Որքանո՞վ է պատերազմը, իբրև երևույթ, ընդունելի քրիստոնեության համար

 Պաշտպանության, արդարության նպատակով պատերազմին մասնակցությունը վաղ քրիստոնեական շրջանից թույլատրելի է համարվել: Եկեղեցական կանոններում ամրագրվել է պատերազմում մարդ սպանած քրիստոնյա զինվորի ազատումը մարդասպանության մեղադրանքներից: Նրա համար, սակայն, կարգվել է երեք տարի ապաշխարության շրջան` ինքնամաքրման և Սուրբ Հաղորդությանը մոտենալու համար: Եկեղեցու դիրքորոշումը երևում է նաև զինվորական սրբերի տոնի հաստատումով և դրա հիմնավորումը նորկտակարանյան իրողություններով` Քրիստոս մեծ հավատքի համար գովեց հարյուրապետին (Մատթ. 8.10, Ղուկ. 7.9), Աստծո կողմից տեսիլքի արժանացավ և ապա Սուրբ Հոգին ընդունեց Կոռնելիոս հարյուրապետն իր ընտանիքով (Գործք 10.1-8, 30-33, 44, 47-48):
Կաթոլիկ Եկեղեցում պատերազմը դրական երանգավորում և հատկանիշ ստացավ: Օգոստինոսի և Ամբրոսիոսի կողմից հաստատվեց «արդար պատերազմի» ուսմունքը, մինչդեռ արևելյան հայրաբանական ավանդույթի մեջ պատերազմին հիմնականում դրական որակավորում չի տրվում: Ուղղափառության մեջ միայն 19-20-րդ դարերում ռուս կրոնական փիլիսոփաները պատերազմի արդարացիության վերաբերյալ մտորումներ հրապարակեցին, իսկ արդեն 21-րդ դարում Ռուս Ուղղափառ Եկեղեցին իր Սոցիալական հայեցակարգի հիմունքներում ներառեց «արդար պատերազմ» հասկացությունը` հետևելով Կաթոլիկ Եկեղեցուն և անգամ վկայակոչելով Օգոստինոսին: Արդար պատերազմի գաղափարը հիմնավորվում է Քրիստոսի հետևյալ խոսքի վրա. «Սուր վերցնողները սրով կընկնեն» (Մատթ. 26.52): Ըստ այս գաղափարի` պետք է պատերազմել և կամ պատերազմ հայտարարել արդարության, խաղաղության վերահաստատման համար` խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու բոլոր միջոցներից հետո:
Արդար պատերազմի հասկացությունը, սակայն, բավականին շահարկվել է Կաթոլիկ Եկեղեցու կողմից այլադավանների, ինչպես նաև հրեաների հալածանքների, խաչակրաց արշավանքների կազմակերպմամբ և իրականացմամբ: Փաստորեն Կաթոլիկ Եկեղեցին, պատերազմի վերաբերյալ իր ստեղծած ուսմունքն իր նյութական և ամբողջատիրական շահերին համապատասխան մեկնաբանելով, արյունահեղությունների, պատերազմների պատճառ է դարձել: Նոր ժամանակներում Կաթոլիկ Եկեղեցին, անդրադառնալով իր պատմության ամոթալի էջերին, ներողություն խնդրեց քրիստոնեական տեսակետից անընդունելի գործողությունների համար:
Հովհաննես-Պողոս Երկրորդ Պապը քանիցս հրապարակավ ներողություն է խնդրել Կաթոլիկ Եկեղեցու կողմից իրագործված ինկվիզիցիայի, խաչակրաց արշավանքների, ինչպես նաև ֆաշիզմին հանդուրժողաբար վերաբերվելու և դրա դեմ բոլոր միջոցներով չպայքարելու համար: Պաշտոնական Վատիկանի ներողության հայցումը և անցյալի սխալներն ընդունելու Կաթոլիկ Եկեղեցու դիրքորոշումն առավել հաստատելու համար 2000 թ. մարտի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը պատարագ մատուցեց, որի ընթացքում կաթոլիկ բարձրաստիճան հոգևորականները ներման հայցումով բարձրաձայնեցին կատարված մեղքերը` անհանդուրժողականություն և բռնություն այլախոհների հանդեպ, կրոնական պատերազմների և խաչակրաց արշավանքների կազմակերպում, ինկվիզիցիայի կողմից կիրառված բռնություն ու դաժանություն, քրիստոնյաների միության խախտում, հրեաների դեմ հալածանքներ, մեղքեր ժողովուրդների իրվունքների դեմ` այլ մշակույթների և կրոնների հանդեպ անհարգալից վերաբերմունքով, մարդկային արժանապատվության դեմ, կանանց, առանձին ռասսաների և ազգությունների, անձի իրավունքների, սոցիալական արդարության դեմ: Այս ներողությունների մեջ կարող ենք հասկանալ նաև Հայ Առաքելական Եկեղեցու և հայ ժողովրդի դեմ Կաթոլիկ Եկեղեցու իրականացրած գործողությունները` Հայ Եկեղեցուն իր վարդապետությունները պարտադրելու, Կաթոլիկ Եկեղեցու տիրապետության տարածման համար միարարական շարժումներ ստեղծելու, հայ ժողովրդի ծանր ու օրհասական պահերին օգնության տրամադրման համար կաթոլիկ դավանանքի ընդունման պայմանը դնելու: Այդ ըմբռնումը թերևս առավել ակնհայտ բարձրաձայնեց Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը, երբ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով եղբայրական այցով գտնվում էր Հայաստանում: Սեպտեմբերի 26-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի բաց խորանին մատուցված պատարագի ընթացքում Հովհաննես Պողոս Պապն իր խոսքում ասաց. «Այս խորանից, որը ձեր խորանն է, ես խնդրում եմ Տիրոջը ներելու մեզ մեր անցյալի սխալներն ընդդեմ միության և առաջնորդել մեզ սիրո, որը հաղթահարում է բոլոր արգելքները»: Կաթոլիկ Եկեղեցու անցյալի սխալների համար տարբեր առիթներով ներողություն է հայցել նաև ներկայիս Պապ Ֆրանցիսկոսը: Կաթոլիկ Եկեղեցու կողմից իրապես մեծ քայլ էր հրապարակավ ներողության հայցումն այդ Եկեղեցու ծառայողների կողմից կատարված պատմական սխալների համար:
Կաթոլիկ Եկեղեցու օրինակով տեսնում ենք, թե ինչպես է շահարկվել արդար պատերազմի գաղափարը: Այսօր նույնպես տարբեր երկրներ, ոչ միայն իրենց ներսում, այլև օտար պետություններում ապրող բնակչությանը պատշպանելու, բռնությունից, բռնապետությունից փրկելու նշանաբանով, արդարություն կամ խաղաղություն հաստատելու պատրվակով կարող են շահարկել արդար պատերազմի գաղափարը` աշխարհաքաղաքական շահերից ելնելով: Այդ իսկ պատճառով Եկեղեցին որևէ ռազմական գործողության վերաբերյալ տեսակետ բարձրաձայնելուց առաջ հանգամանորեն պետք է քննարկի առկա խնդիրը:

Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Սուրբ Էջմիածին 2016թ.