Որո՞նք են հիմնական բարոյական արժեքները

 «Բարոյական արժեք» ասելով` հասկանում ենք այն վեհ գաղափարները, պատվիրանները, ուսուցումները, որոնք ապահովում են մարդու բարոյական, առաքինի կյանքն ու նկարագիրը: Այդպիսի բարձրագույն արժեքներ են հոգևոր-բարոյական արժեքները` տրված Աստծո կողմից, հաստատված Քրիստոսի պատվիրաններով, ուսուցումներով:

 Այլ կրոններ կամ պետական համակարգեր ևս ունեն բարոյական արժեքների մղող օրենքներ ու պատվերներ, սակայն քրիստոնեության բարոյական արժեքներն անհամեմատ վեր են մնացյալ բոլորից: Բացի այդ, բարոյականության, առաքինության օրենքներ կարելի է շատ հաստատել, սակայն դրանց ամբողջական կատարման, ոչ միայն գործողության օրինակելիության, այլև մտքի ու սրտի մաքրությամբ իրագործելու համար մարդկային ներուժը բավարար չէ: Քրիստոնեությունը խոսում է աստվածային շնորհի մասին, որով մարդն իր կամքով, գործակից լինելով աստվածային նախախնամությանն ու զորակցությանը, կարողանում է ապրել բարոյական ու առաքինի կերպով, իսկ սայթաքելու դեպքում էլ մաքրվել ու սրբվել կատարված մեղանչումներից: Մինչդեռ միայն օրենքի հաստատումը այս շնորհն ու զորությունը չի տալիս մարդուն:

 Սովորական օրենքների հետ համեմատությամբ՝ տասնաբանյա պատվիրանների առավելությունը երևում է հատկապես վերջին պատվիրանով, որը հրահանգում է չցանկանալ ուրիշի ունեցվածքը, կնոջը, ծառայողներին (Ելք 20.17): Պողոս առաքյալը, խոսելով այս պատվիրանի մասին, նշում է, որ ցանկության մեղավոր բնույթը ճանաչելի չէր լինի, եթե օրենքն ասած չլիներ` մի՛ ցանկացիր (Հռ. 7.7): Քրիստոնեությունը բարոյականության համար անհրաժեշտ արտաքին դրսևորումները փոխադրեց ներքին արտահայտման մեջ` մեղքը դիտարկելով մարդու հոգևոր ներաշխարհում: Դրա համար է, որ Քրիստոս բարկությունը կարծես համարժեք համարեց մարդասպանությանը, իսկ կնոջը ցանկությամբ նայելը` շնությանը (Մատթ. 5.21-22, 27-28): Սուրբ Ներսես Շնորհալին «Հավատով խոստովանիմ» խորագրով իր քսանչորս աղոթքներից մեկում խնդրում է, որ Աստված իրեն զորություն տա, որպեսզի աչքերը չնայեն արատավոր բաների, և ականջները չլսեն մեղսալի, անպարկեշտ, չար խոսքեր: Քրիստոնեությունն անգամ լսելու և տեսնելու մեջ է դնում բարոյական սկզբունքներ` ի տարբերություն այլ օրենքների, որոնք ուշադրություն են դարձնում միայն արտաքին արարքներին, արտաքին գործողություններին:

 Այսօր ոչ միայն մարդկանց հետ հաղորդակցության մեջ, այլև հաճախ համացանցից օգտվելիս, հեռուստացույց դիտելիս կանգնում ենք այն անցանկալի իրողության առջև, որը շեշտել էր Ներսես Շնորհալին` անպարկեշտ, մեղսալի բաներ տեսնելու կամ լսելու վտանգը: Պետք է զգոն լինել. առօրյայի, ներկա տեղեկատվության ու զվարճանքների հորձանուտում գայթակղություններ, մեղսալի տեսարաններ են աչքի զարնվում, բայց այլ է դրանց հանկարծակի աչքի ընկնելը, և այլ է, երբ մարդը հավանություն է տալիս այդ պատկերներին ու տեսարաններին` դրանք մեղավոր հաճույքով դիտելով, ընդունելով և դրանով իսկ ընկնելով մեղքի մեջ:

Հատված Ադամ քահանա Մակարյանի «Ոչ միայն հացիվ» գրքից