Ուղերձ Հայաստանի գրողների միության 85-ամյակի առիթով

6 1 1 880x660 - Ուղերձ Հայաստանի գրողների միության 85-ամյակի առիթով

 Դեկտեմբերի 5-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության 85-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն:

 Այս կապակցությամբ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին և միության անդամներին շնորհավորական ուղերձ էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 Նորին Սրբության շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայաստանի գրողների միության 85-ամյակին նվիրված տոնական հանդիսության մասնակիցներիդ:

 Հսկայական է գրականության դերը հասարակական և ազգային մեր կյանքում։ Իբրև խոսքի մշակույթ՝ այն մտածողություն է կերտում, ձևավորում հայացք կյանքի և աշխարհի նկատմամբ։ Մեր գրականությունը դարեր շարունակ արտացոլել է հայ ժողովրդի կյանքն ու ձգտումները, հաղթանակներն ու տառապանքները, հաճախ նաև՝ որոնումներն ու վայրիվերումները։ Այն կրթել է մեր ժողովրդի հոգին ու միտքը, եղել նրա ինքնության նախանձախնդիր պահապանը, ներգործուն ուժականությամբ միավորել աշխարհասփյուռ մեր ժողովրդին ազատ ու անկախ հայրենիքի, հայոց բարօր կյանքի տեսլականի շուրջ: Գրականությունը յուրօրինակ դարբնոց է. գրողն իր անդուլ աշխատանքով արծարծում է ներկայի իրողությունները, կռում ազգի ամուր և անխզելի կապը անցյալի և ապագայի հետ, անջնջելիորեն դրվագում նրա արժեքները, նշմարում և հավերժացնում հերոսականն ու անանցը: Արդարև, մարդկային կյանքը միշտ կարիքն ունի անհրաժեշտ խոսքի` բարի խորհրդի, ազնիվ զգացումի, արդար գնահատման, քաջալերության, կարիքն ունի հույսի, հավատի, առ Աստված ապավինության, որպեսզի ընթանա դեպի ապահով, խաղաղ, երջանիկ ապագա:

 Մեր ժամանակներում, երբ աշխարհում տարատեսակ համահարթեցման գործընթացների հետևանքով խեղաթյուրվում են արժեքները, նահանջ ապրում հոգևորն ու ազգայինը, առավել կարևորվում է նաև գրականության դերն ու առաքելությունը՝ որպես մարդկային բարձր արժեքներ կրթելու, աշխարհայացք և ինքնություն ձևավորելու միջոց: Հայ գրականությունը կոչված է նաև ազգային միասնության ամրապնդմանը: Այս առումով չափազանց մեծ նշանակություն ունի սփյուռքի և սփյուռքահայ գրողների հետ համագործակցությունը, սփյուռքահայությանը հուզող խնդիրների արտացոլումը արդի գրականության մեջ:

Անգնահատելի է Գրողների միության դերը՝ համախմբելու գրական մշակներին, անդրադառնալու ազգային գրականության զարգացման հեռանկարներին, ճշմարիտ գնահատականը տալու ժամանակի բերած հարցերին, խրախուսելու գրական ասպարեզում առաջին քայլերը կատարողներին: Այսօր, սիրելինե՛ր, ձերն է պատասխանատվությունը` միության տասնամյակների ավանդներին հավատարիմ` մեր գրականությունն ու մշակույթը հարազատ պահելու իր ճշմարիտ նպատակին, հարստացնելու արժեքավոր գրական գործերով, որպեսզի դրանք շարունակեն ուղենիշ լինել մեր հայրենիքի և ազգային կյանքի զորացման մարտահրավերներում:

 Այս ուրախալի առիթով Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում Գրողների միության նախագահին, վարչությանը, միության անդամներին ՝ իրենց ներդրած ջանքերի, հայ գրականության մեջ բարի ավանդի համար: Աղոթքով ենք հիշում միության հանգուցյալ մեծանուն անդամներին և մեր ժողովրդին մատուցած նրանց նվիրյալ ծառայությունը: Գրական ասպարեզի բոլոր նվիրյալներիդ մաղթում ենք ստեղծագործական նոր ներշնչանքներ և ձեռքբերումներ՝ ի շահ մեր մշակույթի և ազգային կյանքի զորացման ու հարստացման:

 Հայցում ենք Երկնավորից, որ Աստծո ամենախնամ Սուրբ Աջի պահպանության և օրհնության ներքո ծաղկեն ու բարգավաճեն հայրենի մեր երկիրն ու բարեսեր ժողովուրդը:

 Շնորհ, սէր և ողորմութիւն Աստուծոյ եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան, այսօր և միշտ. ամէն»: