Սրբերի մասունքներ

 Եղիսե մարգարեի հետ կապված պատմությունը հիմնավորում է սրբերի մասունքներին մեծ տեղ հատկացնելը քրիստոնեական Եկեղեցում: Սրբերն իրենց սուրբ և առաքինի կյանքով հասնում էին հոգու մաքրության, աստվածատեսության, սակայն միևնույն ժամանակ սրբանում էին նաև նրանց մարմինները, որոնք հրաշագործելու շնորհ էին ունենում նույնիսկ մահից հետո: Եղեսե մարգարեի մահից մեկ տարի հետո մովաբացիները հարձակվում են հրեաների վրա: Հենց այդ հարձակման ժամանակ հրեաները մի մարդու էին թաղում Եղիսե մարգարեի գերեզմանի մոտ: Երբ հուղակավորություն կատարողները տեսնում են կողոպտիչ զորքին, մեռած մարդուն շտապ գցում են գերեզմանը: Եղիսեի ոսկորներին դիպչելուն պես հանգուցյալը կենդանանում է և ոտքի կանգնում (Դ Թագ. 13.20-21): Ճիշտ այսպես բազում սրբեր մարդկային հիվանդությունները բուժում էին ոչ միայն կենդանի ժամանակ, այլև սրբերի մահից հետո նրանց սուրբ մասունքներին դիպչելով` հիվանդներն առողջանում էին, կամ էլ այլ հրաշքներ էին տեղի ունենում:

 Սրբերի տոներին եկեղեցիներում պահվող սուրբ մասունքները դուրս են բերվում, որպեսզի հավատացյալները սուրբ համբույրով դրանց դիպչելով` ամեն մեկն ըստ իր հավատքի բժշկության կամ էլ հոգևոր խաղաղության ու ներքին անդորրության արժանանա:

 Երբ եկեղեցում տոների առիթով դուրս են բերում սուրբ մասունքներ, ինքներս մեզ չզրկենք սրբություններից և օրհնություն բաշխող սրբերի նշխարներին մոտ գտնվելուց: Այսպիսի եզակի հնարավորություններն օգտագործելով` մի պահ կտրվենք նյութականից և մարմնով դիպչելով շոշափելիին, զգանք նյութականի միջոցով մեր հոգու մեջ հոսող հոգևոր ուժն ու կարողությունը, որպեսզի աշխարհի տարբեր նեղությունները հաղթահարելով` ի վերջո մենք էլ կարողանանք ասել այս հանրահայտ խոսքերը. «Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33):

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)