Խաղաղութեան շրջանին հետևեց հալածանքի մի փոթորիկ, որ եկեղեցու կեանքի վրայ մեծ ազդեցութիւն ունեցաւ թէ արտաքին և թէ ներքին տեսակէտից: Մինչև այժմ քրիստոնեաների դրութիւնը իրական տեսակէտից միշտ վտանգուած էր եղել և ենթակայ ամբոխային տրամադրութիւններին ու կրքերին. ուրեմն ծանր և մեծ վտանգների հետ կապուած էր եղել քրիստոնեայ լինելը, բայց դեռ ևս երբէք նախագծուած ու ընդհանուր հալածանք չէր եղել նրանց դէմ: Մինչև անգամ ըստ Օրիգենէսի` Քրիստոսի համար զանազան ժամանակ մեռածների թիւը չնչին էր և հեշտ էր համարելը (ընդդէմ Կելսոսի III 8). իսկ վերջին խաղաղութեան ժամանակ քրիստոնէութեան ուսմունքը անվտանգ կերպով տարածուել էր, և ո՛չ մի հիմք չկար երկիւղ կրելու:
Չնայելով սակայն իւր ամբողջ յաղթական գիտակցութեանը, Օրիգենէսը նախազգում է, որ արտաքին հանգամանքները մօտիկ ապագայում պիտի փոխուին: Քրիստոսի անուան թշնամիները պետութեան քայքայման պատճառները տեսնում էին գլխաւորապէս քրիստոնեաների այդչափ բազմանալու և կայսրների նրանց չհալածելու մէջ: Հռովմի հազարամեակի տօնը բորբոքել էր Հռովմայեցիների հպարտութիւնը և նրանց բարկութիւնը շարժել այդ տօնից սկզբունքով իրենց հեռու պահողների դէմ: Դեռ Փիլիպպոս Արաբացու իշխանութեան վերջում, մի ամբողջ տարի Դեկոսի հրովարտակից առաջ, Աղէքսանդրիայում մի տեղական հալածանք սկսուեց քրիստոնէութեան դէմ, որի արմատը ժողովրդի մէջ պէտք է որոնել:
Փիլիպպոս Արաբացու անկումը, Դեկոսին` մի Դանուբի պրովինցիացի զինուորականի կայսրութեան իշխանը դարձրեց (249-251): Պետութիւնը նեղ վիճակի մէջ էր. մի կողմից բարբարոսներն էին վտանգում պետութեան սահմանները, միւս կողմից ներքին կուսակցութիւնների պայքարները ջլատում նրա զօրութիւնը: Դեկոսն իսկոյն սկսեց արշաւանքը Գոթերի դէմ, Հռովմի հին ազնուականների սերունդ Վալերիանոսին իբրև իշխանակցի յանձնելով պետութեան ներքին խաղաղութիւնը հաստատելու ու պահպանելու գործը: Երկու իշխաններն էլ այն կարծիքի էին, որ վերջին նպատակի ամենամեծ խոչնդոտը` ամենավտանգաւոր ներքին թշնամին, որ մերժում էր յարգանք ցոյց տալ Հռովմի աստուածներին ու իշխաններին, քրիստոնէութիւնն էր: Այդ կայսեր դէմ յանցանք գործողները, որոնք պետութեան մէջ պետութիւն էին կազմում, չէին կարող այլ ևս ո՛չ մի կերպ անվտանգ համարուել. մանաւանդ որ եկեղեցական կազմակերպութեան ցանցը իւր մէջ էր առել ամբողջ պետութիւնը: Պետութիւնը լաւ հասկացաւ թէ որտեղից պիտի սկսէր գործը քրիստոնէութեան դէմ: Մաքսիմինոս Թրաքսի նման եկեղեցու նուիրապետութեան մէջ տեսան նոքա վտանգը և աշխատեցին այն ջլատել:
250 թուականի հրովարտակը առաջին սիստեմատիքական և ընդհանուր կարգադրութիւնն է քրիստոնէութեան դէմ: Բառացի կերպով յայտնի չէ մեզ այդ իսկական քաղաքագէտին պատիւ չբերող հրովարտակը, բայց նրա բովանդակութիւնը պարզ է. բոլոր քրիստոնեաները առանց հասակի ու սեռի խտրութեան պիտի հրաւիրուէին մասնակցելու պետական աստուածների զոհաբերութիւններին և վերջինների հետ կապուած ճաշկերոյթներին: Գրիգոր Նիւսացու վկայութեան համաձայն` կուսակալներին պատժի սպառնալիքով հրամայած էր խստիւ հսկել հրովարտակի գործադրութեան վրայ: Հալածանքն ուղղուած էր ամբողջ քրիստոնէութեան, և գլխաւորապէս եկեղեցու առաջնորդների դէմ. Հռովմում մեռաւ Ֆաբիանոս եպիսկոպոսը, զոհ գնացին նաև Անտիոքի Բաբելաս և Երուսաղէմի Աղէքսանդր եպիսկոպոսները. այն ինչ Դիոնիսիոս Աղէքսանդրացին, Կիպրիանոս Կարթագենացին և Գրիգոր Սքանչելագործը կարողացան փախչելով ազատել իրենց վերահաս վտանգից: Փախչողների կայքն ու ստացուածքը գրաւում էին յարքունիս:
Սակայն ծանր հալածանքի ամբողջ նպատակն էր անշուշտ սարսափահար անել ամբոխը և այդ միջոցով ստիպել նրան կրկին հայրենի կրօնին դառնալու: Ամէն տեսակ տանջանքներ այդ պատճառով թոյլատրելի էին. օրինակ` բանտ, քաղց, ծարաւ, տօթ և այլն: Այրելը, խաչելն ու գլխատելն էլ սովորական էին անյողդյողդ հակառակութեան դէպքում: Եւ յիրաւի, սարսափը շատ աւելի մեծ էր, քան թէ կարելի էր նախատեսել, որովհետև քրիստոնեաներն ամենևին հալածանքի չէին սպասում և կարծում էին թէ խաղաղութիւնը ընդմիշտ պիտի շարունակուի: Այդ հանգամանքի շնորհիւ շատ մեծ էր ուրացողների ու անկեալների թիւը: Վերջիններից մի մասը ուղղակի փախչում էր վտանգաւոր դարձած քրիստոնէութիւնից, միւսները միայն վիրաւոր խղճով ու տանջանքների ազդեցութեան տակ համաձայնում էին զոհել աստուածներին կամ գոնէ խունկ ծխել նրան (sacrificati, turificati). վերջապէս կային նաև այնպիսիներ, որոնց յաջողւում էր կաշառել պաշտօնեաներին, նրանցից վկայական ստանալ, թէ զոհել են աստուածներին` և այդ վկայականները ներկայացնելով յատուկ այդ նպատակի համար կազմուած զոհի մասնաժողովին, իրենց անունը մտցնել տալ զոհողների ցուցակների մէջ (libellatici): Վերջերս Ֆայյումում գտնուած երկու վկայականները ցոյց են տալիս, որ բոլոր այդպիսիները միևնոյն բանաձևն են ունեցել` որ ներքև ստորագրած մարդիկ ու կանայք միշտ զոհել են աստուածներին և այժմ էլ պաշտօնեաների ներկայութեամբ կատարել են հրովարտակի իմաստը:
Դեկոսի մահուանից յետոյ, որ ընկաւ Գոթերի դէմ վարած պատերազմում, 251-ին, հալածանքը կարճ ժամանակ դադար առաւ. բայց Գալլուսը (251-253) հրամայեց հալածանքը շարունակել քրիստոնեաների, գլխաւորապէս եպիսկոպոսների դէմ: Հռովմի Կոռնելիոս եպիսկոպոսը սրա օրով աքսորուեց: Քրիստոնէութեան ծանր դրութիւնը շարունակւում էր, և քրիստոնեաները նախազգում էին ամենածայրագոյն բաները, երբ երկիւղալի Վալերիանոսը իշխանութեան ղեկը իւր ձեռքն առաւ (253-260): Սակայն այս իշխանը, որ զուրկ չէր ազնիւ և մեծ յատկութիւններից, մոռացութեան տուեց իւր անցեալը և սկզբում աշխատեց բարեացակամութեամբ գրաւել քրիստոնեաներին (Եւս. Է. 10): Բայց ժամանակի ընթացքում, մահտարաժամների և պատերազմների ազդեցութեան տակ, համոզուեց նա իւր սիրելի Մակրիանոսից, որ քրիստոնեաների ամուր կազմակերպութեան մէջ է նրանց ոյժն ու վտանգաւորութիւնը և աշխատեց մի առաջին հրովարտակով 257-ին խորտակել այն: Նա չէր ուզում ամբոխի դէմ ընդհանրական հալածանք սկսել,-այդ տեսակէտից իբրև քաղաքագէտի պատիւ է բերում նրան իւր հրովարտակը – այլ պատժում էր եպիսկոպոսներին աքսորելով և աքսորավայրերում խիստ հսկողութիւն նշանակելով նրանց վրայ, արգելում էր քրիստոնեաների համայնական-աստուածպաշտական ժողովներն ու գերեզմանատները մտնելը մահուան սպառնալիքով: Սակայն երբ այս միջոցները նպատակի չհասցրին և աքսորուած եպիսկոպոսներն էլ կարողացան միջոցներ գտնել իրենց համայնքների հետ սերտ յարաբերութեան մէջ լինելու համար, իսկ քրիստոնեաներին էլ յաջողուեց ծածուկ ժողովներ ունենալը, այն ժամանակ 258-ին Վալերիանոսը հրատարակեց իւր Բ. աւելի խիստ հրովարտակը: Եպիսկոպոսները, երէցներն ու սարկաւագները իսկոյն պիտի գլխատուէին, սենատորներն ու ասպետները իրենց գոյքից ու պատուից զրկուէին, յամառութեան դէպքում նոյնպէս սպանուէին, ազնուատոհմ կանայք գոյքից զրկուելուց յետոյ պիտի աքսորուէին, իսկ կայսերական պալատի մէջ ծառայութիւն ունեցող քրիստոնեաները շղթայակապ պիտի աքսորուէին կայսերական կալուածքները աշխատելու: Այս հալածանքի ժամանակ սպանուեց Հռովմի Սիքստոս եպիսկոպոսը, երբ նա կատակոմբաներում պաշտամունք էր կատարում, և ապա մի քանի օր յետոյ նրա սարկաւագ Լաւրենտիոսը: Կարթագենում նահատակուեց այժմ նաև Կիպրիանոսը:
Միայն ժամանակն օգնեց քրիստոնեաներին. 259-ին Ալամաններն ա. անգամ մինչև Իտալիա հասան, Ֆրանկները մինչև Սպանիա, իսկ Գոթերը մինչև Փոքր-Ասիա: Վալերիանոսը գերի ընկաւ պարթևների արքայի ձեռքը, որը կարողացել էր մինչև Կիլիկիա հասնել` և դրանով հալածանքը դադարեց: Նրա որդին ու յաջորդը Գալլիենոսը (260-268) յետ առաւ խիստ հրովարտակները և քրիստոնեաներին իրաւունք տուեց կրկին իրենց ժողովներն ու գերեզմանատներն ունենալ: Իսկական հրովարտակը թէև կորած է, բայց մնացել է նրա թուղթը ի միջի այլոց Եգիպտոսի եպիսկոպոսներին, որոնց նա յայտնում էր իւր ցանկութիւնը, որ նրանք խաղաղ ապրեն, իրենց աստուածպաշտական ժողովները նորից գումարեն և յետ ստանան իրենց դամբարանները (Եւս. Է. 13): Թէև օրէնքի մէջ հանդուրժողութեան սկզբունքը դեռ չմտաւ, բայց այս հրովարտակը իւր հետևանքով քրիստոնէութեան համար աւելի էր, քան թէ մի այդպիսի օրէնք: Հրովարտակի շարժառիթներից մէկն էր անշուշտ պետութեան քայքայումը, որ նրա օրով իւր գագաթնակէտին էր հասել: Այնուհետև քրիստոնէական եկեղեցին խաղաղութիւն է վայելում մինչև Դիոկղետիանոս, այնպէս որ Աւրելիանոսը (270-275), որ տաղանդաւոր Կլաւդիոս Բ-ի հետ միասին (268-270) պետութեան քայքայումը գոնէ որոշ ժամանակով ուշացրեց, մինչև անգամ քրիստոնեաների ներքին վէճերը կարգադրելու գործին էր խառնւում (Պօղոս Սամոսատցի): Հալածանքի շրջանը նաև իւր օգուտն ունէր. եթէ շատերի մակերևութային և թոյլ քրիստոնէութիւնը խորտակեց այն, միւսների մէջ կարիքը խորացրեց քրիստոնէական համոզմունքն ու զգացմունքը և բորբոքեց համայնութեան հոգին ու վկայութեան զօրութիւնը:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ