Տեսնենք, թէ ի՞նչ պէտք է խնդրենք Աստուծուց

Inch xndrl Astcuc 880x660 - Տեսնենք, թէ ի՞նչ պէտք է խնդրենք Աստուծուց

 Մենք սովորաբար Աստծուց խնդրում ենք երկրաւոր, ժամանակաւոր բարիք, երկնաւոր ու յաւիտենական բարիքները մոռանում ենք: Մոռանում ենք, որ մենք այս «տրտմութեան հովտում «մի պանդուխտ ենք, մի ուղևոր», որ վաղ թէ ուշ հասնելու է իր բնիկ երկիրը, իր հայրենիքը՝ երկինք: Մեր Աստուծուց, որ այսօր մեր Հայրն է և վաղը մեր դատաւորն է լինելու, մենք խնդրում ենք շատ մանր մունր բաներ, մեծերը թողնում ենք: Մենք պէտք է մեծերը խնդրենք, որովհետև մեծի մէջ փոքրն էլ կայ, բայց փոքրի մէջ մեծը չկայ: Այո՛, երկրաւոր, ժամանակաւոր բարիքները կարող ենք խնդրել՝ միայն միշտ աւելացնելով՝ եթէ հոգուս էլ օգտակար է, իսկ հոգևոր բարիքը պէտք է խնդրենք անպայման և համարձակ: Յիսուս Ինքն է սովորեցնում. «Ամենից առաջ,- ասում է,- խնդրեցէ՛ք Աստուծոյ արքայութիւնը, իսկ մնացած բարիքներն ըստ ինքեան կը տրուին ձեզ»: Այս կողմից շատ լաւ օրինակ է հանդիսանում մեզ Սողոմոնը:

 Մի անգամ Աստուած երևեցաւ նրան երազում և ասեց.
— Խնդրի՛ր Ինձնից, ինչ որ ուզում ես:
— Տէ՛ր,-պատասխանեց Սողոմոնը,-Դու ինձ թագաւոր դրիր մի մեծ ազգի վրայ, իսկ ես մի անփորձ երիտասարդ եմ: Խնդրում եմ Քեզնից՝ տո՛ւր ինձ սուրբ սիրտ և իմաստուն միտք, որ կարողանամ բարին չարից զանազանել և այս ահագին բազմութեան դատաստանը անել արդարութեամբ:
Աստուած ասեց.
-Որովհետև դու Ինձնից ոյժ ու զօրութիւն, հարստութիւն, փառք ու երկար կեանք չխնդրեցիր, այլ երկնային արքայութիւնը ժառանգելու համար սրբութիւն և իմաստութիւն խնդրեցիր, այս պատճառով Ես քեզ տալիս եմ ոչ միայն այն, ինչ որ խնդրեցիր, այլ և այն ամէնը, ինչ որ չխնդրեցիր: Ես քեզ տալիս եմ երկնաւոր ու երկրաւոր բարիքները միանգամայն: Ես կը տամ քեզ այնպիսի հոգի և իմաստութիւն, որ ոչ քեզ նմանը եղած լինի քեզնից առաջ, ոչ էլ լինի մէկը քեզնից յետոյ:

 Եւ Աստուած կատարեց Իր խոստումը. Սողոմոնը եղաւ իմաստուն ոչ միայն թագաւորների, այլ և բոլոր Իսրայէլի մէջ: Նրա իմաստութեան համբաւը հասաւ աշխարհի ամէն կողմերը, և «դշխոյն հարաւոյ»՝ Սաբայի թագուհին, աշխարհի մի հեռաւոր ծայրից եկաւ Սողոմոնի իմաստութիւնը լսելու: Եւ նրա իմաստուն խօսքերը այսօր էլ կարդացւում են մեր եկեղեցում:

 Մեր եկեղեցական սուրբ հայրերն էլ, որոնք սքանչելի աղօթքներով զարդարել են մեր ամէնօրեայ ժամերգութիւնը, միշտ միայն երկնաւոր բարիքն են խնդրում, իսկ երկրաւորներից միայն այն բաներն են խնդրում, որոնցով կարող ենք ձեռք բերել երկնաւորը, այն է՝ հաւատ, յոյս, սէր և պատուիրանապահութիւն:

 Ահա այդ խնդրուածներից մի քանիսը.
— Աստուա՛ծ, որ Լոյս ես և Արարիչ լուսոյ, բնակող անմատոյց լուսոյ մէջ, այս առաւօտեան լուսոյ ծագման րոպէներին ծագի՛ր մեր հոգու մէջ աստուածգիտութեան լոյսդ:
— Տէ՛ր, ծածկի՛ր մեզ Քո ամենազօր Աջիդ հովանու տակ, զօրացրո՛ւ մեզ Սուրբ Հոգովդ, պահի՛ր մեզ աչքի լսի պէս:
— Տո՛ւր մեզ շնորհք, որ կարողանանք սիրել Քեզ մեր բոլոր սրտով ու մտքով և մեր բոլոր զօրութեամբ կատարել Քո պատուիրանները:
— Տէ՛ր, որ «երից մանկանց» աղօթքի զօրութեամբ Բաբելոնի հնոցի հուրը հանգցրիր երկնային ջրերիդ հեղեղներով, թափի՛ր մեզ վերայ էլ Քո բարերար ողորմութեան ցօղը և հանգցրո՛ւ մեր յանցանաց հնոցի բոցը:
— Տո՛ւր մեզ կարողութիւն, որ ուղիղ հաւատով և առաքինասէր վարքով ապրենք այս աշխարհում և ապա արժանանանք երկնից արքայութեանդ:

 Աղօթենք մենք էլ մեր Շնորհալի ս. Ներսէս հայրապետի հետ. «Աստուա՛ծ իմ, որ բանաս զձեռն Քո և լնուս զամենայն զարարածս ողորմութեամբ Քով. Քե՛զ յանձն առնեմ զանձն իմ. Դու հոգա և պատրաստեա զպէտս հոգւոյ և մարմնոյ իմոյ յայսմհետէ մինչև յաւիտեան»:

Աղբյուր՝ Էմանուէլ քահանա. Նազարեանց «Պարզ քարոզներ (ժողովրդական ընթերցանութեան համար) երկրորդ գրքոյկ»,  Տպարան Մայր Աթոռոյ
ս. Էջմիածնի 1898,