…Եւ պատրաստ ենք վրեժխնդիր լինելու ամեն անհնազանդության համար» (Բ Կոր. Ժ. 6)

Abgar eps 891 768x660 - …Եւ պատրաստ ենք վրեժխնդիր լինելու ամեն անհնազանդության համար» (Բ Կոր. Ժ. 6)

 Սուրբ Եկեղեցին Սուրբ Հոգով նվիրագործված Սիրով գործող (Գաղ. Ե 6) ու առ Միակ Փրկող Աստուծո (Սղմ. ԽԱ 6) հուսացած Հավատավորների Ամբողջությունն է, Որն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն է (Ա Կորնթ. ԺԲ 27), իսկ Գլուխը Տերն Ինքն է (Եփես. Ե 22, Կողոս. Ա 18):
Սուրբ Եկեղեցու Միության գրավականն է Տիրավանդ խոսքն ասված Սբ. Առաքյալների առթիվ. «Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլեւ նրանց խօսքի միջոցով բոլոր ինձ հաւատացողների համար, որպէսզի ամէնքը մի լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, եւ ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ մեր մէջ լինեն, եւ որպէսզի աշխարհն էլ հաւատայ, թէ դո՛ւ ուղարկեցիր ինձ»։ (Յովհ. ԺԷ 20):
Մեր օրերում ի հայտ եկան ոմանք, որ «Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ, եթէ մեզնից լինէին, ապա մեր մէջ էլ կը մնային։ Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լինէր, թէ նրանք ամէնքը մեզնից չեն»։ (Ա Յովհ. Բ 19):
Սրանք իրենց ամբարիշտ ցանկութիւններով տարված (Յուդա Ա 18)՝ պարծեցան, թե սուտ են հանում Ճշմարտությունը (Յակ. Գ 14), սակայն “Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրաւոր է, մարմնաւոր եւ դիւային. որովհետեւ, ուր հակառակութիւն եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան” (Յակ. Գ 15- 16):
«Ազատութիւնն իբրեւ չարիքի պատրուակ” բռնելով (Ա Պետ. Բ 17), մարդահաճո եղան առավել (Գաղ. Ա 10), քան՝ Աստուծո ցանկալին փնտրողներ (Եփես. Ե 10):
Մեղանչեցին Սբ. Հավատո Հանգանակի «Հաւատամք և ի մի միայն ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցի» ճշմարտության դեմ ՝ իրենց հերձվածող բացապարզելով: Մեղանչեցին Սուրբ Պատարագի Արձակման բաժնում հնչող «Զլրումն Եկեղեցւոյ Քո պահեա» միաբանական աղոթքն արհամարհելով՝ Սուրբ Եկեղեցու միասնականությունը վտանգելով:
«Հերետիկոս համարւում են նրանք, որոնք վաղուց մեր Եկեղեցուց դուրս են եկած, նզովքի են ենթարկուած, եւ նրանք, որոնք արտաքուստ մեր հաւատն են դաւանում, բայց առանձին ժողովներ են կազմում մեր կանոնաւոր կարգած եպիսկոպոսների դէմ»: (Կոստանդնուպոլսի Երկրորդ Տիեզերական ժողովի Զ կանոն):
«Արտաքսեալքն յեկեղեցւոյ՝ ամենայն՝ հեռձուածողք ասին, այլ զկէսս հեռձուածողս կոչեցին միայն եւ զայլս՝ բաժանողս եւ զայլ առանձին ժողովարարս: Վասն զի աղանդաւորք այնոքիկ ասին, որ ամենեւին ի բաց որոշեալք են յուղիղ հաւատոց: Իսկ բաժանողք այնոքիկ ասին, որ վասն պատճառաց ինչ իրաց եկեղեցւոյ կամ խնդիր առ միմեանս լինելոյ ժողովս առանձին կատարեն, առ ոչ կարելոյ հնազանդել նոցին քահանայից եւ եպիսկոպոսաց յաղագս անխտրութեան ժողովրդեանն, որ բազում բծով լի են եւ անխտիր ի պաշտաւն մատչին եւ ոչ երբեք կամեցան ի յառուլ ի կանոն եկեղեցւոյ, այլ անձամբ յանձինս իւրեանց ձգեցին զպատիւ քահանայութեանն եւ զհետ նոցա գնացին բազումք ի ժողովրդենէն, այսոքիկ են որ առանձին ժողովս կատարեն»: (Սբ. Բարսեղ Կեսարացի, Առ սուրբն Ամփիւղոքոս յԻկոնացւոց եպիսկոպոս, կանոն Ա)
Հանդգնեցին առ ոչինչ համարել Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Կարգը, որի դեմ ոտնձգությունների կապակցությամբ Սբ. Կիպրիանոսը Կարթագենացին գրում է. «Աստվածային նվիրապետության քայքայմանն ուղղված անօրենների ինքնակամ բոլոր հանցափորձերն Աստծո դեմ են» (Գիրք Սբ. Եկեղեցու միասնության մասին):
«Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած։ Հետեւաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում»: (Հռոմ ԺԳ 1-2):
Հերձվածության վերաբերյալ իր հերթին Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Վկայում եմ, որ Սբ. Եկեղեցու ամբողջականությունը խախտելը պակաս չարիք չէ, քան աղանդավորությունը»: (Մեկնություն առ Եփեսացիս թղթի, Գլ. ԺԱ 5):
Եվ, որովհետև պարծեցան իրենց ամբարտավանությամբ, իսկ այսպիսի ամեն պարծանք չար է։ Իմանալով հանդերձ թե ինչ է չարիքը, ինքնակամ շեղվեցին: (Յակ. Դ 16-17): Քանի որ սոսկ մարմնի գործեր ի ցույց դրեցին (Գաղ. Ե 19 21) և Սբ. Հոգու պտուղներ բնավ չտվեցին (Գաղ. Ե 22-23). «Նշաւակելի, մարմնասէր մարդիկ, որ չունեն Հոգին» (Յուդա Ա 19): Արհամարեցին Աստուծո բարության առատությունը, Իր ներողամտությունն ու համբերությունը, որ իրենց համար ապաշխարության հրավեր էր (Հռոմ. Բ 4):
«Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաաղամի մոլորութեան՝ սայթաքեցին վարձի յետեւից ընկնելով եւ կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեան պատճառով»: (Յուդա Ա 11-13):
«Պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ, այլ՝ Աստծու կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները. քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինելու ամէն անհնազանդութեան համար»։ (Բ Կորնթ. Ժ 3- 6):
Այսու, «չարության եւ անզգամության խմորից» (Ա Կորնթ. Ե 8 ) մեր խնամատարությանը հանձնված բանավոր հոտը զերծ պահելու և գայթակղության առաջն առնելու ու չարիքը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու նվիրական անդաստանից մերժելու համար՝ ես՝ Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան , Առաջնորդ ԿանադաՀայոց Տիրախնամ Թեմիս, միաբանությամբ Թեմիս Հոգևոր դասի ու Հավատավոր Հայորդիների, եկրորդելով ՝
Ա. Սբ. Պողոս Առաքյալին. «Եթէ մէկը չի սիրում Տէր Յիսուսին, նզովեալ թող լինի» (Ա Կորնթ. ԺԶ 22),
Բ . Գանգրայի Սբ. Ժողովի Զ կանոնը. «Ոյք արտաքս քան զեկեղեցին ժողով ժողովիցին եւ արհամարհիցեն զեկեղեցին եւ կամիցին զեկեղեցւոյ պէտս գործել, իբրեւ ոչ իցէ երէցն ըստ կամաց եպիսկոպոսին լեալ, նզովեալ լիցին»,
Գ. Ամենայն Հայոց Հայրապետին եպիսկոպոսին համապատիվ համարողներին Անանիա Մոկացի Կաթողիկոսի նզովքը (Տեառն Անանիայի Հայոց Կաթողիկոսի Պատճառ յաղագս զԽոսրով նզովելոյն զԱնձեւացւոց եպիսկոպոսն, Նորին Տեառն Անանիայի Հայոց Կաթողիկոսի Յաղագս որ ասեն, թէ մի պատիւ Հայրապետին եւ Եպիսկոպոսին եւ վասն մի լինելոյ կոչմանն)
Ինձ փոխանցված Վերնատուր Շնորհով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում։ Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում» (Մատթ. ԺԸ 18, Բ Կորնթ. Ժ 3-6, Կանոնք Առաքելական, ԻԳ) նզովում և կապում եմ կորյուն չիք աբեղային և սրա չար հերձվածի հետևորդներին՝ զրկելով Սուրբ Մայր Եկեղեցու հաղորդությունից մինչ կատարյալ զղջում ու ապաշխարություն: Մեր այս նզովքի տակ կընկնեն նաև նրանք, որ համակիր են սրանց:
Ով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ չի հավաքում, ցրում է, և ով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ չէ, աստվածամարտ է: (Մատթ. ԺԲ 30 Ղուկ. ԺԱ 23):
Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սէրը եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը մեր Սուրբ Մայր Եկեղեցու զավակների հետ թող լինեն։ Ամէն։

Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար Եպիսկոպոս Յովակիմեան
«Armenian Diocese of Canada» ֆեյսբուքյան էջից