ճանաչիր քեզ` մատնացույց անելով Արարչին

Chanachir qez - ճանաչիր քեզ` մատնացույց անելով Արարչին

  Ինչ որ գոյություն ունի, կանխավ սահմանված է եղել. եւ սկզբից արդեն հայտնի է, թե ինչ է մարդը, եւ որ երբեք նա չի կարող չափվել իրենից Հզորի հետ, որովհետեւ շատ բաներ կան, որ բազմապատկում են ունայնությունը:
(Ժող.6:10-11)
Առանց Աստծո ապրող մարդն է ունայնությունը, որը ունայնացնում է ամենն, ինչի հետ առնչվում է, քանզի նրա ամեն մի գործողություն դառնում է ինքնանպատակ եւ իմաստազուրկ:

 Այսօր շատ ենք լսում «գիտություն», «գիտական», «գիտնական» եւ նման շատ բառեր, եւ միանգամից պատկերացնում ենք Տիեզերքը, ատոմը կամ «այլմոլորակայինների»:

 Իրականում գիտություն ասվածը բազմաշերտ է եւ բազմաբովանդակ.

ա.Գիտություն սեփական անձի մասին,
բ.գիտություն մեր անձից դուրս մնացած աշխարհի եւ նրա հետ ունեցած մեր կապի մասին,
գ.գիտություն Աստծո մասին եւ նրա հետ մեր ունեցած կապի մասին:

 Այսօր մարդիկ, գիտություն ասելով, հասկանում են գլխավորաբար առաջին տարբերակը, կամ լավագույն դեպքում` առաջին երկուսը, այնինչ ժամանակին գիտության գիտակները այդ հասկացության տակ հասկանում էին միայն ու միայն երրորդ տարբերակը, իսկ առաջին երկուսը` միայն որոշակի վերապահումով, ավելի ճիշտ` երրորդի, այն է` աստվածգիտության «մաղով» անցկացնելուց հետո միայն: Եթե որեւէ մեկը գիտության մանրադիտակի տակ դիտարկում է միայն սեփական անձն ու շրջակա միջավայրը եւ նրանց միջեւ առկա առնչություններն ու հարաբերությունները` անտեսելով, արհամարհելով, չկարեւորելով կամ մերժելով գիտությունը Արարչի եւ Նրա` արարչության հանդեպ ունեցած նպատակների մասին, նրա գիտական տեսանկյունը կմնա մութ ու ենթադրություններ ծնող:

 Մարդկության պատմության մեջ բեկումնային էր այն ժամանակահատվածը, երբ մարդուն կտրուկ ու վճռական կերպով կտրեցին իր արմատներից եւ համոզեցին, որ նա դրանով թեւակոխեց իր առաջընթացի անկասելի փուլ: Եթե Եկեղեցու հայրերը կոչում են ինքնաճանաչման եւ ասում ` ճանաչիր քեզ` մատնացույց անելով Արարչին, ապա մարդկային միտքը հեղաշրջող գիտնական այրերը ասում են.«Խնդրե՛մ, ծանոթացիր ինքդ քեզ հետ»,- եւ մատնացույց են անում արարչությունը, ավելի կոնկրետ` պրիմատների դասը:

 Մարդը վաղուց արդեն դադարել է պարզապես հայտնագործել աշխարհը, ո՛չ որովհետեւ այլեւս սպառվել են հայտնագործության ենթակա երեւույթները, այլ որովհետեւ հայտնագործել ու ուսումնասիրել է «անհրաժեշտը» եւ դա արել է ոչ առանց կողմնակի միջամտության:

 Հոգեւորից նյութականի կտրուկ անցումը խզեց կապը հոգեւոր` իրական աշխարհի հետ` պատկերելով այն որպես երազական ու անկարեւոր երեւույթ եւ մոռացության մատնելով մի կարեւոր ճշմարտություն. մարդու հոգին անմահ է, այդ իսկ պատճառով, Աստծո արդարությունը, ճշմարտությունը եւ սրբությունը մերժողները, իբրեւ հետեւանք իրենց ունայն գոյաքարշության, իրենք իրենց դատապարտում են հավիտենական կորստի:

Լիլիթ Հովհաննիսյան