Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց սարկավագական ձեռնադրություն (նկարներ)

 Հոկտեմբերի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի Զ լսարանի 25 սաներ:

 Նախօրեին՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 16 և Զ լսարանի 25 սաներ ձեռամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ստացան կիսասարկավագության աստիճան:

 Սուրբ Պատարագի ընթացքում, Ձեռնադրության սուրբ խորհրդի ավարտին, Սրբազան Հայրը, խոսելով սարկավագության խորհրդի մասին, նշեց, որ Վազգենյան հոգևոր դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում կրթություն ստացած 25 երիտասարդ սարկավագներ պատրաստակամորեն հանձն առան իրենց կյանքը զոհաբերելու եկեղեցու սպասավորությանը և հավատացյալների հոգևոր կարիքները հոգալու համար։

 Այնուհետև Մուշեղ եպիսկոպոսը, դիմելով սարկավագներին, ասաց․ «Առաջին սարկավագը՝ Սուրբ Ստեփանոսը, կյանքով վճարեց իր կոչումին հավատարիմ մնալու համար։ Քրիստոնեական եկեղեցին իր դարավոր պատմության մեջ ունեցել է նահատակության բազմաթիվ դեպքեր։ Ամենաթարմը, որ ունենք մեր իրականության մեջ՝ իբրև վկայություն մեծագույն զոհաբերության, դա մեր երկու սարկավագների նահատակությունն է հայրենի հողի պաշտպանության համար։ Իրենց օրինակը առավել քան խոսուն է. կոչված եք կարևոր առաքելության և ինչպես ձեր երկու լուսահոգի հոգևոր եղբայրների կյանքի ընթացքը ցույց տվեց, իրապես, սարկավագությունը ևս զոհաբերություն է՝ անգամ պատրաստ լինել կյանքը տալ հայրենիքի ու հավատի համար…»:

 Վերջում Մայր Աթոռի լուսարարպետը կոչ արեց հավատացյալներին մշտապես աղոթել ձեռնադրված սարկավագների կյանքի ընթացքի համար, որպեսզի Աստծուց՝ իրենց տրված շնորհները չպակասեն և իրենց հանձնառած սրբազան առաքելությունն ու զոհաբերությունը ընդունելի լինի Տիրոջ կողմից: