Ո՞րն է կարևոր՝ հոգևոր հարստությո՞ւնը, թե՞՝ դրամը

Hogevor gandzer - Ո՞րն է կարևոր՝ հոգևոր հարստությո՞ւնը, թե՞՝ դրամը

«Օ, ՈՒՆԵՑՎԱԾՔ ԻՄ, Օ, ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ԻՄ, Օ, ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՄ ՍՐՏԻ, Ո՞ՒՄ ՁԵՌՔԸ ՊԻՏԻ ԸՆԿՆԵՔ, Ո՞ՒՄ ՊԻՏԻ ԹՈՂՆԵՄ ՁԵԶ․․․»։

ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԻ «ԶՂՋՈՒՄԸ» ԿԱՄ ԴՐԱՄԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ

«Մի մեծահարուստ շատ ունեցվածք էր դիզել, բայց ոչ առանց մեղքերի: Երբ վերջին շնչին հասավ, մերձավորները նրան հորդորում էին, որպեսզի մտածի իր հոգու փրկության մասին: Բայց նա նման խոսքեր լսել չէր ախորժում, այլ մանավանդ մահճի մեջ այս ու այն կողմ շրջվելով` ափսոսում էր, ի խորոց սրտի լացում, կոծում և ողորմելի ձայնով ողբում` ասելով.

 – Ավաղ, ինչ մեծ չարչարանքով ջանացի, որ ունեցվածք ձեռք բերեմ, և ահավասիկ ուրիշները պիտի ժառանգեն ու վայելեն իմ գանձերը: Օ, ունեցվածք իմ, օ, հարստություն իմ, օ, մխիթարություն իմ սրտի, ո՞ւմ ձեռքը պիտի ընկնեք, ո՞ւմ պիտի թողնեմ ձեզ:

 Եվ այսպիսի խոսքեր ասելով` վախճանվեց»: Այսպիսիների համար ասում են՝ «Ողորմելի մարդ, ոչ ինքը վայելեց և ոչ էլ ուրիշներին օգտակար եղավ»։

 Չի կարելի ասել, որ դրամը կարևոր չէ, իհարկե կարևոր է այն իմաստով, որ նրանով կարող ենք կյանքը վայելել ինչ որ չափով։ Սակայն Տերը հորդորում է մեր ունեցածից բաժին հանել նրանց, ովքեր այդ հնարավորությունը չեն ունեցել հասնելու այդ վիճակին։

 Աշխատենք նյութական հարստության միջոցով ձեռք բերել ամենակարևորը` հոգևոր հարստությունը, որը մեզ կուղեկցի դեպի Երկնքի Արքայություն տանող ճանապարհը:

Տ. Հովսեփ Ավագ Քահանա