Խրիմյան Հայրիկը` ռուսական ցար Նիկոլայ 2-րդի տխրահռչակ հրովարտակը ստանալիս

 Վարդգես Սուրենյանցի «Խրիմյան Հայրիկ» նկարը… Նկարիչ Վարդգես Սուրենյանցը Ամենայն Հայոց կաթողիկոս և մեծագույն հայրենասեր Խրիմյան Հայրիկին այս նկարում պատկերել է այն պահին, երբ նա ստացել է ռուսական ցար Նիկոլայ 2-րդի տխրահռչակ հրովարտակը՝ 1903 թվականի հունիսի 12-ի օրենքը` հայ եկեղեցու գույքը բռնագրավելու մասին: Այդ օրենքը փաստացի նշանակում էր հայ թեմական ազգային դպրոցների անհապաղ փակում ողջ Ռուսական կայսրության տարածքում։ Ռուսական ցարի այդպես էլ չբացված նամակը` փակ ծրարով ծերունազարդ Վեհափառը արհամարական և ցուցադրաբար նետել է իր ոտքերի առջև: Նամակի բովանդակությունը սակայն հայտնի է նրան. այդ մասին հայտնել էր նամակաբերը՝ նույն այդ օրենքի ամենաեռանդուն նախաձեռնողներից մեկը, մոլի հայատյաց, Երևանի նահանգի փոխնահանգապետ իշխան Միխայիլ Նակաշիձեն։ Ինչպես իրենց հուշերում գրեցին հետագայում այդ տեսարանի ականատեսները, երբ Նակաշիձեն ընդոստ շարժումով դուրս է գալիս վեհարանից` անմիջապես կատարելու ցարի այդ հրամանը, Վեհափառը ձեռքերը կարկառում է դեպի երկինք և արտասանում ժամանակին մեծ հնչեղություն ստացած իր հայտնի նզովքը ռուսական միապետությանը. «Թող կործանվի այս աստվածընդդեմ ու բանտածվար կայսրությունը»: Իրոք որ` դրանք մարգարեական խոսքեր դարձան հետագայում:

 1903 թ. այդ հակահայկական օրենքը` ռուսական ցարիզմի վարած իրեն հպատակ ազգերի գաղութացման քաղաքականության ամենացայտուն դրսևորումն էր: Այն նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից և արագացնել հայ ժողովրդի ռուսացումը, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ ու կամակատար պաշտոնեության։ Բայց տեղի ունեցավ այն, ինչ չէին կարող կանխատեսել ցարական իշխանությունները` բոլոր Անդրկովկասյան նահանգներում հայերը մի մարդու նման ոտքի են կանգնում` պաշտպանելու իրենց իրավունքներն ու ոտնահարված ազգային արժանապատվությունը: Ցարական կառավարությունը չի սահմանափակվում միայն այդ օրենքի ընդունումով, շարունակում է լայնածավալ ճնշումներ գործադրել հայերի վրա և 1905 թ. սկզբին նախաձեռնում է այս անգամ արդեն կովկասյան թաթարների ձեռքերով հայերին «դաս տալու» մեկ այլ դավադիր գործողություն` հրահրելով տարածաշրջանում հայ-թաթարական արյունալի բախումներ: Սակայն այս անգամ էլ հայերը, որոնք այդ ժամանակ արդեն բավականին կազմակերպված և մարտունակ ուժ էին ներկայացնում Անդրկովկասում, կարողացան արժանի հակահարված տալ ցարական կառավարության կողմից հովանավորվող թաթար գրոհայիններին:
Ավելին` 1905 թվականի մայիսի 11-ին Բաքվի կենտրոնական հրապարակում տակավին 21 տարեկան Դրոն (Դրաստամատ Կանայանը) անհավանական կերպով` օրը ցերեկով և ընդամենը մեկ ռումբի դիպուկ նետումով` ռմբահարում է իշխան Միխայիլ Նակաշիձեի կառքը, մահապատժի ենթարկելով այդ հայատյաց ռուսական բարձրաստիճան պաշտոնյային, որն այդ ժամանակ արդեն դարձել էր Բաքվի նահանգապետ և հայկական ջարդերի հիմնական հրահրողն ու կազմակերպիչն էր հանդիսացել Բաքվում: Հայերի համաժողովրդական բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված հեղափոխության ազդեցության տակ ռուսական բռնապետությունը վերջապես ստիպված եղավ նահանջել։ 1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ 2-րդ ցարը ստորագրում է Հայ Առաքելական Եկեղեցու գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ կրկին թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները Ռուսական կայսրության տարածքում։

Աղբյուր՝ https://web.facebook.com/photo.php?fbid=718310711616797