Lrutyun arak - Ունկդրիր լռությունը (առակ)

Ունկդրիր լռությունը (առակ)

 Մի անգամ գյուղացին հանկարծ նկատեց, որ իր ժամացույցը կորցրել է խոտով լի ցախատանը: Երկար և ապարդյուն փնտրելուց հոգնեց և որոշեց փողոցում խաղացող երեխաների օգնությանը դիմել՝ պարգև խոստանալով գտնողին: Երեխաները ոգևորությամբ ցախատուն վազեցին, ամեն ինչ տակնուվրա արեցին, սակայն այդպես էլ չգտան: Նրանց հեռանալուց հետո մի փոքրիկ տղա մոտեցավ մարդուն և խնդրեց իրեն մի հնարավորություն էլ տալ: Քանի որ այլևս կորցնելու բան չկար՝ գյուղացին համաձայնեց:

 Ի զարմանս նրա՝ տղան շուտով դուրս եկավ ցախատնից և բերեց ժամացույցը: Գյուղացին շատ ուրախացավ և զարմացած հարցրեց, թե նրան ինչպե՞ս հաջողվեց գտնել այն, երբ այդքան երեխաները չկարողացան: Տղան պատասխանեց.

 -Ես ոչինչ չարեցի: Ուղղակի նստեցի և սկսեցի լսել: Լռության մեջ լսեցի ժամացույցի տկտկոցն ու գնացի ձայնի ուղղությամբ:

 Ուղեղը խաղաղ վիճակում ավելի լավ է մտածում, քան երբ որ ծանրաբեռնված է մտքերով: Ամեն օր ձեր ուղեղին հնարավորություն տվեք մի քանի րոպե լինել լռության մեջ և կտեսնեք, թե ինչպես այն կդարձնի ձեր կյանքն ավելի արդյունավետ:

Ռուսերենից թարգմանեց՝ Աննա Սահակյանը