Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է (նկարներ, տեսանյութ)

 Իլլի`սա է եղել գյուղի նախկին անունը, իսկ Հողմիկ վերանվանվել է 1987 թվականին։ Գյուղի հնագույն բնակավայր լինելու մասին վկայությունները շատ են։ Հնագիտական պեղումների ընթացքում մասնագետները բացահայտել են, որ գյուղի հարավարևմտյան հատվածում մինչև այսօր պահպանվում է հեթանոսական համալիր։ Հեթանոսական բնակավայրում հնագիտական ուսումնասիրությունները դեռ 1987-ից են սկսել։ Սա միակ վկայությունը չէ, որը խոսում է հին ու պատմական գյուղ լինելու մասին։ Գյուղի հիմնադիրների սերունդներն հիմա էլ ապրում են Հողմիկում,պատմում են, թե ինչպես են պապերը Արևմտյան Հայաստանից գաղթել ու իրենց հետ բերել սուրբ մասունք «Պապ ավետարանը»։ Այն պահպանվում է գյուղի փոքր մատուռում։

 Սուրբ գրքի մասին շատ լեգենդներ են հյուսվել, ասում են՝ ովքեր փորձել են գողանալ «Պապ ավետարանը», դժբախտությունների են բախվել։ Հիմա էլ գյուղի ժողովուրդը հավատում է գրքի բուժիչ զորությանն ու ուժին։

 Հողմիկցիների միակ եղեկեցին՝ Սուրբ Աստվածածինը մինչ հիմա կիսավեր էր։ Մեկ տարի առաջ արմատներով հողմիկցի, ռուսաստանաբնակ Պողոսյանների ընատանիքը նախաձեռնեց վերակառուցել այն։

 Եկեղեցու վերակառուցման ընթացքում ևս բաց երկնքի տակ մարդիկ արարողություններ են կատարել։ Խոնարհված վիճակում էլ հաճախ պատարագներ են եղել։ Սուրբ Աստվածածնի կառուցման հստակ տարեթիվ չի նշվում, այն որ 1800-ականներին կառույց է, վկայում են բակում եղած գերեզմանաքարերը, իսկ թե ովքեր են հուղարկավորված, այդ մասին Սարապատ խոշորացված համայնքի քահանային ստույգ տեղեկություններ հայտնի չեն։

 Օծված Սուրբ Աստվածածնում արդեն կիրակնօրյա պատարագներ կլինեն, եկեղեցական տոնացույցի բոլոր օրերին։ Մկրտության ու սուրբ պսակի արարողությունների ես պատրաստվում, մարդիկ հերթագրվել են, անգամ ՌԴ -ից են գալու պսակադրության համար։ Հողմիկի եկեղեցին հարևան գյուղերից ու այլ բնակավայրերից եկողների համար կդառնա ուխտավայր։



Աղբյուր` www.shantnews.am