«Սիրելի իշխանութիւն, ձեռք մի՛ տուէք Հայ Եկեղեցու Պատմութիւն առարկային» Տ. Սերովբե եպիսկոպոս

 Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր, հինգշաբթի եւ յառաջիկայ շաբաթ Հայ Եկեղեցին ոգեկոչում է մեր պատմութեան ու եկեղեցու կարեւորագոյն դէմքեր․ հինգշաբթի օրը՝ Սուրբ Սահակ Պարթեւ Հայրապետին եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց Վարդապետին, իսկ շաբաթ օրը՝ Սուրբ Տրդատ Թագաւորին, Սուրբ Աշխէն Թագուհուն եւ Սուրբ Խոսրովիդուխտ Արքայադստերը՝ Տրդատի քրոջը։

 Այս անձերից իւրաքանչիւրի մասին շատ է գրուել ու խօսուել։ Իբրեւ հայ հոգեւորական բնականաբար ես առաջին հերթին հայցում եմ նրանց սրբամաքուր բարեխօսութիւնը առ Աստուած եւ առ Տէր մեր Յիսուս Քրիստոս։ Եւ նաեւ հաւատում, որ թէ՛ նրանց եւ թէ՛ մեր բազմաթիւ այլ սուրբերի աղօթակից բարեխօսութեամբ Աստուած ունկնդիր է իր հայ զաւակների աղօթքին եւ պահապան է մեզնից իւրաքանչիւրին՝ անհատապէս եւ մեր ազգին, պետութեանն ու եկեղեցուն՝ հաւաքապէս։

 Խորհրդանշական է, որ Հայ Եկեղեցին վերոյիշեալ սուրբերի յիշատակը ոգեկոչում է անմիջական յաջորդականութեամբ։ Ինձ համար նրանցից իւրաքանչիւրը մասնայատուկ խորհրդանիշ է․
Սուրբ Սահակ Պարթեւ Հայրապետը մեր քրիստոնէական առաքելական հաւատքի խորհրդանիշն է։
Սուրբ Մեսրոպ Մաշտոցը մեր հայկական ինքնութեան խորհրդանիշն է։
Սուրբ Տրդատ Թագաւորը, Աշխէն Թագուհին եւ Խոսրովիդուխտ Արքայադուստրը մեր պետութեան ու պետականութեան խորհրդանիշներն են։
Եւ բոլորը միասին հայոց լինելիութեան խորհրդանիշներն են։

 Պետութիւն ու պետականութիւն, լեզու եւ մշակոյթ, հաւատք եւ եկեղեցի․ ահա՛ այն սիւները, որոնցով կարող ենք շարունակել մեր ազգի յաւիտենական երթը այսօր եւ վաղը եւ միշտ։ Ամէն։

*
Հա, չմոռանամ, սիրելի իշխանութիւն, ձեռք մի՛ տուէք Հայ Եկեղեցու Պատմութիւն առարկային։ Թերեւս ինչ-ինչ այսրոպէական շահերից ելնելով ձեզ թւում է, թէ նման քայլը օտարների աչքին կը բարձրացնի մեր երկրի ժողովրդավարական վարկը։ Չգիտեմ, թէ որքանով է դա այդպէս։

 Ամէն ժողովուրդ իր իւրայատուկ պատմութիւնն ունի, իր համն ու հոտն ունի, մորթի ու մաշկի գոյնն ունի։ Մենք մե՛ր ճամփան ունենք։ Ընդհանրութիւններ շատ ունենք Եւրոպայի ու աշխարհի հետ, սակայն չենք պատճենել ուրիշներին։ Աշխարհին ու մարդկութեանը ներկայացել ենք որպէս առաջին քրիստոնէական պետութիւն։ Աշխարհը մեզ այդպէ՛ս է նաեւ ճանաչում։ Մեր Եկեղեցին իր ուրոյն տեղն ու դերն ունի մեր պատմութեան, մեր ինքնութեան, մեր լինելիութեան մէջ։ Առաջին քրիստոնեայ պետութիւն լինելը մեր ազգի պատիւն է, մեզ աշխարհին ներկայացնող լոգօն է։ Ինչպէս կ’ասէր երջանկայիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսը․ «Քայլ պահենք աշխարհի հետ՝ առանց սակայն մեր ճամփից դուրս գալու»։

*
Նկարներում՝ Քէօլնի «Սբ․ Սահակ-Սբ․ Մեսրոպ» առաջնորդանիստ եկեղեցու խորանը, աջից եւ ձախից Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի քանդակներով»։