Ի Տեր հանգչեց Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը

 Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 20-ին, Գյումրիում, կյանքի 85-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Նարեկ Սրբազանի մահը:

Հանգուցյալ Սրբազան Հոր աճյունը օգոստոսի 22-ին կդրվի Գյումրիի Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում վերջին հրաժեշտի համար, ուր ժամը 18:00-ին կկատարվի եկեղեցու կարգը: Օգոստոսի 23-ին` ժամը 9:00-ին, հընթացս Ս. Պատարագի կկատարվի Նարեկ եպիսկոպոսի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Կենսագրական

Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը (ավազանի անունը՝ Արշավիր) ծնվել է 1932 թ., Դամասկոսում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սահակյան վարժարանում։

1946 թ. ընտանիքով ներգաղթել է հայրենիք և հաստատվել Լենինականում։

1956-57թթ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։

1958 թ. ընդունվել է Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարան։

1960 թ. ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի։

1961 թ. ավարտել է հոգևոր ճեմարանը` որպես ավարտաճառ ներկայացնելով «Գևորգ Զ Կաթողիկոսի կյանքն ու գործունեությունը» ուսումնասիրությունը։

1961-62 թթ. աստվածաբանության և Եկեղեցու պատմության վերաբերյալ դասախոսություններ է ունկնդրել և վկայագիր է ստացել Զագորսկի հոգևոր ակադեմիայում (Մոսկվա)։

1962 թ. օգօստոսի 25-ին ձեռամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերանվանվել Նարեկ աբեղա։ Մայր Աթոռում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։

1963 թ., պաշտպանելով «Հայ եկեղեցական իրավունքը մինչև Ը դարը» թեզը, ստացել է մասնավոր վարդապետության աստիճան։

1968 թ. Ազգային-եկեղեցական ժողովում ընտրվել է Մայր Աթոռի վերստուգիչ հանձնաժողովի անդամ և այդ պարտականությունը վարել է մինչև 1990 թ. վերջը։

1967-1972 թթ. եղել է Ս. Գեղարդի վանքի վանահայր։

1971 թ. դեկտեմբերի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով նշանակվել է Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 1973 թ. հոկտեմբերին՝ Շիրակի թեմի առաջնորդ` միաժամանակ վարելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդի պաշտոնը։

1973 թ-ի սեպտեմբերի 30-ին, ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս` մինչև 1990 թ. շարունակելով պաշտոնավարել իբրև Շիրակի թեմի առաջնորդ։

1988-90 թթ-ին հետերկրաշարժյան աղետի ծանր օրերին ղեկավարել է թեմի քաղաքների և գյուղերի վերականգնողական անհետաձգելի աշխատանքները, մասնակցելով նաև կարևոր վերաշինություններին։

1991-2003 թթ-ին ծառայել է Ֆրանսիայում` Փարիզում և արվարձաններում, ապա մինչև 2008 թ. վարել է Նիսի և շրջակայքի հոգևոր տեսչությունը։

Հանգստյան կոչվելով` Նարեկ Սրբազանը, վերադառնալով հայրենիք, վերջին տարիներին իր օգտակար ծառայությունն էր բերում Շիրակի թեմում: