Տուր կարիքավորին. Սբ. Հովհան Ոսկեբերան

Ինչու՞ դու` հարուստդ, իզուր նեղություն ես քաշում քո պահեստներում պահ տալ աղքատների ունեցվածքը: Ինչու՞ ես դժգոհում, երբ նրանք քեզնից խնդրում են, կարծես թե սեփականությունդ ես կորցնում: Նրանք խնդրում են Աստծուն պատկանողը և ոչ թե քոնը, ցանկանում են այն, ինչը հանուն նրանց քեզ է վստահված և ոչ թե քեզ հետ է ծնվել: Տուր այն, ինչ ստացել ես և օգտագործումից շահույթ կորզիր, քեզ բավական է և այն, որ դու տվող ես նշանակված և ոչ` ստացող: Ինչու՞ ես քո գանձերը հողին պահ տալիս: Տու՛ր, ասում է, Իմ ձեռքը: Մի՞թե հողի Տերը քեզ պակաս արժանավոր է թվում, քան հողը:
Կասես` տվել եմ: Սակայն հարկ է, որ երբեք չդադարես անել այդ. միայն այն ժամանակ դու արդարացում կունենաս, երբ ոչնչի տեր չես լինի, երբ ոչինչ չես ունենա, իսկ հիմա, քանի դեռ ինչ-որ բան ունես, ապա թեկուզև տալու լինես հազարավոր մարդկանց, բայց դեռևս կմնան ուրիշ ցանկացողներ, դու ոչ մի արդարացում չունես:
Ուրեմն, թող ո՛չ հարուստը մեծարվի այն բանով, որ շատ է տալիս, և թող ո՛չ էլ աղքատը վհատվի, որ կարծես թե քիչ է տալիս, որովհետև վերջինը հաճախ շատ է տալիս առաջինից:
Շատը և քիչը որոշվում է ոչ թե ողորմության չափով, այլ ողորմողի ունեցվածքի չափով: Կերակրելով հացկատակներին և շողոքորթներին` դու այնպես ես հրճվում, կարծես թե ինչպիսի՜ աղբյուրներ ես մսխում, իսկ երբ աղքատ մեկին ես տեսնում, իսկույն բռնվում ես աղքատ դառնալու սարսափով:
Տո՛ւր կարիքավորին և մի՛ տուր պարողին, որպեսզի քո տված փողերի հետ չփչացնես նաև նրա հոգին, որովհետև դու նրա կործանման մեղավորն ես քո անտեղի շռայլության պատճառով: Չէ՞ որ, եթե պարողներն իմանային, որ իր ենց արհեստը անշահավետ է, վաղուց կդադարեին զբաղվել դրանով:

Աղբյուր՝ https://web.facebook.com/FatherHovsep