Վեհափառի խոսքը ուղղված է դատական մարմիններին, կառավարությունն ի՞նչ գործ ունի այստեղ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

 Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը AD TV-ին:

-Ամենայն Հայոց Կաթողիկոսը մի հայտարարություն արեց` անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի խափանման միջոցին, կարծիք հայտնեց, որ այդ խափանման միջոցը հարկ է, որ փոխվի և ամբողջ հանրային դաշտը սկսեց քննարկել, եղան և կոշտ քննադատություններ և կոշտ հակադարձություններ հոգևորականների կողմից։ Դուք ի՞նչ խորհրդածություններ, ի՞նչ մտորումներ ունեք` հետևելով այս խոսքային պատերազմին։

 -Մի քիչ ձեր ներկայացրածը թերի էր այն իմաստով, որ միայն բացասական վերաբերմունք ունեցավ Վեհափառի կարծիքը, այդպես չէ։ Վեհափառի հայտարարությունը շատ-շատերը դրական ընկալեցին։ Այնպես չէ որ միայն բացասական երանգ է ստացել։ Խնդիրը այդ չէ և կարծում եմ այդ չէր էլ լինի։ Բնական է, Վեհափառն էլ չէր սպասում և որևիցե մեկն էլ չէր ակնկալում, որ Վեհափառի ասածը 100%-անոց ճշմարտություն պետք է լինի որևիցե մեկի համար։ Այս հասարակությունը իրավունք ունի, իրավասու է չհամաձայնվելու այդ կարծիքի հետ, ներառյալ պետության և իշխանության ներկայացուցիչներ։ Բայց, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ իրենց հանգամանքին անհարիր և իրենց ենթադրած գիտելիքին անհարիր արտահայտություններ պիտի ունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին, սա սպասելի չէր։

 -Խոսքը ԱԺ փոխնախագահի՞ մասին է։

 -Խոսքը ԱԺ փոխնախագահի մասին է, հարցն ինչ-որ տեղ նաև կառավարության մամլո երիտասարդ օրիորդ խոսնակի մասին է, ովքեր մոռացան պահի տակ, թե ո՞ւմ մասին են խոսում։ Մոռացան, որ իրենց առջև Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, որի առջև իրենք մեղմ ասած շատ փոքր կալիբրի անձնավորություններ են։ Ոչ միայն փոքր կալիբրի անձնավորություններ են, այլև իրենց հանգամանքը պետք է պարտադրեր, այո չհամաձայնվել և այդ չհամաձայնությունն արտահայտել պարկեշտության և պատշաճության սահմաններում։ Եվ, եթե պարկեշտության և պատշաճության սահմաններում արտահայտվեին, ոչ հոգևորականներից, ոչ էլ մյուս ընդվզողներից որևիցե մեկը իրենց որևիցե բան չէր ասելու։ Հետևաբար, ԱԺ փոխնախագահը, նախագահի բարձր պաշտոն զբաղեցնող անձը չի կարող իրեն պահել, ինչպես երեկ ասել էի, փողոցում պպզող թմրամոլի պես։ Նույնը հանրային խորհրդի նախագահը չի կարող իրեն պահել փողոցային խուլիգանի պես։ Կամ երիտասարդ աղջնակը չի կարող չանդրադառնալ, որ ինքը խոսում է Ամենայն Հայոց Կաթողինոսի մասին։ Եվ այդպես անտարբեր, անփույթ կերպով մենք չենք մեկնաբանում Վեհափառի Հույսերը։ Ի՞նչ է նշանակում, ինչպես կարող է պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը կամ հասարակությունում դիրք ունեցող անձն այսպես արտահայտվել։ Հիմա հասկանում եք, մենք մեր սքեմը, երբ որ հագնում ենք, հագնելուց հետո էնքան բան մեզ թույլ չենք տալիս, որ կարող էինք ասել, որովհետև մեր հանգամանքը մեզ պարտավորեցնում է։ Նույնն է, էն ժամանակ ակվարիումում երևացող ինչ-որ Ալեն Սիմոնյան պետք է տարբերվի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից։ Կամ ընդդիմադիր Ստյոպա Սաֆարյանը պետք է տարբերվի Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից։ Կամ փողոցում զբոսնող աղջնակը պետք է տարբերվի կառավարության մամլո խոսնակից։ Դրանք տարբեր հարթություններ են, էդ մարդիկ չեն հասկանում, թե հիմա իրենք ինչ հանգամանք են զբաղեցնում։ Այստեղ է, որ գալիս է հոգևորականության և եկեղեցու սատարող բազմահազարանոց մարդկանց ընդվզումը։ Ոչ թե նրանից, որ Վեհափառը ինչ-որ սխալ բան է արել, պետության, կառավարության, մարդիկ էլ այդ սխալը բացահայտել են։ Վեհափառը ոչ մի սխալ բան չի արել, խոսել է իր հանգամանքից, խոսել է այս իրավիճակի` կորոնավիրուսի համաճարակի և համավարակի պայմաններում, խոսել է բոլոր կալանավորների նկատմամբ մարդկային և հումանիստական մոտեցումներից, ի մասնավորի խոսել է նաև Արցախի 1-ին նախագահ և ՀՀ 2-րդ նախագահի մասին և այն էլ կալանքի միջոցը փոխելու մասին միայն` շեշտելով, որ արդարադատության ընթացքը պետք է շարունակվի։ Ուրեմն, իրենց արձագանքը բացարձակ անհամարժեք էր Վեհափառ Հայրապետի հավասարակշռված, կշռադատված, Վեհափառին, եկեղեցականին վայել հայտարարությանը։

 —Ձեր նշած անձանց շրջանակից դուրս մարդիկ Կաթողիկոսի հայտարարության մեջ խտրական վերաբերմունք են տեսնում։ Ասում են` մարդիկ հավասար են, կրոնական տեսանկյունից էլ բոլորը հավասար են։ Հոգևոր առաջնորդը պետք է բոլորին հավասար վերաբերի, բոլո՞ր կալանավորներին։

 -Լա՞վ չեք կարդացել կոչը։ Կոչը լավ չեք կարդացել։ Կոչը սկսվում է համավարակի շրջաններում կիրառել այն վերաբերմունքը կալանավորների նկատմամբ, որ արդեն կիրառվել է մյուս երկրներում։ Այն կալանավորների նկատմամբ, որոնք ռիսկային խմբում են, ի մասնավորի Ռոբերտ Քոչարյանի։ Ուրեմն, ուշադիր չեք կարդում։

 -Որքան էլ փորձ է արվում հարցը ներկայացնել մարդասիրական տեսանկյունից, հայտարարությունը քաղաքական է և փորձ է արվում միջամտել պետության գործերին։

 -Բացարձակապես, Վեհափառի խոսքը ուղղված է դատական մարմիններին, կառավարությունն ի՞նչ գործ ունի այստեղ, ԱԺ-ն ի՞նչ գործ ունի այստեղ, Հանրային խորհուրդն ի՞նչ գործ ունի այստեղ։ Այսինքն մարդիկ իրենց այս արտահայտություններով ճնշում չե՞ն բանեցնում, բանեցնում է Կաթողիկո՞սը։ Կառավարության ի՞նչ խնդիրն է խափանման միջոց փոխելը։ Այսինքն, կառավարությունը իրավասությունը վերցնում է իր վրա, որ կարող է խափանման միջոց փոխել և միջամտում է։ Փաստորեն միջամտում է, ԱԺ-ն է միջամտում, Հանրային խորհուրդն էլ է միջամտում, որի իրավունքը չունի, իսկ Հայրապետի առջև որևէ սահմանափակում որևիցե մեկը դնել չի կարող։ Դուք խոսում եք Հայոց Հայրապետի մասին, կարող եք անձը հարգել, չհարգել, հավանել, չհավանել, բայց նա գործել է իր լիազորությունների սահմաններում։ Եվ իր արտահայտությունը ուղղված է հստակ մարմինների, որոնք կարող են խափանման միջոցը փոխել։ Կառավարությունը այդ մարմի՞նն է, ԱԺ-ն այդ մարմի՞նն է, Հանրային խորհուրդը այդ մարմի՞նն է։ Ի՞նչ եք հուզվել։ Ի՞նչն է իրենց հուզումի պատճառը։ Հարցրեք իրենց։

 -Կհարցնեմ։ Նաև էսպիսի տեսակետ կա, թե հասարակությունը իրավունք ունի հարցնել, թե որտեղ էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2008 թվականին և դրանից հետո, երբ կալանավորում, երկար տարիներ ապօրին դատապարտում էին քաղաքական գործիչների, այն ժամանակ ինչո՞ւ իրավասությունների սահմանում նման կոչ չէր անում։

 -Այդ հարցին երկու հարթություններով պատասխանեմ։ Նախ որևէ փաստ չեք կարող ասել, որ Վեհափառը չի միջնորդել անձնական և անհատական գետնի վրա։ Չեք կարող ասել։ Այն, որ ինչ-որ մեկը չի լսել, դա չի նշանակում, որ Վեհափառը չի աշխատել այդ ուղղությամբ։ Վեհափառ Հայրապետի գործունեությունը շատ հաճախ տեսանելի չէ, երևացող չէ։ Վեհափառ Հայրապետի ամեն քայլը և ամեն մի խոսքը հրապարակելի չէ։ Եվ ամեն մի հանդիպումը հրապարակելի չէ։ Որևէ մեկի մտքով պետք է չանցնի, որ Վեհափառ Հայրապետը կարող է անտեսել երկրում ստեղծված կացությունը կամ այն մարդկանց, որոնք կարիքի կամ նեղության մեջ էին, առավել ևս կալանավայրերում։ Վեհափառ Հայրապետը կալանավայրերի հատուկ հոգևոր վարչություն է ստեղծել, որտեղ հոգևորականները զբաղվում են, հանդիպում են կալանավորների հետ։ Բայց հաշվի առեք, որ շատ հաճախ կալանավորները ցանկություն չունեն, որ իրենց այցելի որևէ քահանա, որ եկեղեցին զբաղվի իրենցով, դա էլ իրենց իրավունքն է և իրենց ազատությունը։ Սա այն մասին, որ բացարձակապես պետք չուներ Վեհափառի 2008թ. կամ դրանից առաջ կամ դրանից հետո հրապարակելու իր բոլոր փորձերը, որոնք արել է այս կամ այն մարդու խափանման միջոցը փոխելու կամ կալանքի ժամկետը կրճատելու կամ ներման արժանացնելու կամ բաց թողնելու։ Բացարձակապես, Վեհափառ Հայրապետը դրա կարիքը չունի։ Իսկ եթե դուք ինքներդ ասում եք, որ այն ժամանակ եղել է հանցագործ ռեժիմ, բա հանցագործ ռեժիմի պայմաններում ի՞նչ էիք ուզում, որ աներ եկեղեցին։ Այսինքն նույն 36 տարվա ընթացքում, եթե հանցագործ ռեժիմ է եղել, մի հատ էլ մեղադրեք, որ կոմունիստական շրջանում չի խոսել եկեղեցին։ Ուրեմն, հանցագործ ռեժիմ չի եղել, եթե եկեղեցին ազատորեն կարող էր արտահայտվել, խոսել, ուրեմն հանցագործ ռեժիմ չի եղել, ուրեմն սուտ է, որ հանցագործ ռեժիմ է եղել։ Ուրեմն, եթե հանցագործ ռեժիմ է եղել շատ պարզ և հասկանալի է, թե ինչո՞ւ եկեղեցու շատ գործունեություն չի երևացել, տեղյակ չեն եղել կամ չակերտավոր ասած եկեղեցին լուռ է եղել։ Եկեղեցին լուռ չի եղել, որոշ հոգևորականների ելույթներ կարող եք բացել և տեսնել, թե ինչպե՞ս է քննադատավել Քոչարյանի իշխանությունը, Քոչարյանից առաջ իշխանությունը, ինչպե՞ս է քննադատվել Քոչարյանից հետո իշխանությունը։ Ես ինքս բազմաթիվ անգամներ գնացել եմ բանտեր` այցելելու այսպես ասած քաղաքական կալանավորների, ես կարող եմ համարել, որ քաղաքական կալանավոր են, բայց ամեն մեկը պարտավոր չէ համարելու, որ քաղաքական կալանավոր է։ Եվ հաճախ այդ հանցավոր ռեժիմը թույլ չի տվել, որպեսզի ես հանդիպեմ։ Ես անպայման պետք է բարձրաձայնեի՞։ Բայց եղել է , որ բարձրաձայնել եմ։ 2001, 02, 03 թթ. ։ Այս մասին ես ելույթներ եմ ունեցել և մամուլում գրվել է, որ խոչընդոտներ են հարուցվում կալանավորների և մեր հովվական պարտքը կատարելու հետ։ Եթե ես արել եմ, մի քանի անգամ ավել պիտի արած լինի Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հիմա ես ձեզ մի անուն տամ, եթե հիշում եք։ Էռնեստ Վարդանյան անունը ձեզ մի բան ասո՞ւմ է։ Ասո՞ւմ է։

 Չի ասում։ Մոռացել եք։ Ժամանակին մի երիտասարդ բանտարկվեց Մեծ Դնեստրյան Հանրապետությունում` լրտեսության մեղադրանքով։ Գյումրեցի տղա էր, ժուռնալիստ, որ մտել էր Մեծ Դնեստրյան Հանրապետություն և բանտում հայտնվեց իբրև լրտես` երկար ժամկետով, մոտ 15 տարի։ Նախագահը խստորեն ասել էր, որ բանտից դուրս չգա և բանտում փտի։ Կարծեմ մեկ տարի չանցած էդ տղան բանտից դուրս եկավ, ո՞ւմ միջնորդությամբ դուրս եկավ տեղյակ եք։ Մինչև Մեծ Դնեստրյան Հանրապետություն Վեհափառը միջնորդել էր, չէր էլ տեսել, չէր էլ ճանաչում, պարզապես յանով ավարտվող ազգանուն էր։ Դրանից հետո Էռնեստ Վարդանյանը ոչ էլ շնորհակալություն հայտնեց Վեհափառին այս կամ այն կերպ։ Բայց Վեհափառը մի քանի ինստանցիա դիմելով միջնորդեց, որ կորած-մոլորած Մեծ Դնեստրյան Հանրապետությունում եղող հայորդին, որ հայտնվել էր բանտում` ծանր մեղադրանքով, ազատ արձակվի և ազատ արձակվեց։ Էս մասին չգիտեք, արածների մասին չգիտեք, լռելու մասին չգիտեք։

 -Ես հիշում եմ, երբ ազատամարտիկները նստացույց էին անում, Դուք գնացիք, նստեցիք և ասացիք, որ դուրս չեք գա մինչև հարցը չլուծվի։

 — Ես արել եմ և բնական է, Վեհափառի օրհնությամբ եմ արել։ Եթե ես արել եմ, ուրեմն Վեհափառն է արել։ Մենք մեկ միասնական օրգանիզմ ենք։ Ինչպես Ավետարանն է ասում, երբ մի անդամը ցավում է, ամբողջ օրգանիզմն է ցավում։ Չի կարելի մտածել երբևիցե. սա հանցագործություն է սեփական անձի և սեփական ազգի նկատմամբ, մտածելով, որ ես այնքան վատն եմ անձնապես, այնքան վատն եմ իբրև հասարակություն, որ իմ Վեհափառ Հայրապետը ինձանով չի զբաղվում և իր ժողավրդի զավակներով չի զբաղվում, այլ զբաղվում է չգիտես ինչով։ Այս մտածելով ո՞ւմ եք վնասում, Վեհափառի՞ն, որ ամեն օր զբաղվում է ազգի գործերով, թե՞ ինքներս մեզ։ Ուրեմն այդպիսի բան չկա, անշուշտ բոլոր վեհափառները իրար նման չեն, ամեն Վեհափառ իր անհատականությունն ունի, իր մոտեցումներն ունի, իր համն ու հոտն ունի։ Բոլորն իրար նման չեն, հիմա Վազգեն Վեհափառը մեկ այլ անհատականություն էր, Գարեգին Ա-ն մեկ այլ անհատականություն էր, Գարեգին 2- րդը մեկ այլ անհատականություն է։ Ես խոսում եմ այն վեհափառների մասին, որոնց ճանաչելու բախտը ունեցել եմ։ Բայց մեկը մյուսին նման չէ, մեկը մյուսին նման չլինելով ո՞նց ես ասում, որ մեկը ավելի շատ էր մտահոգված հայ ժողովրդով, հայ պետականությամբ և մյուսն ավելի քիչ։ Չի կարելի էսպես մտածել, հանցագործություն է սեփական ազգի նկատմամբ այսպես մտածելը։ Վերջիվերջո ազգընտիր Հայրապետի մասին եք խոսում, որին ամբողջ ազգն է ընտրել և ընտրել է ցկյանս։ Ընտրել ենք 1999թ. եղած լավագույնին և ընտրել է ազգը։ Հիմա ուզում եք ասել, որ լավագույնը լավագույնը չէ՞ր, դրանով ի՞նչ եք ուզում ասել։ Որ մենք ի վիճակի չե՞նք լավագույնը ընտրելու։ Այսինքն մենք դատապարտված ենք իբրև ազգ, դատապարտության տակ ենք, ի վիճակի չենք նախագահ ընտրել։ Երեք նախագահ ենք ընտրել, երեքն էլ հանցագործ, կաթողիկոսներն էլ Կաթողիկոս չեն. սա ինքնասպանության ճանապարհ է։ Չի կարելի այսպես մոտենալ հարցերին, ազգային մտածելակերպն այլ բան է պահանջում մեզանից։ Այսօրվա ժողովրդավարության պայմաններում եկեղեցին շատ ժողովրադավար ձևով է մոտենում հարցին և որևիցե մեկը չի ասել, որ եթե Վեհափառը մի բան է ասել, բոլորը պետք է համաձայնվեն։ Բայց անհամաձայնությունը արտահայտեք համաչափ, համարժեք հարգելով այն հանգամանքը, որ տիտղոս ունեցող մարդը զբաղեցնում է։ Ուրիշ անգամներ էլ եմ ասել, որ շատ անգամ ես ինքս էլ անհամաձայն կարող եմ լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, բայց անհնազանդ երբեք։ Առավել ևս անպարկեշտ արտահայտություն թույլ տալ իր հասցեին։ Բա սրա մե՞ջ է եկեղեցվո ուժը 1700 տարի, է սովորեք մի քիչ, պետք է սովորել` ինչպես է ապրել 1700 տարի եկեղեցին` իր բուրգով, իր նվիրապետական կառույցով, հնազանդությամբ, նվիրված, շատ հաճախ անհամաձայնություն արտահայտող, բայց ի վերջո մեկ և միասնական կառույցի մասին մտածող և այդ մեկ և միասնական կառույցով այս ժողովրդին դեպի փրկություն և նաև այսօրվա ՀՀ-ը առաջնորդող։ Հիմա ինչպե՞ս կարող ես ասել, որ մեր նավապետը այսքան տարի լավ չի նավարկել, լավ չի նավարկել` օգնեք ճիշտ նավարկի, բայց մի անպարկեշտ արտահայտություններ թույլ տվեք։ Անպարկեշտ արտահայտություններ անգամ 50-60-ական թթ. Կոմունիստներն իրենց թույլ չեն տվել։ Ընդ որում ռուս կոմունիստները, օտար կոմունիստները Հայ Եկեղեցվո Հովվապետի հասցեին թույլ չեն տվել։ 20-30-ական թթ. հայ կոմունիստները թույլ են տվել կաթողիկոսների հասցեին, հիմա 100 տարի հետո ի՞նչ է, դեժավյո՞ւ է,այսպե՞ս եք ուզում երկիր, ՀՀ կառուցել։ Եվ ուզում են, որ սփյուռքն էլ օժանդակի այս ՀՀ-ը, որ Վեհափառ Հայրապետի հետ տարրական կուլտուրա չունի շփվելու։ Այսպիսի՞ ՀՀ եք ուզում դուք։ Կամ Հայկական ժամանակի այդ շանտաժը ինչ է նշանակում` թիկունքից խփողը չի ներվելու, ո՞վ է թիկունքից խփել, ո՞վ կարող է ենթադրել, որ հայ եկեղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր աստիճան զբաղեցնող անձը կարող է թիկունքից խփել հայոց պետականությանը։ Ո՞ւմ մտքով կարող է անցնել այսպիսի սրբապղծություն։ Միայն սրբապիղծ մարդու մտքով կարող է անցնել։ Նորմալ մարդու մտքով ո՞նց կարող է նման բան անցնել։ Հետո, քննարկեք այս հարցի բարոյական մասը։ Վեհափառը գահ է բարձրացել այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը արդեն նախագահ էր, մեկ ու կես տարվա նախագահ էր։ Հայրապետը բարձրացել է գահ, Քոչարյանը եղել է նախագահ։ 9 տարի Վեհափառը գործակցել է նախագահի հետ և ոչ ոք չի ասել, որ հանցավոր մարդ է։ 9 տարի համագործակցել և աշխատել է այդ մարդու հետ։ Հիմա պիտի ուրանա՞, ասի չեմ ճանաչել։ Անգամ դատարանի որոշում չկա, որ էդ մարդը հանցագործ է։ Վեհափառը պետք է ձեռքերը լվա՞, ասի ոչ էլ ճանաչել եմ։ 9 տարի էդ մարդու հետ աշխատել է, ուրանա՞ դա։ Կամ 10 տարի դրանից հետո աշխատել է Սերժ Սարգսյանի հետ, ուրանա՞ դա։ Այսինքն, եթե ուրանա, դրանով ավելի բարոյակա՞ն է դառնում։ Այսինքն, դուք ուրացության եք մղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր հոտի որևիցե անդամի նկատմամբ, որպեսզի իր հոտի որևէ անդամի ուրանա՞։ Ինչպես կարող է Հայոց Հայրապետն իր հոտի որևիցե անդամի ուրանալ, առավել ևս ուրանալ այն մարդուն, ով առաջին դեպքն է եղել ՀՀ մեջ և իր հետ աշխատել է։ Ես բազմաթիվ անգամներ էլ ասել եմ, հայ եկեղեցականների մեջ Պավլիկ Մորոզով չփնտրեք։ Մենք չենք ուրանում մեր կյանքում հանդիպած որևիցե հայորդու։ Նաև մեզ հայհոյողներին չենք ուրանում, հասկանո՞ւմ եք, էլ ուր մնաց նրան, ում հետ աշխատել ենք, ինչո՞ւ պիտի ուրանանք։ Հետևաբար 9 տարի Ամենայն Հայոց Կաթողիկոսը ամենաբարձր մակարդակի վրա շփվել է, բնականաբար մտերմություն պիտի ձևավորված լիներ նաև, այսօր պիտի ասի չե՞մ ճանաչել։ Հրաժարվում եմ իրենից, ինչ ուզում եք արե՞ք։ Սա կլինի ավելի բարոյակա՞ն։ Մարդասպաններից իրենց մտերիմները չեն հրաժարվում, ինչպե՞ս կարող է Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր որևիցե մի զավակից հրաժարվել, ասել ինչ ուզում եք արեք։ Չեմ հետաքրքրվում։

 -Սրբազան, նախօրեին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն արեց, որ մեղադրանք է առաջադրվել ՀԱԵ թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին։ Անուն չի նշվում, բայց ենթադրում եմ՝ Դուք գիտեք, թե ում մասին է խոսքը։

 -Դու երևի գիտես, ում մասին է խոսքը։ Ուրեմն բարձրաստիճան մեկը առաջնորդական փոխանորդ է Հայաստանում, դա Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդն է, ուրիշ Առաջնորդական փոխանորդ դու գիտե՞ս բարձրաստիճան։

 -Դե, ըստ էության բոլորն էլ գիտեն՝ ում մասին է խոսքը, թեև անուն չի նշվում։  Հիմա Դուք ի՞նչ գիտեք այդ ամբողջ պատմության մասին, այս քրեական գործի մասին։ Եվ արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարությունը ինչ-որ առնչություն ունի այս զարգացումների հետ։

 -Ոչ մեկ առնչություն չունի, Աստված չանի, որ ունենա։ Այսինքն, Վեհափառ Հայրապետի հայտարարությունը չի հաջորդել իբրև հետևանք դրան։ Սա 150%-ով եմ ասում, բայց թե կառավարության կողմից կամ ԱԱԾ-ի կողմից այս փաստի հրապարակայնացումը կապված է Վեհափառի հայտարարության հետ, թե ոչ, դա իրենք կասեն։ Չէի ուզենա կապել։ Աստված մի արասցե, որ կապված լինի, սա նշանակում է, որ կատարվում են քայլեր, որ ուզում են հունից հանել եկեղեցականությանը։ Ես չէի ասի եկեղեցին, որովհետև եկեղեցին հունից դուրս էկողը չի, բայց եկեղեցականությունը ձեզ նման միս ու ոսկորից կազմված մարդիկ են և առավել ևս տղամարդ մարդիկ են, շատ հաճախ շատ-շատերի տղամարդկությունից չզիջող մարդիկ են, այնպես որ կարող են և Աստված մի արասցե հունից դուրս գալ։ Ուրեմն, կապ չէի ուզենա տեսնել։ Ինչ վերաբերում է այն գործին, ինչի շրջանակներում եղել է այս հայտարարությունը, բացարձակապես ոչինչ չգիտեմ, ճիշտն ասած իմանալու և հետաքրքրվելու ցանկություն էլ չունեմ։ Ես ուրիշ անգամներ էլ ասել եմ, որ ցանկացած հոգևորական անձեռնմխելի անձ չէ, բացի Ամենայն Հայոց Կաթողիկոսից, կարող է ինչ-որ մի հանցանք գործել, որի համար հավասար պատիժ պետք է ստանա։ Այստեղ որևիցե խնդիր չկա, եթե ես էլ հանցանք կատարած լինեմ, օրենքի առաջ պետք է պատասխան տամ։ Դա բնական է և էստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Գոյություն ունի անմեղության կանխավարկած, չշտապենք, ես շատ կցանկանամ և շատ ուրախ կլինեմ և հույս ունեմ, որ իմ Սրբազան եղբայրը որևիցե մեղք չունի այս իրադարձությունների հետ և ինքը անմեղ դուրս կգա։ Եթե Աստված մի արասցե նույնիսկ, եթե ինչ-որ մեղք ունենա, պատիժ սահմանվի, դարձյալ կմնա մեր հոգևոր եղբայրը, իրեն էլ չենք ուրանա մենք։ Իրենից էլ մենք չենք հրաժարվի, այդ հույսերը որևիցե մեկը թող չունենա։ Հասկանում եք, ինչպես 37 թվականին, երբ բոլոր հոգևորականներին բանտարկել են, Գևորգ Չորեքչյանը, որ միակ փրկվողը եղավ էդ ամբողջ մսաղացից, իր հոգևոր եղբայրներից որևիցե մեկից չհրաժարվեց, որևիցե մեկին չուրացավ։ Ուրեմն, հոգևորականության մեջ ուրացողներ չկան, կարող են լինել, Հուդան էլ եղավ, 12-ից մեկը, բայց կարգն է, որ հիմնականում ուրացողներ չեն լինի։ Եթե նույնիսկ մարդը սխալվել է, մի բան արել է, էլի մնում է մեր եղբայրը։ Բայց շատ մեծ հույս ունեմ, շատ մեծ հավատ և շատ մեծ ակնկալիք, որ մեր սիրելի եղբայրը անմեղ կլինի այն ամեն ինչի մեջ, ինչի մեջ որ մեղադրվում է։

-Շնորհակալ եմ զրույցի համար։

 — Ես էլ եմ շնորհակալ Ձեր հետաքրքրության համար եկեղեցուն հուզող հարցերով կամ եկեղեցվո հետ կապված խնդիրներով։ Աստված պահապան, Աստված պահապան մեր հայրենիքին, մեր պետականության և Աստված խելք, շնորհք էլ տա իշխանութան որոշ ներկայացուցիչների։