Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքը

 Ամուր ընտանիքի հիմքը նախ և առաջ սերն է, բայց նաև` հավատարմությունը, վճռականությունը ընտանիքը հաստատուն, ամուր պահելու: Ամուսնացածները և ամուսնության նոր պատրաստվողները պետք է իմանան, որ մարդը փոփոխական է, և դա իր արտահայտությունն է գտնելու նաև ընտանեկան կյանքում: Հին հույն փիլիսոփաներից Հերակլիտն ասում է, որ մարդ չի կարող երկու անգամ նույն գետ մտնել: Սա վերաբերում է ոչ միայն աշխարհի, այլև մարդու իրերի փոփոխականությանը: Միևնույն մարդու հետ տևական ժամանակից հետո հաջորդ հանդիպմանը այդ մարդն այլևս նույն անձը չէ, որովհետև նա անընդհատ փոփոխվում է և կամ նույնը չի մնում իր փորձառությամբ, մտքերի ընթացքով, ապրած օրերի թվով և այլն: Այս փոփոխությունը տեսանելի է նաև ընտանեկան միջավայրում, ամուսնինների կյանքում:

 Ամուսնալուծության պատճառներից մեկն էլ նախաամուսնական շրջանի պայմանների պակասը կամ բացակայությունն է: Մինչ ամուսնությունը զույգերը սովոր են միմյանց տեսնել միայն տոնական զգեստներով, ժամադրության գնալիս կամ սիրելիին սպասելիս ապրել հուզումնալից պհեր՝ արկածային, ինտրիգային զգացողություններ ունենալով:  Եվ քանի որ ամուսնությամբ այս ամենը դադարում է, դա կարող է խնդիր առաջ բերել զգացմունքների ընկալումներում:

 Մինչամուսնական և հետամուսնական շրջանը կարելի է համեմատել մրգատու ծառի հետ: Գարնանը այն ծաղկում է: Մենք հիանում ենք նրա ծաղիկներով, բույրով, հմայքով, բայց երբ գալիս է պտղաբերության ժամանակը, ծաղիկներն անհետանում են, և ծառն օգտակար պտուղներ է տալիս: Այսպես էլ մինչ ամուսնությունը. զգացումները կարող են ծաղիկների հիասքանչության հետ համեմատվել, իսկ ամուսնությունը` պտղաբերության, երբ արդեն չկան ծաղիկների հմայքն ու տեսարանը, սակայն մենք գիտակցում ենք, որ դրան հաջորդողն է ավելի հասուն և օգտակար է: Այդպես է նաև ամուսնությունը: Թեկուզ այն նվազեցնում է «հեքիաթային զգացումների» առկայությունը, բայց այն ավելի հասուն իրավիճակն է, որում ևս դժվարությունների հաղթահարումով և ամուսինների միասնականությամբ ընտանեկան ծառը կարող է նոր ծաղիկներով ծաղկել և նոր պտուղներ բերել:

Հատված Ադամ քահանա Մակարյանի «Ոչ միայն հացիվ» գրքից