Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկնում եմ մեր սահմանները անառիկ պահող մեր քաջարի տղաների մոտ` կվերադառնամ, երբ խաղաղության մասին լուրը լսեմ. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

 «Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկնում եմ Արցախ կարեւոր առաքելությամբ` գտնվելու եմ այնտեղ, որտեղ իմ անհրաժեշտությունը կլինի: Ամենայն հավանականությամբ կվերադառնամ, երբ խաղաղության մասին լուրը լսեմ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Արցախի ճանապարհին գտնվող  Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ընդգծելով.

 — Մեկնում եմ մեր սահմանները անառիկ պահող մեր քաջարի տղաների մոտ, ովքեր հաստատում եւ վերահաստատում են մեր աժանապատիվ կյանքի, գոյության իրավունքը այս աշխարհում: Ես աղոթում եմ, որ մեր հերոս տղաների բազուկը երբեք ու երբեք չդողա, որպեսզի անընդհատ կարողանան ոչնչացնել չարիքը եւ չարի ուժերը: Ինչպես որ պատվիրում է մեզ Տերը:

 Մենք, այս բոլոր օրերին, անընդհատ գտնվել ենք այն ընտանիքներում, ովքեր իրենց զավակներին ընծայել են հայրենիքի սիրո սեղանին:  Մենք մեր տղաներին հանձնել ենք անմահության եւ հավիտենականության: Մեր հերոս տղաները իրենց կյանքը զոհեցին մեզ համար` ողջ պատասխանատվությունը թողնելով մեզ:

 Մեզ համար կորուստ գոյություն չունի, մեզ համար մեծագույն նվաճում է, որ այսպիսի զավակներ, այդպիսի հերոսներ ունենք: Մենք այլեւս գրքերից չենք կարդում հերոսների մասին, մենք ապում ենք սխրանքների ու հերոսության պատմությունների մեջ եւ մենք պարտավոր ենք կրել դրա պատասխանատվությունը ամբողջությամբ:

 Ուզում եմ նաեւ թիկունքի մեր ժողովրդին դիմել. ավելորդ է խոսել միասնականության, գաղփարական տաբերությունների մասին, ամոթ է անգամ խոսելը զանազան պառակտումների մասին: Դրանք կլինեն սոցցանցերում, քաղաքական դաշտում, կամ որեւէ տեսակի անհատի կողմից: Մեր հորդորն ու խնդրանքն է, որ  թիկունքի ամրությունը դառնա ավելին, քան կար: Միշտ մտածեք, որ ցանկացած շեղում այդ գաղափարից` թիկունքից հարված, թշնամական գնդակ է առաջնագծում  կանգնած սիրելի զինվորներին եւ սպաներին:  

 Սրբազանը նկատեց նաեւ.

 —Առիթից օգտվելով ուզում եմ իմ գնահատանք ու շնորհակալությունը հայտնել նաեւ մեր բժիշկներին, ովքեր ոչ պակաս կարեւոր առաքելություն են իրականացնում թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում: Ուզում  եմ շնորհակալութուն հայտնել Քեզ աղջի՛կս ու մեր բոլոր-բոլոր լրագրողներին, ովքեր օրնիբուն լուսաբանում են` անկախ բոլոր տեսակի դժվարություններից:  Շնորհակալ ենք մեր վարորդներին, ովքեր կրակի տակ կարողանում են հասցնել զինվորին անհրաժեշտ ամեն բան, շնորհակալ եմ մեր հոգեւոր բոլոր եղբայրներին, ովքեր այսօր առաջնագծի տարբեր հատվածներում են: Տերը պահապան Ձեզ բոլորին:

 Վերջում Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը դիմեց նաեւ համայն հայությանը.

— Շնորհակալ եմ համայն հայությանը, մեր հզոր ժողովրդին,  ովքեր որ լծված են այս կարեւոր գոյապայքարը հաղթանակին հասցնելու մեջ: Վստահ եմ, որ Տերը հաղթանակը մեր ձեռքն է տալու` ոչնչացնելով բոլոր տեսակի չարիքները, որոնք միտված են մեր ազգի գոյությանը ոչացնելուն:

 Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Աղբյուր` iravunk.com