ԱՄՆ նախագահի հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջ բերել. Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վերջին օրերի զարգացումներին:

Այս մասին Tert.am-ին ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` անդրադառնալով Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Հայ Եկեղեցու դիրքորոշմանը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վերջին օրերի զարգացումներին:

Գիտեք` Հայ Եկեղեցին կարևոր դերակատարություն ունի Ս. Տեղյաց պահպանության գործում: Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն է իրականացնում իր ուխտյալ միաբանությամբ դժվարին այդ առաքելությունը` քրիստոնյաներիս համար սրբազան այդ հողում պաշտպանելով հայոց պատմական ներկայությունը և դարերով ձևավորված կանոնակարգերն ու իր իրավունքները:

ԱՄՆ նախագահի հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ Եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ:

Վստահ ենք, որ միջազգային հանրության կողմից ամեն ջանք կգործադրվի հանուն խաղաղության, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների դարավոր իրավունքների հարգման ու անխաթար պահպանման համար:

Մայր Աթոռը Երուսաղեմի Հայոց պատրիարքության հետ համախորհուրդ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ»,–ասված է Վահրամ քահանա Մելիքյանի պատասխանում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:

«Ես որոշել եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար: Ավելի քան երկու տասնամյակ հրաժարվելուց հետո մենք չենք մոտեցել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համաձայնագիր կնքելուն», – ասել էր Թրամփը՝ նշելով, որ կատարում է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը: