Վայելուչ կեցվածք եկեղեցում

Kecvacq ekexecum - Վայելուչ կեցվածք եկեղեցում

  Ամեն մի ճշմարիտ քրիստոնյայի պարտքն է այցելել եկեղեցի` մասնակցելու ժամերգություններին, մանավանդ կիրակի և տոն օրերի Սբ. Պատարագին: Կիրակնօրյա Ս. Պատարագը սովորաբար սկսվում է ժամը 11:00 -ին և տևում շուրջ 2 ժամ:
Եկեղեցի պետք է մտնել երկյուղած սիրով, հարգանքով և պատշաճ կեցվածքով:
1. Եկեղեցի գնալիս պետք է հագնվել պատշաճ և վայելուչ: Ներս մտնելիս կանայք իրենց գլխին գլխաշոր պիտի ունենան, իսկ տղամարդիկ գլխաբաց լինեն:
2. Եկեղեցի մտնելիս ու դուրս գնալիս, աղոթքից առաջ ու հետո, քահանայի խաղաղություն տալու ժամանակ պետք է խաչակնքվել:
3. Ցանկալի է եկեղեցի գալ մինչև Սբ. Պատարագի սկիզբը, իսկ հարգելի պատճառով ուշանալու դեպքում մտնել անաղմուկ, առանց խանգարելու ներկաներին:
4. Մոմ գնելու դեպքում անհրաժեշտ է ավելորդ աղմուկ ու իրարանցում չառաջացնել:
5. Եկեղեցու ներսում հավատացյալը պետք է ունենա հարգալից կեցվածք սրբավայրի և շրջապատի նկատմամբ: Անվայել է թիկունքով կանգնել դեպի Սբ. Խորանը, ձեռքերը գրպաններում կամ հետևում պահել, ծամոն ծամել կամ նստել` ոտքը ոտքին գցած:
6. Առավոտյան և երեկոյան ժամերգություններին բոլոր ներկաները պետք է գիտակցեն տեղի և պահի լրջությունը` ակնածալից լռություն պահպանելով մինչև արարողության ավարտը: Թույլատրելի չէ զրուցել կամ բարձրաձայն խոսել:
7. Արարողութունների ընթացքին պետք է ջանալ անհարկի ներս ու դուրս չանել, իսկ Սբ, Պատարագի ժամանակ, «Սուրբ, Սուրբ…»-ի, ինչպես նաև «Առեք կերեք…»-ի ու «Հավատամք»-ի ընթացքում, ելումուտն առհասարակ դադարեցնել:
8. Հաղորդութուն կարող են ստանալ միայն մկրտված, խոստովանությանը մասնակցած, մարմնապես ու հոգեպես պատրաստված անձինք:
9. Հավատացյալները, լուռ երկյուղածությամբ ու առանց իրար հրելու, խաչակնքելով մոտենան համբուրելու Խաչը կամ Ավետարանը:
10. Պետք է ոտքի կանգնել «Փառք ի բարձունս»-ի, «Սուրբ Աստված»-ի, «Հավատամք»-ի, Ողջույնի, Վերաբերումի, թափորի ժամանակ, աղոթքներ և Ավետարան ընթերցելիս: