Ուզում եմ Աստծուն տեսնել (առակ)

 Պատմում են, թե մի հեռավոր երկրում ապրում էր տարօրինակ ու հաճախ անհեթեթ ցանկություններ ունեցող մի թագավոր: Մի գիշեր նա քնելուց առաջ մենախոսում է.

– Չկա մի բան, որ կյանքումս տեսած չլինեմ: Տեսա ու վայելեցի այն ամենը, ինչ կարող էր աննշմար մնալ հասարակ մարդկանց համար: Միայն մի բան կա, որ չեմ արել. ուզում եմ Աստծուն տեսնել:

 Հաջորդ առավոտ նա հրավիրում է իր բոլոր ենթականերին, կրոնավորներին ու գիտնականներին և նրանց ասում, որ ուզում է Աստծուն տեսնել: Ու երեք օր ժամանակ է տալիս, որպեսզի իր ցանկությունը իրականացնեն, իսկ չկատարելու դեպքում բոլորը դատապարտվելու են մահվան:

 Տարօրինակ ցանկություն. ո՞վ պիտի կարողանար իրականություն դարձնել նման արտառոց ու անիրականանալի ցանկությունը: Երեք օրը անցնում է, և ոչ մեկը չի կարողանում ելքը գտնել: Թագավորը զայրացած պատրաստվում է հրաման արձակել՝ պատժելու մարդկանց, բայց այդ ժամանակ ծառան հայտնում է նրան, թե մի հասարակ հովիվ ասում է, որ կարող է կատարել արքայի ցանկությունը:

 Հովիվը թագավորին հրավիրում է դաշտ: Օրը շատ արևոտ էր: Հովիվը թագավորին խնդրում է վերև՝ երկնքին նայել, սակայն երբ թագավորը փորձում է հայացքը հառել երկնքին, աչքերը ուժեղ արևից ցավում են, ու նա չի կարողանում բացել կոպերը: Զայրացած թագավորը հովվին մեղադրում է, թե իրեն կուրացնել է ուզում:

 –Քա՛վ լիցի,– հանդարտորեն պատասխանում է հովիվը,– բայց իմացեք, որ Աստծու բյուրավոր փառքերից արևը փոքրագույնն է միայն: Դուք, որ անգամ նրան չկարողացաք նայել, ինչպե՞ս պիտի նայեք Աստծուն, որ հազար անգամ ավելի շողշողուն է. այս աչքերը անզոր են՝ Նրան տեսնելու, պետք է ունենալ ուրիշ աչքեր: