Տիրամոր օրինակելի և առաքինի կյանքը լավագույն օրինակն է կանանց համար

Tiramayr 750x660 - Տիրամոր օրինակելի և առաքինի կյանքը լավագույն օրինակն է կանանց համար

«Ուրախացի՛ր, ով շնորհընկալ, Տէրը քեզ հետ է: Մի՛ վախեցիր, որովհետև դու արժանացար Աստծո շնորհին…» (Ղուկաս 1.28-34). այս բառերով Գաբրիել հրեշտակը ողջունեց Մարիամին` ավետելով Բարձրյալի որդու ծնունդը: Սուրբ կույսն իր առաքինի վարքով ու ընթացքով արժանացավ Տիրոջ ամենամեծ պարգևին` Աստծո որդու մայրը լինելու կոչմանը:

 Տիրամոր օրինակելի և առաքինի կյանքը ողջ մարդկության համար ներշնչումի մշտահոս աղբյուր է եղել դարեր շարունակ: «Սուրբ կույսի կյանքը` որպես կոչ`ուղղված բոլոր կանանց, լավագույն օրինակն է նրանց համար` հետևելու Մարիամ Աստվածածնի անբասիր, խոնարհ, առաքինի կյանքին: Իմ կարծիքով յուրաքանչյուր կին գերագույն ձգտում պետք է ունենա դառնալու Մարիամ` իր աստվածահաճո կյանքի ընթացքով, համեստությամբ ու հնազանդությամբ», – նշում է Ժորա սարկավագ Սարգսյանը:
Ասում են` Սուրբ Կույսը մի հայելի է, ուր հայ քրիստոնյա կանայք պետք է գտնեն իրենց իդեալական պատկերը. «Աստվածածինը պետք է լինի քրիստոնյա կնոջ արտացոլանքը` իր հեզությամբ, մայրական ներքին ապրումներով և իր ծառայասիրությամբ առ Աստված», – նշում է Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը:
Բայց այսօր այդ հայելին կարծես անթափանց է դարձել. աղջիկների, երիտասարդ մայրերի մեծ մասի համար առաջնային, կարևոր տեղում չէ Սուրբ Աստվածածնի օրինակը, շատերը չեն էլ մտածում նրան նմանվելու մասին: «Հատկապես երբ փողոցով եմ քայլում, կամ հեռուստացույց եմ դիտում, այս խնդիրն ինձ շատ է տանջում: Ժամանակակից կյանքում, երբ քարոզվում է սնդուսափայլ կենցաղը, որպես օրինակ բերում են ծխող, հարբող, թմրանյութեր օգտագործող, ազատ սեռական կյանք վարող կանանց, նման կերպարով սնվող մարդու համար հայելու մեջ Աստվածածնի կերպարը միանգամայն «ծիծաղելի» պիտի լինի: Տարբեր հարցեր` հագուկապից մինչև ներքին անբարոյականության դրսևորում, յուրահատուկ լուծում և մոտեցում են պահանջում. սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ եկեղեցին մնացել է բարոյականություն քարոզող բացառիկ կառույցներից մեկը, բայց դրա համար հսկայական աշխատանք է անհրաժեշտ, նախ, մարդն ինքը պետք է գիտակցի, որ պետք է հեռու մնալ այդ ամենից: Ես շատ եմ սիրում, ուղղակի հիանում եմ մեր հայ կանանցով, ովքեր եկեղեցի են մտնում գլխաշորով. շատ դեպքերում թվում է` Աստվածածինն ինքն է կանգնած քո դիմաց. մի գլխաշոր կարողանում է շատ գեղեցիկ պատկեր ստեղծել: Խնդիրն այն է, որ այսօրվա աշխարհն ուրիշ բան է թելադրում, Աստվածածնի կերպարի հակառակն է քարոզում, պահանջում» , – ցավով նշում է Տեր Հուսիկը:
Ժամանակակից կյանքի բազմաբնույթ երևույթները կնոջը երբեմն այնպիսին են դարձնում, որ նա, կարելի է ասել, շատ քիչ է խորհում իր կոչման, իր դերի ու առաքելության մասին: Իսկ կնոջ գլխավոր առաքելությունը, ինչպես նշում են հոգևորականները, մայրությունն է` աստվածային ու ամենաանբացատրելի զգացումը, «առաքելություն առաքելությանց», և «ամեն մի կին իր առաքինի ընթացքով պետք է արժանանա այդ կոչմանը, որ Աստծո պարգևն է, իսկ այն անարատ պահելն ու պտղաբեր դարձնելը յուրաքանչյուրի բարոյական պարտականությունն Աստծո առջև», – ասում է Ժորա սարկավագը:
Կինն Աստծուց ժառանգել է արարչագործության պսակը` մարդ ստեղծելու շնորհը, կարողությունը: «Անկախ ամեն ինչից, նա հաջողակ գործարար է, տաղանդավոր դերասանուհի, կամ նկարչուհի, թե ինչ որ պաշտոն է զբաղեցնում, երբեք չպետք է մոռանա, որ Աստվածային նախախնամությամբ առաջին հերթին ինքը մայրանալու ու առողջ սերունդ դաստիարակելու համար է: Ինձ համար կնոջ կերպարն ամբողջական է իր ընտանիքով, բալիկներով, իր հայրենասիրությամբ ու աստվածավախությամբ», – ասում է լրագրող, բլոգեր Հեղինեն: Իսկ հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանի կարծիքով. «Մայրանալու կարգավիճակը կնոջը շնորհում է դաստիարակելու, երեխային լավ մարդ դարձնելու առավելությունը, ինչը շատ բարդ առաքելություն է և որին ոչ մի գնով չէր համաձայնվի տղամարդը: Այդ առաքելությունը գեղեցկացնում է կնոջը, դարձնում ավելի համակարգված ու պատասխանատու»:
Կնոջ համար չի կարող լինել ավելի մեծ օրհնություն ու երջանկություն, քան մայրությունը, լիարժեք քրիստոնեական ընտանիքը, ուր թագավորում են ջերմությունը, հոգատարությունն ու Տիրոջ, մերձավորների ու հարազատների նկատմամբ անսահման, անշահախնդիր ու անսպառ սերը: Անդրադառնալով այս ամենին` Տեր Հուսիկը նշում է. «Շատ գեղեցիկ ու դիպուկ է տղամարդու և կնոջ միությունը բնորոշում Պողոս Առաքյալը (Եփես.5:21-33). նա, տղամարդուն համեմատելով Քրիստոսի հետ, իսկ կնոջը` Եկեղեցու, (Եկեղեցի բառի ընդգրկուն իմաստով՝որպես քրիստոնյա հավատացյալների միություն և ոչ սոսկ քարեղեն կառույց), ամուսնության Պսակը նմանեցնում է այդ երկուսի՝ Քրիստոսի և Եկեղեցու անխախտելի սիրո վրա հիմնված միությանը: Այս պատճառով է, որ քրիստոնյա ընտանիքը դեռևս քրիստոնեության գոյության առաջին դարերից անվանվել է «առտնին» (Հռոմ.16:5)՝ տնական, փոքր եկեղեցի: Եվ, բնականաբար, ինչպես Եկեղեցում առհասարակ, այնպես էլ այս մասնավոր եկեղեցում, անշուշտ, պետք է իշխող լինեն սերը, միությունը և աստվածապաշտությունը բառի լայն իմաստով, ընտանեկան կողմերից յուրաքանչյուրը պետք է կրողը լինի ճշմարիտ քրիստոնեական այն ջահի, որի անունն է հավատք: Այդքան շոշափված 1+1=1 բանաձևը ընտանիքից ներս իրականություն է դառնում մեկ այլ՝ արդեն տեսանելի հանգամանքով ևս. դա այն հրաշք երևույթն է, աննկարագրելի բերկրանքն ու երջանկությունը, որ կոչվում է երեխա` զավակ» («Սարկավագագիրք»):
Քահանայի խնդրանք-հորդորն ուղղված է յուրաքանչյուր հայ կնոջ` մայրերին և նրանց, ովքեր պատրաստվում են մայրանալ. «Սիրելինե՛ր, աղոթեցեք` Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ «եկեղեցու» վերածելու ձեր օջախը. եկեղեցին այն տեղն է, ուր շնչում է սրբությունը, ուր ապրեցնում է սերը, ուր տիրապետում է միասնությունը, թևածում խաղաղությունը, ուր Աստծո ներկայությունը միշտ կա…»:

Մարիամ Ավետիսյան.
Աղբյուրը`aravot.am