Տեր Վահրամը՝ պաշտոնյաների եկեղեցական արարողություններին մասնակցելու մասին

Vahram qhn. Meliqyan 21 - Տեր Վահրամը՝ պաշտոնյաների եկեղեցական արարողություններին մասնակցելու մասին

 «Որևէ անպատեհություն չկա, որ տարբեր առիթներով պետական պաշտոնյաների հաճախ տեսնում ենք եկեղեցական արարողություններին մասնակցելիս: Դա լավ և բարի օրինակ է նաև այդ եկեղեցու մնացյալ հետևորդների և ընդհանրապես` նրանց պատասխանատվության ներքո գտնվող ժողովրդի համար»,-Aravot.am-ի հարցին՝ ընդունելի երևո՞ւյթ է այն, որ պետական պաշտոնյաները մասնակցում են եկեղեցական ծիսակատարություններին, այսպես պատասխանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

 Մեզ հետ զրույցում Տեր Վահրամը նշեց, թե յուրաքանչյուր անհատ` անկախ իր հանգամանքից ու պաշտոնից, կարող է մասնակից դառնալ եկեղեցական արարողություններին: Ըստ նրա՝ ավելին, եկեղեցու յուրաքանչյուր զավակ անգամ պարտավոր է լիարժեքորեն մասնակցել եկեղեցական կյանքին, ապրել իր հոգևոր կյանքով և բավարարել իր հոգևոր կարիքները: Դա ենթադրում է նաև մասնակցություն աստվածապաշտությանը, եկեղեցու ծիսա-արարողական կյանքին: Իրականում դա հավատի և գիտակցության հարց է և չի պայմանավորվում որևէ պաշտոնով:

Մեր այն հարցին՝ չե՞ք համարում, որ դա սահմանադրության խախտում է, քանի որ ըստ Սահմանադրության՝ եկեղեցին անջատ է պետությունից, Տեր Վահրամն այսպես արձագանքեց. «Այս պարագան բացարձակ կապ չունի վկայակոչած սահմանադրական հոդվածի հետ: Ուզում եք ասել, որ որևէ պետական հանգամանք ունեցող անձ պիտի դադարի՞ հետևորդ լինել իր դավանած եկեղեցու կամ կրոնական կառույցի, թե՞ թաքցնի դա: Կամ թե եկեղեցին պիտի խուսափի՞ առնչվել այդպիսի անձանց հետ: Եկեղեցին բաց է իր բոլոր զավակների համար, գնահատում է յուրաքանչյուրին նվիրյալ ծառայության պարագային, հանդիմանում` թերացման դեպքում: Եթե որոշ անձինք, հավատարիմ իրենց որդեգրած կեցվածքին, պիտի անգիտությամբ կամ չարամտորեն նենգափոխեն իրողությունները, դա իրենց խնդիրն է: Ամեն անգամ, երբ որևէ եկեղեցական կարևոր իրադարձություն է սպասվում կամ կատարվում, միևնույն մարդիկ սկսում են գրել եկեղեցու դեմ` իրենց անձնական նեղ շահերից ելնելով և կամ վեր են հանում ու շրջանառության մեջ դնում անցյալում իրենց իսկ հեղինակած ինչ-ինչ նյութեր` մոլորության մեջ գցելով նաև բազում մարդկանց: Մենք գիտենք պատճառները: Սակայն Եկեղեցին երբեք չի կասեցնելու իր առաքելությունը և փորձի տուրք տալ նրանց մոլություններին ու մոլորություններին:

 Մեր հիշեցմանը՝ մեզանում եղել են դեպքեր, երբ պաշտպանության նախարարները մասնակցել են եկեղեցական ծիսակատարություններին, սակայն չենք հիշում դեպք, երբ ՊՆ նախարարը խաչը ձեռքին ժողովրդի մեջ մտներ: Այս երևույթն արդյոք թույլատրելի՞ է և չի՞ արժեզրկում եկեղեցու դերը մեր հասարակության մեջ, Տեր Վահրամը պատասխանեց. «Նախ ամեն մի եկեղեցի Ջրօհնյաց արարողության համար որպես Խաչի կնքահայր կամ խաչքավոր ընտրում է իր համայնքում հարգված, օրինակելի, վաստակ ունեցող հավատավոր անձանց: Դա առաջին հերթին եկեղեցու գնահատանքն է նրա հավատավոր ու նվիրյալ ընթացքի համար: Մայր Տաճարի պարագային ընտրվում են անձեր, ովքեր ազգային և եկեղեցական կյանքում մեծ վաստակ ունեն, ազգի նվիրյալներ, Մայր Աթոռի մեծանուն բարերարներ, նաև պատասխանատուներ այն կառույցների ու հաստատությունների, որոնց առաքելությունը տվյալ ժամանակահատվածում կարևորվում է: Օրինակները բազում են` ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, բարերար Հրաչ Թուֆայանը, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը, ակադեմիկոս Սեն Արևշատյանը, գնդապետ Ջալալ Հարությունյանը, Հայաստանում հաստատված սիրիահայ Կարպիս Հարությունյանը: Եթե այս քայլով Եկեղեցին ընդհանրացնելով շեշտում է մեր հայրենիքի սահմանները պաշտպանող բանակի կարևորությունը մեր Եկեղեցու համար և իր զորակցությունը հայտնում հայ զինվորին՝ ի՞նչն է անպատեհությունն այդ ոգու դրսևորման մեջ: Խաչքավորները միշտ էլ արարողությունից հետո ատյանում են կանգնել կամ Մայր Աթոռի պարագային Հայրապետի հետ թափորով ուղղվել են դեպի Վեհարան` առիթ ընձեռելով ներկա ժողովրդին մոտենալու և համբուրելու Ջրօրհնյաց խաչը, հպվելու դրան: Ի՞նչն է այստեղ անպատեհությունը տանը նստած և համացանցով լուտանքներ թափող մեր քաղաքացիների համար, ինչո՞վ է արժեզրկվում Եկեղեցու դերը հասարակության մեջ և ինչի՞ց են նրանք վիրավորվել: Եկեղեցիներում այդ արարողություններին մասնակից ժողովուրդը նույն հասարակության մասը չի՞ կազմում: Պետք է դադարեցնել այս վարվեցողությունը: Յուրաքանչյուր կարծեցյալ իրավապաշտպան պիտի զգուշանա այսօրինակ իրավախախտ դառնալուց: Համակարգչի ստեղնաշարին ձեռքը հպողը պատասխանատվությամբ պիտի առաջնորդվի: Պետք չէ արհեստական սահմանագիծ գծել հասարակության տարբեր հատվածների միջև: Ի վերջո, յուրաքանչյուր ոք ունի հավատի իր ապրումը և դա երբեք քննարկման առարկա չի կարող դառնալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am