Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)

Hrips17 2 2 - Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)

 Հունիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Ս. Հռիփսիմե վանքի ուխտի օրն է, երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Հռիփսիմե վանք է տարվում սրբուհու մասունքն ամփոփող Աջը:

 Առավոտյան տեղի ունեցավ ավանդական դարձած հանդիսավոր թափորը. Միածնաէջ Մայր Տաճարի առջևից եկեղեցականներն ուխտավորների ուղեկցությամբ, Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեցին դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմեի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնելով հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին, այն փոխանցեց Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին:

 Ս. Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և տարբեր համայնքներից ժամանած բազում հավատացյալներ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

 Տոնի առիթով վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը:

 Սուրբ Պատարագի ընթացքում օրվա խորհրդի շուրջ քարոզեց Արցախի թեմի Ամարասի վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:

 Հայր Սուրբն ընդգծեց, որ Սուրբ Հռիփսիմյանց տոնը և նրանց վկայաբանությունը գալիս է մեկ անգամ ևս քրիստոնյաներին թելադրելու ապրել Քրիստոսով, Նրա սիրո համաձայն և լինել կատարյալ:

 «Սակայն ի՞նչ կա մեր ներսում, ի՞նչ կա Սուրբ Սեղանի վրա: Արդյո՞ք նույնն է: Արդյո՞ք ցանկությունը նմանվելու Սուրբ Հռիփսիմյանց կույսերին, արդյո՞ք ցանկությունը կատարյալ դառնալ, ինչ-որ Սուրբ Սեղանինն է կատարյալ, նույնն է: Սիրելիներ, մեր կյանքից ներս կատարելության միջոցները բազում են՝ մեկը կասի` աղոթք, մեկը կասի` ապաշխարություն, մյուսը կասի` սեր, մյուսը՝ եղբայրասիրություն, խոնարհություն, հեզություն և տարբեր-տարբեր բաներ: Այդ ամենը միջոցներ են: Կատարելությունն Աստծուն նմանվելն ու պատկերն ունենալն է:

 Ինչպե՞ս դա կարող է լինել, եթե սեր չունենանք մեր մեջ: Ինչպե՞ս դա կարող է լինել, եթե մենք կանգնում ենք Սուրբ Պատարագին, կուրծք ենք ծեծում և ասում՝ Տե՛ր, ների՛ր ինձ մեղավորիս, արժանացրո՛ւ Սուրբ Հաղորդությանը, բայց չենք աղոթում կողքինի համար, չենք աղոթում մեկս մյուսի համար:

 Սուրբ Հռիփսիմյանց վկայաբանությունը դա է: Այսօրվա խորհուրդը դա է: Նրանք չառանձնացան, միասնաբար նահատակության պսակն առան առանց դրժելու իրենց ուխտը Քրիստոսի հետ, առանց դրժելու իրենց առաքելությունն այս աշխարհի վրա, որ  կոչվում է քրիստոնյայի կյանք»,- ասաց Հայր Գեղարդը:

 Նա նաև հավելեց, որ սրբերի վկայաբանությունից հավատացյալները սովորում են նաև Քրիստոսի՝ սիրի՛ր քո Տեր Աստծուն և սիրի՛ր քո ընկերոջը, երկու կարևորագույն պատգամները, որոնց շնորհիվ քրիստոնյան կարող է հասնել կատարելության:

 Վերջում Հայր Սուրբը հորդորեց ներկաներին աղոթել Հայոց Եկեղեցու ամրության ու անսասանության և հայ ժողովրդի հոգևոր զարթոնքի համար:

 Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, կատարվեց սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:
Hrips17 2 1 - Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)Hrips17 2 2 - Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)Hrips17 2 3 - Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)Hrips17 2 4 - Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)Hrips17 2 5 - Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)Hrips17 2 6 - Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)Hrips17 2 7 - Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)Hrips17 2 8 - Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)Hrips17 2 9 - Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)Hrips17 2 10 - Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)