, քո ծառան լսում է»: Տէրն ասաց Սամուէլին. «Ահա ես Իսրայէլի մէջ այնպիսի բաներ պիտի անեմ, որ, ով լսի դրանք, ականջները պիտի զնգան: 12 Այդ օրը Հեղիի նկատմամբ պիտի կատարեմ այն ամէնը, ինչ նրա տան համար ասել եմ, սկզբից մինչեւ վախճանը: 13 Ինչպէս ասել եմ իրեն, իր որդիների գործած անօրէնութիւնների համար մինչեւ վերջ իր սերնդից վրէժ պիտի լուծեմ, որովհետեւ իր որդիները Աստծուն էին անարգում, իսկ նա նրանց չէր յանդիմանում: 14 Աւելին. երդուել եմ Հեղիի տան վրայ, որ նրա տան անօրէնութիւնը խնկերով եւ զոհերով քաւութիւն չի ստանալու յաւիտեան»:
15 Սամուէլը ննջեց մինչեւ առաւօտ եւ վաղ առաւօտեան, զարթնելով, բացեց Տիրոջ տան դռները: 16 Սամուէլը վախեցաւ տեսիլքը պատմել Հեղիին: 17 Հեղին Սամուէլին ասաց. «Սամուէ՛լ, որդեա՛կ»: Սա ասաց. «Ահա այստեղ եմ»: Նա ասաց. «Ինչ խօսքեր որ քեզ ասաց Տէրը, մի՛ թաքցրու ինձանից: Աստուած քեզ թող առաւել պատժի, եթէ քո ականջին ասուած խօսքերից որեւէ բան թաքցնես ինձանից»: 18 Սամուէլն ամէն ինչ պատմեց նրան՝ նրանից ոչինչ չթաքցնելով: Հեղին ասաց. «Տէրը թող անի այն, ինչ բարի է իր համար»:
19 Սամուէլը մեծացաւ, Տէրը նրա հետ էր, եւ նրա ասած խօսքերից ոչ մէկը գետնին չմնաց: 20 Ամբողջ Իսրայէլը, Դանից մինչեւ Բերսաբէէ, իմացաւ, որ Սամուէլը դարձել է Տիրոջ մարգարէ: 21 Տէրը կրկին երեւաց Սելովում: Տէրը Սամուէլին երեւաց ըստ իր ասած խօսքի: Սամուէլը հաւատարմութեամբ դարձաւ Տիրոջ մարգարէն ամբողջ Իսրայէլի մէջ, երկրի մի ծայրից միւսը: Հեղին շատ էր ծերացել, իսկ որդիները շարունակում էին իրենց ընթացքը, եւ նրանց ճանապարհը չար էր:
4
ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԻ ԳԵՐԵՎԱՐՈՒՄԸ
1 Այդ օրերին այլազգիները341 յարձակուեցին Իսրայէլի վրայ: Իսրայէլը նրանց դէմ պատերազմի ելաւ եւ Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում: 2 Այլազգիները ճակատամարտ տուին Իսրայէլի դէմ, պատերազմն սկսուեց, եւ Իսրայէլը այլազգիներից պարտուեց: 3 Ռազմի դաշտում չորս հազար զինուոր ընկաւ: Երբ զօրքը վերադարձաւ բանակատեղի, Իսրայէլի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տէրն այսօր մեզ պարտութեան մատնեց այլազգիների առաջ: Սելովից մեզ մօտ բերենք մեր Աստծու ուխտի տապանակը, որ մեզ մօտ լինի ու մեզ փրկի մեր թշնամիների ձեռքից»: 4 Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբէների միջեւ նստած զօրութիւնների Տիրոջ ուխտի տապանակը: Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը, Աստծու ուխտի տապանակի հետ գնացին: 5 Երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակատեղի բերուեց, ամբողջ Իսրայէլը մեծաձայն աղաղակեց, եւ երկիրը թնդաց: 6 Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղաղակ է եբրայեցիների բանակատեղիում»: 7 Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի: Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստուածները եկել են բանակատեղի: Փրկի՛ր մեզ այսօր, Տէ՛ր: 8 Վա՜յ մեզ, քանզի այսպիսի բան չկար երէկ ու նախորդ օրը: Վա՜յ մեզ, ո՞վ կը փրկի մեզ այդ հզօր աստուածների ձեռքից: Սրանք այն աստուածներն են, որ Եգիպտոսին ամէն տեսակ հարուածներ հասցրին նաեւ ամբողջ անապատում: 9 Գօտեպնդուեցէ՛ք եւ տղամա՛րդ եղէք, ո՛վ այլազգիներ, չլինի թէ ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչպէս որ ձեզ նրանք ստրուկ եղան: Տղամա՛րդ եղէք եւ պատերազմեցէ՛ք նրանց դէմ»: 10 Այլազգիները պատերազմեցին նրանց դէմ, եւ բոլոր իսրայէլացիները փախան դէպի իրենց յարկերը: Շատ մեծ կոտորած եղաւ, եւ իսրայէլացիներից երեսուն հազար հետեւակ ընկաւ: 11 Աստծու տապանակը գերուեց, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը սպանուեցին:
ՀԵՂԻԻ ՄԱՀԸ
12 Այդ օրը մի համինացի մարդ բանակատեղիից վազելով եկաւ Սելով: Նա պատառոտել էր իր զգեստները եւ գլխին հող ածել: 13 Երբ հասաւ, Հեղին տաճարի դռան առաջ նստած էր աթոռին ու ճանապարհին էր նայում, քանզի նրա սիրտը տագնապի մէջ էր Աստծու տապանակի համար: Այդ մարդը քաղաք մտնելով գոյժը հաղորդեց, ու քաղաքն աղաղակեց: 14 Հեղին, լսելով աղաղակը, ասաց. «Այդ ի՞նչ աղաղակ է»: Մարդն շտապ եկաւ, որ գոյժը հաղորդի Հեղիին: 15 Հեղին իննսունութ տարեկան էր, աչքերն այնքան էին տկարացել, որ չէր տեսնում: Հեղին իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Այս ի՞նչ աղաղակ է»: 16 Մարդը շուտափոյթ մտաւ Հեղիի մօտ եւ ասաց նրան. «Ես եկել եմ բանակից, ռազմադաշտից այսօր եմ փախել»: Հեղին ասաց. «Ի՞նչ է պատահել, որդեա՛կ, պատմի՛ր ինձ»: 17 Պատանին պատասխանեց. «Իսրայէլացիները այլազգիների առջեւից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկուեց, քո երկու որդիները՝ Օփնին եւ Փենեէսը, սպանուեցին, իսկ Աստծու տապանակը գերուեց»: 18 Եւ երբ նա յիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից յետ ընկաւ դռան մօտ, նրա ողնաշարը ջարդուեց եւ մեռաւ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր: Նա Իսրայէլի մէջ քսան տարի դատաւորութիւն էր արել:
ՓԵՆԵԷՍԻ ԿՆՈՋ ՄԱՀԸ
19 Հեղիի հարսը՝ Փենեէսի կինը, յղի էր, ծննդաբերելու օրերը մօտ էին, եւ երբ Աստծու տապանակի գերուելու եւ իր սկեսրայրի ու ամուսնու մահուան լուրը լսեց, լաց եղաւ ու ծնեց, քանզի երկունքի ցաւերը պատել էին նրան: 20 Երբ նա մեռնում էր, նրան շրջապատող կանայք ասացին. «Մի՛ վախեցիր, քանզի տղայ ծնեցիր»: Նա պատասխան չտուեց եւ ուշադրութիւն չդարձրեց: 21 Աստծու տապանակի, սկեսրայրի եւ իր ամուսնու պատճառով մանկանը կոչեցին «Վայ քաբոթ»342 ՝ 22 ասելով. «Իսրայէլի փառքը վերացաւ», որովհետեւ Տիրոջ տապանակը գերուեց, նրա սկեսրայրն ու ամուսինը մեռան:
5
ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ
1 Այլազգիները Աստծու տապանակը վերցրին ու այն Աբենեզերից տարան Ազոտոս: 2 Այլազգիները Տիրոջ տապանակը դրեցին Դագոնի տաճարը եւ կանգնեցրին Դագոնի կողքին: 3 Յաջորդ օրը վաղ առաւօտեան զարթնեցին ազոտացիները, մտան Դագոնի տաճարը եւ տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջեւ երեսնիվայր ընկած է: Նրանք բարձրացրին Դագոնը եւ դրեցին իր տեղը: Տիրոջ ձեռքը բարձրացաւ ազոտացիների վրայ: Նա չարչարեց Ազոտոսի ամբողջ տարածքում ապրող մարդկանց, թութքով հիւանդացրեց նրանց343:
4 Երբ յաջորդ առաւօտ նորից կանուխ զարթնեցին, տեսան, որ Դագոնը Տիրոջ ուխտի տապանակի առջեւ երեսնիվայր ընկած է, Դագոնի գլուխն ու ոտքի344 երկու թաթերը ջարդուած են ու գետնին ցրուած, ձեռքի երկու դաստակները ընկած են դռան սեմին. Դագոնի միայն իրանն էր մնացել: 5 Այդ պատճառով է, որ Դագոնի քրմերն ու բոլոր նրանք, ովքեր մտնում են Դագոնի տաճարը, մինչեւ օրս Ազոտոսի Դագոնի տաճարի սեմին ոտք չեն դնում, այլ ցատկելով վրայից են անցնում: 6 Եւ Տիրոջ ձեռքը բարձրացաւ Ազոտոսի վրայ, թութքով հիւանդացրեց նրանց, նրանց դաշտերում վխտալ տուեց մկներին, եւ քաղաքում մահառիթ սոսկում առաջացաւ:
7 Այս դէպքը տեսնելով՝ Ազոտոսի բնակիչներն ասացին. «Աստծու տապանակը թող չմնայ մեզ մօտ, քանզի նրա ձեռքը բարձրացաւ մեր եւ մեր աստծու՝ Դագոնի վրայ»: 8 Նրանք մարդ ուղարկեցին եւ այլազգիների բոլոր իշխաններին իրենց մօտ հաւաքելով՝ ասացին. «Ինչ անենք Իսրայէլի Աստծու տապանակը»: Գէթացիները ասացին. «Իսրայէլի Աստծու տապանակը թող մեզ մօտ փոխադրուի»: Եւ Աստծու տապանակը փոխադրուեց Գէթ: 9 Երբոր տապանակը այնտեղ փոխադրուեց, Տիրոջ ձեռքը բարձրացաւ այդ քաղաքի վրայ, շատ մեծ խռովութիւն բարձրացաւ, Տէրը քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչեւ մեծերը, չարչարեց, նրանց հիւանդացրեց թութքով, եւ Գէթացիները թութքով տառապեցին:
10 Աստծու տապանակը ուղարկեցին Ասկաղոն: Երբ Աստծու տապանակը մտաւ Ասկաղոն, ասկաղոնացիները բողոք բարձրացրին՝ ասելով. «Ինչո՞ւ Իսրայէլի Աստծու տապանակը մեզ մօտ բերեցիք, որ մեզ եւ մեր ժողովրդին սպանէք»: 11 Մարդ ուղարկեցին, հաւաքեցին այլազգիների բոլոր իշխաններին ու ասացին. «Իսրայէլի Աստծու տապանակը յե՛տ ուղարկեցէք, թող մնայ իր տեղում, որ մեզ ու մեր ժողովրդին չկոտորի»: Մի մահառիթ սոսկում էր պատել ամբողջ քաղաքն այն բանից յետոյ, երբ Իսրայէլի Աստծու տապանակը այնտեղ էր մտել: 12 Մահից ազատուելով կենդանի մնացած մարդիկ թութքով էին տառապում, եւ քաղաքի աղաղակը երկինք բարձրացաւ:
6
ՏԱՊԱՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
1 Տիրոջ տապանակը եօթը ամիս մնաց այլազգիների երկրում: Նրանց երկրում Տէրը վխտալ տուեց մկներին: 2 Այլազգիներն իրենց քրմերին, գուշակներին եւ կախարդներին կանչեցին ու ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը, մեզ խորհուրդ տուէ՛ք, թէ ինչպէ՞ս այն իր տեղն ուղարկենք»: 3 Նրանք ասացին. «Եթէ Իսրայէլի Տէր Աստծու ուխտի տապանակը ուղարկէք, այն դատարկ մի՛ ուղարկէք, այլ անպատճառ պատուհասի վերացման զոհաբերութիւն արէ՛ք նրան: Այն ժամանակ կը բուժուէք, Տէրը կը ների ձեզ, եւ գուցէ թէ նրա պատժող ձեռքը վերանայ ձեզանից»: 4 Նրանք ասացին. «Պատուհասի վերացման ինչպիսի՞ զոհաբերութիւն մատուցենք»: Նրանք պատասխանեցին. «Այլազգիների իշխանների թուի համեմատ յետոյքի ոսկէ հինգ քանդակներ կերտեցէ՛ք եւ ոսկէ հինգ մկներ ձուլեցէ՛ք, քանզի նոյն այդ հարուածներն են իջել ձեզ, ձեր իշխանների ու ձեր ժողովրդի վրայ: 5 Արդ, կերտեցէ՛ք ձեր յետոյքների քանդակները, ձեր երկիրն ապականող մկների արձանիկները եւ փառաւորեցէ՛ք Տիրոջը, որ նա վերացնի իր ձեռքը ձեր, ձեր աստուածների ու ձեր երկրի վրայից: 6 Ինչո՞ւ էք ձեր սրտերը կարծրացնում այնպէս, ինչպէս Եգիպտոսն ու փարաւոնն էին կարծրացրել իրենց սրտերը: Չէ՞ որ Աստուած նախ յաղթեց եգիպտացիներին եւ յետոյ միայն իսրայէլացիներին ազատ արձակեց, որ գնան: Արդ, տախտակ վերցրէ՛ք եւ մի նոր սայլ պատրաստեցէ՛ք: 7 Բերէ՛ք անդրանկածին երկու երինջ, որոնք դեռ ձագ չեն բերել345: Երինջները սայլին լծեցէ՛ք, իսկ յետեւից եկող հորթերին գոմում փակեցէ՛ք: 8 Վերցրէ՛ք Տիրոջ տապանակը եւ այն դրէ՛ք սայլի վրայ, իսկ պատուհասի վերացման համար մատուցուող ոսկէ ընծաները դրէ՛ք քուրձէ տոպրակի մէջ, դրա կողքին: 9 Հրեցէ՛ք սայլը եւ թողէ՛ք, որ գնայ: Հետեւեցէ՛ք եւ տեսէ՛ք. եթէ դէպի իր սահմանը՝ Բեթսամիւս է գնում, ուրեմն մեզ մեծամեծ չարիքներով պատժողը Տէրն է, իսկ եթէ՝ ոչ, իմացէ՛ք, որ Տիրոջ ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են»:
10 Այլազգիներն այդպէս էլ արեցին: Նրանք բերեցին անդրանկածին երկու երինջ, դրանք լծեցին սայլին, իսկ դրանց հորթերը պահեցին գոմում: 11 Սայլի վրայ դրեցին Տիրոջ տապանակը, քուրձէ տոպրակի մէջ դրուած մկների ու իրենց յետոյքների ոսկէ քանդակները: 12 Երինջները ուղիղ Բեթսամիւսի ճանապարհը բռնեցին. նրանք ջանում էին առանց աջ ու ձախ խոտորուելու մի շաւիղով գնալ: Այլազգիների իշխանները մինչեւ Բեթսամիւսի սահմանը գնում էին նրանց յետեւից: 13 Բեթսամիւսի բնակիչները հովիտներում ցորեն էին հնձում: Նրանք իրենց հայեացքը բարձրացնելով՝ տեսան Տիրոջ ուխտի տապանակը եւ նրա համար ուրախացան: 14 Սայլը մտաւ բեթսամիւսացի Օսէի դաշտը: Այնտեղ՝ սայլի կանգնած տեղում, մի մեծ քար կանգնեցրին, սայլի փայտերը կոտրեցին, իսկ երինջները Տիրոջը ողջակէզ մատուցեցին: 15 Ղեւտացիները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը, քուրձէ տոպրակն ու դրա միջի ոսկէ քանդակները եւ դրեցին մեծ քարի վրայ: Բեթսամիւսացիները այդ օրը ողջակէզներ ու զոհեր մատուցեցին Տիրոջը: 16 Այլազգիների հինգ իշխանները այս բանը տեսնելուց յետոյ նոյն օրը վերադարձան Ակկարոն:
17 Պատուհասի վերացման համար այլազգիների ընծայած ոսկէ քանդակներից մէկը Ազոտոսի համար էր, մէկը՝ Գազայի համար, մէկն՝ Ասկաղոնի, մէկը՝ Գէթի, մէկն էլ՝ Ակկարոնի համար, 18 իսկ ոսկէ մկները այլազգիների հինգ իշխաններին պատկանող բոլոր քաղաքների թուի համեմատ էին, որոնք պարսպապատ քաղաքներից հասնում էին մինչեւ փերեզացիների աւանները, մինչեւ այն քարը, որի վրայ դրեցին Տիրոջ ուխտի տապանակը, որը մինչեւ այսօր էլ կայ բեթսամիւսացի Օսէի դաշտում: Յեքոնէի որդիները, սակայն, բեթսամիւսացիների նման չուրախացան, որ տեսել են Տիրոջ ուխտի տապանակը:
19 Տէրը նրանցից յիսուն հազար եօթանասուն մարդ կոտորեց: Ժողովուրդը սգի մէջ էր, քանզի Տէրը ժողովրդին մեծամեծ հարուածներ էր հասցրել:
ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ ԿԱՐԻԱԹԱՐԻՄՈՒՄ
20 Բեթսամիւսացի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Տէր Աստծու առաջ, եւ մեզանից ո՞ւմ մօտ կը գնայ Տիրոջ ուխտի տապանակը»: 21 Եւ Կարիաթարիմի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեցին, որ նրանց ասեն. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ ուխտի տապանակը, եկէ՛ք եւ այն ձեզ մօտ տարէ՛ք»:
7
1 Կարիաթարիմցիները եկան, այնտեղից հանեցին Տիրոջ ուխտի տապանակը եւ այն տարան Ամինադաբի տունը, որը բլրի վրայ էր: Նրա որդի Եղիազարին սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ ուխտի տապանակը:
ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ. ՍԱՄՈՒԷԼԸ ԻՍՐԱՅԷԼԻ ՂԵԿԱՎԱՐ
2 Տապանակը Կարիաթարիմում դնելու օրից յետոյ բազում օրեր անցան, քսան տարի, եւ ամբողջ Իսրայէլը հայեացքը չէր կտրում Տիրոջից:
3 Սամուէլը խօսելով Իսրայէլի ամբողջ ժողովրդի հետ՝ ասաց. «Եթէ դուք ձեր ամբողջ սրտով դարձ էք կատարել դէպի Տէրը, ապա ձեր միջից վերացրէ՛ք օտար աստուածներն ու անտառները346, ձեր հոգիները թող ենթարկուեն Տիրոջը, միայն նրա՛ն ծառայեցէք, եւ նա ձեզ կը փրկի այլազգիների ձեռքից»: 4 Եւ իսրայէլացիները Բահաղիմներին ու Աստարոթի անտառները հեռու վանեցին եւ միայն Տիրոջը ծառայեցին: 5 Սամուէլն ասաց. «Բոլոր իսրայէլացիներին հաւաքեցէ՛ք Մասեփաթում, եւ ես ձեզ համար աղօթելու եմ Տիրոջը»: 6 Հաւաքուեցին Մասեփաթում, ջուր հանեցին ու թափեցին գետին, Տիրոջ առջեւ, այդ օրը ծոմ պահեցին եւ ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»: Եւ Սամուէլը Մասեփաթում դատեց իսրայէլացիներին:
7 Երբ այլազգիները լսեցին, թէ իսրայէլացիները հաւաքուել են Մասեփաթում, նրանց իշխանները յարձակուեցին Իսրայէլի վրայ: Իսրայէլացիներն այդ լուրը լսելով՝ վախեցան այլազգիներից: 8 Իսրայէլացիներն ասացին Սամուէլին. «Մի՛ դադարիր աղաղակելուց քո Տէր Աստծուն մեզ համար, որ այլազգիների ձեռքից փրկի մեզ»: 9 Սամուէլն առաւ մի ծծկեր գառնուկ եւ ամբողջ ժողովրդի մասնակցութեամբ նրան ողջակէզ արեց Տիրոջը: Սամուէլը դիմեց Տիրոջը Իսրայէլի համար, եւ Տէրը լսեց նրան:
10 Մինչ Սամուէլը ողջակէզ էր մատուցում, այլազգիները մօտեցան, որ պատերազմեն Իսրայէլի դէմ: Այդ ժամանակ Տէրը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրայ, եւ նրանք շփոթուելով փախան իսրայէլացիների առջեւից: 11 Իսրայէլացիները Մասեփաթից ելան, հարուածեցին այլազգիներին ու կոտորեցին նրանց մինչեւ Բեթքորի սահմանները: 12 Սամուէլը մի քար վերցնելով՝ կանգնեցրեց Մասեփաթի ու հին Բեթսանի միջեւ եւ այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «Օգնականի քար»՝ ասելով. «Մինչեւ այս վայրը Տէրը մեզ օգնեց»:
13 Տէրն այլազգիներին խեղճացրեց, եւ նրանք այլեւս Իսրայէլի սահմանների վրայ չյարձակուեցին: Սամուէլի ապրած բոլոր օրերին Տիրոջ ձեռքը ծանրացած էր այլազգիների վրայ: 14 Այն քաղաքները, որ այլազգիները գրաւել էին իսրայէլացիներից, Ասկաղոնից մինչեւ Գէթ, վերադարձրին ու յանձնեցին Իսրայէլին, եւ Իսրայէլի սահմանները ազատուեցին այլազգիների ձեռքից: Իսրայէլի ու ամորհացիների միջեւ խաղաղութիւն տիրեց:
15 Իր կեանքի բոլոր օրերին Սամուէլը դատաւորութիւն արեց իսրայէլացիներին: 16 Նա ամէն տարի գնում էր Բեթէլ, Գաղաադ եւ Մասեփաթ, շրջում էր Իսրայէլի բոլոր սրբագործուած վայրերում եւ դատաւորութիւն անում: 17 Վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղ դատաւորութիւն արեց իսրայէլացիներին ու Տիրոջ համար զոհասեղան շինեց:
8
ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԸ ԹԱԳԱՒՈՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
1 Երբ Սամուէլը ծերացաւ, իր որդիներին Իսրայէլի դատաւորներ կարգեց: 2 Սրանք են նրա որդիների անունները. անդրանիկը՝ Յովէլ, երկրորդի անունը՝ Աբիա: Նրանք դատաւորներ էին Բերսաբէէում: 3 Նրա որդիները, սակայն, չգնացին իրենց հօր ճանապարհով, այլ, ընչաքաղցութեան յետեւից ընկնելով՝ կաշառք էին վերցնում եւ իրաւունքը թիւրում:
4 Բոլոր իսրայէլացի տղամարդիկ հաւաքուեցին, եկան Սամուէլի մօտ՝ Արիմաթէմ, եւ ասացին նրան. 5 «Դու, ահա, ծերացել ես, իսկ քո որդիները քո ճանապարհով չեն գնում: Արդ, մեզ վրայ մի թագաւոր դի՛ր, որ մեզ դատաւորութիւն անի, ինչպէս բոլոր ազգերի մօտ է»: 6 Այս բանը Սամուէլին դուր չեկաւ, քանզի ասել էին, թէ՝ «Մեզ թագաւոր տո՛ւր, որ մեզ համար դատաւորութիւն անի»: 7 Սամուէլն աղօթեց Տիրոջը, եւ Տէրն ասաց Սամուէլին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ նա ասի քեզ: Նրանք ոչ թէ քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագաւորեմ իրենց վրայ: 8 Նրանց Եգիպտոսից դուրս գալու օրուանից մինչեւ այսօր նրանք ինձ լքեցին ու պաշտեցին օտար աստուածներ: Եւ ինչ որ արեցին իմ նկատմամբ, նոյնը կ՚անեն քո նկատմամբ: 9 Արդ, դու լսի՛ր նրանց խօսքը, բայց նրանց տեղեակ պահի՛ր, բացատրի՛ր թագաւորի իրաւունքները, որ իշխելու է իրենց վրայ»:
10 Սամուէլը Տիրոջ բոլոր պատգամները հաղորդեց իրենից թագաւոր խնդրող ժողովրդին: 11 Նա ասաց. «Ձեզ վրայ իշխող թագաւորը հետեւեալ իրաւունքներն է ունենալու. նա պիտի վերցնի ձեր որդիներին եւ նրանց կառապաններ, հեծեալներ ու իր մարտակառքերի առջեւից վազող սուրհանդակներ պիտի դարձնի: 12 Նրանց իր հազարապետներն ու հարիւրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զէնքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն: 13 Ձեր դուստրերին անուշահոտութիւն պատրաստողներ, խոհարարներ ու հացթուխներ պիտի դարձնի, 14 ձեր անդաստանները, ձեր այգիներն ու ձեր ընտիր ձիթենիները վերցնելով՝ իր ծառաներին պիտի տայ: 15 Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա տասանորդ պիտի ստանայ եւ տայ իր ներքինիներին եւ ծառաներին: 16 Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր արջառներն ու աւանակները ձեզնից պիտի վերցուեն եւ իր համար տասանորդ պիտի լինեն: 17 Ձեր հօտերից նա տասանորդ պիտի ստանայ, եւ դուք նրա ծառաները պիտի դառնաք: 18 Այն ժամանակ դուք բողոքելու էք ձեր ընտրած թագաւորի դէմ, սակայն Տէրը ձեզ չի լսելու այդ օրը, քանզի դուք ինքներդ ձեզ համար թագաւոր ընտրեցիք»:
19 Ժողովուրդը չուզեց լսել Սամուէլին եւ ասաց նրան. «Ո՛չ, թող մէկը թագաւորի մեզ վրայ: 20 Մենք եւս այլ ազգերի նման լինենք, թող մեր թագաւորը մեզ դատի, մեր առջեւից ընթանայ եւ մեզ պատերազմի առաջնորդի»: 21 Սամուէլը լսեց ժողովրդի բոլոր ասածները եւ դրանք յայտնեց Տիրոջը: 22 Տէրն ասաց Սամուէլին. «Լսի՛ր նրանց եւ նրանց վրայ թագաւո՛ր դիր»: Սամուէլն ասաց իսրայէլացիներին. «Թող ամէն ոք իր քաղաքը գնայ»:
9
ՍԱՒՈՒՂԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՍԱՄՈՒԷԼԻՆ
1 Բենիամինի որդիներից սերուած Կիս անունով մի ուժեղ մարդ կար, որ որդին էր Աբիէլի, եւ սա որդին՝ Արէդի, եւ սա թոռը՝ Բեքորաթի ու ծոռը՝ Ափիայի, որ յեմինացի մի մարդ էր: 2 Նա Սաւուղ անունով բարի ու թիկնեղ մի որդի ունէր: Իսրայէլացիների մէջ նրանից բարետես մարդ չկար, բոլոր մարդիկ մէկ գլխով ցածր էին նրանից:
3 Մի անգամ կորան Սաւուղի հօր աւանակները: Կիսն ասաց իր որդի Սաւուղին. «Վերցրո՛ւ ծառաներից մէկին, եւ ելէ՛ք, գնացէ՛ք աւանակները փնտռելու»: 4 Նրանք գնացին, անցան Եփրեմի լեռը, անցան Սարիսի երկիրը՝ չգտան աւանակները, անցան Սադիմի երկիրը՝ չկային աւանակները, անցան յեմինացիների երկիրը՝ եւ չգտան: 5 Երբ հասան Սիփ, Սաւուղն ասաց իր հետ եկած ծառային. «Արի՛ վերադառնանք: Կարող է հայրս, աւանակները մոռացած, մե՛զ համար անհանգստանայ»: 6 Ծառան ասաց նրան. «Այս քաղաքում է ապրում Աստծու մարդը: Նա պատուաւոր մարդ է եւ ինչ որ ասում է, անպայման կատարւում է: 7 Արի՛ գնանք նրա մօտ, թերեւս մեզ ցոյց տայ այն ճանապարհը, որով պէտք է գնանք»: Սաւուղն ասաց իր հետ եկած ծառային. «Եթէ գնանք, ի՞նչ տանենք Աստծու մարդուն, չէ՞ որ մեր ամաններից հացը պակասել է, եւ մի աւելի բան չունենք, որ տանենք Աստծու մարդուն»: 8 Ծառան նորից պատասխան տալով Սաւուղին՝ ասաց. «Ես ունեմ քառորդ սիկղ արծաթ: Այն կը տաս Աստծու մարդուն, եւ նա ցոյց կը տայ մեր ճանապարհը»: 9 (Հին ժամանակներում երբ իսրայէլացիները գնում էին Աստծուց խորհուրդ հայցելու, այսպէս էին ասում. «Եկէ՛ք գնանք տեսանողի մօտ», որովհետեւ հին ժամանակներում ժողովուրդը մարգարէին տեսանող էր անուանում): 10 Սաւուղն իր ծառային ասաց. «Ճիշտ ես ասում, արի՛ գնանք»:
11 Եւ նրանք գնացին այն քաղաքը, ուր գտնւում էր Աստծու մարդը: Մինչ նրանք բարձրանում էին դէպի քաղաք տանող զառիվերը, նրանց հանդիպեցին աղջիկներ, որոնք ջուր հանելու էին եկել: 12 Նրանք հարցրին աղջիկներին. «Այստե՞ղ է ապրում տեսանողը»: Աղջիկները պատասխան տալով՝ ասացին. «Այստեղ է, ահա ձեր առջեւն է, սակայն շտապեցէ՛ք, նա միայն այսօրուայ համար է եկել քաղաք, որովհետեւ ժողովուրդն այսօր է Բամայում զոհ անում: 13 Եթէ հիմա մտնէք քաղաք, նրան կը գտնէք այնտեղ, որովհետեւ դեռ չի գնացել Բամա՝ ուտելու, եւ ժողովուրդը չի ուտի, մինչեւ որ նա չգայ, որովհետեւ նա օրհնում է զոհը, ու դրանից յետոյ հիւրերն ուտում են: 14 Արդ, շո՛ւտ գնացէք, որ նրան հիմա այնտեղ գտնէք»: Նրանք գնացին քաղաք եւ երբ մտան քաղաքամէջ, Սամուէլն էլ Բամա բարձրանալիս հանդիպեց նրանց:
15 Սաւուղի գնալուց մի օր առաջ Տէրը Սամուէլին յայտնել էր նրա մասին ու ասել. «Վաղը այսինչ ժամին Բենիամինի երկրից մի մարդ պիտի ուղարկեմ քեզ մօտ, որ նրան Իսրայէլի իմ ժողովրդի վրայ իշխան օծես: 16 Նա իմ ժողովրդին պիտի փրկի այլազգիների ձեռքից, քանզի ականատես եղայ ժողովրդիս տառապանքներին, եւ նրա աղաղակը ինձ հասաւ»: 17 Սամուէլը տեսաւ Սաւուղին, եւ Տէրն ասաց նրան. «Ահաւասիկ սա է այն մարդը, որի մասին ասել եմ քեզ, թէ՝ «Նա է ղեկավարելու իմ ժողովրդին»: 18 Սաւուղը քաղաքամիջում մօտենալով Սամուէլին՝ հարցրեց. «Ասա՛ ինձ, ո՞րն է տեսանողի տունը»: 19 Պատասխան տուեց Սամուէլը եւ ասաց Սաւուղին. «Տեսանողը ես ինքս եմ: Իմ առջեւից գնալով բարձրացի՛ր Բամա: Այսօր ինձ հետ կ՚ուտես, իսկ վաղը քեզ կ՚արձակեմ, եւ ամէն ինչ, որ սրտումդ կայ, կը պատմեմ քեզ: 20 Երեք օր առաջ կորցրած քո աւանակների համար մի՛ մտածիր, քանզի դրանք գտնուել են: 21 Եւ ո՞ւմ է պատկանում Իսրայէլի փառքը, եթէ ոչ քեզ եւ քո հօր ամբողջ տոհմին»: Պատասխան տուեց Սաւուղն՝ ասելով. «Չէ՞ որ ես Իսրայէլի ամենափոքր ազգատոհմին պատկանող մի յեմինացու որդի եմ, եւ Բենիամինի ցեղի մէջ իմ տոհմը ամենակրտսերն է: Ինչո՞ւ ես ինձ այդ բաներն ասում»:
22 Սամուէլը Սաւուղին ու նրա ծառային տարաւ ճաշասրահ, նրանց նստեցրեց շուրջ երեսուն հիւրերի ամենավերին շարքում: 23 Սամուէլն ասաց խոհարարին. «Բե՛ր ինձ այն բաժինը, որ քեզ տուի ու պատուիրեցի, որ քեզ մօտ պահես»: 24 Խոհարարը եփեց ազդրը՝ վրայի մսով347 եւ այն դրեց Սաւուղի առջեւ: Սամուէլն ասաց Սաւուղին. «Ահաւասիկ այս է մնացել, առջեւդ դի՛ր ու կե՛ր, որ դա քեզ համար վկայութիւն լինի ժողովրդի առաջ, եւ կրծի՛ր»: Այդ օրը Սաւուղը Սամուէլի հետ կերաւ:
25 348 Նա Բամայից իջաւ քաղաք: Սաւուղի համար տանիքի վրայ անկողին գցեցին, ու նա քնեց: 26 Երբ առաւօտեան նրանք զարթնեցին, Սամուէլը Սաւուղին տանիքից կանչելով՝ ասաց. «Ե՛կ, արձակելու եմ քեզ»: Սաւուղն իջաւ, եւ ինքն ու Սամուէլը տնից դուրս եկան: 27 Երբ նրանք հասան քաղաքի սահմանին, Սամուէլն ասաց Սաւուղին. «Ասա՛ քո ծառային, որ մեզանից առաջ անցնի»: Եւ նա առաջ անցաւ: Սամուէլն ասաց Սաւուղին. «Դու այսօր այստեղ կը մնաս, որ լսես Տիրոջ պատգամները»:
10
ՍԱՄՈՒԷԼԸ ՍԱՒՈՒՂԻՆ ՕԾՈՒՄ Է ԹԱԳԱՒՈՐ
1 Սամուէլն առաւ իւղի սրուակն ու թափեց նրա գլխին: Նա համբուրեց նրան եւ ասաց. «Մի՞թէ Տէրը չէ, որ քեզ իշխան օծեց իր ժառանգութեան, իր իսրայէլացի ժողովրդի վրայ: Դու կ՚իշխես Տիրոջ ժողովրդի վրայ եւ կը փրկես նրան իր շուրջը գտնուող թշնամիների ձեռքից: 2 Եւ թող այս նշան լինի, թէ Տէրն է քեզ օծողը. ինձնից հեռանալուց յետոյ երկու մարդ պիտի գտնես Ռաքէլի գերեզմանի մօտ, Բենիամինի լերան վրայ, որոնք արագավազ պիտի գան ու պիտի ասեն քեզ. “Գտնուեցին այն աւանակները, որ փնտռելու էիր գնում, իսկ հայրդ, աւանակների հոգսը թողած, ձեր մասին է մտածում ու ասում. “Ի՞նչ անեմ իմ որդու համար”: 3 Երբ այնտեղից կը գնաս եւ կը հասնես մինչեւ Դեբորայի կաղնին, այնտեղ երեք մարդու կը հանդիպես, որոնք Աստծու մօտ՝ Բեթէլ են գնում: Մէկը երեք ուլ է տանում, միւսը՝ երեք աման հաց, իսկ երրորդը՝ մի տիկ գինի: 4 Քո առողջութիւնը հարցնելով՝ նրանք քեզ երկու հաց կը նուիրեն, եւ դու կ՚առնես նրանց ձեռքից: 5 Ապա կը հասնես Աստծու բլուրը, ուր այլազգիների մի գունդ կայ: Երբ քաղաք մտնես, կը հանդիպես Բամայից դուրս եկող մարգարէների խմբին, որոնց առաջ կան սրինգ, թմբուկ, փող ու քնար նուագողներ, իսկ իրենք մարգարէութիւն են անում: 6 Քո Տիրոջ հոգին կը շարժուի քեզ վրայ, դու էլ մարգարէութիւն կ՚անես նրանց հետ եւ ուրիշ մարդ կը դառնաս: 7 Երբ այս նշանները քեզ վրայ կատարուեն, ինչ որ ձեռքիցդ գայ, բոլորն էլ արա՛, քանզի Աստուած քեզ հետ է: 8 Ինձանից առաջ Գաղգաղա պէտք է իջնես: Այնտեղ ես կը գամ քեզ մօտ, որպէսզի ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցեմ: Եօթը օր կը սպասես, մինչեւ որ գամ քեզ մօտ եւ հաղորդեմ քեզ, թէ ինչ ես անելու»: 9 Երբ նա շուռ եկաւ, որ գնայ Սամուէլի մօտից, Աստուած նրան ուրիշ սիրտ տուեց, եւ նոյն օրը այդ բոլոր նշանները կատարուեցին: 10 Երբ նա մօտեցաւ բլրին, մարգարէների խումբը նրան ընդառաջ գնաց, նրա վրայ Աստծու հոգին շարժուեց, եւ նա նրանց մէջ մարգարէութիւն արեց: 11 Երբ նախկինում նրան տեսնողները բոլորն էլ ճանաչեցին իրեն, թէ ինչպէս նա մարգարէների մէջ մարգարէութիւն է անում, մէկը միւսին հարցրեց. «Ի՞նչ է պատահել Կիսի որդուն, մի՞թէ Սաւուղը եւս մարգարէների մէջ է»: 12 Նրանցից մէկը պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է նրա հայրը, եթէ ոչ՝ Կիսը»: Այս առթիւ ասացուածք ստեղծուեց, թէ՝ «Սաւո՞ւղն էլ մարգարէների մէջ է»: 13 Մարգարէութիւն անելը վերջացնելուց յետոյ նա բարձրացաւ բլուրը: 14 Սաւուղի ազգականը հարցրեց նրան ու նրա ծառային. «Ո՞ւր էիք գնացել»: Նրանք պատասխանեցին. «Աւանակները փնտռելու: Բայց երբ տեսանք, որ չկան, մտանք Սամուէլի մօտ»: 15 Ազգականն ասաց Սաւուղին. «Պատմի՛ր ինձ, Սամուէլը քեզ ի՞նչ ասաց»: 16 Սաւուղն ասաց իր ազգականին. «Նա մեզ յայտնեց, որ աւանակները գտնուել են»: Նա, սակայն, թագաւորութեան մասին Սամուէլի ասածները նրան չյայտնեց:
17 Սամուէլը ամբողջ ժողովրդին հաւաքելով Տիրոջ առաջ, Մասեփաթում, իսրայէլացիներին ասաց. 18 «Այսպէս խօսեց Իսրայէլի Տէր Աստուածը եւ ասաց. “Ես եմ, որ իսրայէլացիներին հանեցի Եգիպտոսից, փրկեցի ձեզ եգիպտացիների արքայ փարաւոնի ու ձեզ ճնշող բոլոր թագաւորների ձեռքից, 19 բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկել է ձեր շուրջը գտնուող ու ձեզ նեղութիւն պատճառող ժողովուրդներից: Իսկ դուք ասացիք. “Ո՛չ, այդպէս չէ, մեզ վրայ թագաւո՛ր կարգիր”: Արդ, կանգնեցէ՛ք Տիրոջ առջեւ ըստ ձեր իշխանութիւնների, ըստ ձեր ազգատոհմերի եւ ըստ ձեր հազարեակների»: 20 Սամուէլն Իսրայէլի բոլոր ցեղերին իրար մօտ բերեց, եւ վիճակն ընկաւ Բենիամինի ցեղին: 21 Նա մօտ բերեց Բենիամինի ցեղին ըստ ազգատոհմերի, եւ վիճակն ընկաւ Մատտարիի ազգատոհմին: Նա մօտ բերեց Մատտարիի ազգատոհմին, եւ վիճակն ընկաւ Կիսի որդի Սաւուղին: 22 Նա փնտռեց նրան, բայց չգտաւ: Սամուէլը կրկին հարցրեց Տիրոջը. «Արդեօ՞ք այդ մարդն էլի այստեղ կը գայ»: Տէրն ասաց. «Ահաւասիկ նա թաքնուած է կարասիների միջեւ»: 23 Նա վազեց ու նրան այնտեղից առնելով՝ կանգնեցրեց ժողովրդի մէջ: Բոլոր մարդիկ Սաւուղից մի գլխով ցածր էին: 24 Սամուէլն ասաց ամբողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ձեր ամենքի մէջ նրա նմանը չկայ»: Ամբողջ ժողովուրդը ճանաչեց նրան՝ ասելով. «Կեցցէ՛ արքան»: 25 Սամուէլը ժողովրդին յայտնեց թագաւորի իրաւունքները, գրեց մատեանում եւ դրեց Տիրոջ առաջ: Սամուէլն արձակեց ամբողջ ժողովրդին, եւ ամէն մարդ գնաց իր տեղը: 26 Սաւուղը գնաց իր տունը, Գաբաա: Նրա հետ գնացին զօրեղ մարդիկ, որոնց սրտերը Տէրը դրդել էր, որ լինեն Սաւուղի հետ: 27 Բայց կային նաեւ չար մարդիկ, որոնք ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»: Եւ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին:
11
ՍԱՒՈՒՂԸ ՅԱՂԹՈՒՄ Է ԱՄՈՆԱՑԻՆԵՐԻՆ
1 Մէկ ամիս անց Նաաս Ամոնացին եկաւ Գաղաադի Յաբիս քաղաքի շուրջը բանակ դրեց: Յաբիսի բոլոր բնակիչներն ասացին Նաաս Ամոնացուն. «Մեզ հետ դաշինք կնքի՛ր, եւ մենք կը ծառայենք քեզ»: 2 Նաաս Ամոնացին նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կը կնքեմ այն պայմանով, որ բոլորդ հանէք ձեր աջ աչքը: Եւ ես դրանով ամբողջ Իսրայէլի վրայ նախատինք դրած կը լինեմ»: 3 Յաբիսի բնակիչները ասացին Նաասին. «Մեզ եօթը օր ժամանակ տո՛ւր, որ պատգամաւորներ ուղարկենք Իսրայէլի բոլոր սահմանները, եւ եթէ մեզ փրկող չլինի, քեզ անձնատուր կը լինենք»:
4 Պատգամաւորները եկան Գաբաա, Սաւուղի մօտ եւ այդ խօսքերը հաղորդեցին ժողովրդին: 5 Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ու լաց եղաւ: Սաւուղն առաւօտեան գալով դաշտից՝ հարցրեց. «Ի՞նչ է պատահել, որ ժողովուրդը լաց է լինում»: Նրան յայտնեցին յաբիսեցիների խօսքերը: 6 Երբ Սաւուղը լսեց այս բանը, Տիրոջ հոգին շարժուեց նրա վրայ, եւ նրա բարկութիւնը սաստիկ բորբոքուեց: 7 Նա մի զոյգ եզ առաւ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամաւորների միջոցով Իսրայէլի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. «Ով Սաւուղի եւ Սամուէլի յետեւից չգայ, այսպէս կը դառնան նրա եզները»: Տիրոջ ահն ընկաւ Իսրայէլի ամբողջ ժողովրդի սիրտը, եւ նրանք մէկ մարդու պէս անվախ վրայ վազեցին: 8 Սաւուղը Բեզեկում զօրահաւաք արեց. Իսրայէլի բոլոր մարդիկ վեց հարիւր հազար հոգի էին, իսկ Յուդայի ցեղի մարդիկ՝ եօթանասուն հազար: 9 Նա ասաց եկած պատգամաւորներին. «Այսպէս կ՚ասէք Գաղաադի Յաբիս քաղաքի բնակիչներին. “Վաղը, երբ արեգակը տաքացնի երկիրը, դուք կը փրկուէք”»: Պատգամաւորները եկան քաղաք ու դա հաղորդեցին Յաբիսի բնակիչներին, որոնք ուրախացան: 10 Յաբիսի բնակիչներն ասացին Նաաս Ամոնացուն. «Վաղը ձեզ անձնատուր կը լինենք, եւ մեզ հետ վարուեցէք այնպէս, ինչպէս հաճելի է ձեզ»: 11 Հետեւեալ օրը Սաւուղը ժողովրդին բաժանեց երեք գնդի: Առաւօտեան նրանք մտան նրանց բանակի մէջ եւ ամոնացիներին կոտորեցին մինչեւ արեւի ջերմացնելը: Կենդանի մնացածները փախուստի դիմեցին այնպէս, որ նրանցից երկու հոգու իրար մօտ չէիր գտնի:
12 Ժողովուրդն ասաց Սամուէլին. «Այդ ո՞վ էր ասում, թէ Սաւուղը չի կարող թագաւորել մեզ վրայ, մեզ յանձնի՛ր այդ մարդկանց, որ սպանենք նրանց»: 13 Սամուէլն ասաց. «Այսօր ոչ ոք չի սպանուելու, որովհետեւ Տէրն այսօր փրկութիւն պարգեւեց Իսրայէլին»:
14 Սամուէլը խօսելով ժողովրդի հետ՝ ասաց. «Գնանք Գաղգաղա եւ թագադրութեան տօնակատարութիւն անենք»: 15 Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա եւ այնտեղ, Գաղգաղայում, Տիրոջ առջեւ Սամուէլը Սաւուղին թագաւոր օծեց: Խաղաղութեան զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, եւ Սամուէլն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան:
12
ՍԱՄՈՒԷԼԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱՏԳԱՄԸ
1 Սամուէլը բոլոր իսրայէլացիներին ասաց. «Ահա ես լսեցի այն ամէնը, ինչ դուք ինձ ասացիք, եւ ես ձեզ վրայ թագաւոր դրեցի: 2 Հիմա ձեզ թագաւորն է առաջնորդում: Ես ծերացել եմ, պէտք է հանգստանամ, բայց իմ որդիները ահա ձեր մէջ են: Իմ վաղ հասակից մինչեւ այսօր ե՛ս ձեզ ղեկավարեցի: 3 Ես, ահա, կանգնած եմ ձեր առաջ, եւ դուք Տիրոջ ու նրա օծեալի ներկայութեամբ ասացէ՛ք, թէ ես ո՞ւմ եզն եմ խլել կամ աւանակը տարել, ձեզանից ո՞ւմ նկատմամբ եմ անիրաւութիւն գործել կամ որեւէ մէկին զրկել, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք կամ ընծաներ վերցրել: 4 Պատասխան տուէ՛ք ինձ, որպէսզի ես հատուցեմ ձեզ»: Սամուէլին ասացին. «Մեր դէմ չես մեղանչել, մեզ չես զրկել, մեզ չես նեղել ու որեւէ մէկի ձեռքից ոչինչ չես խլել»:
5 Սամուէլն ասաց ժողովրդին. «Տէրը եւ նրա օծեալը այսօր թող վկայ լինեն իմ եւ ձեր միջեւ, որ իմ ձեռքում ոչինչ չէք գտել»: Նրանք ասացին. «Թող վկայ լինի»:
6 Սամուէլը խօսեց ժողովրդի հետ եւ ասաց. «Թող վկայ լինի Մովսէսին ու Ահարոնին իր ծառաները դարձրած եւ մեր հայրերին Եգիպտոսից հանած Տէրը: 7 Արդ, առա՛ջ եկէք, որ ես ձեզ դատեմ Տիրոջ առաջ եւ պատմեմ ձեզ այն բոլոր բարերարութիւնները, որ Տէրն արել է ձեզ ու ձեր հայրերին: 8 Երբ Յակոբն ու նրա որդիները Եգիպտոս մտան, եւ եգիպտացիները ճնշեցին նրանց, մեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, եւ Տէրն առաքեց Մովսէսին ու Ահարոնին, որոնք մեր հայրերին հանեցին Եգիպտոսից եւ բնակեցրին այս վայրերում: 9 Նրանք, սակայն, իրենց Տէր Աստծուն մոռացան, եւ նա նրանց մատնեց Ասորի արքայ Յաբինի զօրավար Սիսարայի, այլազգիների եւ Մովաբի թագաւորի ձեռքը, որոնք նրանց դէմ պատերազմ մղեցին: 10 Նրանք աղաղակեցին Տիրոջը՝ ասելով. “Մենք մեղանչել ենք, քանզի Տիրոջը թողնելով՝ ծառայեցինք Բահաղիմներին ու անտառներին: Արդ, փրկի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, եւ քե՛զ կը ծառայենք”: 11 Տէրն առաքեց Յերոբովաղին, Բարակին, Յեփթայէին ու Սամփսոնին եւ ձեզ փրկեց շրջակայ թշնամիների ձեռքից, ու դուք բնակուեցիք ապահովութեան մէջ: 12 Երբ տեսաք, թէ Նաաս Ամոնացին յարձակուել է ձեր երկրի վրայ, ասացիք. “Այդպէս չէ, այլ մի թագաւոր պիտի իշխի մեզ վրայ, թէեւ մեր Տէր Աստուածն էր մեր թագաւորը”: 13 Արդ, ահաւասիկ այն թագաւորը, որին խնդրեցիք ու ընտրեցիք, Տէրը ձեզ թագաւոր տուեց: 14 Եթէ վախենաք Տիրոջից, ծառայէք նրան, հնազանդուէք նրան, չհակառակուէք Տիրոջ ասածին, դուք ու ձեզ վրայ իշխող թագաւորը գնաք Տիրոջ յետեւից, ապա Տիրոջ ձեռքը ձեր ու ձեր թագաւորի դէմ չի լինի: 15 Իսկ եթէ չհնազանդուէք Տիրոջը, հակառակ գնաք Տիրոջ ասածին, ապա Տիրոջ ձեռքը ձեր եւ ձեր թագաւորի դէմ կը լինի: 16 Արդ, սպասեցէ՛ք եւ տեսէ՛ք այն մեծագործութիւնները, որ Տէրը ձեր աչքերի առջեւ պիտի անի: 17 Չէ՞ որ այսօր ցորենի հնձի ժամանակ է. ես Տիրոջը պիտի աղաղակեմ, եւ նա ձեզ որոտ ու անձրեւ պիտի տայ: Դուք կ՚իմանաք ու կը տեսնէք, որ ձեզ համար թագաւոր խնդրելով՝ մեծ չարութիւն գործեցիք ձեր Տիրոջ հանդէպ»:
18 Սամուէլը Տիրոջն աղաղակեց, ու Տէրը նոյն օրը որոտ եւ անձրեւ ուղարկեց: 19 Ամբողջ ժողովուրդը սաստիկ վախեցաւ Տիրոջից ու Սամուէլից: Բոլորն ասացին Սամուէլին. «Քո Տէր Աստծուն աղօ՛թք արա քո ծառաների համար, որ չմեռնենք, քանզի մեզ համար թագաւոր ուզելով մեր գործած բոլոր մեղքերի վրայ այդ չարիքն էլ ենք աւելացրել»: 20 Սամուէլն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցէք, դուք թէեւ գործել էք այս բոլոր չարիքները, բայց Տիրոջ ճանապարհից մի՛ խոտորուէք եւ Տիրոջը ծառայեցէ՛ք ձեր ամբողջ հոգով: 21 Մի՛ գնացէք սուտ աստուածների յետեւից, որոնք ձեզ ոչ մի օգուտ չեն տայ եւ չեն փրկի, քանզի նրանք աստուածներ չեն: 22 Տէրն իր մեծ անուան պատուի համար իր ժողովրդին չի լքի, քանզի Տէրը բարեհաճութեամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել: 23 Քաւ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դէմ՝ հրաժարուելով ձեզ համար աղօթելուց: Ծառայեցէ՛ք Տիրոջը, եւ ես ձեզ ցոյց կը տամ բարի եւ ուղիղ ճանապարհը: 24 Երկի՛ւղ կրեցէք Տիրոջից եւ ձեր ամբողջ սրտով, ճշմարտութեամբ ծառայեցէ՛ք նրան, քանզի տեսաք, թէ մեզ համար ինչ մեծ գործեր արեց, 25 իսկ եթէ չարագործութիւնը շարունակէք, թէ՛ դուք, թէ՛ ձեր թագաւորը կորստեան կը մատնուէք»:
13
ՊԱՏԵՐԱԶՄ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ԴԷՄ
1 Սաւուղը Իսրայէլում մէկ տարի թագաւորելուց յետոյ յաջորդ՝ երկրորդ տարում իսրայէլացիներից երեք հազարանոց զօրք հաւաքեց: 2 Երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթէլ լերան վրայ, իսկ հազարը՝ Յովնաթանի հետ, Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում: Մնացած զինուորներին նա արձակեց, որ ամէն մէկը գնայ իր բնակութեան վայրը:
3 Յովնաթանը կոտորեց բլրի վրայ բնակուող այլազգի Նասիբին, եւ այլազգիներն այդ իմացան: Սաւուղը շեփոր հնչեցրեց ամբողջ երկրում եւ ասաց. «Ծառաներն արհամարհեցին մեզ»: 4 Բոլոր իսրայէլացիները լսելով այդ՝ ասացին. «Սաւուղը կոտորել է այլազգի Նասիբին, եւ Իսրայէլն ատելի է դարձել այլազգիներին»: Եւ ժողովուրդը Սաւուղի յետեւից գնաց Գաղգաղա:
5 Այլազգիները եւս հաւաքուեցին պատերազմելու Իսրայէլի դէմ եւ յարձակուեցին Իսրայէլի վրայ երեսուն հազար մարտակառքերով ու վեց հազար հեծեալներով, իսկ զօրքն իր բազմութեամբ նման էր ծովեզրի աւազին: Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում, Բեթորոնի դիմաց, դէպի հարաւ: 6 Իսրայէլացիները տեսնելով որ իրենց տեղը նեղ է, եւ չեն կարող մօտենալ նրանց, թաքնուեցին քարայրներում, գոմերում, ժայռերի ծերպերում, խորխորատներում ու ջրհորներում, 7 իսկ ոմանք անցան Յորդանան գետն ու գնացին Գադի եւ Գաղաադի երկիրը: Սաւուղը դեռ Գաղգաղայում էր, եւ ամբողջ ժողովուրդը դողում էր նրանից349:
8 Նա եօթը օր սպասեց, ինչպէս նշանակել էր Սամուէլը, սակայն Սամուէլը Գաղգաղա չեկաւ, եւ մարդիկ սկսեցին նրան լքել: 9 Սաւուղն ասաց. «Մօ՛տ եկէք, որ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեմ»: 10 Եւ ինքը ողջակէզ մատուցեց: Երբ ողջակէզ մատուցելը վերջացրեց, եկաւ Սամուէլը: Սաւուղն ընդառաջ գնաց նրան դիմաւորելու եւ ողջունելու: 11 Սամուէլն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»: Սաւուղն ասաց. «Երբ տեսայ, որ իմ ժողովուրդն սկսեց ինձ լքել, եւ դու չեկար քո նշանակած օրը, 12 իսկ այլազգիները հաւաքուեցին Մաքմասում, մտածեցի, թէ այլազգիները հիմա կը գան իմ դէմ, Գաղգաղա, իսկ ես Տիրոջ առջեւ դեռ չէի աղերսել, դրա համար էլ համարձակուեցի եւ ողջակէզ մատուցեցի»: 13 Սամուէլն ասաց Սաւուղին. «Զուր տեղ ես արել, քանի որ չես պահել իմ պատուիրանը, որ Տէրն էր պատուիրել: Տէրը քեզ Իսրայէլի վրայ ցմահ թագաւոր պիտի դարձնէր, 14 բայց հիմա քո թագաւորութիւնը այլեւս չի շարունակուելու: Տէրն իր սրտին հաճելի մարդ պիտի փնտռի, որ նրան իշխան դարձնի իր ժողովրդի վրայ պատուիրանով, քանզի դու չկատարեցիր այն, ինչ Տէրը պատուիրել էր քեզ»:
15 Սամուէլը վեր կացաւ եւ Գաղգաղայից գնաց իր ճանապարհով350: Մնացած զօրքը միացաւ Սաւուղին, որ դիմադրի իրենց վրայ յարձակուող զինուորներին: Երբ նրանք Գաղգաղայից ելան ու հասան Բենիամինի երկրի Գաբաա քաղաքը, Սաւուղը հաշուեց իր հետ գտնուող զինուորներին եւ տեսաւ, որ ինքն ունի մօտաւորապէս վեց հարիւր զինուոր: 16 Սաւուղը, նրա որդի Յովնաթանն ու նրա հետ եղած զօրքը հաստատուեցին Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում, իսկ այլազգիները բանակել էին Մաքմասում:
17 Այլազգիների բանակից դուրս եկան երեք գնդեր, որ աւերածութիւն գործեն: Մի գունդը դիմեց դէպի Օփիր տանող ճանապարհը, դէպի Սոգողի աղբիւրը, 18 միւս գունդը՝ դէպի Բեթորոն տանող ճանապարհը, իսկ երրորդ գունդը՝ Գաբաայից դէպի Սաբայի անապատի Գայի տանող ճանապարհը:
19 Ամբողջ Իսրայէլի երկրում մի դարբին չգտնուեց, քանզի այլազգիներն ասել էին. «Այնպէս անենք, որ եբրայեցիները սուր կամ գեղարդ չշինեն»: 20 Բոլոր իսրայէլացիներն իրենց գերանդին, գործիքները, կացինը եւ մանգաղը նորոգելու համար գնում էին այլազգիների երկիրը: 21 Այգեկութի ժամանակ էր, եւ ամէն մի գործիքի արժէքը երեք սիկղ էր: Խոփի, կացնի եւ մանգաղի գինը նոյնն էր: 22 Այնպէս պատահեց, որ Մաքմասում պատերազմի օրերին Սաւուղի եւ նրա որդի Յովնաթանի հետ եղած մարդկանց ձեռքին սուր կամ գեղարդ չկար: Զէնք կար միայն Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի մօտ:
23 Այլազգիների բանակից մի գունդ եկաւ, որ անցնի Մաքմասից այն կողմ, իսկ իր հօր համար վեր չհանեց351:
14
ՅՈՎՆԱԹԱՆԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ՎՐԱՅ
1 Մի օր Սաւուղի որդի Յովնաթանն իր կապարճակրին ասաց. «Ե՛կ անցնենք այլազգիների կիրճից այն կողմ»: 2 Այդ մասին նա իր հօրը իմաց չտուեց: Սաւուղը նստած էր բլրի գլխին, Մագդողի նռնենու տակ: Նրա հետ եղած ժողովուրդը մօտ վեց հարիւր հոգի էր: 3 Եւ Աքիա անունով մէկը կար, որը Ղեւիի352 որդու Փենեէսի որդու Քաբիէլի եղբայր Աքիտոբի որդին էր: Ղեւին Սելովում Աստծու քահանան էր, որը եփուդ էր կրում: Ժողովուրդը չգիտէր, որ Յովնաթանը կիրճ է գնացել:
4 Յովնաթանը ուզում էր անցնել այլազգիների ճամբարը, որ գտնւում էր կիրճի մէջ, բայց այդտեղ տանող ճանապարհի այս ու այն կողմում քարաժայռեր էին բարձրանում, որոնցից մէկը կոչւում էր Բազէս, իսկ միւսը՝ Սենարա: 5 Այս քարաժայռերից մէկը հիւսիսի կողմից Մաքմասի դիմաց էր ուղղուած, իսկ միւսը՝ հարաւային կողմից՝ դէպի Գաբայէ: 6 Յովնաթանն ասաց իր կապարճակիր ծառային. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերեւս Տէրը յօգուտ մեզ ինչ-որ բան անի, քանզի Տիրոջ համար խտրութիւն չկայ. նա կարող է շատ մարդկանցով էլ փրկութիւն պարգեւել, քչով էլ»: 7 Զինակիրն ասաց նրան. «Արա՛ այն, ինչ սիրտդ է ուզում: Ահա ես քեզ հետ եմ, ինչ քո սիրտն է ուզում, նոյնն էլ՝ իմ սիրտը»: 8 Յովնաթանն ասաց. «Ահաւասիկ մենք ուղղւում ենք այդ մարդկանց կողմը. մագլցելով կը գնանք նրանց մօտ: 9 Եթէ մեզ ասեն. “Այնտեղ կա՛նգ առէք, մինչեւ ձեզ կանչենք”, ապա տեղում կը կանգնենք եւ նրանց չենք մօտենայ: 10 Բայց եթէ ասեն. “Մօտեցէ՛ք մեզ”, այն ժամանակ կ՚ելնենք կը գնանք, քանզի պարզ կը լինի, որՏէրը նրանց մեր ձեռքն է մատնել: Դա մեզ համար թող նշան լինի»:
11 Նրանք երկուսով մտան այլազգիների կիրճը: Այլազգիներն ասացին. «Ահա եբրայեցիները ելնում են իրենց ծակերից, ուր թաքնուել էին»: 12 Կիրճերի պահապաններն ասացին Յովնաթանին ու կապարճակրին. «Մօտեցէ՛ք մեզ, որ մենք ձեզ մի բան յայտնենք»: Յովնաթանն ասաց իր կապարճակրին. «Ե՛կ իմ յետեւից, քանզի Տէրը նրանց Իսրայէլի ձեռքն է մատնել»: 13 Յովնաթանը մագլցելով գնաց, կապարճակիրն էլ՝ նրա հետ: Այլազգիները յարձակուեցին Յովնաթանի վրայ, իսկ Յովնաթանը սպանեց նրանց, կապարճակիրն էլ նրա յետեւից էր հարուածում նրանց: 14 Այս առաջին կոտորածի ժամանակ Յովնաթանն ու նրա կապարճակիրը մօտաւորապէս քսան հոգու սպանեցին նետերով ու ձեռքով նետուած դաշտերի քարերով: 15 Դաշտում, բանակում ու կիրճում եղած ամբողջ ժողովրդի մէջ սոսկում ընկաւ, հարուածող գունդը զարհուրեց եւ չէր ուզում շարժուել. երկիրը դղրդաց, եւ Տիրոջ ահն ընկաւ թշնամու սիրտը:
ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
16 Սաւուղի դէտերը Բենիամինի երկրի Գաբաա քաղաքից տեսան, որ բանակը, իրեն կորցրած, այս ու այն կողմ է գնում: 17 Սաւուղն իր հետ եղած զօրքին ասաց. «Ստուգեցէ՛ք ու տեսէ՛ք, մեզանից ո՞վ է հեռացել»: Ստուգեցին եւ տեսան, որ Յովնաթանն ու նրա կապարճակիրը չկան: 18 Սաւուղն ասաց Աքիային. «Մօտեցրո՛ւ եփուդդ» (քանզի նա եփուդ էր կրում, եւ Աստծու տապանակն այդ օրը իսրայէլացիների մօտ էր): 19 Մինչ Սաւուղը քահանայի հետ էր խօսում, այլազգիների բանակում աղաղակը գնալով աւելանում էր: Սաւուղը քահանային ասաց. «Ձեռքդ յե՛տ քաշիր»: 20 Սաւուղն ու նրա հետ նաեւ ամբողջ ժողովուրդը գնացին, հասան պատերազմի դաշտը: Մարդիկ իրենց սրերն ուղղեցին իրար դէմ, եւ մեծ աղմուկ առաջացաւ: 21 Եւ այն ծառաները, որոնք առաջ իսրայէլացիների հետ էին, բայց այլազգիների հետ բանակ էին եկել, շուռ եկան եւ միացան իսրայէլացիներին՝ Սաւուղին եւ Յովնաթանին: 22 Բոլոր իսրայէլացիները, որոնք թաքնուած էին Եփրեմի լերան վրայ, լսելով այլազգիների փախուստի մասին, խմբուեցին ու իրենք եւս նրանց դէմ պատերազմի մէջ մտան: 23 Այդ օրը Տէրը փրկեց Իսրայէլին, եւ պատերազմը հասաւ մինչեւ Բեթաւան:
ԻՍՐԱՅԷԼԱՑԻ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԸ ԱԶԱՏՈՒՄ ԵՆ ՅՈՎՆԱԹԱՆԻՆ
24 Սաւուղի հետ եղած ամբողջ ժողովուրդը մօտաւորապէս տասը հազար էր: Պատերազմը տարածուել էր Եփրեմի լերան բոլոր քաղաքներում: Այդ օրը Սաւուղը անգիտութեամբ նզովեց ժողովրդին՝ ասելով. «Անիծեալ լինի այն մարդը, որ մինչեւ երեկոյ, նախքան որ ես իմ թշնամիներից վրէժ լուծեմ, հաց կ՚ուտի»: 25 Եւ ժողովուրդը հաց չկերաւ, թէեւ ամբողջ երկիրը ճաշ էր ուտում: 26 Այնտեղ՝ դաշտի դիմաց, անտառ կար, ուր մեղու էին պահում: Ժողովուրդը մտաւ մեղուանոցը: Մարդիկ, անցնելով, քրթմնջում էին, բայց ոչ ոք ձեռքն իր բերանը չէր տանում, քանզի ժողովուրդը վախենում էր Տիրոջը տրուած երդումից:
27 Յովնաթանը չիմանալով, թէ իր հայրը երդուել էր տուել ժողովրդին, իր ձեռքի գաւազանի ծայրը երկարեց, խրեց մեղրի խորսխի մէջ, իր ձեռքով մեղրը տարաւ բերանը, եւ նրա աչքերը պայծառացան: 28 Զինուորներից մէկը նրան ասաց. «Քո հայրը խստագոյնս երդուեցրեց ժողովրդին՝ ասելով. “Անիծեալ լինի այն մարդը, որ մինչեւ երեկոյ հաց կ՚ուտի”»: 29 Դրա համար էլ ժողովուրդը թուլացած էր: Երբ Յովնաթանն այդ իմացաւ, ասաց. «Հայրս երկիրը կորստեան է մատնել. տեսէ՛ք, թէ ինչպէս իմ աչքերը լոյս ստացան, քանզի մի քիչ ճաշակեցի այդ մեղրից: 30 Եթէ ժողովուրդն այսօր կերած լինէր իր թշնամուց վերցրած աւարից, այլազգիներին մեծամեծ հարուածներ կը հասցնէր»:
31 Այդ օրը նա Մաքմասում կոտորեց այլազգիներին, իսկ ժողովուրդը սաստիկ յոգնել էր: 32 Մարդիկ ընկան աւարի վրայ, առան ոչխարները, արջառներն ու հորթերը, գետնի վրայ մորթեցին ու կերան արնաշաղախ միսը: 33 Սաւուղին յայտնեցին՝ ասելով, թէ՝ «Ժողովուրդը Տիրոջ դէմ մեղանչեց, քանզի արնաշաղախ միս կերաւ»: Սաւուղն ասաց. «Գեթթամից սկսած արդէն անօրէն էիք դարձել: Հիմա այստեղ մի մեծ քար բերէ՛ք գլորելով»: 34 Սաւուղն աւելացրեց. «Ժողովրդի մէջ ցրուեցէ՛ք եւ նրան ասացէ՛ք, որ ամէն մէկն իր արջառն ու ոչխարը այստեղ բերի, սրա վրայ մորթեցէ՛ք ու կերէ՛ք եւ արնաշաղախ միս ուտելով՝ Տիրոջ դէմ մեղանչած չէք լինի»: Մարդիկ այն գիշեր իրենց մօտ եղածը բերեցին եւ այնտեղ մորթեցին: 35 Սաւուղն այդտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց: Սա առաջին զոհասեղանն էր, որ նա շինեց Տիրոջ համար:
36 Սաւուղն ասաց. «Գիշերը հետապնդենք այլազգիներին, մինչեւ լոյսը բացուելը կողոպտենք նրանց եւ նրանցից ոչ մի մարդ կենդանի չթողնենք»: Նրան ասացին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»: Քահանան ասաց. «Այստեղ մօտենանք Աստծուն»: 37 Սաւուղն Աստծուն հարցրեց. «Այլազգիներին հետապնդե՞նք, նրանց իսրայէլացիների ձեռքը կը մատնե՞ս»: 38 Տէրը այդ օրը պատասխան չտուեց նրան: Սաւուղն ասաց. «Հաւաքեցէ՛ք այստեղ բոլոր իսրայէլացիներին, որ իմանանք ու տեսնենք, թէ այսօր ո՛ւմ մեղքով է յանցանք կատարուել, քանզի Իսրայէլին փրկող Տէրը կենդանի է: 39 Եթէ մեղքը նոյնիսկ իմ որդի Յովնաթանինն էլ լինի, նա մահապատժի կ՚ենթարկուի»: 40 Ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց: Այն ժամանակ նա ասաց բոլոր իսրայէլացիներին. «Դուք ծառայութիւն կատարեցէ՛ք, իսկ ես ու իմ Յովնաթան որդին էլ ծառայութիւն կը կատարենք353»: Ժողովուրդն ասաց Սաւուղին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»: 41 Սաւուղն ասաց. «Իսրայէլի Տէ՛ր Աստուած, ինչո՞ւ այսօր քո ծառային պատասխան չտուեցիր. եթէ անօրէնութիւնն այսօր կատարել եմ ես կամ կատարել է իմ Յովնաթան որդին, յայտնի՛ր, իսկ եթէ անօրէնութիւնը կատարուել է Իսրայէլի քո ժողովրդի մէջ, նրան քաւութի՛ւն պարգեւիր»: Վիճակ գցեցին Յովնաթանի ու Սաւուղի վրայ, եւ ժողովուրդը անպարտ դուրս ելաւ: 42 Սաւուղն ասաց. «Վիճա՛կ գցեցէք իմ ու իմ Յովնաթան որդու վրայ, եւ ում վրայ որ Տէրը վիճակ հանի, մահապատժի թող ենթարկուի»: Ժողովուրդն ասաց Սաւուղին. «Մի՛ արա այդ բանը»: Սաւուղն ստիպեց ժողովրդին, եւ նրա ու նրա որդի Յովնաթանի վրայ վիճակ գցեցին: 43 Վիճակն ընկաւ Յովնաթանի վրայ: Սաւուղն ասաց Յովնաթանին. «Ասա՛ ինձ, ի՞նչ ես արել»: Յովնաթանը պատմեց նրան՝ ասելով. «Իմ ձեռքի գաւազանի ծայրով մի քիչ մեղր կերայ եւ հիմա պիտի մեռնե՞մ354»: 44 Սաւուղն ասաց նրան. «Աստուած այսպէս ու սրանից աւելին անի, եթէ դու այսօր մահապատժի չենթարկուես»: 45 Ժողովուրդն ասաց Սաւուղին. «Քաւ լիցի, այսօր մահապատժի թող չենթարկուի նա, ով Իսրայէլին այս մեծ փրկութիւնը պարգեւեց: Կենդանի է Տէրը: Նրա գլխի մէկ մազն անգամ գետին չի ընկնելու, քանի որ Աստծու ժողովուրդը գործեց այս մեղքերը»: Եւ այդ օրը ժողովուրդը Յովնաթանի համար աղօթքով դիմեց Տիրոջը, եւ նա մահապատժի չենթարկուեց: 46 Սաւուղը դադարեց այլազգիներին հետապնդելուց, եւ այլազգիներն իրենց տեղը գնացին:
ՍԱՒՈՒՂԻ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ. ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԸ
47 Սաւուղն սկսեց թագաւորել, եւ նա որպէս ժառանգութիւն ստացաւ Իսրայէլը: Պատերազմեց իր շուրջը գտնուող բոլոր թշնամիների դէմ, մովաբացիների, ամոնացիների, եդոմացիների, բեթորացիների, Սուբայի թագաւորի եւ այլազգիների դէմ: Որ կողմը որ դարձաւ, յաղթանակ տարաւ: 48 Նա մեծ քաջագործութիւններ արեց, յաղթեց ամաղէկացիներին եւ Իսրայէլը փրկեց այն ոտնակոխ անողների ձեռքից:
49 Սաւուղի որդիներն էին Յովնաթանը, Յեսսուրը եւ Մեղքիսաւէն, իսկ նրա երկու դուստրերի անուններն էին. մեծինը՝ Մերոբ, իսկ երկրորդի անունը՝ Մեղքող: 50 Նրա կինը Աքիմասի դուստր Աքինոամն էր: Նրա զօրավարը Ների որդի Աբեններն էր, որը Սաւուղի ազգականի որդին էր: 51 Կիսը՝ Սաւուղի հայրը, եւ Ները՝ Աբենների հայրը, Աբիէլի որդի Յամինի որդիներն էին: Նրանք բոլորը երեսունութ հոգի էին:
52 Սաւուղի ամբողջ իշխանութեան ընթացքում սաստիկ պատերազմ տեղի ունեցաւ այլազգիների դէմ, եւ Սաւուղն իր տեսած բոլոր զօրաւոր ու քաջ մարդկանց իր մօտ էր հաւաքում:
15
ՊԱՏԵՐԱԶՄ ԱՄԱՂԷԿԱՑԻՆԵՐԻ ԴԷՄ
1 Սամուէլն ասաց Սաւուղին. «Ինձ Տէրն է առաքել, որ քեզ թագաւոր օծեմ իմ ժողովրդի՝ իսրայէլացիների վրայ: 2 Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում զօրութիւնների Տէրը. “Հիմա Իսրայէլի դէմ Ամաղէկի արածների համար վրէժ եմ լուծելու: Նա փակեց իսրայէլացիների ճանապարհը, երբ նրանք Եգիպտոսից դուրս էին գալիս: 3 Արդ, գնա՛ եւ կոտորի՛ր ամաղէկացիներին ու յարիմացիներին եւ ոչնչացրո՛ւ այն ամէնը, ինչ նրանց է պատկանում: Նրանցից ոչ ոք չպէտք է փրկուի: Կը կոտորես նրանց ու կ՚ոչնչացնես բոլորին՝ տղամարդ լինի թէ կին, երեխայ լինի թէ կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու աւանակ”»:
4 Սաւուղը հրաման տուեց ժողովրդին եւ հաշուառում անցկացրեց Աղիմում: Չորս հարիւր հազարանոց հետեւակ զօրք կար, երեսուն հազարանոց հետեւակ զօրք էլ՝ Յուդայի երկրից: 5 Սաւուղը եկաւ մինչեւ Ամաղէկի քաղաքները եւ բանակը դարանամուտ եղաւ հեղեղատում: 6 Սաւուղն ասաց կինեցիներին. «Խո՛յս տուէք, հեռացէ՛ք ամաղէկացիներից, որ ձեզ էլ նրանց հետ չկոտորեմ, քանզի Եգիպտոսից ելնելու ժամանակ բարեացակամ էիք եղել բոլոր իսրայէլացիների հանդէպ»: 7 Կինեցիները Ամաղէկի զօրքից հեռացան: Սաւուղը Ամաղէկի զօրքին ջախջախեց Եւիլատայից մինչեւ Եգիպտոսի դիմաց գտնուող Սուր բնակավայրը: 8 Նա կենդանի բռնեց Ամաղէկի թագաւոր Ագագին, իսկ Յարիմի ամբողջ ազգատոհմը սրի քաշեցին: 9 Սաւուղը եւ ամբողջ ժողովուրդը, սակայն, կենդանի թողեցին Ագագին, խնայեցին ընտիր ոչխարների, արջառների հօտերը, պտղատու եւ խաղողի այգիները, ամէն տեսակ բարիքները, չուզեցին ոչնչացնել դրանք, իսկ ինչ որ անարժէք ու անպէտք էր, բնաջնջեցին:
ՍԱՒՈՒՂԸ ՄԵՐԺՒՈՒՄ Է ՏԻՐՈՋԻՑ
10 Տէրը խօսքն ուղղեց Սամուէլին՝ ասելով. «Զղջացել եմ, որ թագաւոր եմ օծել Սաւուղին, քանզի ինձնից շուռ է եկել եւ իմ խօսքերը չի պահել»: 11 Սամուէլը տրտմեց եւ ամբողջ գիշերն աղօթեց Տիրոջը: 12 Սամուէլն355 առաւօտ կանուխ զարթնեց ու գնաց իսրայէլացիներին դիմաւորելու: Սամուէլին յայտնեցին՝ ասելով. «Սաւուղը եկել է Կարմեղոս, իր համար յուշարձան կանգնեցրել եւ մարտակառքերը յետ դարձնելով իջել է Գաղգաղա»:
13 Սամուէլը եկաւ Սաւուղի մօտ, երբ նա Տիրոջը ողջակէզներ էր մատուցում Ամաղէկից բերած աւարի լաւագոյն մսից: Երբ Սամուէլը եկաւ Սաւուղի մօտ, Սաւուղն ասաց նրան. «Ո՜վ Տիրոջ օրհնեալ, կատարեցի այն, ինչ Տէրն ասել է»: 14 Սամուէլն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ իմ ականջին է հասնում, եւ արջառների ձայնը, որ լսում եմ»: 15 Սաւուղն ասաց. «Ամաղէկի երկրից բերեցի, քանզի ժողովուրդը ընտիր ոչխարներն ու արջառները ողջ պահեց, որ զոհ մատուցեն քո Տէր Աստծուն, իսկ միւսները կոտորեցի»: 16 Սամուէլն ասաց Սաւուղին. «Լսի՛ր, քեզ յայտնեմ այն, ինչ այս գիշեր Տէրն ասաց ինձ»: 17 Նա ասաց նրան. «Խօսի՛ր»: Եւ Սամուէլն ասաց Սաւուղին. «Չէ՞ որ դու փոքր էիր, երբ Իսրայէլի ազգատոհմերի զօրավար դարձար, եւ Տէրը քեզ Իսրայէլի վրայ թագաւոր օծեց: 18 Տէրը քեզ ճանապարհ դրեց՝ ասելով. “Գնա՛ եւ ինձ դէմ մեղանչած Ամաղէկի ժողովրդին կոտորի՛ր, պատերա՛զմ մղիր, մինչեւ որ բնաջնջես նրանց”: 19 Ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնը եւ աւարի վրայ ընկնելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առջեւ»: 20 Սաւուղն ասաց Սամուէլին. «Ես անսացի ժողովրդի ձայնին եւ գնացի այն ճանապարհով, որով Տէրն էր առաքել ինձ. Ամաղէկի թագաւոր Ագագին գերեցի, իսկ Ամաղէկի ժողովրդին կոտորեցի: 21 Ժողովուրդն այդ աւարից առաւ ընտիր ոչխարների հօտեր ու արջառներ, որպէսզի Գաղգաղայում մորթելով՝ Տէր Աստծու համար զոհեր մատուցեն»: 22 Սամուէլն ասաց. «Միթէ Տիրոջ համար աւելի հաճելի՞ են ողջակէզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը: Հնազանդութիւնն աւելի լաւ է, քան ընտիր զոհը, եւ անսալն աւելի լաւ է, քան խոյերի ճարպը: 23 Կախարդութիւն անելը մեղք է, եւ կուռքերը միայն ցաւ ու տառապանք են պատճառում: Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խօսքը, Տէրն էլ քեզ պիտի մերժի իբրեւ Իսրայէլի թագաւոր»:
24 Սաւուղն ասաց Սամուէլին. «Մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ եւ քո խօսքերը: 25 Վախեցայ ժողովրդից եւ նրա ձայնին անսացի: Արդ, ների՛ր իմ մեղքը, ինձ հետ վերադարձի՛ր, որ քո Տէր Աստծո՛ւն երկրպագեմ»: 26 Սամուէլն ասաց Սաւուղին. «Ես քեզ հետ չեմ վերադառնայ, քանզի արհամարհեցիր Տիրոջ խօսքը, եւ Տէրը քեզ մերժեց իբրեւ Իսրայէլի թագաւոր»: 27 Սամուէլը երեսը դարձրեց, որ գնայ, բայց Սաւուղը բռնեց նրա թիկնոցի ծայրից ու պատռեց այն: 28 Սամուէլն ասաց նրան. «Տէրն այսօր քո վրայից վերցրեց Իսրայէլի թագաւորութիւնը եւ այն տալու է քեզանից լաւ ընկերոջդ: 29 Իսրայէլը երկու մասի է բաժանուելու, եւ Տէրն իր խօսքից յետ չի դառնալու ու չի զղջալու, քանզի նա մարդ չէ, որ զղջայ: 30 Նա սպառնացող է»: Սաւուղն ասաց. «Մեղանչել եմ, սակայն հիմա ժողովրդի ծերերի ու իսրայէլացիների առաջ ինձ պատուի՛ր, վերադարձի՛ր ինձ հետ, եւ ես կ՚երկրպագեմ քո Տէր Աստծուն»: 31 Սամուէլը Սաւուղի մօտ վերադարձաւ, եւ Սաւուղը Տիրոջը երկրպագութիւն արեց:
32 Սամուէլն ասաց. «Ինձ մօ՛տ բերէք Ամաղէկի թագաւոր Ագագին»: Ագագը դողալով մօտեցաւ եւ ասաց. «Մի՞թէ այսպէս դառն է մահը»: 33 Սամուէլն ասաց Ագագին. «Ինչպէս որ քո սուրը կանանց որդեկորոյս դարձրեց, նոյն ձեւով էլ որդեկորոյս կը լինի քո մայրը կանանց մէջ»: Սամուէլն Ագագին սպանեց Տիրոջ առջեւ Գաղգաղայում:
34 Սամուէլը գնաց Արիմաթէմ, իսկ Սաւուղը ելաւ գնաց Գաբաա, իր տունը: 35 Սամուէլը մինչեւ իր մահուան օրը այլեւս չտեսաւ Սաւուղին, քանզի Սամուէլը Սաւուղի համար սուգ էր անում: Եւ Տէրը զղջացել էր, որ Սաւուղին թագաւոր էր օծել Իսրայէլի վրայ:
16
ՏԷՐԸ ԴԱՒԹԻՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՈՐՊԷՍ ՆՈՐ ԹԱԳԱՒՈՐ
1 Տէրն ասաց Սամուէլին. «Մինչեւ ե՞րբ պէտք է սգաս Սաւուղին, ես նրան զրկել եմ Իսրայէլի վրայ թագաւորելուց: Քո եղջիւրը իւղով լցրո՛ւ, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհէմ, Յեսսէի մօտ, քանզի նրա որդիներից մէկին եմ թագաւոր ընտրել»: 2 Սամուէլն ասաց. «Ինչպէ՞ս երթամ: Սաւուղը կը լսի, եւ ինձ կը սպանի»: Տէրն ասաց. «Դու քեզ հետ մի երինջ վերցրո՛ւ եւ ասա՛, թէ Տիրոջը զոհելու համար եմ եկել: 3 Եւ Յեսսէին հրաւիրի՛ր զոհաբերութիւն անելու ու ինչ որ պիտի անես, ես կ՚ասեմ: Դու կ՚օծես նրա՛ն, որին քեզ կ՚ասեմ»:
4 Սամուէլն արեց այն, ինչ Տէրն ասել էր, ու եկաւ Բեթղեհէմ: Քաղաքի ծերերը զարհուրած դիմաւորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը թող խաղաղութեամբ լինի, ո՜վ տեսանող»: 5 Նա ասաց. «Խաղաղութեամբ է, Տիրոջը զոհաբերութիւն անելու եմ եկել: Մաքրուեցէ՛ք ու ինձ հետ ուրա՛խ եղէք այսօր»: Նա Յեսսէին ու նրա որդիներին մաքրեց եւ զոհաբերութեան հրաւիրեց նրանց: 6 Երբ նրանք մտնում էին, նա Եղիաբին տեսնելով՝ ասաց. «Իրօք, Տիրոջ օծեալն իր առջեւ է»: 7 Տէրը, սակայն, ասաց Սամուէլին. «Նրա տեսքին մի՛ նայիր եւ ոչ էլ հասակի բարձրութեանը, քանզի ես նրան չեմ ընտրել: Աստուած այնպէս չի նկատում, ինչպէս նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստուած՝ սրտին»: 8 Յեսսէն կանչեց Ամինադաբին ու նրան անցկացրեց Սամուէլի առջեւից: Սամուէլն ասաց. «Տէրը սրան չի ընտրել»: 9 Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց Սամաային, եւ Սամուէլն ասաց. «Ոչ էլ սրան է ընտրել Տէրը»: 10 Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց իր եօթը որդիներին էլ, բայց Սամուէլն ասաց Յեսսէին. 11 «Տէրը դրանցից որեւէ մէկին չի ընտրել»: Սամուէլը Յեսսէին ասաց. «Այսքա՞ն են քո որդիները»: Յեսսէն ասաց. «Մի փոքրիկ տղայ էլ ունեմ, որ ոչխար է արածեցնում»: Սամուէլն ասաց Յեսսէին. «Մարդ ուղարկի՛ր ու բերել տո՛ւր նրան, քանզի մենք սեղան չենք նստի, մինչեւ նա այստեղ չգայ»: 12 Յեսսէն մարդ ուղարկեց ու բերել տուեց նրան: Նա խարտեաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար356 գեղանի տեսքով: 13 Տէրն ասաց Սամուէլին. «Վե՛ր կաց, օծի՛ր Դաւթին, քանզի նա լաւ է»: Սամուէլը իւղով լի եղջիւրն առաւ եւ իր եղբայրների մէջ օծեց նրան: Այդ օրուանից եւ յետոյ Տիրոջ հոգին շարժուեց Դաւթի վրայ: Սամուէլը վեր կացաւ ու գնաց Արիմաթէմ:
ԴԱՒԻԹԸ ՍԱՒՈՒՂԻ ՊԱԼԱՏՈՒՄ
14 Տիրոջ հոգին վերացաւ Սաւուղից, եւ Տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի նեղում էր նրան: 15 Ծառաներն ասացին նրան. «Ահա Տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի խեղդում է քեզ: 16 Թող քո առաջ կանգնած ծառաներդ խօսեն եւ խնդրեն մեր Տիրոջը, որ գտնեն մի մարդու, որ գիտի նուագել, եւ հէնց որ Աստծուց ուղարկուած չար ոգին քեզ վրայ հասնի, նա քնար նուագելով կ՚երգի, դա քեզ հաճելի կը լինի եւ կը հանգստացնի քեզ»: 17 Սաւուղն իր ծառաներին ասաց. «Գտէ՛ք մի մարդ, որ լաւ է նուագում, եւ նրան բերէ՛ք ինձ մօտ»: 18 Ծառաներից մէկն ասաց. «Ես տեսել եմ Բեթղեհէմացի Յեսսէի տղային, որ գիտի սաղմոս ասել, շնորհալի մարդ է ու պատերազմիկ, իմաստուն ու ճարտասան, գեղեցիկ տեսքով: Եւ Տէրը նրա հետ է»: 19 Սաւուղը պատգամաւորներ ուղարկելով Յեսսէի մօտ՝ ասաց. «Ինձ մօ՛տ ուղարկիր քո որդի Դաւթին՝ քո հօտի պահապանին»: 20 Յեսսէն առաւ մի արդու հաց, մի տիկ գինի ու մի ուլ եւ իր որդի Դաւթի հետ ուղարկեց Սաւուղին: 21 Դաւիթն եկաւ Սաւուղի մօտ ու կանգնեց նրա առջեւ: Սաւուղը նրան շատ սիրեց, եւ նա նրա կապարճակիրը դարձաւ: 22 Սաւուղը Յեսսէին լուր ուղարկեց՝ ասելով. «Դաւիթը թող ինձ մօտ մնայ, քանզի իմ առաջ նա շնորհ գտաւ»: 23 Եւ երբ չար ոգին իջնում էր Սաւուղի վրայ, Դաւիթը առնում էր քնարը եւ նուագում իր ձեռքով, հանգստացնում էր Սաւուղին: Սաւուղը հանգստանում էր, եւ չար ոգին նրանից հեռանում էր:
17
ԴԱՒԻԹԸ ԵՒ ԳՈՂԻԱԹԸ
1 Այլազգիներն իրենց զօրքը հաւաքեցին, որ պատերազմեն: Նրանք հաւաքուեցին Հրէաստանի Սոկքով վայրում եւ բանակեցին Սոկքովի ու Ափեսդոմի Ազեկա բնակավայրի միջեւ: 2 Սաւուղն ու իսրայէլացիները նոյնպէս համախմբուեցին հովիտներում եւ պատերազմի ճակատ կազմեցին այլազգիների դէմ: 3 Այլազգիները լերան այն կողմում էին, իսկ իսրայէլացիները լերան այս կողմում էին. նրանց միջեւ հովիտ կար: 4 Այլազգիների ճակատից գէթցի մի զօրեղ մարդ դուրս եկաւ, որի անունն էր Գողիաթ: Նրա հասակի բարձրութիւնը վեց կանգուն եւ մէկ թիզ էր, 5 գլխին սաղաւարտ կար, հագել էր պղնձից ու երկաթից լանջապանակ, մի զրահ, որի քաշը հինգ հազար սիկղ էր357: 6 Նրա ազդրերին պղնձէ սռնապաններ կային, իսկ թիկունքին՝ պղնձէ վահան: 7 Նրա գեղարդի բունը նման էր ոստայնանկների գլանի, իսկ նրա երկաթէ տէգը վեց հարիւր սիկղ էր կշռում358: Նրա զինակիրն իր առջեւից էր ընթանում: 8 Նա եկաւ կանգնեց, ձայն տուեց իսրայէլացիների բանակին՝ ասելով. «Ինչո՞ւ էք մեր դէմ ելել պատերազմելու: Չէ՞ որ ես այլազգի եմ, իսկ դուք՝ եբրայեցիներդ, Սաւուղի ստրուկներ: Ձեր միջից ընտրեցէ՛ք մի մարդ, որ իմ դէմ ելնի: 9 Եթէ նա կարողանայ կռուել իմ դէմ եւ ինձ սպանել, մենք ձեզ ծառայ կը լինենք, իսկ եթէ ես յաղթեմ ու սպանեմ նրան, դո՛ւք մեզ ծառայ կը լինէք ու մեզ կը ծառայէք»: 10 Այլազգին աւելացրեց. «Ահաւասիկ ես այսօր Իսրայէլի զօրքը խայտառակելու եմ: Մի մարդ տուէ՛ք, եւ ես ու նա երկուսով մենամարտենք»: 11 Երբ Սաւուղն ու բոլոր իսրայէլացիները լսեցին այլազգու խօսքերը, ահաբեկուեցին, շատ վախեցան:
ԴԱՒԻԹԸ ՍԱՒՈՒՂԻ ԲԱՆԱԿԱՏԵՂԻՈՒՄ
12 359 Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից եփրաթացի մի մարդ կար, նրա անունը Յեսսէ էր: Նա մի որդի ունէր: Յեսսէն ութ որդի ունէր: Սաւուղի օրօք նա ծերութեան հասած մարդ էր: 13 Յեսսէի երեք աւագ որդիները Սաւուղի հետ պատերազմի էին գնացել: Պատերազմի գնացած որդիների անուններն էին. անդրանիկ որդունը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Ամինադաբ եւ երրորդինը՝ Սամաա: 14 Դաւիթը կրտսերն էր, իսկ երեք աւագ որդիները գնացել էին Սաւուղի հետ: 15 Դաւիթը Սաւուղի մօտից վերադարձաւ, որ Բեթղեհէմում գտնուող իր ոչխարներն արածեցնի:
16 Այն այլազգին քառասուն օր, առաւօտ կանուխ ու երեկոյեան, գալիս արձանացած կանգնում էր իսրայէլացիների առաջ:
17 Յեսսէն ասաց իր որդի Դաւթին. Այս մէկ արդու խարկած ցորենը եւ տասը նկանակը ա՛ռ ու շտապի՛ր բանակ, տո՛ւր քո եղբայրներին: Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին: 18 Նաեւ իմացի՛ր, թէ եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, եւ հարցրո՛ւ, թէ որեւէ բանի պէտք ունե՞ն»: 19 Սաւուղը եւ բոլոր իսրայէլացիները Կաղնու հովտում էին հաւաքուել, որ այլազգիների դէմ պատերազմեն:
20 Դաւիթը վաղ առաւօտեան վեր կացաւ եւ ոչխարներին թողնելով հովիւներին՝ այդ բաներն առաւ ու գնաց, ինչպէս Յեսսէն էր հրամայել իրեն: Երբ հասաւ տափարակ տեղը, զօրքերն արդէն շարուել էին՝ ճակատ կազմելու եւ պատերազմի աղաղակներ էին արձակում: 21 Իսրայէլացիները եւ այլազգիները միմեանց դէմ էին կանգնել ճակատ առ ճակատ: 22 Դաւիթն իր բերածները յանձնեց բանակի մթերապահին եւ վազեց դէպի զօրքը ու հետաքրքրուեց իր եղբայրների առողջութեամբ: 23 Մինչ նա խօսում էր, այլազգիների ճակատից դուրս եկաւ յամինացի այն փղշտացին, որի անունն էր Գողիաթ: Նա գէթացի էր: Նա կրկնեց նոյն խօսքերը, եւ Դաւիթը լսեց դրանք: 24 Բոլոր իսրայէլացիներն այդ մարդուն տեսնելով՝ նրա առաջից փախան եւ սաստիկ վախեցան: 25 Իսրայէլացիներն ասացին. «Տեսա՞ք այս մարդուն, որն Իսրայէլին խայտառակելու է դուրս եկել: Ով որ սպանի նրան, արքան մեծ հարստութեամբ կը լիացնի նրան, իր աղջկան նրան կնութեան կը տայ եւ նրա հօր տունը Իսրայէլի մէջ ազատ կը դարձնի»: 26 Դաւիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կ՚անեն այն մարդուն, որ այլազգուն կը սպանի եւ Իսրայէլի նախատինքը կը վերացնի: Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զօրքին վիրաւորանք է հասցնում»: 27 Եւ ժողովուրդը նոյն խօսքերը կրկնելով՝ նրան ասաց. «Այսպէս ու այսպէս կը լինի այն մարդը, որ կը սպանի նրան»:
28 Երբ նրա աւագ եղբայր Եղիաբը լսեց նրա զրոյցը այդ մարդկանց հետ, Դաւթի վրայ խիստ բարկանալով՝ ասաց. «Դու ինչո՞ւ ես եկել այստեղ, անապատում ո՞ւմ ես յանձնել այն փոքրաթիւ ոչխարները: Ես գիտեմ քո մեծամտութիւնը եւ սրտի չարութիւնը, դու պատերազմը դիտելու համար ես եկել»: 29 Դաւիթն ասաց. «Ի՞նչ եմ արել, բան էր՝ ասացինք»: 30 Եւ նրանից հեռանալով՝ նոյն հարցը տուեց, եւ մարդիկ նոյն խօսքերով պատասխան տուեցին:
31 Դաւթի խօսակցութիւնը յայտնի դարձաւ, եւ երբ այդ մասին պատմեցին Սաւուղին, նա նրան կանչել տուեց իր մօտ: 32 Դաւիթն ասաց Սաւուղին. «Գողիաթի պատճառով իմ տիրոջ սիրտը թող չկոտրուի: 33 Քո ծառան կը գնայ ու կը մենամարտի այդ այլազգու դէմ»: Սաւուղն ասաց Դաւթին. «Գուցէ չկարողանաս գնալ կռուել այլազգու դէմ, քանզի պատանի ես, իսկ նա մանկութիւնից ի վեր պատերազմող մարդ է եղել»: 34 Դաւիթն ասաց Սաւուղին. «Քո ծառան իր հօր ոչխարներն էր արածեցնում, եւ երբ առիւծ կամ արջ էր գալիս եւ հօտից ոչխար էր տանում, 35 ես նրան հետապնդում էի, զարկում եւ կորզում ոչխարը նրա երախից: Իսկ եթէ ինձ վրայ էր յարձակւում, բռնում էի նրա կոկորդից, հարուածում ու սպանում նրան: 36 Քո ծառան առիւծ էլ է սատկեցրել, արջ էլ: Նոյն կերպ կը վարուեմ ես այդ անթլփատ այլազգու հետ: Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան եւ այսօր եւեթ վերացնեմ Իսրայէլի նախատինքը: Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զօրքն է նախատել»: 37 Դաւիթն ասաց. «Եթէ Տէր Աստուած ինձ փրկել է առիւծի ու արջի ճանկերից, ինձ կը փրկի նաեւ այդ անթլփատ այլազգու ձեռքից»: 38 Սաւուղն ասաց. «Գնա՛, Տէրը քեզ հետ թող լինի»: Սաւուղը Դաւթի ուսերին գցեց իր թիկնոցը, գլխին դրեց պղնձէ սաղաւարտը եւ հագցրեց իր զրահները: 39 Դաւիթը նրա սուրը կապեց թիկնոցի վրայից եւ գնալ-գալիս մէկ երկու անգամ սայթաքեց: Դաւիթը Սաւուղին ասաց. «Սրանցով չեմ կարող քայլել, որովհետեւ սովոր չեմ». եւ զրահը հանեցին նրա վրայից:
ԴԱՒԻԹԸ ՅԱՂԹՈՒՄ Է ԳՈՂԻԱԹԻՆ
40 Նա ձեռքն առաւ ցուպը եւ հեղեղատից հինգ ողորկ քարեր ընտրելով՝ դրեց իր հովուական տոպրակի մէջ, որի մէջ սովոր էր քարեր հաւաքել: Նա պարսատիկն իր ձեռքն առնելով՝ գնաց դէպի այլազգին: 41 Այլազգին նոյնպէս եկաւ ու մօտեցաւ Դաւթին: 42 Նրա վահանակիրն իր առջեւից էր գնում: Երբ այլազգին նայեց ու տեսաւ Դաւթին, արհամարհեց նրան, քանզի նա խարտեաշ ու գեղեցիկ աչքերով մի պատանեակ էր: 43 Այլազգին ասաց Դաւթին. «Ինչպէ՞ս թէ, մի՞թէ ես շուն եմ, որ ցուպով ու քարերով ես գալիս ինձ վրայ»: Դաւիթն ասաց. «Դու շնից էլ վատթար ես»: Եւ այլազգին իր աստուածներով նզովելով Դաւթին՝ ասաց նրան. 44 «Ե՛կ ինձ մօտ, եւ ես քո մարմինը կը տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին»: 45 Դաւիթն ասաց այլազգուն. «Դու ինձ վրայ ես յարձակւում սրով, գեղարդով եւ վահանով, իսկ ես քեզ վրայ եմ յարձակւում Իսրայէլի զօրքի զօրութիւնների Տիրոջ անունով, Իսրայէլի, որին դու այսօր նախատեցիր: 46 Տէրը քեզ այսօր իմ ձեռքը կը մատնի, ես կը սպանեմ քեզ, քո գլուխը կը կտրեմ, քո լէշն ու այլազգիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կը տամ: Ամբողջ երկիրը կ՚իմանայ, թէ Աստուած գոյութիւն ունի Իսրայէլի մէջ, 47 այս ամբողջ բազմութիւնը կ՚իմանայ, թէ Տէրը սրով ու գեղարդով չէ, որ փրկում է, քանզի սա Տիրոջ պատերազմն է, եւ Տէրը ձեզ մեր ձեռքը պիտի մատնի»:
48 Վեր կացաւ այլազգին ու եկաւ մօտեցաւ Դաւթին, իսկ Դաւիթն շտապեց եւ այլազգու դէմ ճակատելու գնաց: 49 Դաւիթը ձեռքը մտցրեց տոպրակի մէջ, այնտեղից մի քար առաւ ու այն պարսատիկով նետելով՝ հարուածեց այլազգու ճակատին: Քարը սաղաւարտը ծակելով մտաւ ճակատի մէջ, եւ Գողիաթը երեսնիվայր գետին ընկաւ: 50 Այսպիսով Դաւիթը պարսատիկով ու քարով յաղթեց այլազգուն, հարուածեց ու սպանեց նրան: 51 Դաւթի ձեռքին, սակայն, սուր չկար, ուստի Դաւիթը վազեց, կանգնեց այլազգու վրայ, բռնեց նրա սուրը, բռնելով քաշեց հանեց պատեանից, սպանեց ու գլխատեց նրան: 52 Երբ այլազգիները տեսան, թէ իրենց հզօր մարդը մեռաւ, փախան: Իսրայէլացիների ու Յուդայի երկրի մարդիկ վեր կենալով՝ աղաղակեցին, յարձակուեցին ու հետապնդեցին նրանց մինչեւ Գէթի մուտքը եւ Ակկարոնի դարպասները: Վիրաւոր այլազգիներն ընկան ճանապարհների վրայ մինչեւ Գէթի ու Ակկարոնի դարպասները: 53 Իսրայէլացիները այլազգիներին հալածելուց յետոյ վերադարձան ու կողոպտեցին նրանց բանակատեղին: 54 Դաւիթը վերցրեց այլազգու գլուխը եւ այն բերեց Երուսաղէմ, իսկ նրա զէնքերը բերեց իր վրանը:
ԴԱՒԻԹԸ ՍԱՒՈՒՂԻ ԱՌԱՋ
55 Երբ Սաւուղը տեսաւ այլազգու դէմ յարձակուած Դաւթին, ասաց զօրքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանեակը»: 56 Աբեններն ասաց. «Կենդանի է քո անձը, արքա՛յ, չգիտեմ»: Արքան ասաց. «Հարցրո՛ւ եւ իմացի՛ր, թէ ո՞ւմ որդին է այդ պատանեակը»: 57 Երբ Դաւիթը վերադարձաւ այլազգուն սպանելուց յետոյ, Աբենները նրան տարաւ Սաւուղի մօտ: Այլազգու գլուխը Դաւթի ձեռքին էր: 58 Սաւուղը հարցրեց նրան. «Ո՞ւմ որդին ես դու, պատանի՛»: Դաւիթն ասաց. «Քո ծառայ Յեսսէ Բեթղեհէմացու որդին եմ»:
18
1 Երբ Դաւիթը Սաւուղի հետ խօսակցութիւնը վերջացրեց, Յովնաթանը հոգով կապուեց Դաւթին: 2 Յովնաթանը նրան իր անձի պէս սիրեց: Նոյն օրը Սաւուղն իր մօտ վերցրեց նրան ու չթողեց, որ նա վերադառնայ իր հօր տունը: 3 Յովնաթանը Դաւթի հետ ուխտ դրեց, քանզի Յովնաթանը նրան իր անձի պէս էր սիրում: 4 Յովնաթանն իր թիկնոցը հանեց ու տուեց Դաւթին, նաեւ իր զինուորական համազգեստը, նոյնիսկ իր սուրը, աղեղն ու գօտին: 5 Դաւիթը գնում էր ամէն տեղ, ուր Սաւուղն ուղարկում էր նրան, եւ նա գնալով իմաստուն էր դառնում: Սաւուղը նրան պատերազմիկների առաջնորդ կարգեց, եւ նա ամբողջ ժողովրդի, ինչպէս նաեւ Սաւուղի ծառաների աչքին հաճելի դարձաւ:
ՍԱՒՈՒՂԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՊԱՆԵԼ ԴԱՒԹԻՆ
6 Երբ նրանք պատերազմից գալիս էին, եւ Դաւիթը այլազգուն սպանելուց յետոյ վերադառնում էր, Իսրայէլի բոլոր քաղաքներից պարողները երգերով ու պարերով դիմաւորեցին Դաւթին, թմբուկներով, ուրախութեան բացականչութիւններով ու ծնծղաներով ընդառաջ եկան Սաւուղ արքային: 7 Պարող կանայք երգելով ասում էին. «Սաւուղը հազար, իսկ Դաւիթը բազմահազար մարդկանց սպանեց»:
8 Սաւուղը զայրացաւ այդ խօսքերի համար եւ ասաց. «Բազմահազարը Դաւթին վերագրեցին, իսկ ինձ՝ հազարը: Արդ, նրան ի՞նչ է պակասում բացի թագաւորութիւնից»: 9 Այն օրից Սաւուղը ծուռ աչքով էր նայում Դաւթին:
10 Հետեւեալ օրը Աստծուց ուղարկուած չար ոգին պատեց Սաւուղին, եւ սա ցնորամիտ դարձաւ իր տան մէջ: Դաւիթն, ինչպէս միշտ, իր ձեռքով քնար էր նուագում, իսկ Սաւուղի ձեռքին գեղարդ կար: 11 Նա իր մտքում ասաց. «Գեղարդով հարուածեմ ու Դաւթին պատին գամեմ»: Սաւուղը նետեց գեղարդը, բայց Դաւիթը երկու անգամ նրանից խոյս տուեց: 12 Սաւուղը Դաւթի ներկայութիւնից վախենում էր, որովհետեւ Տէրը նրա հետ էր, իսկ Սաւուղից հեռացել էր: 13 Սաւուղը նրան հազարապետ կարգելով՝ իր մօտից հեռացրեց, եւ Դաւիթը ժողովրդի մէջ ելումուտ էր անում: 14 Դաւիթն ամէն գործում խելամիտ էր, եւ Տէրը նրա հետ էր: 15 Երբ Սաւուղը տեսաւ, որ նա չափազանց իմաստուն է, երկիւղ էր կրում նրանից: 16 Բոլոր իսրայէլացիներն ու Յուդայի երկրի բնակիչները սիրում էին Դաւթին, քանզի նա էր նրանց մօտ ելումուտ անողը:
17 Սաւուղն ասաց Դաւթին. «Ահա իմ մեծ աղջկան՝ Մերոբին քեզ կնութեան եմ տալու, միայն թէ դու ինձ քաջաբար ծառայի՛ր ու Տիրոջ պատերազմները վարի՛ր»: Սաւուղը մտածում էր. «Թող իմ ձեռքը նրա դէմ չլինի, այլ թող այլազգիների ձեռքը նրա դէմ լինի»: 18 Դաւիթն ասաց Սաւուղին. «Ո՞վ եմ ես, ի՞նչ է իմ ապրուստը, եւ ի՞նչ է իմ հօր ազգատոհմը Իսրայէլի մէջ, որ արքային փեսայ դառնամ»: 19 Եւ այդ ժամանակ, երբ Սաւուղի դուստր Մերոբը կնութեան պիտի տրուէր Դաւթին, Մոլաթացի Եզրիէլի՛ն կնութեան տրուեց:
ԴԱՒԻԹՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ՍԱՒՈՒՂԻ ԱՂՋԿԱՅ ՀԵՏ
20 Սաւուղի դուստր Մեղքողը սիրեց Դաւթին, ու երբ այդ մասին յայտնեցին Սաւուղին, դա նրան հաճելի թուաց: 21 Սաւուղը մտածեց. «Նրան կնութեան տամ, որ նա նրա համար որոգայթ դառնայ»: Եւ այլազգիների ձեռքը Սաւուղի վրայ էր360: Սաւուղն ասաց Դաւթին. «Այսօր դու ինձ երկու աղջիկներով փեսայ դարձար»: 22 Սաւուղն իր ծառաներին պատուիրեց՝ ասելով. «Դաւթի հետ ծածուկ խօսելով՝ ասացէ՛ք. “Արքան քեզ հաւանել է, եւ նրա բոլոր մարդիկ սիրում են քեզ, ուստի փեսա՛յ դարձիր արքային”»: 23 Սաւուղի ծառաները այս խօսքերը Դաւթի ականջին հասցրին: Դաւիթն ասաց. «Ձեզ թւում է հե՞շտ բան է արքային փեսայ դառնալը: Ես մի խեղճ ու աննշան մարդ եմ»: 24 Սաւուղի ծառաները հաղորդեցին նրան Դաւթի պատասխանը: Սաւուղն ասաց. «Այսպէ՛ս ասացէք Դաւթին. 25 “Արքան գլխագին չի ուզում, այլ միայն այլազգիների հարիւր անթլփատութիւն, որպէսզի արքայի թշնամիներից վրէժ լուծի”»: Սաւուղը մտածում էր Դաւթին այլազգիների ձեռքը յանձնել: 26 Սաւուղի ծառաներն այս խօսքերը հաղորդեցին Դաւթին, ու Դաւթին հաճելի թուաց արքային փեսայ դառնալը: 27 Պայմանաւորուած ժամկէտը դեռ չէր վերջացել, որ Դաւիթն իր մարդկանցով վեր կացաւ եւ այլազգիներից հարիւր մարդ սպանեց, բերեց նրանց չթլփատուած անդամները, լցրեց արքայի առջեւ եւ արքային փեսայ դարձաւ. Սաւուղն իր դուստր Մեղքողին նրան կնութեան տուեց: 28 Սակայն երբ Սաւուղը տեսաւ ու հասկացաւ, թէ Տէրը Դաւթի հետ է, եւ ամբողջ Իսրայէլը սիրում է նրան, սկսեց առաւել եւս վախենալ Դաւթից: 29 Եւ Սաւուղը միշտ թշնամութեամբ էր վերաբերւում Դաւթին:
30 Այլազգիների իշխանները ոտքի ելան. նրանք երկար ժամանակ էին նախապատրաստւում դրան. ամէն անգամ Դաւիթն աւելի խորագէտ էր գործում, քան Սաւուղի բոլոր ծառաները, ուստի նրա անունը գնալով աւելի էր փառաւորւում:
19
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ԴԱՒԹԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ
1 Սաւուղը խօսեց իր Յովնաթան որդու եւ իր բոլոր ծառաների հետ՝ Դաւթին սպանելու համար: 2 Սաւուղի որդի Յովնաթանը, սակայն, շատ էր սիրում Դաւթին եւ այս բանը հաղորդեց նրան՝ ասելով. «Իմ հայրը մտադիր է քեզ սպանել, ուստի զգո՛յշ եղիր վաղն առաւօտեան, թաքնուի՛ր ու նստի՛ր թաքստոցում: 3 Ես դուրս կը գամ ու կը կանգնեմ հօրս մօտ, այն դաշտում, ուր դու կը լինես: Ես իմ հօր հետ կը խօսեմ քո մասին, կը տեսնեմ, թէ ինչ կ՚ասի եւ կը յայտնեմ քեզ»: 4 Եւ Յովնաթանը Դաւթի մասին նպաստաւոր խօսքեր ասելով իր հօրը՝ Սաւուղին, աւելացրեց. «Թող արքան իր ծառայ Դաւթի դէմ մեղք չգործի, քանզի նա ոչ մի մեղք չի գործել քո դէմ: Նա քո նկատմամբ բարի շատ գործեր է կատարել: 5 Նա իր անձը վտանգի ենթարկելով՝ սպանել է այլազգուն՝ Գողիաթին, Տէրը մեծ փրկութիւն է շնորհել, եւ ամբողջ Իսրայէլն այդ տեսնելով՝ ուրախացել է: Ինչո՞ւ Դաւթին ի զուր սպանելով անմեղ արեան մեղքի տակ մտնես»: 6 Սաւուղն անսաց Յովնաթանի խօսքին ու երդուեց՝ ասելով. «Կենդանի է Տէրը. նա չպիտի մեռնի»: 7 Յովնաթանը կանչեց Դաւթին եւ հաղորդեց նրան այս բոլոր խօսքերը: Յովնաթանը Դաւթին տարաւ Սաւուղի մօտ, եւ նա Դաւթին վերաբերուեց այնպէս, ինչպէս նախկինում:
8 Դարձեալ պատերազմ եղաւ, ու Դաւիթը դուրս եկաւ այլազգիների դէմ պատերազմի: Նա նրանց շատ մեծ ջարդ տուեց, եւ նրանք փախան նրա առջեւից: 9 Տիրոջ չար ոգին իջաւ Սաւուղի վրայ. սա, գեղարդը ձեռքին, իր տանը նստած էր, իսկ Դաւիթը քնար էր նուագում: 10 Սաւուղը փորձեց Դաւթին գեղարդով պատին գամել, սակայն նա Սաւուղի հարուածից խոյս տուեց. գեղարդը պատին խրուեց, իսկ Դաւիթը փախչելով ազատուեց:
11 Այդ գիշեր Սաւուղը մարդ ուղարկեց Դաւթի տունը, որ հետեւեն եւ առաւօտեան սպանեն նրան: Դաւթի կին Մեղքողն այդ մասին նրան յայտնելով՝ ասաց. «Եթէ այս գիշեր ինքդ քեզ չփրկես, վաղը կը մեռնես»: 12 Մեղքողը Դաւթին պատուհանից իջեցրեց, եւ սա փախչելով փրկուեց: 13 Մեղքողը մի խրտուիլակ բերեց ու դրեց մահճի վրայ, նաեւ այծի լեարդ ու սնարին՝ մազի կծիկ եւ ծածկոցով ծածկեց: 14 Սաւուղը մարդ ուղարկեց Դաւթին բռնելու. եկան ասացին Սաւուղին, թէ նա հիւանդ է: 15 Դարձեալ մարդ ուղարկեց Դաւթի յետեւից՝ ասելով. «Մահիճով հանդերձ նրան ինձ մօտ բերէ՛ք, որ սպանեմ»: 16 Մարդիկ եկան եւ տեսան, որ մահճի մէջ խրտուիլակ էր դրուած, այծի լեարդ եւ սնարին՝ մազի կծիկ: 17 Սաւուղն ասաց Մեղքողին. «Ինչո՞ւ ինձ այսպէս խաբեցիր, իմ թշնամուն բաց թողեցիր, եւ նա փրկուեց»: Մեղքողն ասաց Սաւուղին. «Ինքն ասաց, թէ՝ “Արձակի՛ր ինձ, ապա թէ ոչ՝ քեզ կը սպանեմ”»:
18 Դաւիթը փախչելով փրկուեց, եկաւ Արիմաթէմ, Սամուէլի մօտ, նրան պատմեց ամէն ինչ, որ Սաւուղն արել էր իր նկատմամբ: Սամուէլն ու Դաւիթը գնացին ու բնակուեցին Ռամայի Նաւաթ բնակավայրում: 19 Սաւուղին իմաց տուեցին, թէ՝ «Ահա Դաւիթը Ռամայի Նաւաթ բնակավայրում է»: 20 Սաւուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դաւթին, բայց երբ նրանք տեսան մարգարէութիւն անող մարգարէների ժողովն ու նրանց ղեկավարող Սամուէլին, Աստծու հոգին Սաւուղի մարդկանց վրայ իջաւ, եւ նրանք էլ մարգարէացան: 21 Սաւուղին պատմեցին եղելութիւնը, նա այլ մարդկանց ուղարկեց, եւ սրանք եւս մարգարէացան: Սաւուղը կրկին ուրիշ մարդկանց ուղարկեց, սրանք էլ մարգարէացան: 22 Սաւուղը խիստ բարկացաւ, ինքը գնաց Արիմաթէմ ու հասնելով մինչեւ Սոկքովի մեծ ջրհորը՝ հարցրեց. «Ո՞ւր են Սամուէլն ու Դաւիթը»: 23 Նրան ասացին. «Ռամայի Նաւաթ բնակավայրում»: Նա այնտեղից գնաց Ռամայի Նաւաթ բնակավայրը, Աստծու հոգին իջաւ նրա վրայ, եւ նա ճանապարհը շարունակելով՝ մինչեւ Ռամայի Նաւաթ բնակավայրը հասնելը մարգարէութիւն էր անում: 24 Նա հանեց իր զգեստները ու նրանց առջեւ մարգարէանում էր: Ամբողջ գիշեր ու ցերեկ նա մերկ ընկած էր գետնին: Դրա համար են ասում, թէ՝ «Սաւո՞ւղն էլ է մարգարէների մէջ361»:
20
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՕԳՆՈՒՄ Է ԴԱՒԹԻ ՄԵԿՆՈՒՄԻՆ
1 Դաւիթը Ռամայի Նաւաթ բնակավայրից փախաւ եկաւ Յովնաթանի մօտ ու ասաց նրան. «Ի՞նչ եմ արել, ո՞րն է յանցանքս, ի՞նչ մեղք եմ գործել քո հօր դէմ, որ մտադրուել է ինձ սպանել»: 2 Յովնաթանը նրան ասաց. «Քա՛ւ լիցի, դու չպիտի մեռնես: Հայրս ոչ մի մեծ կամ փոքր գործ չի բռնում առանց ինձ յայտնելու, եւ ինչպէ՞ս կարող է հայրս այդ բանն ինձնից թաքցնել: 3 Այդպիսի բան չկայ»: Պատասխան տուեց Դաւիթը Յովնաթանին՝ ասելով. «Քո հայրը լաւ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո աչքում, եւ դրա համար էլ կը մտածի, թէ Յովնաթանն այդ մասին թող չիմանայ, թէ չէ դժգոհ կը լինի: Բայց վկայ է Տէրը, եւ վկայ ես դու, որ, ինչպէս ասացի, ինձ մի քայլ է բաժանում հօրդ նիւթած մահից»: 4 Յովնաթանն ասաց Դաւթին. «Դու ինչ որ կը կամենաս, ես կ՚անեմ քեզ համար»: 5 Դաւիթն ասաց Յովնաթանին. «Ահա վաղը նորալուսին է, ես պէտք է արքայի հետ նստէի հաց ուտելու, սակայն ինձ թո՛ղ, որ մինչեւ երրորդ օրուայ երեկոն դաշտում թաքնուեմ: 6 Եթէ հայրդ իմ մասին հարցնի, կ՚ասես, թէ՝ “Դաւիթն իր քաղաքը՝ Բեթղեհէմ գնալու արտօնութիւն խնդրեց ինձանից, քանզի այնտեղ ամբողջ ազգատոհմի զոհաբերութեան օրն է”: 7 Եթէ ասի՝ “Լաւ է”, ապա քո ծառայի համար խաղաղութիւն է, իսկ եթէ խիստ պատասխան տայ, իմացի՛ր, որ նա չար գործ է նիւթել: 8 Դու ողորմի՛ր քո ծառային, քանզի ինձ հետ Տիրոջն ուխտ ես դրել, եւ եթէ քո ծառան որեւէ յանցանք ունի, դու ինքդ սպանի՛ր ինձ. ինչո՞ւ անպայման ինձ յանձնես քո հօր ձեռքը»: 9 Յովնաթանն ասաց. «Քա՛ւ լիցի: Եթէ ես իմանամ, որ հայրս քո դէմ չարիք է նիւթել, քո քաղաքում իսկ քեզ կը յայտնեմ»: 10 Դաւիթն ասաց Յովնաթանին. «Ո՞վ պէտք է ինձ յայտնի, թէ քո հայրը խստութեամբ է պատասխանել»: 11 Յովնաթանը Դաւթին ասաց. «Գնա՛ ու սպասի՛ր դաշտում»: Եւ երկուսով դաշտ գնացին:
12 Յովնաթանն ասաց Դաւթին. «Երդւում եմ Իսրայէլի Տէր Աստուծով, որ երբ իմ հօրը երեք անգամ քննելով տեսնեմ, թէ նա արդեօք բարի՞ է Դաւթի նկատմամբ, թէ չար, դաշտ՝ քեզ մօտ մարդ կ՚ուղարկեմ: 13 Տէրը Յովնաթանին այսպէս եւ սրանից աւելին թող անի, եթէ չբացայայտեմ հօրս չարութիւնը քո հանդէպ եւ քեզ չյայտնեմ: Այդ դէպքում քեզ կ՚արձակեմ, որ գնաս խաղաղութեամբ, եւ Տէրը քեզ հետ լինի, ինչպէս իմ հօր հետ էր: 14 Իսկ եթէ ես կենդանի մնամ, դու ինձ գթասրտութիւն ցոյց տո՛ւր. 15 եթէ մեռնեմ, քո գթասրտութիւնը իմ տնից չկտրես յաւիտեան: Նոյնիսկ այն ժամանակ, երբ Տէրը Դաւթի թշնամիներին երկրի երեսից ջնջի, 16 Յովնաթանի անունը համարում պէտք է ունենայ Դաւթի տանը, եւ Տէրը Դաւթի թշնամիներից պէտք է վրէժ առնի»:
17 Յովնաթանը Դաւթին կրկին երդուեցրեց իր սիրով, քանզի նրան իր անձի պէս էր սիրում: 18 Յովնաթանը նրան ասաց. «Վաղը նորալուսին է: Քեզ պիտի փնտռեն: Քո տեղը դատարկ տեսնելով՝ քո մասին պիտի հարցնեն: 19 Երեք օր կը մնաս, ապա կը գաս այն վայրը, ուր թաքնուել էիր գործի օրը: Կը նստես Երգաբ կոչուող քարի մօտ: 20 Ես երեք նետ կ՚արձակեմ, իբրեւ թէ նպատակակէտի վրայ, 21 ու կ՚ուղարկեմ պատանեակին՝ ասելով. “Գնա՛ նետերը գտի՛ր”: Եթէ ասեմ պատանեակին՝ “Քեզանից այս կողմ է նետը, այս կողմում փնտռի՛ր”, կը գաս. նշանակում է խաղաղութիւն է քեզ համար, եւ ոչ մի վտանգ չկայ, վկայ է Տէրը: 22 Իսկ եթէ ասեմ պատանեակին՝ “Քեզանից այն կողմ է նետը”, գնա՛, քանզի Տէրն է քեզ արձակել: 23 Իմ ու քո ասածների համար Տէրը վկայ է իմ ու քո միջեւ յաւիտեան»:
24 Դաւիթը թաքնուեց դաշտում: Նորալուսին եկաւ, եւ արքան սենեակ մտաւ հաց ուտելու: 25 Արքան, ըստ սովորութեան, նստեց պատի մօտ դրուած աթոռին: Յովնաթանը վեր կացաւ: Աբենները նստել էր Սաւուղի մօտ, իսկ Դաւթի տեղը դատարկ էր: 26 Այդ օրը Սաւուղը ոչինչ չասաց, որովհետեւ մտածեց, թէ նրան մի բան է պատահել, երեւի մաքուր չէ կամ չի մաքրուել: 27 Հետեւեալ օրը, նորալուսնի երկրորդ օրն էլ Դաւթի տեղը դատարկ էր: Սաւուղն ասաց իր որդի Յովնաթանին. «Յեսսէի որդին ինչո՞ւ երէկ եւ այսօր սեղան նստելու չեկաւ»: 28 Յովնաթանը պատասխանեց Սաւուղին. «Նա ինձնից արտօնութիւն խնդրեց ու գնաց իր քաղաքը՝ Բեթղեհէմ: 29 Նա ասաց. “Արձակի՛ր ինձ, քանզի այդ քաղաքում մեր ազգատոհմը զոհ է մատուցելու: Եղբայրներս ինձ կանչել են, եւ եթէ հիմա քո աչքին շնորհ եմ գտել, գնամ տեսնեմ իմ եղբայրներին”: Այս պատճառով նա արքայի սեղանին չի եկել»:
30 Սաւուղը բարկացաւ Յովնաթանի վրայ եւ ասաց նրան. «Պոռնկորդի՛, մատնի՛չ, միթէ չգիտե՞մ, որ դու դաշնակից ես Յեսսէի որդուն: Դա ամօթ ու խայտառակութիւն է քեզ համար եւ քո մօր սեռական մերկութեան համար: 31 Ինչքան ժամանակ որ Յեսսէի որդին կենդանի է, քո թագաւորութիւնը հաստատուն չի լինի: Հիմա մա՛րդ ուղարկիր ու պատանի Դաւթին բերել տո՛ւր, քանզի նա մահապարտ է»: 32 Յովնաթանը պատասխան տուեց իր հայր Սաւուղին՝ ասելով. «Ինչո՞ւ պէտք է մեռնի, ի՞նչ է արել նա»: 33 Եւ Սաւուղը Յովնաթանի վրայ բարձրացրեց գեղարդը, որ նրան սպանի: Յովնաթանն իմանալով, որ հայրը Դաւթին սպանելու չար որոշում է կայացրել, խիստ զայրանալով՝ 34 սեղանից վեր կացաւ եւ նորալուսնի երկրորդ օրը հաց չկերաւ: Նա տխրեց Դաւթի համար, քանզի հայրը Դաւթին անարգել էր:
35 Առաւօտեան Յովնաթանը դաշտ գնաց, ինչպէս որ պայմանաւորուել էին ինքն ու Դաւիթը: 36 Նրա հետ մի փոքրիկ պատանի կար: Նա ասաց պատանեակին. «Վազիր գտի՛ր այն նետերը, որ ես պիտի արձակեմ»: Նա նետեր արձակեց, եւ պատանին վազեց, որ դրանք բերի: 37 Երբ պատանեակը գնաց մինչեւ այն տեղը, ուր Յովնաթանը նետեր էր արձակել, 38 Յովնաթանը կանչեց պատանեակի յետեւից՝ ասելով. «Նետը քեզնից այն կողմ է»: Ապա Յովնաթանը պատանեակի յետեւից կանչեց. «Շտա՛պ արի, մի՛ կանգնիր»: 39 Յովնաթանի պատանին նետերը հաւաքեց ու բերեց իր տիրոջը: Պատանեակը, սակայն, ոչինչ չգիտէր, եւ միայն Յովնաթանն ու Դաւիթը գիտէին այդ բանը: 40 Յովնաթանն իր գործիքները տուեց պատանեակին՝ ասելով նրան. «Գնա մտի՛ր քաղաք»: 41 Տղան գնաց, իսկ Դաւիթն Երգաբ կոչուող քարից դուրս եկաւ, իր երեսի վրայ գետին ընկաւ եւ նրան երեք անգամ երկրպագութիւն արեց: Նրանք իրար համբուրեցին, եւ ամէն մէկն իր ընկերոջ համար երկար ժամանակ լաց եղաւ: 42 Յովնաթանն ասաց Դաւթին. «Գնա՛ խաղաղութեամբ, ինչպէս որ մենք Տիրոջ անուամբ երդուեցինք՝ ասելով, որ Տէրը յաւիտեան վկայ լինի իմ ու քո միջեւ եւ իմ զաւակի ու քո զաւակի միջեւ»: 43 Դաւիթը վեր կացաւ ու գնաց, իսկ Յովնաթանը մտաւ քաղաք:
21
ԴԱՒԻԹԸ ՓԱԽՉՈՒՄ Է ՍԱՒՈՒՂԻՑ
1 Դաւիթը եկաւ Նոմբա, Աքիմելէք քահանայի մօտ: Աքիմելէքը նրան տեսնելով՝ զարհուրեց ու ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ ոք չկայ քեզ հետ»: 2 Դաւիթն ասաց Աքիմելէք քահանային. «Արքան այսօր ինձ մի գործ է յանձնարարել եւ ասել է ինձ. “Ոչ ոք չիմանայ, թէ ինչու եմ քեզ ուղարկում եւ թէ ինչ եմ պատուիրել քեզ”: Ես իմ ծառաներին յանձնարարել եմ մնալ այն տեղում, որ կոչւում է փելմոնի ելմոնի, այսինքն՝ Աստծու հաւատարմութիւն: 3 Արդ, եթէ հինգ նկանակ ունես քո ձեռքի տակ, տո՛ւր ինձ: Կամ էլ իմ պէտքերի համար տո՛ւր, ինչքան որ կայ»: 4 Աստծու քահանան պատասխան տալով՝ ասաց Դաւթին. «Ես անմաքուր հաց չունեմ, ունեմ սուրբ հաց: Եթէ քո ծառաները կանանց չեն մերձեցել, թող ուտեն»: 5 Դաւիթը պատասխանեց քահանային՝ ասելով. «Կանանցից հեռու ենք մնացել երէկուանից ու նախորդ օրուանից: Ճանապարհ ընկնելու ժամանակ իմ ծառաները մաքրուել են, բայց այս ճանապարհը պիղծ է, այդ պատճառով այսօր դա պիտի մաքրուի իմ գործով»: 6 Աքիմելէք քահանան տուեց նրան առաջաւորութեան հացից, քանի որ այնտեղ սովորական հաց չկար, այլ միայն՝ առաջաւորութեան հաց, որ վերցրել էին Տիրոջ առաջից՝ այդ օրը դրանց փոխարէն տաք հաց դնելու համար:
7 Այն օրն այդտեղ էր գտնւում Սաւուղի ծառաներից մէկը, որը Տիրոջ առջեւ դիւահարութեամբ էր բռնուած: Նրա անունն էր Դովեկ Ասորի: Նա Սաւուղի ջորիներն էր արածեցնում: 8 Դաւիթն ասաց Աքիմելէքին. «Այստեղ ձեռքիդ տակ գեղարդ կամ սուր կա՞յ: Իմ սուրն ու զէնք ու զրահը հետս չեմ վերցրել, քանի որ արքայի գործը շտապ էր»: 9 Քահանան ասաց. «Ահա այլազգի փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Եղա հովտում: Դա շորով փաթաթուած ու դրուած է վակասի յետեւը: Եթէ ուզում ես, վերցրո՛ւ, քանզի, բացի դրանից, այստեղ ոչինչ չկայ»: Դաւիթն ասաց. «Դրա նմանը չկայ, տո՛ւր ինձ այն»: Եւ նա դա տուեց նրան:
10 Դաւիթն այդ օրը ելաւ ու փախաւ Սաւուղի առաջից եւ եկաւ Գէթի արքայ Անքուսի մօտ: 11 Անքուսի ծառաներն ասացին նրան. «Սա Դաւիթը չէ՞, այն երկրի թագաւորը: Սրա համար չէ՞, որ պար բռնող կանայք երգում էին ու ասում. “Սաւուղը հազար սպանեց, իսկ Դաւիթը՝ հազարաւորներ”»: 12 Դաւիթն այս խօսքերը պահեց իր յիշողութեան մէջ եւ սաստիկ վախեցաւ Գէթի արքայ Անքուսից: 13 Նա իր դէմքն այլակերպեց, այդ օրը նրանց առջեւ խելագար ձեւացաւ: Նա նուագում պարում էր քաղաքի դռների մօտ, լորձունքները ծորեցնում իր մօրուքի վրայ, գլուխկոնծի տալիս: 14 Անքուսն ասաց իր ծառաներին. «Դուք տեսնում էք, որ այս մարդը դիւահար է: 15 Ինչո՞ւ էք նրան ինձ մօտ բերել: Մի՞թէ ես դիւահարներին կարօտ եմ, որ նրան բերել էք ինձ մօտ, որպէսզի դիւահարութիւն անի: Նա թող իմ տունը չմտնի»:
22
ԴԱՒԻԹԸ ԶՕՐԱԳԼՈՒԽ
1 Դաւիթն այնտեղից գնաց եւ ապաստանեց Օդողոմի քարայրում: Նրա եղբայրներն ու նրա հօր ամբողջ տունը լսեցին այդ եւ եկան այնտեղ՝ նրա մօտ: 2 Նրա մօտ հաւաքուեցին բոլոր տառապեալները, բոլոր պարտապաններն ու դժգոհները, եւ նա նրանց առաջնորդը դարձաւ: Նրա մօտ չորս հարիւրի չափ մարդ հաւաքուեց:
3 Այնտեղից Դաւիթը գնաց Մովաբի Մասեփաթ քաղաքը եւ ասաց Մովաբի արքային. «Թող իմ հայրն ու մայրը քեզ մօտ մնան, մինչեւ որ իմանամ, թէ Աստուած ինձ ինչ պիտի անի»: 4 Նա աղաչեց Մովաբի արքային, եւ նրանք նրա մօտ բնակուեցին այնքան ժամանակ, քանի դեռ Դաւիթը քարանձաւում էր:
5 Գադ մարգարէն ասաց Դաւթին. «Մի՛ մնա քարանձաւում, այլ վեր կաց գնա՛ Յուդայի երկիրը»: Դաւիթը գնաց եւ հաստատուեց Սարիթ քաղաքում:
ՆՈՄԲԱՅԻ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ
6 Սաւուղն իմացաւ, որ Դաւիթն իր մարդկանցով յայտնուել է: Սաւուղը Ռամայի ներքին դաշտի բլրին էր նստել: Գեղարդը նրա ձեռքին էր, եւ բոլոր ծառաները նրա շուրջն էին: 7 Սաւուղը խօսելով իրեն շրջապատող ծառաների հետ՝ ասաց. «Լսեցէ՛ք, Բենիամինի՛ որդիներ, արդեօ՞ք Յեսսէի որդին ձեզ ամենքիդ արտեր, այգեստաններ կը տայ եւ կամ ձեզ ամենքիդ հազարապետներ ու հարիւրապետներ կը դարձնի: 8 Ինչո՞ւ ամէնքդ իմ դէմ միաբանել էք, եւ ինձ յայտնող չկայ, որ իմ որդին դաշինք է կնքել Յեսսէի որդու հետ: Ձեր մէջ ինձ համար ցաւող չկայ, որ ինձ յայտնէր, թէ իմ որդին իմ դէմ է յարուցել իմ ծառային որպէս թշնամի, ինչպէս այսօր է»: 9 Պատասխան տուեց Դովեկ Ասորին, որը Սաւուղի ջորիներն էր արածեցնում, եւ ասաց. «Ես տեսայ Յեսսէի որդուն, որ եկել էր Նոմբա Աքիտոբի որդի Աքիմելէք քահանայի մօտ: 10 Նա նրա մասին հարցրեց Տիրոջը, նրան պաշար տուեց, ինչպէս նաեւ այլազգի Գողիաթի սուրը»:
11 Արքան մարդ ուղարկեց ու կանչել տուեց Աքիտոբի որդի Աքիմելէք քահանային ու նրա հօր բոլոր որդիներին՝ Նոմբայում գտնուող քահանաներին: Ամէնքն էլ եկան արքայի մօտ: 12 Սաւուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտոբի՛ որդի»: Սա ասաց. «Լսում եմ, խօսի՛ր, տէ՛ր»: 13 Սաւուղն ասաց նրան. «Ինչո՞ւ դու եւ Յեսսէի որդին միաբանել էք իմ դէմ, դու նրան հաց ու սուր ես տուել, նրա համար Աստծուն խնդրել, նրան ինձ հետ թշնամացրել, ինչպէս այսօր է»: 14 Աքիմելէքը պատասխանեց արքային՝ ասելով. «Քո ծառաների մէջ ո՞վ կայ Դաւթի պէս հաւատարիմ: Նա քո՝ արքայիդ փեսան է եւ քո բոլոր հրամանները գործադրողը, քո տան մէջ փառաւորը: 15 Մի՞թէ ես այսօր եմ սկսել նրա համար Աստծուն խնդրել: Քա՛ւ լիցի, որ արքան իր ծառայի վրայ կամ իմ հօր տան վրայ այդպիսի մեղք բարդի, քանզի քո ծառան այդ ամենից շատ կամ քիչ բան չգիտի»: 16 Սաւուղ արքան ասաց. «Դու մահապատժի կ՚ենթարկուես, Աքիմելէ՛ք, դու եւ քո հօր ամբողջ տունը»: 17 Արքան ասաց իրեն շրջապատող թիկնապահներին. «Գնացէ՛ք ու Տիրոջ քահանաներին սպանեցէ՛ք, քանզի նրանք հովանաւորում են Դաւթին: Նրանք գիտէին, որ նա փախչում է, բայց ինձ չյայտնեցին»: Արքայի ծառաները, սակայն, չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել ու սպանել Տիրոջ քահանաներին: 18 Արքան ասաց Դովեկին. «Դու գնա՛ ու սպանի՛ր Աստծու քահանաներին»: Դովեկ Ասորին գնաց ու կոտորեց Տիրոջ քահանաներին: Այդ օրը երեք հարիւր հինգ մարդ սպանուեց: 19 Բոլորը կտաւից պարեգօտ կրողներ էին: Քահանաների քաղաք Նոմբան սրի քաշուեց. սրախողխող եղան տղամարդ թէ կին, երեխայ թէ կաթնակեր մանուկ, արջառ թէ աւանակ եւ ոչխար:
20 Աքիտոբի որդի Աքիմելէքի մի որդին փրկուեց: Նրա անունն էր Աբիաթար: Նա փախաւ Դաւթի մօտ: 21 Աբիաթարը Դաւթին յայտնեց, որ Սաւուղը կոտորել է Տիրոջ բոլոր քահանաներին: 22 Դաւիթն ասաց Աբիաթարին. «Այն օրը գիտէի, որ Դովեկ Ասորին անպայման կը յայտնի Սաւուղին: Քո հօր տան բոլոր զոհուած մարդկանց համար ես եմ յանցաւոր: 23 Նստի՛ր ինձ մօտ եւ մի՛ վախեցիր, քանզի ուր որ ինձ համար տեղ փնտռեմ, քեզ համար էլ կը փնտռեմ, եւ դու ինձ մօտ ապահով կը լինես»:
23
ԴԱՒԻԹՆ ԱԶԱՏՈՒՄ Է ԿԷԻԼԱ ՔԱՂԱՔԸ
1 Դաւթին յայտնեցին՝ ասելով. «Այլազգիները պատերազմում են Կէիլայի դէմ եւ կողոպտում են կալերը»: 2 Դաւիթը Տիրոջը հարցրեց՝ ասելով. «Գնա՞մ ջարդեմ այդ այլազգիներին»: Տէրն ասաց Դաւթին. «Գնա՛, ջարդի՛ր այլազգիներին ու փրկի՛ր Կէիլան»: 3 Դաւթի մարդիկ ասացին նրան. «Մենք այստեղ՝ Հրէաստանի մէջ, վախենում ենք: Ի՞նչ կը լինի մեր վիճակը, եթէ գնանք Կէիլա ու այլազգիներին գերի դառնանք»: 4 Դաւիթը երկրորդ անգամ հարցրեց Տիրոջը, եւ Տէրը նրան պատասխան տուեց՝ ասելով. «Վեր կաց գնա՛ Կէիլա, քանզի ես այլազգիներին քո ձեռքն եմ մատնելու»: 5 Դաւիթն իր մարդկանցով գնաց Կէիլա եւ մարտնչեց այլազգիների դէմ, որոնք նրա առջեւից փախան: Նա նրանց մեծ հարուածներ հասցրեց, վերցրեց նրանց անասունը եւ փրկեց Կէիլայի բնակիչներին: 6 Երբ Աքիմելէքի որդի Աբիաթարը Դաւթի մօտ էր փախել եւ Դաւթի հետ էլ գալիս էր Կէիլա, իր ձեռքին ունէր պարեգօտը:
7 Երբ Սաւուղին յայտնեցին, թէ Դաւիթը եկել է Կէիլա, Սաւուղն ասաց. «Աստուած նրան իմ ձեռքն է մատնել, քանզի մտել ու փակուել է դռներ ու նիգեր ունեցող քաղաքում»: 8 Սաւուղն ամբողջ ժողովրդին հրամայեց գնալ Կէիլա, գտնել Դաւթին ու նրա մարդկանց: 9 Դաւիթը Սաւուղի մասին իմացաւ, որ նա չարութիւնից չի հրաժարուել: 10 Դաւիթն ասաց Աբիաթար քահանային. «Բե՛ր Տիրոջ պարեգօտը»: Դաւիթն ասաց. «Ո՛վ Իսրայէլի Տէր Աստուած, քո ծառան լսեց, որ Սաւուղն ուզում է յարձակուել Կէիլայի վրայ եւ կործանել քաղաքն իմ պատճառով: 11 Արդեօք, ինչպէս քո ծառան լսել է, Սաւուղը հիմա կ՚իջնի այստեղ, կը պաշարի՞: Յայտնի՛ր քո ծառային, Իսրայէլի Տէ՛ր Աստուած»: 12 Տէրն ասաց. «Կը պաշարի»: Դաւիթն ասաց. «Արդեօք կէիլացիներն ինձ եւ իմ մարդկանց Սաւուղի ձեռքը կը մատնե՞ն»: Տէրն ասաց. «Կը մատնեն»: 13 Վեր կացան Դաւիթն ու նրա հետ եղող մարդիկ, մօտաւորապէս չորս հարիւր մարդ, ելան Կէիլայից ու գնացին ուր որ կարող էին գնալ: Երբ Սաւուղին յայտնեցին, թէ Դաւիթը փախել է Կէիլայից, նա հրաժարուեց քաղաքի վրայ յարձակուելուց:
ԶԻՓ ԱՆԱՊԱՏՈՒՄ. ՅՈՎՆԱԹԱՆԻ ԱՅՑԸ ԴԱՒԹԻՆ
14 Դաւիթը բնակւում էր անապատի մէջ, Մասերեթի կիրճերում եւ մնում էր Զիփ անապատի միգապատ լերան վրայ, մթին երկրում362: Սաւուղն անընդհատ նրան էր որոնում, սակայն Տէրը նրա ձեռքը չմատնեց Դաւթին: 15 Երբ Դաւիթը տեսաւ, որ Սաւուղը դուրս է եկել իրեն որոնելու, մնաց անապատում, Նոր Զիփի միգապատ լերան վրայ:
16 Սաւուղի որդի Յովնաթանը վեր կացաւ ու գնաց Նոր Զիփ՝ Դաւթի մօտ, եւ նրա ձեռքերը Տիրոջ կողմից զօրացան363: 17 Յովնաթանն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետեւ իմ հայր Սաւուղի ձեռքը քեզ չի գտնի, եւ դու կը թագաւորես Իսրայէլի վրայ, իսկ ես քո երկրո՛րդը կը լինեմ: 18 Իմ հայր Սաւուղն էլ գիտի, որ դա այդպէս է»: Նրանք երկուսով ուխտ դրեցին Տիրոջ առջեւ: Դաւիթը մնաց Նորում, իսկ Յովնաթանը գնաց իր տունը:
19 Զիփացիներն իրենց մռայլ երկրից ելան գնացին բլուրը, Սաւուղի մօտ եւ ասացին. «Չէ՞ որ Դաւիթն ահա մեզ մօտ է թաքնուած, Մասերայում, Նորի կիրճերում, Եքեղատի բլրի վրայ, Հեսեմոնի աջ կողմը: 20 Արդ, ո՛վ արքայ, քանի որ դա շատ ես ցանկանում, անպայման արի՛ մեզ մօտ, որ նրան շրջափակենք ու քո՝ արքայիդ ձեռքը յանձնենք»: 21 Սաւուղն ասաց նրանց. «Օրհնեալ էք դուք Տիրոջից, քանզի ինձ ցաւակից էք: 22 Արդ, գնացէ՛ք, աւելի լա՛ւ պատրաստուեցէք, դիտեցէ՛ք ու յայտնաբերեցէ՛ք, թէ նա ուր ոտք կը դնի: Շո՛ւտ հասէք այն տեղը, որտեղ ասում էք, թէ նա գտնւում է: Չլինի, թէ նա խորամանկութիւն անի: 23 Քննեցէ՛ք ու տեսէ՛ք ամէն տեղ, ուր թաքնուած է, եւ վերադարձէ՛ք ինձ մօտ ստոյգ տեղեկութիւններով, որ ձեզ հետ գնանք: Եթէ նա այդ երկրում է, հազարաւոր յուդացիների մէջ էլ կը գտնեմ նրան»: 24 Եւ զիփացիները վեր կացան ու գնացին Սաւուղի մօտից:
Դաւիթը եւ նրա մարդիկ Մաոնի անապատում էին, Հեսեմոնի աջ կողմում, դէպի արեւմուտք: 25 Սաւուղն ու նրա մարդիկ գնացին Դաւթին փնտռելու: Երբ Դաւթին իմաց տուեցին, նա իջաւ ու նստեց Մաոնի անապատում, քարի վրայ: Սաւուղն այդ լսելով՝ հետապնդեց Դաւթին Մաոնի անապատում: 26 Սաւուղն ու իր մարդիկ գնում էին լերան այս կողմով, իսկ Դաւիթն իր մարդկանցով՝ լերան այն կողմով: Դաւիթը Սաւուղից թաքուն էր գնում, սակայն Սաւուղն ու իր մարդիկ Դաւթին ու նրա մարդկանց շրջապատեցին, որ բռնեն: 27 Եւ ահա մի լրաբեր եկաւ Սաւուղի մօտ եւ ասաց. «Շտապ արի՛ այստեղ, որովհետեւ այլազգիները արշաւել են երկրի վրայ»: 28 Սաւուղը Դաւթին հետապնդելուց դադարեց, որ գնայ այլազգիների դէմ: Այդ պատճառով այս վայրը կոչուեց Բաժանուած վէմ:
24
ԴԱՒԻԹԸ ԽՆԱՅՈՒՄ Է ՍԱՒՈՒՂԻ ԿԵԱՆՔԸ
1 Դաւիթը գնաց ու բնակուեց Գադդայի կիրճերում: 2 Երբ Սաւուղը վերադարձաւ այլազգիներին հետապնդելուց, նրան լուր բերեցին՝ ասելով. «Ահաւասիկ Դաւիթը Գադդայի անապատում է»: 3 Իր հետ վերցնելով ամբողջ Իսրայէլից հաւաքուած երեք հազար ընտիր մարդկանց՝ Սաւուղը գնաց փնտռելու Դաւթին ու նրա մարդկանց եղջերուների որսատեղիի Ելիմ կոչուող վայրի դիմաց: 4 Նա ոչխարների փարախների հանդիպեց ճանապարհի վրայ, ուր մի քարայր կար: Սաւուղը մտաւ այնտեղ հանգստանալու: Դաւիթն ու նրա մարդիկ քարայրի ներքին մասում էին: 5 Նրանք Դաւթին ասացին. «Ահա այս այն օրն է, որի համար Տէրը քեզ ասել է, թէ՝ “Քո թշնամիներին քո ձեռքը պիտի մատնեմ”: Նրան արա՛ այնպէս, ինչպէս հաճելի է քո աչքին»: Դաւիթը ելաւ ու Սաւուղի թիկնոցի մի ծայրը զգուշութեամբ կտրեց: 6 Դրանից յետոյ Դաւիթը խղճի խայթ զգաց, որ նրա թիկնոցի մի ծայրը կտրել է: 7 Դաւիթն իր մարդկանց ասաց. «Երդւում եմ Տիրոջ անունով, որ այդ բանը չեմ անի իմ տիրոջ՝ Տիրոջ կողմից օծեալ մարդու նկատմամբ, իմ ձեռքը չեմ բարձրացնի նրա վրայ, որովհետեւ նա Տիրոջ օծեալն է»: 8 Դաւիթն այս խօսքերով համոզեց իր մարդկանց ու թոյլ չտուեց, որ Սաւուղի վրայ յարձակուեն ու սպանեն: Սաւուղը դուրս եկաւ այդ քարայրից ու գնաց իր ճանապարհով:
9 Դաւիթը նրանից յետոյ վեր կացաւ, դուրս եկաւ քարայրից եւ աղաղակեց նրա յետեւից՝ ասելով. «Իմ տէ՛ր արքայ»: Սաւուղը յետ նայեց. Դաւիթը երեսնիվայր գետին ընկաւ ու երկրպագեց: 10 Դաւիթն ասաց Սաւուղին. «Ինչո՞ւ ես մարդկանց խօսքին հաւատում, որ ասում են, թէ՝ “Դաւիթը քեզ սպանել է ուզում”: 11 Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մէջ Տէրը ինչպէս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել, խնայեցի քեզ՝ ասելով, թէ՝ “Իմ ձեռքը իմ տիրոջ վրայ չեմ բարձրացնի, որովհետեւ նա Տիրոջ օծեալն է”: 12 Տե՛ս, հա՛յր իմ, ահա քո թիկնոցի մի ծայրն իմ ձեռքին է. ես կտրեցի քո հանդերձի ծայրը, բայց չսպանեցի քեզ: Իմացի՛ր ու տե՛ս այսօր, որ իմ վարմունքի մէջ չկայ չարութիւն, անօրէնութիւն ու ամբարշտութիւն, քո դէմ ոչ մի յանցանք չեմ գործել, իսկ դու ուզում ես հետապնդելով իմ կեանքը խլել: 13 Թող Տէրը դատ անի իմ ու քո միջեւ եւ իմ վրէժը քեզնից առնի, բայց իմ ձեռքը քո վրայ չի բարձրանայ: 14 Ինչպէս հին առակն է ասում՝ “Անօրէն ձեռքից է գալիս վնասը, իսկ իմ ձեռքը քո վրայ չի բարձրանայ”: 15 Արդ, ո՞ւմ յետեւից ես ընկել, ո՜վ Իսրայէլի արքայ, եւ ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի յետեւի՞ց ես ընկել: 16 Թող Տէրը դատաւոր ու իրաւարար լինի իմ եւ քո միջեւ: Թող Տէրը տեսնի ու դատի եւ ինձ արդարութիւն անի»:
17 Երբ Դաւիթն աւարտեց Սաւուղին ուղղուած այս խօսքերը, Սաւուղն ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդեա՛կ իմ Դաւիթ»: Եւ Սաւուղն իր ձայնը բարձրացնելով՝ լաց եղաւ: 18 Սաւուղն ասաց Դաւթին. «Դու աւելի արդար մարդ ես, քան ես, քանզի դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես քեզ չարիք հատուցեցի: 19 Դու այսօր ինձ պատմեցիր, որ բարիք ես արել. թէ ինչպէս Տէրն այսօր ինձ քո ձեռքն էր մատնել, իսկ դու ինձ չսպանեցիր: 20 Եթէ մէկն իր թշնամուն նեղութեան մէջ բռնելով՝ նրան ազատ է արձակում, որ բարով գնայ իր ճանապարհը, ինչպէս դու արեցիր այսօր իմ նկատմամբ, ապա Տէրը նրան բարութեամբ է հատուցում: 21 Արդ, ես գիտեմ, որ դու անպայման կը թագաւորես, եւ Իսրայէլի թագաւորութիւնը քո ձեռքում հաստատ կը մնայ: 22 Ուրեմն, երդուի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից յետոյ իմ սերունդը չես վերացնի եւ իմ անունը չես արատաւորի իմ հօր տանը»: 23 Եւ Դաւիթը երդուեց Սաւուղին: Սաւուղը գնաց իր տեղը, իսկ Դաւիթն ու իր մարդիկ եկան Մասարայի կիրճերը:
25
ՍԱՄՈՒԷԼԻ ՄԱՀԸ
1 Մեռաւ Սամուէլը, եւ ամբողջ Իսրայէլը հաւաքուեց ու ողբաց նրան: Նրան թաղեցին Արիմաթէմի իր տանը: Դաւիթը վեր կացաւ ու գնաց Մաոնի անապատը:
ԴԱՒԻԹՆ ՈՒ ԱԲԻԳԵԱՆ
2 Մաոնում մի մարդ կար, որի հօտերը Կարմեղոսում էին: Նա շատ հարուստ էր. ունէր երեք հազար ոչխար, հազար այծ: Իր հօտերը Կարմեղոսում էին խուզում: 3 Նրա անունը Նաբաղ էր, իսկ կնոջ անունը՝ Աբիգեա: Կինը լի էր իմաստութեամբ եւ շատ բարետես էր, իսկ ամուսինը դաժան էր, չարամիտ ու շնաբարոյ:
4 Այդ օրերին Դաւիթը լսեց, թէ Նաբաղ կարմեղացին խուզում է իր հօտերը: 5 Դաւիթը տասը ծառաների ուղարկեց՝ նրանց ասելով. «Բարձրացէ՛ք Կարմեղոս, գնացէ՛ք Նաբաղի մօտ, իմ անունից նրա ողջութիւնը հարցնելուց յետոյ այսպէ՛ս ասացէք. 6 “Այս օրերին ողջ լինես դու ու քո տունը364 եւ ինչ գործ որ բռնես, յաջող լինի: 7 Լսել եմ, թէ խուզում ես քո հօտերը: Քո հովիւները մեզ հետ էին այստեղ, անապատում, եւ որքան մնացել են մեզ հետ, Կարմեղոսում, նրանց արգելք չհանդիսացանք եւ ոչ մի բանին ձեռք չտուեցինք: 8 Հարցրո՛ւ քո ծառաներին, եւ նրանք կ՚ասեն քեզ: Այս ծառաները թող շնորհ գտնեն քո առաջ, քանզի բարի օրում եկան. ինչ որ ձեռքիցդ կը գայ, տո՛ւր քո ծառաներին եւ քո Դաւիթ որդուն”»: 9 Դաւթի ծառաները եկան եւ այդ խօսքերը Դաւթի անունից ասացին Նաբաղին: 10 Նա ըմբոստացաւ եւ Դաւթի ծառաներին պատասխան տուեց՝ ասելով. «Ո՞վ է Դաւիթը, կամ Յեսսէի որդին ո՞վ է: Այս օրերին բազմացել են իրենց տէրերից փախած թափառական ծառաները: 11 Ուրեմն առնեմ իմ հացը, գինին եւ խուզողների համար մորթուած անասուններս ու տամ այս մարդկանց, որոնց որտեղից լինելը չգիտեմ»: 12 Դաւթի ծառաները ճանապարհից վերադարձան եկան եւ այդ խօսքերը հաղորդեցին Դաւթին: 13 Դաւիթն ասաց իր մարդկանց. «Ամէն մէկը իր սուրը թող կապի մէջքին»: Բոլորը իրենց սրերը կապեցին իրենց մէջքին: Դաւիթը նոյնպէս իր սուրը կապեց մէջքին, եւ Դաւթի յետեւից չորս հարիւր մարդ ելաւ, երկու հարիւր մարդ էլ մնաց կահ-կարասու մօտ:
14 Ծառաներից մէկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային պատմեց՝ ասելով. «Դաւիթն անապատից պատգամաբերներ է ուղարկել մեր տիրոջը ողջունելու, իսկ նա նրանցից երես է դարձրել: 15 Այդ մարդիկ մեր նկատմամբ շատ բարեացակամ էին. որքան նրանց հետ բաց դաշտում էինք, մեզ վնաս չէին տուել, եւ մեզանից ոչ մի բան չի պակասել: 16 Ինչքան նրանց հետ էինք եւ արածեցնում էինք ոչխարները, նրանք մեզ համար պարիսպ եղան գիշեր ու ցերեկ: 17 Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թէ ինչ ես անելու, քանզի մեր տիրոջ ու նրա ամբողջ տան վրայ չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խօսել չի լինի»:
18 Աբիգեան շտապեց, առաւ երկու հարիւր նկանակ, երկու տիկ գինի, հինգ եփած ոչխար, հինգ արդու բոված ցորեն, մէկ զամբիւղ չամիչ, երկու հարիւր շարոց չոր թուզ ու դրանք դրեց աւանակների վրայ: 19 Նա ասաց ծառաներին. «Առա՛ջ անցէք ինձնից, ես կը գամ ձեր յետեւից»: 20 Նա այդ մասին իր ամուսին Նաբաղին չյայտնեց: Երբ նա, աւանակին հեծած, լերան ծածուկ տեղերով իջնում էր, ահա Դաւիթն ու նրա մարդիկ նրան ընդառաջ գնացին. Աբիգեան հանդիպեց նրանց: 21 Դաւիթն ասաց. «Ուրեմն ի զուր էր, որ Նաբաղի ամէն ինչը պահպանեցի այնտեղ, անապատում: Նրա ունեցածից ոչ մի բան չկորաւ, բայց նա իմ երախտիքի փոխարէն չարութիւն է հատուցում: 22 Աստուած Դաւթին այսպէս եւ այսպէս անի, եթէ մինչեւ վաղն առաւօտ Նաբաղի ամբողջ տնից պատին միզող մէկ արու թողնեմ»:
23 Երբ Աբիգեան Դաւթին տեսաւ, աւանակից շտապ իջնելով՝ Դաւթի առաջ ընկաւ, երկրպագեց նրան մինչեւ գետին եւ նրա ոտքերն ընկնելով՝ ասաց. 24 «Մեղքն ինձ վրայ լինի, տէ՛ր, բայց թող քո աղախինը խօսի քեզ հետ, եւ դու լսի՛ր քո աղախնի խօսքերը: 25 Իմ տէրը այդ դաժան Նաբաղի արարքը իր սրտին մօտ թող չընդունի, քանի որ ինչպէս իր անունն է, այնպէս էլ ինքն է: Նրա անունը Նաբաղ է, ուրեմն անզգամութիւնն իր հետ է: Ես՝ քո աղախինը, քո ուղարկած ծառաներին չեմ տեսել: 26 Արդ, կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու365. Տէրն է քեզ արգելել անպարտ արիւն թափելը եւ այդ բանից քո ձեռքը հեռու է պահել: Քո թշնամիներն ու իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պէս թող լինեն: 27 Հիմա ընդունի՛ր այս ընծան, որ քո աղախինն իր տիրոջն է բերում, այն տո՛ւր իմ տիրոջ հետ գտնուող ծառաներին: 28 Ների՛ր քո աղախնի յանցանքը, քանզի Տէրն իմ տիրոջ համար հաստատուն տուն պիտի շինի, քանի որ իմ տիրոջ պատերազմները Տէրն է վարում: Քո մէջ երբեք չարութիւն թող չլինի: 29 Եթէ որեւէ մէկը քո դէմ դուրս գայ քեզ հալածելու եւ քո կեանքն ուզենայ խլել, իմ տիրոջ հոգին թող Տէր Աստծու կենաց ծրարի մէջ ծրարուի, իսկ քո թշնամիների հոգիները որպէս պարսաքարեր թող արձակուեն: 30 Եւ երբ Տէրը իմ տիրոջ համար խոստացած այս բոլոր բարիքները կատարի եւ քեզ, ըստ իր պատգամի, Իսրայէլի վրայ առաջնորդ հաստատի, 31 իմ տիրոջ սրտում թող չլինի վատութիւն ու գայթակղութիւն, որ ի զուր արդար արիւն թափի: Թող իմ տիրոջ ձեռքը ուրիշի վրայ չբարձրանայ, եւ Տէրը թող բարին անի իմ տիրոջը, որ յիշես քո աղախնին ու բարիք գործես նրա համար»:
32 Դաւիթն ասաց Աբիգեային. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց: 33 Օրհնեալ լինի քո խոհեմութիւնը, եւ օրհնեալ լինես դու, որ արգելք հանդիսացար ինձ այսօր, եւ ես չգնացի արիւն թափելու ու իմ ձեռքը ուրիշի վրայ բարձրացնելու: 34 Բայց կենդանի է Իսրայէլի Տէր Աստուածը366, որ այսօր ինձ արգելք հանդիսացաւ չարիք գործելու քո հանդէպ. քանզի եթէ շտապ չգայիր եւ իմ առջեւ չելնէիր, ինչպէս ասել էի, մինչեւ առաւօտ Նաբաղը կը զրկուէր պատին միզողներից»: 35 Դաւիթը նրա ձեռքից առաւ այն ամէնը, ինչ բերել էր, եւ ասաց նրան. «Գնա՛ քո տունը խաղաղութեամբ: Տե՛ս, քո խօսքը լսեցի ու քո խնդրանքը կատարեցի»:
ՆԱԲԱՂԻ ՄԱՀԸ. ԴԱՒԻԹՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ԱԲԻԳԵԱՅԻ ՀԵՏ
36 Աբիգեան գնաց Նաբաղի մօտ: Նրա տանը թագաւորական խնջոյքի պէս խրախճանք էր, Նաբաղը զուարթացել էր եւ շատ հարբել: Կինը մինչեւ առաւօտ նրան ոչ մի բան չպատմեց: 37 Առաւօտեան երբ Նաբաղը գինուց սթափուեց, կինը այդ բաները պատմեց, Նաբաղի սիրտը մահացու հարուած ստացաւ, եւ նա կարծես քար կտրեց: 38 Տասը օր անց Տէրը հարուածեց Նաբաղին, եւ նա մեռաւ:
39 Երբ Դաւիթը լսեց Նաբաղի մահը, ասաց. «Օրհնեալ է Տէր Աստուածը, որ Նաբաղից կրած իմ նախատինքի դատաստանն ինքը տեսաւ, իր ծառային չարագործութիւնից յետ պահեց: Տէրը Նաբաղի չարութիւնը նրա գլխին թափեց»: Դաւիթը մարդ ուղարկեց Աբիգեային համոզելու, որ իր կինը դառնայ: 40 Դաւթի ծառաները եկան Կարմեղոս, Աբիգեայի մօտ, խօսեցին նրա հետ՝ ասելով. «Դաւիթը մեզ ուղարկեց քեզ մօտ, որ քեզ իրեն կնութեան առնի»: 41 Նա վեր կացաւ ու գլուխը մինչեւ գետին խոնարհելով՝ ասաց. «Քո աղախինը պատրաստ է ստրկուհի լինել եւ իր տիրոջ ծառաների ոտքերը լուանալ»: 42 Աբիգեան անմիջապէս վեր կացաւ, հեծաւ աւանակը եւ իր հետ հինգ ծառայող աղջիկներ վերցնելով՝ գնաց Դաւթի ծառաների յետեւից: Եւ Աբիգեան դարձաւ Դաւթի կինը:
43 Դաւիթը Եզրայէլից Աքինովամին էլ կնութեան էր առել. այս երկուսն էլ դարձան նրա կինը, իսկ Սաւուղն իր Մեղքող դստերը, որը Դաւթի կինն էր, ռոմացի Հեմեսսայի որդի Փաղտիէլին էր կնութեան տուել:
26
ԴԱՒԻԹԸ ԴԱՐՁԵԱԼ ԽՆԱՅՈՒՄ Է ՍԱՒՈՒՂԻ ԿԵԱՆՔԸ
1 Զիփացիները Մռայլ լեռից գնացին դէպի բլուրը, Սաւուղի մօտ, եւ նրան ասացին. «Դաւիթը թաքնուել է մեզ մօտ, Եքեղատի բլրի վրայ, Հեսեմոնի դիմաց»: 2 Սաւուղը վեր կացաւ եւ իսրայէլացի երեք հազար ընտիր մարդկանցով իջաւ Դաւթին որոնելու Զիփ անապատում: 3 Սաւուղը բանակատեղի դրեց Եքեղատի բլրի վրայ, Հեսեմոնի դիմաց, ճանապարհի վրայ: 4 Դաւիթը նստել էր անապատում եւ երբ տեսաւ, որ Սաւուղն իր յետեւից անապատ է գալիս, լրտեսներ ուղարկեց եւ իմացաւ, որ Սաւուղը կազմ ու պատրաստ եկել է Կէիլա:
5 Դաւիթը վեր կացաւ, գաղտագողի եկաւ այն տեղը, ուր մնում էր Սաւուղը, եւ գտաւ նրա քնած տեղը: Այնտեղ էր Ների որդի Աբենները՝ նրա զօրապետը: Սաւուղը ննջում էր գահաւորակի վրայ, իսկ նրա շուրջբոլորը նրա զօրքն էր: 6 Դաւիթը խօսելով Աքիմելէք քետացու եւ Յովաբի եղբայր Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ ասաց. «Ո՞վ ինձ հետ բանակատեղի կը մտնի Սաւուղի մօտ»: 7 Աբեսսան ասաց. «Ե՛ս քեզ հետ կը մտնեմ»: Եւ Դաւիթն ու Աբեսսան գիշերը մտան զօրքի մէջ: Սաւուղը ննջում էր գահաւորակի վրայ, գեղարդը սնարի մօտ գետինն էր ցցուած, իսկ Աբեններն ու զինուորները նրա շուրջը ննջել էին: 8 Աբեսսան ասաց Դաւթին. «Տէրն այսօր քո թշնամուն ձեռքդ մատնեց. արդ, գեղարդով մէկ անգամից գետին գամեմ սրան եւ էլ հարուածս չկրկնեմ»: 9 Դաւիթն ասաց Աբեսսային. «Մի՛ սպանիր նրան, քանզի ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծեալի վրայ եւ թողութիւն ստանալ»: 10 Դաւիթն ասաց. «Կենդանի է Տէրը367: Միայն Տէրը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կը գայ, ու ինքը կը մեռնի, կա՛մ թէ պատերազմի մէջ կը մտնի ու կը սպանուի: 11 Քա՛ւ լիցի, որ ես իմ ձեռքը բարձրացնեմ Տիրոջ օծեալի վրայ: Միայն թէ վերցրո՛ւ նրա սնարի մօտ դրուած այդ գեղարդն ու այդ ջրի կուժը, եւ գնանք մեզ մօտ»: 12 Դաւիթն առաւ նրա սնարի մօտ դրուած գեղարդն ու ջրի կուժը, եւ գնացին: Ոչ ոք ոչինչ չտեսաւ կամ չիմացաւ կամ չզարթնեց, քանզի թմրութիւնը Տիրոջ կողմից իջած լինելով նրանց վրայ՝ բոլորը քնի մէջ էին:
13 Դաւիթն այն կողմ անցաւ, բարձրացաւ լերան գագաթը եւ կանգնեց հեռւում. իր ու Սաւուղի զօրքի միջեւ երկար տարածութիւն կար: 14 Դաւիթը դիմեց զօրքին ու Աբեններին ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, Աբեննե՛ր»: Սա ասաց. «Ո՞վ ես դու, որ արքայի մօտ ինձ վրայ բղաւում ես»: 15 Դաւիթն ասաց Աբեններին. «Չէ՞ որ դու քաջ մարդ ես: Իսրայէլում ո՞վ կայ քեզ նման: Ինչո՞ւ քո տէր արքային չես պահպանում: Չէ՞ որ մարդ էր մտել քո տէր արքայի մօտ, որ նրան սպանէր: 16 Լաւ բան չես անում: Կենդանի է Տէրը368: Դուք՝ Տիրոջ օծեալ ձեր արքային պահպանողներդ, մահուան էք արժանի: Արդ, ո՞ւր են արքայի մօտ դրուած գեղարդն ու ջրի կուժը»: 17 Սաւուղը ճանաչեց Դաւթի ձայնը եւ ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդեա՛կ իմ Դաւիթ»: Դաւիթն ասաց. «Քո ծառան եմ, տէ՛ր իմ արքայ»: 18 Եւ աւելացրեց. «Ինչո՞ւ է իմ տէրն ընկել իր ծառայի յետեւից: 19 Ինչո՞վ եմ մեղանչել եւ ի՞նչ վնաս եմ հասցրել: Արդ, իմ տէր արքան թող լսի իր ծառայի խօսքերը. “Եթէ Աստուած է քեզ շարժել իմ դէմ, թող քո ճենճերացող զոհը լինեմ, իսկ եթէ մարդկանց որդիներն են արել, անիծեալ լինեն նրանք Տիրոջ առջեւ, քանզի նրանք ինձ այսօր մեկուսացրել են, որ բաժին չստանամ Տիրոջ ժառանգութիւնից”: 20 Նրանք ինձ ասացին. “Գնա ծառայի՛ր օտար աստուածների”: Արդ, իմ արիւնը Տիրոջ առջեւ գետին թող չթափուի, քանի որ Իսրայէլի թագաւորը ելել է իմ կեանքը խլելու, ինչպէս որ ագռաւն է թեւածում լեռների վրայ»:
21 Սաւուղն ասաց. «Մեղք եմ գործել: Վերադարձի՛ր, որդեա՛կ իմ Դաւիթ: Քեզ չար բան չեմ անի այն բանի համար, որ իմ անձը քո աչքին պատուական է: Ես ամբողջ ժամանակ յիմարութիւն եմ գործել եւ շատ յանցաւոր եմ»: 22 Պատասխան տուեց Դաւիթն՝ ասելով. «Ահաւասիկ արքայի գեղարդը: Թող ծառաներից մէկը գայ եւ վերցնի սա: 23 Թող Տէրն ամէն մէկին ըստ իր արդարութեան եւ հաւատարմութեան հատուցի: Տէրն այսօր քեզ իմ ձեռքը մատնեց, բայց ես չկամեցայ իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծեալի վրայ: 24 Եւ ահա, ինչպէս քո անձը այսօր իմ աչքին պատուական երեւաց, իմ անձն էլ Տիրոջ առջեւ այնպէս պատուական թող երեւայ, ինձ զօրացնի ու փրկի ամէն տեսակ նեղութիւնից»: 25 Սաւուղն ասաց Դաւթին. «Օրհնեալ ես դու, որդեա՛կ իմ Դաւիթ, դու յաջողութիւն ես գտնելու եւ զօրանալով զօրանալու ես»:
Դաւիթը գնաց իր ճանապարհով, իսկ Սաւուղը վերադարձաւ իր տեղը:
27
ԴԱՒԻԹՆ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ՄՕՏ
1 Դաւիթն իր մտքում ասաց. «Վերջապէս ես մի օր Սաւուղի ձեռքով կորչելու եմ: Այլազգիների երկիրը փախչելուց լաւ բան չկայ: Եթէ պատահի, որ Սաւուղն ինձ փնտռի Իսրայէլի բոլոր սահմաններում, դարձեալ նրա ձեռքից կ՚ազատուեմ»: 2 Դաւիթը վեր կացաւ, եւ ինքն ու իր հետ եղող վեց հարիւր մարդիկ անցան գնացին Գէթի արքայ Մովաքի որդի Անքուսի մօտ: 3 Ինքը Դաւիթն ու իր մարդիկ, ամէն մէկն իր ընտանիքով, եւ Դաւիթն էլ իր երկու կանանց՝ Աքինովամ Յեզրայէլացու եւ Նաբաղ Կարմեղացու կին Աբիգեայի հետ բնակուեցին Գէթում, Անքուսի մօտ: 4 Երբ Սաւուղին տեղեկացրին, թէ Դաւիթը փախել է Գէթ, նա այլեւս չհետապնդեց նրան:
5 Դաւիթն ասաց Անքուսին. «Եթէ քո ծառան քո առաջ շնորհ է գտել, ինձ տե՛ղ տուր երկրի քաղաքներից մէկում, որ այնտեղ մնամ. ինչո՞ւ քո ծառան քեզ հետ նստի թագաւորանիստ քաղաքում»: 6 Այն ժամանակ Անքուսը նրան տուեց Սիկեղակը, եւ այդ պատճառով Սիկեղակը Հրէաստանի արքաներին է պատկանել: Այդպէս է մինչեւ օրս: 7 Դաւիթը այլազգիների երկրում բնակուեց չորս ամիս:
8 Դաւիթն ու նրա մարդիկ ելնում ու ասպատակում էին բոլոր գեսերացիների, գեզերացիների ու ամաղէկացիների վրայ, որոնք բնակւում էին Գեղամսուրի ապահով պարսպապատ քաղաքներից մինչեւ Եգիպտոս: 9 Դաւիթը հարուածեց այդ երկիրը եւ ողջ չթողեց ո՛չ տղամարդ եւ ո՛չ կին: Նա աւար էր առնում ոչխարների հօտեր, արջառներ, աւանակներ, ուղտեր եւ հագուստ-կապուստ ու վերադառնում Անքուսի մօտ: 10 Անքուսը հարցրեց Դաւթին. «Ո՞ր կողմն արշաւեցիք այսօր»: Դաւիթը պատասխանեց Անքուսին. «Հրէաստանի հարաւային կողմերը եւ Հերամլի ու Կենեզի կողմերը: 11 Տղամարդ ու կին ողջ չթողեցի, որ Գէթ բերեմ, որպէսզի, Գէթ գալով, մեր մասին լուր չբերեն, թէ՝ “Այս բոլորը Դաւիթն է արել”»: Եւ այս էր Դաւթի սովորութիւնը, քանի դեռ նա բնակւում էր այլազգիների երկրում: 12 Անքուսը Դաւթին շատ էր վստահում՝ ասելով. «Այս մարդը Իսրայէլի իր ժողովրդի մօտ իրեն վարկաբեկել է. թող ինձ մօտ մինչեւ վերջ ծառայ լինի»:
28
1 Այդ օրերին այլազգիներն իրենց զօրքերը հաւաքելով՝ պատերազմի ելան ընդդէմ Իսրայէլի: Անքուսն ասաց Դաւթին. «Լա՛ւ իմացիր, որ դու եւ քո մարդիկ ինձ հետ պատերազմի էք դուրս գալու»: 2 Դաւիթն ասաց Անքուսին. «Այդպէս թող լինի: Հիմա դու կ՚իմանաս, թէ քո ծառան ինչ է անելու»: Անքուսն ասաց Դաւթին. «Այդպէս թող լինի, քանզի քեզ ընդմիշտ իմ թիկնապահների պետ եմ դարձնելու»:
ՍԱՒՈՒՂԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ Է ՎՀՈՒԿԻ ՀԵՏ
3 Սամուէլը մահացել էր, նրան ողբացել էր ամբողջ Իսրայէլը ու նրան թաղել իր քաղաք Արիմաթէմում: Սաւուղը երկրից վերացրել էր ոգեհարցներին ու գուշակներին: 4 Այլազգիները հաւաքուեցին ու եկան բանակատեղի դրեցին Սոմանում: Սաւուղն էլ հաւաքեց բոլոր իսրայէլացիներին ու բանակատեղի դրեց Գեղբուէում: 5 Երբ Սաւուղը տեսաւ այլազգիների բանակը, վախեցաւ, նրա սիրտը մեծ ահ ընկաւ: 6 Սաւուղը Տիրոջը հարց տուեց, սակայն Տէրը նրան պատասխան չտուեց ո՛չ երազով, ո՛չ գուշակութեամբ, ո՛չ էլ մարգարէների միջոցով: 7 Սաւուղն ասաց իր ծառաներին. «Մի ոգեհարց կին գտէ՛ք, որ գնամ նրա մօտ ու հարց տամ նրան»: 8 Ծառաներն ասացին նրան. «Ահա մի ոգեհարց կին կայ Այենդորում»: Սաւուղը ծպտուեց, ուրիշ զգեստներ հագաւ ու գնաց երկու մարդկանց հետ: Նրանք գիշերը հասան կնոջ մօտ: Սաւուղն ասաց նրան. «Ոգեհարցին պատշաճ դիւթութիւն արա՛ եւ կանչի՛ր նրան, ում որ քեզ կ՚ասեմ»: 9 Կինն ասաց. «Դու ինքդ գիտես, թէ ինչ էր արել Սաւուղը. թէ ինչպէս ոգեհարցներին ու գուշակներին վերացրեց երկրից: 10 Արդ, ինչո՞ւ ես ինձ սպանելու համար իմ անձի դէմ որոգայթ լարում»: Սաւուղը նրան Տիրոջ անունով երդուեց՝ ասելով. «Կենդանի է Տէրը. այս բանից քեզ ոչ մի վնաս չի հասնի»: 11 Կինն ասաց. «Ո՞ւմ ոգին կանչեմ»: Նա ասաց. «Սամուէլի ոգին կանչի՛ր»:
12 Կինը տեսնելով Սամուէլին՝ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց Սաւուղին. «Ինչո՞ւ ինձ խաբեցիր, չէ՞ որ դու հէնց Սաւուղն ես»: 13 Արքան նրան ասաց. «Մի՛ վախեցիր, ասա՛, ո՞ւմ տեսար»: Կինն ասաց նրան. «Գետնից դուրս եկող աստուածներ եմ տեսնում»: 14 Սաւուղն ասաց նրան. «Ի՞նչ նկատեցիր»: Նա ասաց. «Մի կանգնած մարդ երկրից ելնում էր, եւ նրա վրայ թիկնոց կար»: Սաւուղն իմացաւ, որ դա Սամուէլն է, եւ երեսնիվայր ընկաւ գետին ու երկրպագեց նրան: 15 Սամուէլն ասաց Սաւուղին. «Ինչո՞ւ ինձ կանչելով նեղութիւն տուեցիր ինձ»: Սաւուղն ասաց. «Սաստիկ նեղ վիճակում եմ, այլազգիներն իմ դէմ պատերազմի են ելել, Աստուած ինձնից հեռացել է, ինձ չի պատասխանում ո՛չ մարգարէների, ո՛չ էլ երազների միջոցով: Արդ, քեզ կանչեցի, որ ինձ ցոյց տաս, թէ ինչ անեմ»: 16 Սամուէլն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում: Տէրը քեզնից հեռացաւ եւ քո ընկերոջ հետ եղաւ: 17 Տէրը քեզ հետ վարուեց այնպէս, ինչպէս իմ միջոցով յայտնել էր: Տէրը քո ձեռքից խլելու է թագաւորութիւնդ եւ տալու է քո ընկերոջը՝ Դաւթին, 18 որովհետեւ չլսեցիր Տիրոջ ձայնը եւ նրա սաստիկ բարկութիւնը Ամաղէկի վրայ ի գործ չդրեցիր: 19 Այդ պատճառով էլ Տէրն այսօր քեզ հետ այդպէս է վարւում: Տէրը Իսրայէլին քեզ հետ միասին մատնելու է այլազգիների ձեռքը, վաղը դու եւ քո որդիները պիտի ընկնէք, եւ Տէրը Իսրայէլի բանակը պիտի մատնի այլազգիների ձեռքը»:
20 Սաւուղն անմիջապէս ամբողջ հասակով գետնի վրայ վայր ընկաւ, խիստ զարհուրեց Սամուէլի խօսքերից, ու իր մէջ այլեւս ուժ չմնաց, որովհետեւ մի ամբողջ օր ու գիշեր հաց չէր կերել: 21 Կինը մտաւ Սաւուղի մօտ ու տեսնելով, որ նա մեծ տագնապի մէջ է, ասաց նրան. «Ես՝ քո աղախինը, հնազանդուել եմ քեզ, կեանքս վտանգի ենթարկելով անսացել եմ խօսքերիդ: 22 Հիմա էլ դո՛ւ լսիր քո աղախնի խօսքերը: Քո առջեւ մի պատառ հաց դնեմ ու կե՛ր եւ ուժ կը ստանաս, որ քո ճանապարհը գնաս»: 23 Նա չուզեց ուտել, սակայն իր ծառաներն ու կինը ստիպեցին նրան, ու Սաւուղը տեղի տալով՝ գետնից վեր կացաւ ու նստեց աթոռին: 24 Կինը տանը կերակրուած մի հորթ ունէր, անմիջապէս մորթեց դա: Ալիւր առնելով՝ շաղեց, բաղարջ հաց եփեց եւ տուեց Սաւուղին ու նրա ծառաներին: 25 Նրանք կերան, վեր կացան ու նոյն գիշերը գնացին:
29
ԱՅԼԱԶԳԻՆԵՐԸ ՃԱՄՓՈՒՄ ԵՆ ԴԱՒԹԻՆ
1 Այլազգիներն իրենց բոլոր բանակները հաւաքեցին Ափեկում, իսկ իսրայէլացիները բանակ դրին Յեզրայէլի Այենդոր բնակավայրում: 2 Այլազգիների իշխանները հարիւրներով ու հազարներով էին առաջ շարժւում, իսկ Դաւիթն ու իր մարդիկ գնում էին Անքուսի յետեւից: 3 Այլազգիների իշխաններն ասացին. «Ովքե՞ր են դրանք, որ անցնում են»: Անքուսն իր նախարարներին ասաց. «Չէ՞ որ դա Իսրայէլի Սաւուղ արքայի ծառայ Դաւիթն է: Ահա երկու տարի է, որ մեզ մօտ է, եւ նրա մեր կողմն անցած օրից մինչեւ այսօր նրա մէջ ոչ մի վատ բան չեմ նկատել»: 4 Այլազգիների իշխանները խոժոռ նայելով Դաւթին՝ ասացին Անքուսին. «Յե՛տ դարձրու այդ մարդուն, թող գնայ այնտեղ, ուր նշանակել ես նրան, մեզ հետ պատերազմի թող չգայ, մի գուցէ նա դաւաճանի մեր բանակին: Նա ինչո՞վ պիտի հաշտուի իր տիրոջ հետ, եթէ ոչ այս մարդկանց գլուխներով: 5 Սա այն Դաւիթը չէ՞, որի համար պար բռնելով երգում էին, թէ՝ “Սաւուղը հազար կոտորեց, իսկ Դաւիթը՝ բազմահազարներ”»:
6 Անքուսը կանչեց Դաւթին ու ասաց նրան. «Կենդանի է Տէրը. դու իմ աչքին շիտակ եւ բարի մարդ ես, հաճելի է ինձ հետ բանակ մտնելդ ու ելնելդ, քանզի ինձ մօտ եկած օրիցդ մինչեւ այսօր քո մէջ չարութիւն չեմ նկատել: 7 Բայց դու իշխանների աչքին լաւ չես երեւում: Արդ, դարձի՛ր ու գնա՛ խաղաղութեամբ եւ մի՛ արա այն, ինչ իշխանների աչքին վատ է երեւում»:
8 Դաւիթն ասաց Անքուսին. «Ի՞նչ եմ արել քեզ. քեզ մօտ ապրելու օրից մինչեւ այս օրը ծառայիդ մէջ ի՞նչ վատ բան ես նկատել, ինչո՞ւ ես չեմ գնալու իմ տէր արքայի թշնամիների դէմ պատերազմելու»: 9 Պատասխան տուեց Անքուսը Դաւթին՝ ասելով. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պէս բարի ես, բայց այլազգիների իշխաններն ասում են. “Թող մեզ հետ պատերազմի չգայ”: 10 Արդ, դու եւ քո տիրոջ ծառաները, որոնք քեզ հետ են եկել, առաւօտ կանուխ վե՛ր կացէք գնացէ՛ք այնտեղ, ուր ձեզ նշանակել եմ: Ոչ մի վատ բան մի՛ մտածիր, քանզի դու ինձ համար հաճելի մարդ ես: Առաւօտ կանուխ վե՛ր կացէք ու լուսածագին գնացէ՛ք»:
11 Դաւիթն ու նրա մարդիկ առաւօտեան կանուխ վեր կացան, որ գնան, այլազգիների երկիրը պահպանեն, իսկ այլազգիները դուրս եկան պատերազմելու Իսրայէլի դէմ:
30
ՊԱՏԵՐԱԶՄ ԱՄԱՂԷԿԱՑԻՆԵՐԻ ԴԷՄ
1 Երբ Դաւիթն ու նրա մարդիկ երրորդ օրը մտան Սիկեղակ, ամաղէկացիներն ասպատակել էին հարաւակողմը եւ Սիկեղակը: Նրանք հարուածել էին Սիկեղակին ու հրի մատնել, գերեվարել էին կանանց եւ երկրում գտնուող բոլոր մարդկանց՝ փոքրից մինչեւ մեծը: 2 Թշնամին չէր սպանել տղամարդկանց եւ կանանց, այլ գերել էր ու գնացել իր ճանապարհով: 3 Դաւիթն ու իր մարդիկ երբ մտան քաղաք, տեսան, որ այն հրկիզուած է, իսկ իրենց կանայք, տղաներն ու աղջիկները՝ գերուած: 4 Դաւիթը եւ իր մարդիկ իրենց ձայնը բարձրացրին ու լաց եղան այնքան, որ նրանց վրայ լալու ուժ այլեւս չմնաց: 5 Գերուել էին նաեւ Դաւթի երկու կանայք՝ Աքինովամ Յեզրայելացին ու Կարմեղացի Նաբաղի կինը՝ Աբիգեան: 6 Դաւիթը մեծ տագնապի մէջ էր. ժողովուրդն ուզում էր նրան քարկոծել, որովհետեւ ամէն մէկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար: 7 Դաւիթն ասաց Աքիմելէքի որդի Աբիաթար քահանային. «Մօտեցրո՛ւ պարեգօտդ»: Աբիաթարը մօտեցրեց պարեգօտը Դաւթին: 8 Դաւիթը հարցրեց Տիրոջը եւ ասաց. «Հետապնդե՞մ այդ ելուզակներին, կը հասնե՞մ նրանց»: Տէրն ասաց. «Հետապնդի՛ր եւ անպայման կը հասնես ու բոլոր գերիներին կը փրկես»:
9 Դաւիթն իր հետ վերցնելով վեց369 հարիւր մարդ՝ եկաւ մինչեւ Բոսորի հեղեղատը, իսկ ուժասպառ եղածները մնացին տեղում: 10 Դաւիթն այդ չորս հարիւր մարդկանցով հետապնդեց թշնամուն, իսկ երկու հարիւր մարդ էլ մնաց նստած Բոսորի հեղեղատի այն կողմը: 11 Նրանք դաշտում մի եգիպտացու գտան, բռնեցին ու բերեցին դաշտ, Դաւթի մօտ: Նրան հաց տուեցին, ու նա կերաւ, ջուր խմեցրին, տուին նրան մի կտոր չոր թուզ, երկու ողկոյզ չամիչ: 12 Նա կերաւ եւ ուժ առաւ, քանզի երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել, ո՛չ ջուր խմել: 13 Դաւիթը ասաց. «Դու ո՞ւմ մարդն ես, որտեղի՞ց ես»: Պատանեակն ասաց. «Ես եգիպտացի եմ, մի ամաղէկացու ծառայ: Տէրս ինձ լքեց, քանզի երրորդ օրն է, որ հիւանդ եմ: 14 Մենք ասպատակեցինք Քերեթի հարաւային կողմերը, Հրէաստանի կողմերը եւ Քաղէբի հարաւակողմը, իսկ Սիկեղակը հրի մատնեցինք»: 15 Դաւիթն ասաց նրան. «Ինձ այդ ելուզակների մօտ կ՚առաջնորդե՞ս»: Եգիպտացին ասաց նրան. «Երդուի՛ր, որ ինձ չես սպանի, չես յանձնի իմ տիրոջ ձեռքը, եւ ես քեզ ելուզակների մօտ կ՚առաջնորդեմ»: Նա երդուեց նրան:
16 Եգիպտացին նրան այնտեղ տարաւ, եւ Դաւիթը տեսաւ, որ նրանք ցրուած էին ամբողջ դաշտում, ուտում ու խմում էին եւ այլազգիների ու Յուդայի երկրից վերցրած մեծամեծ աւարով ուրախութիւն անում: 17 Դաւիթը նրանց վրայ յարձակուեց եւ Արուսեակի երեւալուց մինչեւ երեկոյ ու միւս օրը կոտորեց նրանց այնպէս, որ ոչ մի տղամարդ չփրկուեց: Միայն չորս հարիւր երիտասարդներ, ուղտերը հեծած, փախան:
18 Դաւիթն ազատեց այն բոլորին, որոնց գերեվարել էին ամաղէկացիները: Նա փրկեց նաեւ իր երկու կանանց: 19 Նրանց ունեցածից ոչ մի բան չէր պակասել. փոքրից մինչեւ մեծը, տղաներին եւ աղջիկներին եւ այն ամէնը, ինչ առել էին նրանցից, Դաւիթը յետ բերեց: 20 Դաւիթն առաւ բոլոր հօտերն ու արջառները եւ տարաւ աւարի առջեւից: Աւարի համար ասում էին. «Սա Դաւթի աւարն է»:
21 Դաւիթը եկաւ ուժասպառ եղած երկու հարիւր զինուորների մօտ, որոնք չէին կարողացել Դաւթի յետեւից գնալ եւ մնացել էին Բոսորի հեղեղատում: Նրանք ընդառաջ գնացին Դաւթին ու նրա հետ եղած զօրքին: Դաւիթը մօտեցաւ այդ երկու հարիւր զինուորներին, հարցուփորձ արեց նրանց առողջութեան մասին: 22 Դաւթի հետ պատերազմի գնացած դաժան ու անզգամ մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չեկան, ուստի մենք էլ մեր փրկած աւարից նրանց բաժին չենք հանի: Միայն ամէն մէկը թող առնի իր կնոջն ու որդիներին եւ գնայ, հեռանայ»: 23 Դաւիթն ասաց. «Եթէ Տէրը թշնամուն յանձնել է մեր ձեռքը եւ մեզ պահել է, ուրեմն այդ բանը մի՛ արէք, եղբայրնե՛ր: Չէ՞ որ Տէրը մեր ձեռքն է մատնել մեզ վրայ յարձակուած ելուզակներին: 24 Ո՞վ կը լսի ձեր խօսքերը, չէ՞ որ նրանք ձեզնից թոյլ չեն: Պահապանների բաժինը հաւասար պէտք է լինի պատերազմի գնացողների բաժնին: 25 Աւարը հաւասարապէս պէտք է բաժանուի»: Եւ այդ օրուանից մինչեւ այսօր դա իբրեւ օրէնք ու իրաւունք կիրառւում է Իսրայէլի մէջ:
26 Դաւիթը եկաւ Սիկեղակ եւ աւարից ուղարկեց Յուդայի երկրի ծերերին ու իր ընկերներին՝ ասելով. 27 «Ահա ձեզ Տիրոջ թշնամիների աւարից բաժին եմ հանում, ո՜վ Բեթէլի ու հարաւային Ռամաթի, 28 Եթերի ու Արոյերի, Եփթամոթի, Եսթամայի, 29 Երաքէլի եւ յերեմելացիների ու կինեցիների քաղաքների, Ռամայի, 30 Բորասանի ու Աթաքի, Քեբրոնի ու բոլոր այն վայրերի բնակիչներ, 31 ուր Դաւիթն ու իր մարդիկ արշաւել են»:
31
ՍԱՒՈՒՂԻ ԵՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՀԸ
1 Այլազգիները պատերազմ մղեցին Իսրայէլի դէմ, եւ իսրայէլացիները այլազգիների առաջ փախուստի դիմելով՝ վիրաւոր ընկան Գեղբուա լերան վրայ: 2 Այլազգիները հետապնդելով Սաւուղին ու նրա որդիներին՝ սպանեցին Սաւուղի որդիներին՝ Յովնաթանին, Ամինադաբին ու Մեղքիսաւէին: 3 Պատերազմը Սաւուղի դէմ սաստկացաւ, կորովի աղեղնաւորները գտան նրան, եւ նա վիրաւորուեց կողոսկրից ներքեւ: 4 Սաւուղն ասաց իր կապարճակրին. «Սուրդ մերկացրո՛ւ եւ դրանով ինձ մահացու խոցի՛ր: Չլինի, թէ անթլփատները գան, ինձ խոցոտեն ու ծաղր ու ծանակի ենթարկեն»: Կապարճակիրը չուզեց այդ անել, քանզի սաստիկ վախեցել էր: 5 Սաւուղն առաւ իր սուրը եւ իրեն նետեց դրա վրայ: Երբ կապարճակիրը տեսաւ, թէ Սաւուղը մեռաւ, ինքը եւս իրեն նետեց սրի վրայ ու նրա հետ մեռաւ: 6 Մեռան Սաւուղը, իր երեք որդիներն ու իր կապարճակիրը. նրա բոլոր մարդիկ նոյն օրը միասին մեռան:
7 Երբ հովտի այն կողմում ու Յորդանան գետի այն կողմում գտնուող իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախան, եւ թէ մեռան Սաւուղն ու իր որդիները, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին: Այլազգիները եկան ու բնակուեցին դրանց մէջ:
8 Հետեւեալ օրը այլազգիները եկան դիակները կողոպտելու: Նրանք գտան Գեղբուա լերան վրայ ընկած Սաւուղին ու նրա երեք որդիներին: 9 Նրան շուռ տուեցին, վերցրին զէնքերը եւ կտրեցին գլուխը: Նրանք աւետաբերներ ուղարկեցին այլազգիների երկրի չորս կողմը՝ յայտնելու այս մասին իրենց կռատներին ու ժողովրդին: 10 Սաւուղի զէնքերը դրեցին Աստարտիոնի տանը եւ սպանուածների մարմինները կախեցին Բեթսանի պարսպից:
11 Երբ գաղաադացիների Յաբիս բնակավայրի բնակիչները լսեցին այն մասին, թէ ինչ էին արել այլազգիները Սաւուղին, 12 բոլոր զօրեղ մարդիկ վեր կացան, ամբողջ գիշեր գնացին, Բեթսանի պարսպից վերցրին Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի մարմինները, Յաբիս բերեցին դրանք եւ այնտեղ այրեցին: 13 Այնուհետեւ նրանց ոսկորներն առնելով՝ թաղեցին Յաբիսի դաշտում եւ եօթը օր ծոմ պահեցին:
[337] Այլ բնագրերում՝ կրկնակի:
[338] Բառացի՝ եղջիւրս բարձրացաւ իմ Տիրոջ շնորհիւ:
[339] Այլ բնագրերում՝ տարբեր տնատում:
[340] եւ մեկնելու արժանի տեսիլքներ չէին երեւում:
[341] Եբրայերէնում՝ փղշտացիները:
[342] Թարգմանւում է՝ «Ո՞ւր է փառքը»
[343] Վերջին նախադասութիւնը չկայ եբրայական բնագրում:
[344] Յունարէն եւ միւս բնագրերում՝ ձեռքի:
[345] Եբրայերէնում՝ կաթնատուներ, որոնց վրայ լուծ չի դրուած:
[346] Եբրայերէնում՝ Աստարոթը:
[347] Յունարէն միայն ազդր:
[348] 25- 26 համարները եբրայական բնագրում ունեն մի քիչ այլ բովանդակութիւն:
[349] Եբրայերէնում՝ վախից դողալով՝ հետեւում էր նրան:
[350] Այլ բնագրերում՝ Բենիամինի երկրի Գաբաա քաղաքը:
[351] Իսկ իր հօր համար վեր չհանեց հատուածը ոչ միայն անիմաստ է, այլեւ չկայ միւս, անգամ յունարէն բնագրերում:
[352] Այլ բնագրերում՝ Հեղիի:
[353] Այլ բնագրերում՝ Դուք մի կողմ կանգնեցէ՛ք, իսկ ես ու իմ Յովնաթան որդին միւս կողմը կը կանգնենք:
[354] Այլ բնագրերում հարցական չկայ:
[355] Եբրայերէն՝ Սաւուղն:
[356] Եբրայերէնում պակասում է Տիրոջ համար արտայայտութիւնը:
[357] Շուրջ 60 կիլոգրամ:
[358] Շուրջ 7 կիլոգրամ:
[359] 12- 31 եւ յետագայ մի քանի համարներ յունարէն բուն բնագրում չկան: Դրանք դրուած են «յաւելուած» բաժնում:
[360] Եբրայերէնում՝ …այլազգիների ձեռքը նրա վրայ լինի:
[361] Գրաբար բնագրում այս նախադասութիւնը հարցական բնոյթ չունի:
[362] Այդ լեռը գտնւում էր մթին երկրում:
[363] Տէրը զօրացրեց նրա ձեռքերը:
[364] Խաղաղութիւն քեզ ու քո տանը:
[365] Երդւում եմ Աստուծով ու քո արեւով, որ…
[366] Երդւում եմ Իսրայէլի Տէր Աստուծով:
[367] Երդւում եմ Տիրոջով:
[368] Երդւում եմ Տիրոջով:
[369] Գրաբար բնագրում՝ չորս: Ուղղումն ըստ Լ գլխի 10-րդ համարի: