Զարմանալի դատ (Կորեական առակ)

Koreakan arak - Զարմանալի դատ (Կորեական առակ)

Մի ծեր մետաքսավաճառ մի անգամ թանկարժեք բեռուբարձով ուղևորվեց Փհենյանից դեպի հարավ: Նա ուզում էր Սարիվոնում երեսուներկու փաթեթ նրբահյուս շողշողուն մետաքս վաճառել: Ճանապարհին մութը վրա ընկավ: Ոչ գյուղ, ոչ հյուրանոց մոտակայքում չկար: Բարեբախտաբար, հենց ճամփեզրին վաճառականը մի ինչ-որ մեծահարուստի պարսպապատ գերեզմանոց տեսավ: Գերեզմանոցի բլրի աջ և ձախ կողմերից երկու մեծ քանդակներ էին կանգնած, որ պատկերում էին մինիստրների կամ գիտունների: Դրանց կողքին երկու նժույգ էին կանգնած: Այստեղ էլ վաճառականը որոշեց գիշերել: Նա իր բոլոր փաթեթներն իրար կապեց և գլխի տակ դրեց: Շոգից և երկար ճանապարհից ուժասպառ` նա շատ շուտով ննջեց: Երբ նա առավոտյան արթնացավ, մետաքսի կապոցն իր գլխատակին չէր, դրա փոխարեն` մի կոպիտ քար էր:

Վաճառականը սարսափահար վեր թռավ, նրա բազմամյա աշխատանքի պտուղները, որ պիտի կերակրեին իրեն և իր ընտանիքին, ինչ-որ մեկն առևանգել էր: Նա տեղնուտեղը փութաց մանդարինի մոտ և նրան պատմեց իր դժբախտության մասին: Մանդարինն այդ հայտնի էր իր արդարությամբ առ աղքատներն ու հալածյալները, իսկ չարագործների հանդեպ նա անողոք էր: Այդ պատճառով ժողովուրդը նրան սիրում ու փառաբանում էր: Լսելով վաճառականին, մանդարին-դատավորը նրան հարցրեց. — Արդյո՞ք նա գերեզմանոցի մոտակայքում ոչ մեկին չի տեսել: — Ոչ մեկին, պարոն,- պատասխանեց վաճառականը,- բացի երկու մեծ քարարձանից, որ կանգնած էին գերեզմանաբլրի երկու կողմում: — Ուրեմն, ոչ մի կենդանի էա՞կ,- դարձյալ հարցրեց դատավորը: — Ոչ, ես իրոք ոչ մի մարդու չեմ տեսել: — Դե ինչ, ուրեմն ստիպված կլինենք այստեղ հասցնել այդ քարարձանները,- որոշեց մանդարինը,- թող նրանք վկա լինեն: Մարդիկ շատ զարմացած էին, ինչո՞ւ քարուքանդ անել գերեզմանոցը և բերել մունջ քանդակները:

Բայց դատավորն իրենն էր պնդում:

— Դատարանն ու արդարությունը պահանջում են դա,- ասաց նա: -Գողությունը մեծ չարագործություն է, այն զզվելի է նույնիսկ անբառ էակների համար: Բնակիչներին շատ հետաքրքիր էր, թե ինչ կլինի հետո: Բոլորն ուզում էին ներկա գտնվել այդ զարմանալի դատին: Դատավորը սկզբում նրանց դա թույլ չէր տալիս, բայց ի վերջո համաձայնեց, որպեսզի տեղաբնակներից երեսուն հոգի ներկա գտնվեն այդ դատաքննությանը: Դատը սկսվեց: Սկզբում ընթերցվեցին ինչ-որ հատվածներ դասական չինական գրքերից, իսկ հետո` մի քանի պարբերություն տեղային օրենսգրքից: Այդժամ դատավորը բարձր և հանդիսավոր հարցրեց քարարձանին, որ բերվել էր գերեզմանոցից դատարանի դահլիճ.

— Դո՞ւ ես գողացել մետաքսը: Քանդակը լռում էր:

— Քանի որ նա չի ուզում խոսել, նրան մահակով մի վաթսուն անգամ հարվածեք,- ասաց դատավորը: Ծառայողները վերցրին իրենց ծանր կաղնեփայտերը և սկսեցին քարը ծեծել: Այդտեղ մարդիկ չկարողացան իրենց ծիծաղը զսպել: Լսելով այդ` մանդարինը հանկարծ զայրացավ.

— Երբ ես իմ որոշումներն եմ կայացնում, ոչ մեկը ծիծաղելու իրավունք չունի,- բացականչեց նա,- դրա համար դուք բոլորդ կպատժվեք: Մարդիկ սկսեցին ներողություն խնդրել, բայց մանդարինն անողոք էր:

— Ես ձեզ դատապարտում եմ տուգանքի,- ասաց նա:

-Ձեզնից յուրաքանչյուրը պիտի գնի մի փաթեթ մետաքս և բերի այստեղ: Երեսուն բնակիչները, որ ներկա էին դատավարությանը, փորձեցին վիճել, բայց ի վերջո ստիպված էին ենթարկվելու և, որպեսզի ավելի խիստ պատժի չարժանանան, լքեցին դատարանի դահլիճը:

Որոշ ժամանակ անց նրանք վերադարձան: Նրանցից յուրաքանչյուրը թևատակին մի փաթեթ մետաքս էր կրում: Վաճառականը հազիվ էր տեսել հյուսվածքը և մեկ էլ բացականչեց. — Բայց սա հենց այն մետաքսն է, որ ինձնից գողացել էին: Մանդարինը բոլորին հարցուփորձեց, թե ում մոտից էին այդ գործվածքը գնել: Վաճառողին դատարան բերեցին, իսկ շուտով գտան և գողին: Այդպես երկու քարարձանն իսկապես մերկացրին հանցագործին և ապացուցեցին, որ նույնիսկ մունջ էակների համար գողությունը զազրելի է:

աղբյուր՝ https://www.facebook.com/FatherHovsep?fref=ts