Ո՞ւՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ․․․

 Մտահոգությամբ ընթերցեցի վերջերս Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը, որում մասնավոր անդրադարձ կատարվեց նաև Հայոց եկեղեցու պատմության առարկայի առնչությամբ ԿԳՄՍ նախարարության որդեգրած անընդունելի դիրքորոշմանը։

 Մինչև այսօր էլ Հայոց եկեղեցու պատմությունը կրթական ծրագրից որպես առանձին դասավանդվող առարկա հանելու և տարրալուծելու որոշումը մնում է չհիմնավորված։ Եվ քանի որ առարկայի տարրալուծման համար արդարացված հիմնավորումներ պարզապես չկան, այլ կա միայն տարրալուծելու հստակ ծրագիր, ակնհայտ է դառնում, որ կրթության պատասխանատու մարմինը ցանկություն չունի ՀԵՊ առարկայի տարրալուծման հիմնավորումների ու պատճառների շուրջ ողջամիտ քննարկում ծավալել: Թերևս տարրալուծման մեթոդը կարող է համոզիչ թվալ՝ տպավորություն ձևավորելով, որ այդ ճանապարհով պարզապես առարկայի նյութերն ամբողջությամբ տեղափոխվում են մի քանի այլ առարկաների մեջ, իսկ վատագույն դեպքում՝ կրճատվում են այն հատվածները, որոնք կրկնվում են Հայոց պատմություն առարկայի մեջ։ Սակայն ԿԳՄՍ նախարարությունը նույնիսկ բացահայտորեն դրժեց ՀԵՊ առարկայի նյութն ամբողջությամբ այլ առարկաների մեջ ներմուծելու հավաստիացումները: Ավելին, տարրալուծման արդյունքում պահպանվեց առարկայի ընդամենը 30 տոկոսը (ամբողջությամբ դուրս են բերվել 5-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների նյութերը), որն էլ իր հերթին մաս առ մաս չնչին ժամաքանակներով «կորսվեց» այլ առարկաների մեջ: Եվ զավեշտալին այն է, որ դուրս են բերվել նաև այն թեմաները (Սուրբ Էջմիածնի, Սուրբ Թարգմանիչների, Սուրբ Վարդանանց և այլն), որոնք առարկայի հոգին ու դիմագիծն են։ Իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ տարրալուծման անվան տակ առարկայի ոչնչացում։ Կորստաբեր պատերազմը, ներքաղաքական պայքարի արդյունքում ձևավորված անառողջ և անկայուն վիճակը, անմիաբանությունն ու ատելությունը, թշնամանքն ու վիրավորանքն առավել հրամայական են դարձրել երիտասարդ սերնդին ազգային-հոգևոր արժեքներով հոգեկրթելու անհրաժեշտությունը։ Այդ հրամայականը ենթադրում է առավել արդյունավետ ու նպատակային դարձնել հայրենագիտական առարկաների դասավանդումը, մեծացնել ուսուցման որակն ու արդյունավետությունը, բայց չգիտես ինչու, մեզ մոտ հակառակ գործընթացն է։ Անհասկանալիորեն խեղաթյուրվում է մի առարկա, որն օգնում է դպրոցականին՝ ծանոթանալու իր 2000-ամյա եկեղեցու պատմությանն ու վարդապետությանը, սովորեցնում քրիստոնեական բարոյագիտություն ու ամրապնդում ազգային ինքնագիտակցություն։

 Նման ճանապարհով դպրոցը հոգեկերտման գլխավոր դարբնոցից աստիճանաբար վերածվելու է զուտ գիտելիքներ հրամցնող հաստատության, որը պատրաստելու է խելացի անհոգիներ, ազգային ու հոգևոր արժեքները չճանաչող ու չգնհատող սերունդ։ Հայոց կենաց ծառը ներսից սղոցող, հայոց նվիրական հողի վրա ազգային-հոգևոր արժեքները ոտնակոխող «տրոյական ձիերի» մարաթոնը հրամայական է դարձրել հայացք նետելու պատմության դասերին, որոնք արդեն իսկ ցույց են տվել, թե ինչ ուժի և արժեքների պետք է ապավինել օրհասական պահերին։ Ժամանակն է լրջորեն խորհելու այն մասին, որ այսօր, առավել քան երբևէ, մեր ապագան կախված է նրանից, թե ինչպիսի արժեքների կտանք առաջնայնությունը։ Ուստի վերարժևորենք մեր կյանքում Վարդանանց պատգամը՝ «Չունենք այլ հայր, բացի Ավետարանից և այլ մայր, բացի Հայ Առաքելական մեր Սուրբ եկեղեցուց»։ Ո՞ւր ենք գնում առանց մեր ծնողների․․․

Տ. Հովսեփ քհն. Սարգսյան