Սրբերի և սրբադասման մասին

Srber Srbadasum - Սրբերի և սրբադասման մասին

 ՍՈՒՐԲ, սրբություն, 1. Աստծո ստորոգելիներից: Սրբության աղբյուրն Աստվածն է՝ Ամենասուրբ Երրորդությունը՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին. «Սու՛րբ, սու՛րբ, սու՛րբ է Զորությունների Տերը» (Եսայի 6.3): Աստված իր սրբությամբ է հայտնվում մարդկանց, և միայն սրբությամբ է, որ մարդը միանում է Արարչին: Սրբության մարմնացումը և կատարելության նախատիպարը Հիսուս Քրիստոսն է. սուրբ է և նրա խորհրդավոր մարմինը՝ եկեղեցին: Սուրբ է Աստծո խոսքը՝ Աստվածաշունչը, որն անվանվում է «սուրբ գրվածքներ» (Հռոմ. 1.2):

 2. Եկեղեցու կողմից սրբացված անձ: Սուրբը կատարյալ քրիստոնյային հատուկ անբասիր կյանքով, վարքով ապրած, ապաշխարությամբ մեղքից ազատագրված, արդարացված ու հա- վատով փրկված, առաքինություններով հատկանշված, Սուրբ Հոգու շնորհն ընդունած, Աստծո ներգործությունն իր մեջ կենդանի պահած և նրա հետ մշտապես հաղորդության մեջ եղած մարդն է: Սուրբ են  են Աստվածամայրը, Հովհաննես Մկրտիչը, աստվածաշնչյան նահա- պետները, մարգարեները, առաքյալները, ավետարանիչները, հավատի համար նահատակված և մարտիրոսացված քրիստոնյաները, վկաները, խոստովանողները:

 Տարբեր եկեղեցիներում սուրբ են հռչակվել նաև այն հոգևորականները, հայրապետները, աշխարհիկները, պետական գործիչները, աստվածաբանները, կրոնական բարեկարգիչները, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են քրիստոնեական հավատի պահպանմանն ու տարածմանը, նաև՝ մեծ հետք թողել ազգ. կյանքի տարբեր ասպարեզներում:

 Որևէ մարդ չի կարող սուրբ կոչվել ըստ մարդկային չափանիշների և կամ ինքն իրեն սուրբ հռչակել: Մարդու սրբությունն Աստծո սրբության ցոլացումն է (ճառագայթումն է) իր անձի մեջ և իր հաղորդությունը Աստծո հետ: Մարդը սուրբ է Աստծո հետ իր հարաբերությամբ, այսինքն, երբ Աստծո ներկայությամբ է ներթափանցված և իր մեջ է կրում Աստծուն. «Սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղևտ. 19.2, տես նաև Ա Պետ. 1.16): Մարդու սրբությունը Սուրբ Հոգու շնորհների ստացման մեջ է: Սրբագործությունը Սուրբ Հոգու շնորհն է, որի պտուղներն են սերը, ուրախությունը, խաղաղությունը, տառապանքի մեջ տոկունությունը, որոշակի կենցաղակերպը, պահեցողությունը, բարությունը, խոնարհությունը և այլ առաքինություններ: Սրբությունը և՛ ներանձնական ապրում է, և՛ արտաքին դրսևորում, այսինքն՝ օրինակ մյուսների համար: Սրբությունն ամբողջական հնազանդությունն է Աստծո կամքին, որն իր արտահայտությունն է գտնում մաքուր կյանքի և հոգևոր պաշտամունքի մեջ: Սրբությունն առանձնաշնորհում չէ, այլ՝ կոչում և կարելիություն: Սրբերը Հիսուսի ծառաներն ու հետևորդներն են, եկեղեցու առաքինազարդ սյուները և Աստծո առջև հավատացյալների (Զինվորյալ եկեղեցու) համար բարեխոսները (տես Բարեխոսություն):

 Սրբերը հակիրճ սահմանվում է չորս իմաստներով.

ա. աստվածային մարդիկ,
բ. երկնքում բնակվող օրհնյալներ,
գ. եկեղեցու կողմից սրբադասված անձինք,
դ. արդարացածներ, որոնք հակադրվում են մեղավորներին:

 Սուրբ նշանակում է նաև զատված. Աստված ինքը զատված է ու տարբեր այլ «աստվածներից» և կրում է խորհրդավոր անուն. «Ես եմ որ Էն», այսինքն նրա գոյությունը անժամանակյա է և պայմանավորված չէ մեկ ուրիշով: Սուրբ էր Երուսաղեմի տաճարի Սրբության Սրբոցը, որը զատված էր որպես սուրբ վայր, և այնտեղ տարին մեկ անգամ մուտք ուներ միայն քահանայապետը: Վեցօրյա Արարչագործությունից հետո Աստված առանձնացրեց, զատեց յոթերորդ օրը. այն սրբացված է Աստծո կողմից և պահվում է Աստծո համար: Կան առանձնացված սուրբ վայրեր, որտեղ մարդիկ ոտաբոբիկ պետք է մտնեն և, ի տարբերություն երկրի մնացած մասերի, ոտքի կոխան չպետք է դարձնեն: Այսպես, երբ Մովսեսը ցանկանում էր մոտենալ անկեզ մորենուն, Աստված ասաց. «Կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետև այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է» (Ելք 3.5): Քահանաներն էլ կոչվել են սուրբ, քանի որ բաժանված էին աշխարհիկներից և ամբողջությամբ նվիրված Աստծո ծառայությանը: Փարիսեցիներն իրենց սրբությունը դրսևորել են հասարակությունից զատված մնալով: «Փարիսեցի» բառի արմատը եբր. «paruch» կամ արամեերեն «perishaya» է, որ նշանակում է «անջատյալ» և հոմանիշն է եբր. «gadosh» (սուրբ) բառի: Հիսուս Քրիստոսը նրանց մեղադրել է ոչ որպես սրբերի, այլ՝ որպես սուրբ ձևացողների:

 Սրբությունը բնորոշվում է նաև որպես անմեղություն, սրտի մաքրություն, բարոյական անարատություն. դրանք Քրիստոսը նախապայման է նկատում Աստծուն տեսնելու համար. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5.8):

 Սրբությունը հարգանքի, երկյուղածության, անձնատվության և հմայքի (գրավչության) հանրագումարն է, որին հետագայում ավելացել է բարոյական հասկացությունը: Սրբությունը բարոյական սկզբունքներով կառավարվող կյանք է, ապրում, բարոյական կեցվածք, թեև չի բխում բարոյագիտությունից: Սրբությունն ընկալվում է նաև բարության հոմանիշ. բարությունը և սրբությունը Աստվածաշնչում նույնացված են՝ «Աստված բարի է»: Սրբությունը հակիրճ բնութագրվում է որպես «բացարձակ բարության վիճակ»:

 Նոր կտակարանը նոր հանգրվան է սրբության ըմբռնման համար, որովհետև Սուրբ Աստվածը գալիս է մարդկանց մեջ բնակվելու և նրանց իր պես սրբացնելու. «Եվ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ» (Հովհ. 17.19): Առաքելական շրջանում և II դ. բոլոր քրիստոնյաներն անխտիր սուրբ բառով են բնորոշվել, որովհետև Սուրբ Հոգով սրբագործված, Սուրբ Երրորդության անունով մկրտված և Քրիստոսի հետևորդ լինելով, զատորոշվել են մյուսներից, իրենց համարել նոր ժողովուրդ, ճշմարիտ «Իսրայել», եկեղեցի, երկնքի քաղաքացիներ: Դառնալով Սուրբ Հոգու տաճար՝ մարդիկ սրբանում էին և արդարանում (տես Գործք 9.13, Հռոմ. 8.27, Ա Կորնթ. 6.1–2, Բ Կորնթ. 1.1, Փիլիպ. 1.1, 4.21–23, Կողոս. 1.2 և այլն): Քրիստոնեության տարածումով և քրիստոնյաների թվի ավելացումով III դ. սկզբից եկեղեցին ինքն իրեն սկսել է ըմբռնել ոչ թե փրկվածների՝ «սրբերի հասարակություն», այլ՝ իբրև փրկության միջոց: Քրիստոնյա կոչումը դադարել է սուրբ բառի հոմանիշը լինելուց, և քրիստոնյան ըմբռնվում է ոչ որպես սուրբ, այլ՝ սրբության կոչված: Անապատականության, ճգնավորության, ավելի ուշ՝ վանականության ի հայտ գալով, ճգնությունը, մենակյաց կենցաղակերպը, աշխարհիկ կյանքից հրաժարումը, հասարակությունից առանձնացումը, ճգնական-վանական կյանքը դարձել են ճշմարիտ քրիստոնյայի տիպար, ճգնակյացները՝ սրբակյացներ, թեպետ ոչ անպայման սրբեր: Սրբակյաց վանականներից ոմանք դասվել են եկեղեցու սրբերի կարգը: Սրբացվել են ոչ միայն նահատակները, մարտիրոսները, այլև՝ ժողովըրդի մեջ հոգևոր ծառայություն կատարողները, վարդապետները, հայրապետները, թագավորները, իշխանազունները, աշխարհիկները և ուրիշներ:

 Սրբերի հրապարակային պաշտամունքը քրիստոնեական եկեղեցում սկսվել է II դարից: Տեղական համայնքները (եկեղեցիները) սրբերի նահատակության տարելիցներին հավաքվել են նրանց գերեզմանների շուրջ և աղոթել, որ իրենց համար բարեխոսեն երկնքում: Հետագայում եկեղեցին սրբերի շիրիմների վրա, վկայության վայրերում կառուցել է վկայարաններ, մատուռներ, մեծարել մասունքների և նշխարների պաշտամունքով, ուխտագնացություններով, ծիսական արարողություններով և ս. Պատարագի ժամանակ:

 Հայ եկեղեցու ընդհանրականությունն ի հայտ է գալիս նաև իր սրբերով: Հայոց Տոնացույցում սրբերը մեծ մասամբ քույր եկեղեցիներից են: Քաղկեդոնի ժողովով եկեղեցիների բաժանումից հետո տարբեր եկեղեցիներ, նաև Հայ եկեղեցին, ունեցան իրենց առանձին սրբերը: Հայ եկեղեցին ունի համաքրիստոնեական սրբերի, այդ թվում՝ եկեղեցու հայրերի սեփական ցանկ, աստվածաշնչյան սրբերի և հայազգի սրբեր:

 Արևելյան ուղղափառ եկեղեցիներում սրբերի նկատմամբ պաշտամունքը եկեղեցու պատմության և ավանդության մաս է կազմում: Վաղ ժամանակներում բոլոր եկեղեցիների համար սրբերի կանոնացման (սրբադասման) ավանդությունը նույնն էր. միակ սկզբունքը ժողովրդի ընծայած հարգանքը, վերաբերմունքն ու ճանաչումն էր՝ հատկապես նահատակի կամ մարտիրոսի նկատմամբ: Երբ եկեղեցական իշխանությունը պաշտոնապես ընդունել է ժողովրդական ճանաչումը, սրբերի նահատակության օրը մտցրել է եկեղեցական օրացույց և հիշատակել ս. Պատարագի ժամանակ, վկայարան կառուցել նրա նահատակման վայրում և այլն: Սրբադասման այս ձևը գրեթե անփոփոխ է մնացել արևելյան եկեղեցիների մեծ մասի համար: Արևմտյան, ավելի ուշ՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին շեշտել է եկեղեցական իշխանության վճռի կարևորությունը, մանավանդ որ տեղական եկեղեցիները որևէ մեկին սուրբ ճանաչելու իրենց ձեռնարկին ավելի մեծ վարկ տալու համար ձգտել են ունենալ Հռոմի պապի հավանությունը: Ժամանակի ընթացքում սրբադասումը պաշտոնական վավերացման բնույթ է ստացել և Կաթոլիկ եկեղեցում վերածվել սրբադասման հատուկ կարգի ու արարողության: Պապի ձեռքով (Հովհաննես XV) կանոնականացում ստացած առաջին սուրբը գերմանացի եպիսկոպոս Ուլրիխ Աուսբուրգցին էր (993-ին): Ալեքսանդր III պապը (1159–81) սրբացնելու իրավունքը վերապահել է միայն Սուրբ աթոռին, իսկ պապի կողմից սրբադասումը 1234-ից՝ Գրիգոր IX պապի օրոք, դարձել է օրինաչափ: 1634-ին Ուրբանոս VIII պապը կոնդակով արգելել է որևէ մեկի սրբության մասին խոսել կամ սուրբ ճանաչել, մինչև որ Վատիկանն այդ անձին «օրհնյալ» կամ «երանելի» չհռչակի: Բենեդիկտոս XIV պապը (1740–58) ամբողջացրել է այդ որոշումը, որն իր վերջնական ձևով տեղ է գտել Հռոմի կաթոլիկ եկեղեցու կանոնագրքում:

 … Հայոց մեջ ժամանակի ընթացքում կիրարկվել են սրբացման մի քանի մակարդակներ. 1. ժողովրդական ճանաչում, որը կարևորագույնն է որևէ մեկին Հայ եկեղեցու Ս. հռչակելու համար (այդպես են սրբացվել Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Վարդանանք և այլք): 2. Եկեղեցական տեղական իշխանության կողմից ճանաչում, որը նույնպես հիմնվում է ժողովրդկան հավաքական բարեպաշտության, ճանաչման և մեծարման վրա: Այս դեպքում որևէ նահատակի գերեզմանի վրա նահատակության տարեդարձը կամ նշխարների ու մասունքների ժողովրդական մեծարանքը ճանաչվում է թեմի եպիսկոպոսի (կամ վանքի առաջնորդի) կողմից: Նահատակի շիրիմի վրա վկայարան է կառուցվում, կամ նշխարները փոխադրվում են եկեղեցի, իսկ նահատակության տարեդարձը սահմանվում է տեղական նշանակության տոն: Ժամանակի ընթացքում այդպես ճանաչված սրբերի տոնը դուրս է գալիս տեղական համայնքի շրջանակներից (կարող է մնալ նաև միայն տվյալ շրջանին հատուկ) և ընդունվում ամբողջ եկեղեցու կողմից (այդպես են սրբացվել Վահան Գողթնացին, Շուշանիկը և այլք): 3. Եկեղեցու բարձրագույն իշխանության կողմից ընդհանրական ճանաչում, որը կատարում է կաթողիկոսը կա՛մ իր նախաձեռնությամբ (Վրթանես Ա Պարթևը սահմանել է Վաչե Մամիկոնյանի հետ նահատակված զինվորների տոնը, որը ներկայումս չի նշվում, Սիմեոն Ա Երևանցին բազմաթիվ սրբերի է մտցրել Հայոց Տոնացույց և այլն), կա՛մ ժողովրդի, ապա՝ տեղական եկեղեցական իշխանության նախնական ճանաչումից հետո:

 Հայ եկեղեցին ունի տոնելի և հիշատակելի սրբեր: Տոնելիները նրանք են, ովքեր մտել են Տոնացույց, ունեն հիշատակի օրեր, եկեղեցական օրացույցում հատուկ տոն (անհատական կամ խմբովի), հիշատակվում են ս. Պատարագի ժամանակ. նրանց համար սահմանվում են արարողություններ (տոնակատարություններ), հորինվում շարականներ: Հիշատակելի են կոչվում այն սրբերը, ովքեր չեն մտել Տոնացույց, չունեն հատուկ տոն, բայց հիշատակվում են Հայսմավուրքներում, վարքերում և վկայաբանություններում, օրինակ՝ հայոց նոր վկաները:

 … Հայ եկեղեցին սրբերի տոները զատել է Տերունի տոներից և պահքերից և, ի տարբերություն Ուղղափառ (օրթոդոքս) ու Կաթոլիկ եկեղեցիների, սրբերի տոները նշում է միայն երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին (չորեքշաբթին և ուրբաթը պահոց օրեր են, իսկ կիրակին՝ Տերունի): Սրբերի տոների, տոնախմբությունների, սրբերի կենսագրությունների, վարքի մասին տեղեկություններն ամփոփված են Հայ եկեղեցու ծիսամատյաններում՝ Տոնացույց, Տոնական, Ճաշոց, Տոնապատճառ, Ճառընտիր, Հայսմավուրք: Կան նաև մարտիրոսների մասին ժողովածուներ, որոնք կոչվում են Մարտիրողոգ և պարունակում են սրբերի մասին վկայաբանություններ ու վարքագրություններ, իսկ Շարակնոցում կան սրբերին նվիրված բազմաթիվ շարականներ:

 3. Կան նաև սուրբ առարկաներ, երևույթներ, իրադարձություններ (օր.՝ տիեզերական ժողովները), վայրեր (օր., Մասիսը, Երուսաղեմը և այլն), ժամանակներ (օր.՝ Հին ուխտում՝ շաբաթը, քրիստոնյաների համար՝ կիրակին), քահանայական հանդերձները (տես Զգեստ եկեղեցական): Սուրբ են խաչը, որպես փրկության խորհրդանիշ, Մյուռոնը, եկեղեցու ավանդությունը, ծեսերը, խորհուրդները:

Աղբյուր՝ Ք. Հ. հանգիտարան, 936 էջ:

Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը

Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցն առաջին անգամ հրապարակայնորեն արծարծվել է 1989 թվականին` Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի Հայաստան այցի ընթացքում։ Այս ընթացքում երկու կաթողիկոսները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` առաջարկելով մինչև 1990 թվականը՝ Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցը, նախապատրաստական աշխատանքներ տանել ցեղասպանության զոհերի սրբադասումն իրականացնելու համար:

 Սրբադասման կարգի վերականգնման հարցը, սակայն, գործնական փուլ թևակոխեց միայն 2005 թ.: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հայրապետական տնօրինություններով ստեղծվեց Սրբադասման հանձնաժողով` հարցը հանգամանորեն ուսումնասիրելու և առաջիկա Եպիսկոպոսաց ժողովին ներկայացնելու նպատակով:

 2013 թ. սեպտեմբերի 24-27-ին Մայր Աթոռում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, գումարված Եպիսկոպոսաց ժողովը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հետ առնչվող խնդիրները: Քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի կապակցությամբ Եպիսկոպոսաց ժողովը որոշեց որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը:
Իսկ 2014 թ. նոյեմբերի 11-13-ի Եպիսկոպոսաց ժողովում արդեն`
ա. հաստատվեց Հայ Եկեղեցու սրբադասման ծիսակարգը և շարականի կանոնը («Հրաշացան Պակուցմամբ…ե ԴԿ), ժամամուտը (Ի յիշատակի…), վկայաբանությունը և սրբապատկերի նախօրինակը,
բ. Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվեց կատարել 2015 թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում,
գ. Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվեց ապրիլի 24-ը` «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեանն Հայոց վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»:
Այսպիսով` երկարատև ընդմիջումից հետո Ցեղասպանության նահատակների սրբադասման միջոցով վերականգնվեց Հայ Եկեղեցու սրբադասման կարգը և շարունակական դարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբադասման գործընթացը:
Հարկ է նշել, որ Հայ Եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկան հանուն հավատքի և հայրենիքի: Եկեղեցին նահատակների զոհաբերությունը որպես հավաքականություն է ընդունում` առանց առանձնացնելու նրանց հոգևոր սխրանքը, ովքեր մեկ ընդհանրական և հավաքական անունով անանուն մարտիրոսացան:

Ավելին կարող եք կարդալ՝ «Սրբադասումը Հայ Եկեղեցում» հոդվածում