Խրատանի պահքի մասին

 Ահա թե ինչ է խրատում այդ մասին 5-րդ դարում Հովհան Մանդակունի կաթողիկոսը:

 Քանզի հույժ կարեւոր է պահքի պնդությունը մեր բնության համար եւ շատ թերություններ շտկում են պահքի խոնարհությամբ:

 Արդեն իսկ մարդուն ստեղծելիս Աստված պահքի պատվիրանով պարսպեց մեր բնությունը եւ առաջին մարդուն որպես առաջին պատվիրան դրախտում տվեց պահքի պատվիրանը՝ չճաշակել չարի եւ բարու գիտության ծառից: Քանզի եթե Ադամը պահեր պահքի պատվիրանը, կժառանգեր անախտ, անմահ եւ անմեղ կյանքը եւ երկնքում՝ երկնային բարիքները, քանզի շատերը, ովքեր պահեցին պահքի պատվիրանը, փրկվեցին բազում վշտերից: Իսկ ովքեր հեռացան պահքից, հեռացան Աստծու շնորհներից եւ բազում չարիքներով չարչարվեցին: Եվ բոլորը, ովքեր արհամարհեցին պահքը, արհամարհվեցին Աստծուց եւ Նրա ողորմությունից հեռացան: Եվ եթե նույնիսկ կերակուրներով պարկեշտանա, իսկ մյուս անդամներով չպահի, զուր եւ ունայն է ջանում:

 Այս է, որ ասում եմ, որ եթե լեզուն չպարկեշտացնի, աչքի, ունկի, խորհուրդների եւ մտքերի համար չզգուշանա, ընկերոջ նկատմամբ ոխ պահի, եղբոր հանդեպ ատելություն կամ մեկի նկատմամբ կեղծավորությամբ սեր ցույց տա կամ խոնարհությամբ ընկերոջը չծառայի, պատիվ եւ իշխանություն ցանկանա եւ կարծի, թե իր անձը պահքի մեջ է, այնպիսին հույժ մոլորված կլինի սատանայի կողմից: Քանզի այն ոչ թե խոնարհության պահք է, այլ՝ խաբեության եւ կեղծավորության եւ ոչ մի օգուտ չստացավ այնպիսի պահքից,այլ հույժ պատժի եւ պատուհասի արժանացավ:

 Այլեւ պահք է անվանվում ոչ թե կերակուրներից ժուժկալելը, այլեւ խուսափելն ամեն տեսակ մեղքերից, քանզի պահք է նաեւ բերանի լռությունը եւ ոչ առանց հարկի եւ մեկի հարցնելու խոսելը:

 Պահք է նաեւ խոնարհությամբ տեղում նստելը եւ փուչ մեկի պես ցոփությամբ չշրջելը՝ թափառելով եւ դրամաշորթությամբ: Պահք է նաեւ աչքերն արատությունից, լսելիքը՝ անդեպ լսելուց եւ սիրտը՝ պիղծ խորհուրդներից զերծ պահելը: Պահք է նաեւ չընկերանալը պատվի եւ իշխանության համար, չբարկանալը, չաղաղակելը, չնախանձելը, վրեժխնդիր չլինելը եւ չջանալ սեփական անձն ընկերոջ մոտ արդարացնելը: Պահք է ագահություն չանելը, չմարդահաճոյանալը եւ հանդերձով սնապարծ չլինելը: Պահք է նաեւ խոնարհությունը, հնազանդությունը եւ սուրբ սրտով բոլորին սիրելը: Պահք է նաեւ, երբ բնական քնի կարիքը միայն սպառի եւ ցանկության քուն չունենա:

 Նաեւ, մանավանդ, պահք է՝ պահքի օրերին ինչ արգելում ես որովայնիցդ, այն աղքատներին ընձեռել, քանզի դու պիտի քաղցես եւ քաղցածը հագենա եւ քո մեղքը քավվի:

 Այս է Սուրբ եւ աստվածահաճո պահքը:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ»