Սուրբ և Մի

 Ով հաղթի, նրան թույլ կտամ նստելու Ինձ հետ Իմ աթոռին, ինչպես որ Ես հաղթեցի եւ նստեցի Իմ Հոր աթոռին:
(Հայտն. 3:21)

 Նա չհաղթեց աշխարհի ոչ մի պատերազմում, բայց, այնուամենայնիվ, Նա հաղթեց հենց աշխարհին: Նա կատարյալ էր, եւ Նրան խաչեցին: Նրա Մարմինը թաղվեց, բայց եւ այնպես՝ նույն Մարմնով Նա ապրում է հիմա:

 Այս աշխարհի մարդիկ Նրան համարում են համաշխարհային կրոններից մեկի հիմնադիր, իմաստուն, Բարձրյալ Աստծուն մոտ կանգնած մարդ, մարգարե, իսկ Նա տերերի Տերն է եւ թագավորների Թագավորը: Նա մարդկանց աչքում մի թշվառ մահապարտ էր, որ անարգ մահով մեռավ, անանուն գերեզման ունեցավ եւ հերթական առասպելական հերոս դարձավ: Այնինչ «Նա Ինքը Կյանքն էր, որ հայտնվեց մեզ», Նրան տեսան, հավատացին, հետեւեցին ու պաշտեցին: Նա մարտի ելավ մենակ՝ զինված միայն մեկ բանով՝ խոնարհությամբ. «Ձեզանից իւրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մեջ, որը Աստծո կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ Իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով, եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց Ինքն Իրեն՝ հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահվան՝ Խաչի վրա: Դրա համար էլ Աստված Նրան առավել բարձրացրեց եւ Նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների, եւ թե՛ սանդարամետականների. եւ ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծո» (Փիլ.2:5-11):

 Նա բանակ չուներ, բայց շահեց տիեզերքի կարեւորագույն ճակատամարտը, եւ Նրա հաղթանակն էլ համատիեզերական էր: Այդ հաղթանակը Եկեղեցու հիմնադրումն էր: Եկեղեցի, որ սրբության նվիրական օրրանն է՝ հակառակ աշխարհի ապականության: Եկեղեցին մարմինը պարարտացնելու վայր չէ, այլ ճնշելու, եթե հաճույք, ապա միայն չարի դեմ հարատեւ պայքարից, եթե վայելք, ապա միայն չարի դեմ բարու հաղթանակի բերկրանքը: «Եւ այժմ ուրախ եմ ձեզ համար կրած իմ չարչարանքների համար եւ լրացնում եմ իմ մարմնի մեջ Քրիստոսի նեղությունների պակասը Ի՛ր Մարմնի համար, որ է Եկեղեցին» (Կող. 1:24-26): «Եւ եթե որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ. ժառանգներ Աստծո եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթե Իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին» (Հռ.8:17):

 Եկեղեցու ճշմարիտ կերպի, կոչման ու առաքելության, անհատի ու Եկեղեցու միության ու կապի մասին այսպես է ասում սուրբ Գրիգոր Նարեկացին իր անզուգական Մատյանում.
«Կա եւ հոգեւոր մի այլ օրինակ. Սիրո հոդերով շաղկապված ի մի՝
Սուրբ Եկեղեցու միությունն է այդ,
Որի խորհուրդը դարձյալ քեզանով է մեկնաբանվում.
Այնպես որ առանց բոլոր մասերի իրար հետ ամուր, սերտ կապակցության՝
Մեծը փոքրի հետ համաձայնված մի ընդհանուր լծի ներքո Քրիստոսի անվամբ հալածանքների շենքի կատարելությունը վնասված կլինի»:

 Մենք կառուցու՞մ, թե՞ վնասում ենք կառույցի ամբողջականությանը, պայքարում ենք Եկեղեցու համա՞ր, թե՞ Եկեղեցու դեմ: Երկրորդի պարագայում մենք իսկզբանե ձախողված ենք:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #51 (85)