Խորապես ցավում ենք. Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրենը՝ զինվորներին չհասած արկղի մասին

Ter Markos 214 - Խորապես ցավում ենք. Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրենը՝ զինվորներին չհասած արկղի մասին

 Գեներալ Մանվել Գրիգորյանի տանը կատարված խուզարկության ժամանակ ի թիվս Հայոց բանակին ուղղված օգնությունների, նկատվեց նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Սոցիալական ծառայության արկղը:

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը «Արմենպրես»-ին ներկայացրել է կատարվածի վերաբերյալ իրենց մեկնաբանությունը:

«2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ամիսներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակտիվ կերպով նախաձեռնել է պարենային, իրային և դրամական օգնության հավաքագրումն ու տրամադրումը Հայոց Բանակին՝ ամենատարբեր ձևաչափերով: Արցախի ֆինանսների նախարարությանն ուղղված 1 միլիոն ԱՄՆ դոլարից, զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին տրամադրած օգնության գումարներից բացի, Մայր Աթոռը աշխարհասփյուռ և հայաստանյան թեմերի միջոցով ևս հսկայական միջոցներ և պարագաներ է հավաքագրել զինված ուժերի համար: Միայն հայորդյաց տների սաների միջոցով կազմակերպված օգնության շրջանակներում 40 տոննայից ավել պարենային մթերք, հագուստ և հիգիենիկ պարագաներ է ուղարկվել զինվորներին: Օրեր առաջ, երբ հեռուստատեսությամբ հեռարձակվեց գեներալ Մանվել Գրիգորյանի տան խուզարկության վերաբերյալ տեսանյութը, ցավով նկատեցինք, որ ի թիվս այլ օգնությունների, պահեստում էր մնացել նաև Մայր Աթոռի օգնության արկղերից մեկը, և որ ամենացավալին է, այնտեղ էին նաև երեխաների՝ զինվորներին հասցեագրված նամակները։ Հավաքագրված օգնության որոշ բաժին զինվորներին պիտի փոխանցվեր նաև Էջմիածնի քաղաքապետարանի կազմած ջոկատի միջոցով: Խորապես ցավում ենք այս ամենի համար»,-ասաց հոգևորականը:

Աղբյուր՝ armenpress.am