Վեհափառի ծննդյան օրն է. Բանաձևելով սերը

1. Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:

2. Նայենք խաչքար դարձած մեր ժայռերին, երկնահայաց գմբեթներին հայոց եկեղեցիների, և նրանք պիտի խոսեն մեզ մեր հայրերի շուրթերով, պիտի խոսեն ու պատգամեն միասնական լինել Հայրենիքի ազատության սիրո և Սուրբ Խաչի ամենազոր թևերի ներքո, և մեր միաբանությունը պիտի լինի մեր զորությունը:

3. Որպես քրիստոնյաներ, մենք բացառիկ դեր ունենք ընտանեկան կյանքի զորացման մեջ, քանզի դա մեզ դնում է Աստծո հետ երկխոսության խորը հարաբերության մեջ: Ի՞նչ է Սուրբ Ընտանիքը այն մարդու համար, ով երբեք ականատես չի եղել ավանդական ընտանիքին: Ինչպե՞ս մենք կհասկանանք Մանուկ-Հիսուսի հրաշքը, եթե երեխայի ծնունդը ավելի բեռ է համարվում, քան` օրհնության հույս: Ո՞րն է «Հայր մեր» աղոթքի իմաստը հասարակության մեջ, որտեղ հայրությունը արժեզրկվում է:

4. Քսանմեկերորդ դարը գիտատեխնիկական առաջընթացի ու նվաճումների հետ բերել է նաև բարոյական արժեքների անկում, մարդու իրավունքների ճիշտ ընկալման աղճատում, ազգային ինքնության և ընտանեկան արժեքների խաթարում, որոնցից, ցավոք, զերծ չմնաց նաև ազգային մեր կյանքը, ինչպես Հայրենիքում, այնպես և` Սփյուռքում: Դարի հոգեզուրկ ընթացքներին, աշխարհայնացման, համահարթեցման վտանգներին պիտի կարողանանք դիմագրավել մեր ժողովրդի և հատկապես` երիտասարդության հոգում քաջարթուն պահելով սերը, վստահությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին, նախանձախնդրությունը հանդեպ մեր հայրերի սուրբ հավատքը և ազգային ավանդները:

5. Երբ ճշմարտությունը մարդկանց մեջ չէ, արժեզուրկ են նվիրում, արդարություն, եղբայրսիրություն, բայց ճշմարտությամբ առնում են զորություն և գործի վերածվելու ուժականություն:

6. Քարոզում ենք, որ Աստված սեր է: Սիրո կարիքը չե՞նք զգում, կարո՞ղ ենք առանց սիրո ապրել, ստեղծագործել: Աստված, Ում միշտ աղոթում ենք, սուրբ է, ճշմարիտ ու բարերար: Քննենք մեր սրտերը, սրբության կարիքը չե՞նք զգում, քննենք մեր գործերը` ճշմարիտ, բարի և բարերա՞ր են միշտ: Դավանում ենք, որ Աստված արդար է: Մենք արդարության կարիքը չե՞նք զգում ամեն օր և ամեն ժամ: Խոստովանում ենք, որ Աստված մեր Հայրն է, գթասիրտ, խաղաղության մշտահոս աղբյուր, պարգևատու բարիքների: Խաղաղությունը ամենօրեա մեր հայցը և մաղթանքը չէ՞, կարոտ չէ՞ աշխարհը հանապազ գթասրտության ու խնամքի: Ով այս կերպ է ճանաչում Աստծուն, նա չի կարող ապրել առանց Նրա և իր փրկության հույսը չկապել Աստվածորդու մարդեղության հավատքին և չձգտել լինել Նրա մշտական օրհնության և շնորհների ներքո:

7. Ինչպե՞ս լռությամբ անցնենք կեղծիքի կողքով և մեր անտարբերությամբ ու անփութությամբ թույլ տանք, որ մեր կյանքը դառնա կեղծ արժեքների ու գաղափարների, անօրեն գործարքների վաճառատեղի: Քրիստոնեական բարոյականի վերածնունդը այսօր համազգային խնդիր է և յուրաքանչյուրիս մտահոգության առարկա, քանզի առանց սիրո, առանց ազնվության, արդարամտության ու օրինավորության միայն կարճատև կարող են լինել բոլոր ձեռքբերումներն ուհաջողությունները, տնտեսությունը` զուրկ ազատ ու ներդաշնակ զարգացումից, գիտությունը` հեռու կյանքի առաջընթացին ծառայելու իր կոչումից, արվեստը` անհոգի ու միայն նմանակող: Առանց Փրկչի ոչինչ հարատև ու երջանկաբեր չենք կարող ստեղծել: Քրիստոս է ճանապարհը, «աղբյուր կենաց և բաշխող շնորհաց:

8. Աշխարհը իմաստազուրկ է առանց Աստուծո, և մարդը իրականում միայնակ է ու անհույս` առանց կենդանի հարաբերության իր Արարչի հետ: Ընդհանուրի մեկ մասնիկը լինելու զգացողությամբ ու ապրումով է, որ մարդկային հոգին ունակ է տխրել ուրիշի տխրությամբ և ուրախանալ ուրիշի ուրախությամբ` սիրել ընկերոջը ինչպես սեփական անձը և բարին գործել: Մերձավորի հանդեպ սիրո այս պատվիրանով աշխարհ եկավ Փրկիչ: Մերձավորի հանդեպ սիրով պիտի լռեն թշնամության ու պատերազմի ձայները, պիտի դադարեն ահաբեկչությունն ու բռնությունը, պիտի վերականգնվեն ոտնահարված իրավունքն ու արդարութունը: Այս սիրով է, որ մարդկային ամեն մտածում ու ջանք պիտի ուղղված լինի համընդհանուր բարիքի բազմապատկմանը և հաղթահարմանը աղքատության ու կարիքի, հաղթահարմանը միջավայրի ապականության, տարածվող մոլուցքների ու ապականվող բարքերի, որոնք նույնպես մեր ժամանակների իրողություններ են:

9. Առ Աստված և միմյանց նկատմամբ սիրով ենք զորեղ իբրև անհատներ, իբրև ազգ, պետություն ու Սուրբ Եկեղեցի: Չլինի, որ լսենք ու անտարբեր անցնենք, չլինի, որ թերահավատ գտնվենք, չլինի, որ իշխանասիրությունը, շահը, հոգսերը կամ ունայն, անցողիկ պատրանքներն ու մոլորությունները խեղդեն մեր հավատը: Չլինի, որ սերը տկարություն նկա¬տենք և խավարը ավելի սիրենք, քան լույսը:

Աղյուր՝ aysor.am